Նամակ Երեւանից. Տերեւաթափը, առաջին ձյունը եւ կոլումբիացի Մոնիկան - Mediamax.am

exclusive
325 դիտում

Նամակ Երեւանից. Տերեւաթափը, առաջին ձյունը եւ կոլումբիացի Մոնիկան



Երկուշաբթի ուժեղ տերեւաթափ էր, նկատեցի՞ր։ Քայլում էիր ու երկնքից անդադար տերեւներ որսում։ Իսկ դրանք հա գալիս էին՝ դանդաղեցրած կադրի նման։

Մայթերը, փողոցները, հրապարակները, նստարանները դեղնակարմիրի մեջ էին։ Այնքան սիրուն պատկեր էր, իսկական գլինտվեյն (տաք գինի) խմելու եղանակ ու տրամադրություն։

Նոր տարվա մոտալուտն ազդարարող առաջին ձյունն էլ շատ չուշացավ։ Երեքշաբթի երեկոյան, երբ քաղաքում էր Լեհաստանի նախագահը եւ նրա պատվիրակությունը, երբ Փոքր կենտրոնը հեւում էր խցանումների, փակ փողոցների, նյարդային վարորդների եւ ձայնային ազդանշանների ծանրության տակ, անձրեւ տեղաց, որը կեսգիշերի մոտ արագ կերպարանափոխվեց ձյան։

Ջերմաստիճանի կտրուկ անկումը եւ օդում սառնությունը ստիպեցին պահարանի խորքից հանել տաք գլխարկդ ու այդքան չսիրածդ շարֆը, որը հաճախ մոռանում ես սրճարանում կամ աշխատավայրիդ աթոռին։ Օդում արդեն զգացվում էր նոր տարվա մանդարինի ու դարչինի անուշաբույրը, երբ աչքդ ընկնում է Ամանորին պատրաստվող ռեստորանների, սրճարանների, խանութների վրա. լույսեր, մեծ կարմիր խաղալիքներ, կանաչ եղեւնու ճյուղեր, մարդուկ-ջարդուկներ։

Ընդամենը երկու օրում ամեն ինչ փոխվեց՝ եղանակը, մեր տրամադրությունը, զգացողությունները, մեր հագուստի գործվածքի հաստությունը։ Սկսեցինք ավելի շատ թեյ խմել, ձեռքի եւ շուրթերի խոնավեցնող քսուքներ օգտագործել։ Փոփոխությունների մի ամբողջ շղթա։

Իսկ դու ինչպե՞ս ես վերաբերում փոփոխություններին։ Արա՞գ ես դրանց հարմարվում։  Իմ շուրջ փոփոխություններն այնքան հաճախ են պատահում։ Ես դրանց ականատես եմ ոչ մեկ տասնամյակ։

Կիսվեմ մի քանի օրինակով։ Օրեր առաջ մտա «Կոնդ Հաուս»։  Նախասրահում ինձ դիմավորեց ազգությամբ հնդիկ մատուցողը։

- «Բո՞րշՉ», - հարցրեց նա բնական ձայնի տոնայնությամբ, բայց արհեստական արտասանությամբ։  

Ու մինչ փորձում էի հասկանալ, թե ինչ նկատի ունի երիտասարդը, պարզվեց, որ այդ
օրն իր աշխատավայրը բորշչի հյուրասիրության օր է սահմանել։ Տարիներ առաջ ո՞վ կպատկերացներ, որ Կոնդի հին տներից մեկում Հնդկաստանից ժամանած ու Հայաստանում մատուցող աշխատողը քեզ բորշչ կառաջարկի։

Սարյան փողոցի վրա, թանկ վարձակալության պայմաններով, բայց մեծ խանդավառությամբ սեփական փաբի բացմանն են պատրաստվում հյուսիսից ժամանած հյուրերը՝ ռուսաստանցի «այթիշնիկները», որոնք դանդաղ տեմպերով դառնում են յուրային։ Իրենց ոչ վերջին խնայողություններով նրանք մի փաբ են հիմնել, որը այցելուների պակաս չի ունենա, քանի դեռ Հայաստանը շենգենյան երկրների վիզայի սպասող ռուսաստանցիների համար ապահով «սպասասրահ տերմինալ» է։

Մինչ Վանյան եւ Կոլյան շտկում են նոր փաբի գովազդի պաստառները, մայթով անցնում են ճամպրուկավոր մի խումբ մարդիկ՝ վանկարկելով «Чемодан» եւ թռուցիկներ բաժանելով անցորդներին։ Այդ երեկո նրանք Տիկնիկային թատրոնում խաղալու են Դովլաթովի պատմվածքների հիման վրա բեմադրված ներկայացումը։  

Նույն երեկո Տերյան փողոցով արագ քայլերով աշխատանքի է շտապում կոլումբիացի Մոնիկան։ Ազգային գրադարանից ոչ հեռու, մի փոքրիկ ակումբում Մոնիկան լատինամերիկյան պարերի դասեր է տալիս ու պատկերացրու՝ բավական հաջող։ Ամեն ուրբաթ երեկո նրա դասերին ասեղ գցելու տեղ չի լինում։ Երբ Մոնիկային հարցնում ես, թե ինչու տարիներ առաջ որոշեց կյանքը գլխիվայր շրջել ու տեղափոխվել Հայաստան, սլացիկ կազմվածքով կոլումբիացին ասում է.

- «Շատ պարզ պատճառով։ Այստեղ, ինչպես իմ երկրում, արեւ շատ կա, իսկ մարդիկ պակաս բարի չեն»։

Գիտես, նման խոսքերից սիրտս հուզմունքով է լցվում։ Ու ոչինչ, որ օրեր առաջ բակերից մեկում ականջովս ընկավ երկու հարեւանների զրույցը.

- «Այ մարդ, քեզնից հո շատ բան չի գնում։ Ամեն տարի գցի էդ Գրինքարտը»։

Քո Երեւան

30.11. 2024




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին