Նամակ Երևանից. Հետադարձի տոմսերը կարող են անվերադարձ սպառվել - Mediamax.am

1693 դիտում

Նամակ Երևանից. Հետադարձի տոմսերը կարող են անվերադարձ սպառվել


Լուսանկարը` Ani Sakhalyan


Նրանք, ովքեր հեռանում են, միամտաբար կարծում են, թե վերադարձը երաշխավորված է, որ հարազատ քաղաքը միշտ էլ գրկաբաց հետ է ընդունում յուրայիններին, որ «Զվարթնոց»-ի դիմավորման սրահում նրանց միշտ «բարի վերադարձ» կասեն։

Օտար երկրի օտար քաղաքի օտար հրապարակի նստարանին նստած` Արմենը փորձում էր վերհիշել այն օրը, երբ մեկնելուց առաջ ասաց ծնողներին.

«Վերադարձի հնարավորություն միշտ էլ կա։ Միշտ կարող եմ հետադարձի տոմսը գնել ու տուն գալ։ Երևանն էլ իր տեղում է, ոչ մի տեղ չի կորի։ Մի երկու տարի է, կթռչի ակնթարթի պես»։

Սիրտը մեծություն ու տարածություն էր ուզում, մեծ հորիզոններ։ Մինչդեռ իր շուրջ միայն լեռներ էին, փակ սահմաններ, որոնց մեջ ազատասեր ոգին կարծես խեղդվում էր։ Արդեն հոգնել էր երևանյան փոքրությունից, նույն ծանոթ-բարեկամ-ընկեր շրջանակներից, նույն հավաքույթներից, ուր անվերջ ու անդադար քննարկում էին նույն մարդկանց, նույն քաղաքականությունը, նույն խնդիրները։ Հոգնել էր ազգականներից ու նրանց՝ իր անձնական տարածք անհրավեր մտնելու կոպիտ փորձերից։

Չէր էլ պատկերացնում, որ այդքան հեշտ կընդունվի իր ուզած եվրոպական համալսարանը, կստանա կրթաթոշակն ու կսկսի հավաքել իրերը։ Տոմսը գնված էր, իրերը՝ հավաքված, մեկնումը՝ անխուսափելի։

Անցան ամիսներ։ Մագիստրատուրան փայլուն ավարտեց, բայց վերադառնալ չէր շտապում։ Ո՞ւր շտապել։ Չէ՞ որ հետադարձի տոմսը միշտ էլ կարելի է գնել՝ համակարգչի մկնիկի մի քլիքով կամ հեռախոսի էկրանին մի բութ մատի սեղմումով։ Երևանը ոչ մի տեղ չէր փախչում, ծնողները ու սիրելիները՝ ևս։

Վրա հասավ քովիդը։ Սահմանները մի քանի օրում փակվեցին, թռիչքները կանգ առան, մոր սիրտը՝ ևս… Կյանքը կարծես չար կատակ խաղաց ու խոսքերը, թե «վերադարձ միշտ էլ կա» դարձան ճակատագրական։

Երևանն իսկապես ոչ մի տեղ չգնաց, բայց այ սիրելի մարդիկ… Նրանք գնացին առանց նախազգուշացման։

Տարիներ անց ուժ գտավ, գնեց հետադարձի տոմսը։

Քաղաքը տեղում էր։ Թվացյալ աշխուժացել էր կյանքը, բայց հանրային համերաշխության պակասն ամենուր էր. մեքենաների աննպատակ ազդանաշաններում, բաց պատուհաններից հնչող ռաբիս երաժշտության մեջ, համատարած թանկացումներում, ավելացող հարկերում։

Փորձեց թափառել ծանոթ փողոցներում, վերագտնել ընկերական հավաքների սիրելի վայրերը, բայց դրանք կամ փակվել էին, կամ տեղափոխվել անծանոթ հասցե։ Ընկերների մի մասը տեղափոխվել էին, մի մասի հետ տարիների ընթացքում կապը կորել էր։ Նյարդերին ազդող ազգականներին տեսակցելու ցանկություն կար, բայց «երես» չուներ։

Քաղա՞քն էր փոխվել, թե՞ ինքն էլ առաջվանը չէր։ Ո՞ւր էր իր թողած Երևանը, ուր միշտ կարելի էր վերադառնալ։

Պարզվում է՝ հետադարձ տոմսը գնելն իսկապես համակարգչի մի «քլիք»-ի հարց է, բայց «քո քաղաք» վերադարձի տոմսերը մի օր կարող են անվերադարձ սպառվել։

Քո Երևան,

28.12.2024




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին