Նամակ Երեւանից. Լռակյաց ու համեստ տղաները, որոնք երբեք «չեն քաշի» - Mediamax.am

exclusive
6267 դիտում

Նամակ Երեւանից. Լռակյաց ու համեստ տղաները, որոնք երբեք «չեն քաշի»


Լուսանկարը` REUTERS


Վճարային տերմինալի էկրանին սեղմելով «Վարկի ամսական մարում» դաշտը, մյուս ձեռքով 200 դրամանոցը կտեղադրի սուրճի ապարատի մեջ։ Թղթե բաժակով այդ հեղուկը, որով նա ամեն առավոտ տարվում էր դատարկ ստամոքսին՝ մեկ հատ ծխախոտով, իրականում կարելի էր ամեն ինչ անվանել, բացի սուրճից։ Վճարեց տան ջեռուցման համակարգի ամսական ապառիկը եւ հաշված վայրկյաններում հրաժեշտ տվեց աշխատավարձի 30%-ին։ Առջեւում դեռ կոմունալ վճարումներն են, ամենօրյա տան առեւտուրը, հոր ճնշումը կարգավորող դեղերը ու մինչեւ ամսվա վերջ պլանավորած եւ անակնալ ծախսերը։

Բարձրահասակ էր, գեղեցկադեմ, խիտ գանգուրներով, աչքերում համեստության եւ տարիքին ոչ բնորոշ լրջության փայլով։

Նա մեկն էր քաղաքի այն տղաներից, ով չհասցրեց գիտակցել՝ ինչ է պատանեկությունը, երբ ստացավ բանակ զորակոչի ծանուցումը։ Ընտանիքի համար ճոխություն էր տղային ժամանակին մասնավոր կրկնուսույցի մոտ տանելը, էլ չեն խոսում համալսարանի վարձի մասին։  

Նման տղաները, որպես կանոն, բանակում ծառայում են առանց ավելորդ աղմուկի եւ իրարանցման։ Նրանց վերադարձի պատվին ծնողները մեծ հավաքույթ են կազմակերպում, իսկ մի քանի օր անց ուղարկում են օրավարձով աշխատանքի։

Նա մեկն է այն տղաներից, որ Հայաստանի սահմաններից դուրս չի եկել, բայց աշխարհի գեղեցկությունը ճանաչել է հարազատ լեռների մեջ։ Դպրոցական տարիների ամառային արձակուրդներին, երբ դասարանցիների մի մասը վայելում էր Սեւանը կամ արտերկրի լողափերը, նա հովանում էր հարեւանությամբ գործող ավտոլվացման կետում՝ խնամքով, մանրակրկիտ լվանալով մեքենաները։ Մարզասրահ չէր հաճախում, բայց ֆիզիկական աշխատանքից կոփված մարմին ուներ, ու չէր հասկանում, թե ինչպես են տղաները գնում մարզասրահ՝ հատուկ «ոտքերի մարզման օր» անելու։

Նա մեկն է այն հասարակ տղաներից, ով գուցե չի տարբերում «կապուչինոն» «ամերիկանոյից», բայց ոչ մի պարագայում թույլ չի տալիս աղջկան սրճարանում հաշիվ փակել։ Իր համակրած աղջկա հետ խոսելիս աչքերի մեջ չի նայում, քչախոս է հատկապես խոստումներ տալու ժամանակ։ Վալենտինի օրը բրենդային խանութից նվեր չի գնում, բայց լուսադեմին սառում է ծաղկի շուկայում՝ «նրա» համար թարմ վարդեր գնելու։

Նրա նման տղաները սովորաբար չեն շռայլում առատ խոսքեր, շրջապատում զուսպ են, ավելորդ ուշադրությանն անսովոր։ Ամոթխած են, ընկերոջ ու բարեկամի հոգսով ապրող ու ուրախությամբ երջանկացող։ Այս տղաները հոգսաշատ են, բայց նրանց անծանոթ են «մանկական տրավմա», ընկճախտ եւ «դեպրեսիա» բառերը։ Նրանք նյութական բարեկեցության պահանջներ ծնողներին չեն ներկայացնում, ու համառ հարթում են ամեն օրվա գոյության ուղին։

Նրանց վրա միշտ կարելի է հույս դնել, որովհետեւ երբեք չեն «քաշի» ու գործը ավարտին կհասցնեն։

15.02.2025

Հ․Գ․ Փետրվարի 9-ին՝ 29 տարեկանում, ընդհատվեց այս քաղաքի ամենակոլորիտային վայրերից մեկում աշխատող երիտասարդ շեֆ-խոհարարներից մեկի կյանքի թելը։ 44-օրյա պատերազմից ողջ վերադառնալով՝ տարիներ անց ողբերգական ավտովթարի զոհ դարձավ։

Մեր քաղաքին շատ կպակասի նրա եռանդը, բարի ժպիտը, սիրելի գործին ծառայելը, մարդկանց նոր համերով ու բույրերով հաճույք պարգեւելը։ Այս քաղաքում կպակասի նրա լուռ աշխատասիրությունը, մարդկանց հանդեպ հոգատարությունը եւ լավատեսությունը։   

Շարքի այս նամակը նվիրվում է նրա նման համեստ ու աշխատասեր տղաներին։




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին