«Վաշտի աղջիկները»` Սեդա Սադյան - Mediamax.am

exclusive
3701 դիտում

«Վաշտի աղջիկները»` Սեդա Սադյան


Սեդա Սադյանը
Սեդա Սադյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Սեդա Սադյանը
Սեդա Սադյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը 2014 թվականին առաջին անգամ աղջիկների ընդունելություն է կատարել: Մեդիամաքսը «Վաշտի աղջիկները» հատուկ նախագծում ներկայացնում է զինվորական գործը որպես մասնագիտություն ընտրած յոթ աղջիկներին: Շարքի այսօրվա հերոսը կուրսանտ Սեդա Սադյանն է: 

«Մեկ տարի արցունք եմ թափել ռազմական ինստիտուտում սովորելու համար»

Սեդա Սադյանը ծնվել է Տավուշի Մարզի Չորաթան գյուղում, 19 տարեկան է: Ռազմական ինստիտուտ ցանկացել է դիմել դեռ նախորդ ուսումնական տարվա սկզբին, սակայն ընտանիքը դեմ է եղել նրա որոշմանը:

«Մեկ տարվա ընթացքում շատ արցունք եմ թափել ռազմական ինստիտուտում սովորելու համար, բայց ընտանիքիս, հատկապես՝ հայրիկիս, մեր դպրոցի տնօրենն ու զինղեկն են կարողացել համոզել»: 

Ռազմական գործը Սեդան սկսել է սիրել է ռազմագիտության դասերից, որոնց ընթացքում եղել է սահմանամերձ ու սահմանապահ զորամասերում:

«Որոշմանս վրա, կարծում եմ, մեծ ազդեցություն է ունեցել նաեւ մորեղբորս զինվորական լինելը»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ինստիտուտի կարգ ու կանոնին Սեդան արագ է հարմարվել, ասում է` անգամ երկու ժամ արձակուրդի ժամանակ ցանկանում է, որ այն շուտ ավարտվի, եւ ինքը հետ վերադառնա իր ուսումնական առօրյային:

«Աղջիկ, թե տղա պետք է զենք բռնեն ու ծառայեն հայրենիքին»

«Նախքան այստեղ գալը շատ կարծիքներ էի լսում, թե «աղջիկն ուր, զենքն ուր», սակայն հիմա այն պահն է, որ աղջիկ, թե տղա պետք է զենք բռնեն ու ծառայեն հայրենիքին: Երբ երեխաներ ունենամ, ու նրանք էլ իմ պես նման ցանկություն ունենան, սիրով կթողնեմ, որ իմ աղջիկը եւս ընտրի այս մասնագիտությունը»:

Սեդան ընտրել է մոտոհրաձգային բաժինը, ցանկանում է տանկիստ լինել:

«Տանկ շատ եմ սիրում, բացի այդ, նաեւ լավ մեքենա եմ կարողանում վարել»:

Զինվորական համազգեստ կրելը Սեդան մեծ պատիվ է համարում:

«Եղբայրս էլ է այստեղ սովորել, երբ արձակուրդ էր գալիս, իր շորերը, որ ինձ համար բավական մեծ էին, հագնում էի ու գյուղում զբոսնում: Հիմա, երբ արդեն իմ համազգեստով գյուղ եմ գնում, շատերն են ուրախանում»:

Խոսելով դժվարությունների մասին` մեր զրուցակիցը նկատում է` «նախքան ինստիտուտ գալը պատկերացումներն ավելի խիստ էին. չէր մտածում, որ ամեն ինչ այսքան լավ կլինի»:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Չգիտեմ՝ որքանով կօգնեմ կամ ինչ-որ բան կփոխեմ իմ գործով, բայց հայրենիքին ծառայությունն ու ռազմական գործի իմացությունն իմ պարտքն եմ համարում»

Սեդայի ցանկությունն է՝ ուսումն ավարտելուց հետո հետագա ծառայությունը Տավուշում անցկացնել:

«Մեր գյուղը սահմանամերձ է: Հակառակորդը մեր ուղղությամբ շատ է կրակում, ինչը եւս մեծ ազդեցություն է գործել իմ կողմնորոշման վրա: Ժողովուրդն այդ ժամանակ սարսափում էր: Հայրիկիս միշտ ասում էի. «Պապ, կապ չունի, որ դու տղա ունես ու աղջիկ եմ, ես էլ պետք է ծառայեմ հայրենիքիս: Չգիտեմ` որքանով կօգնեմ կամ ինչ-որ բան կփոխեմ իմ գործով, բայց հայրենիքին ծառայությունն ու ռազմական գործի իմացությունն իմ պարտքն եմ համարում»:

Զրուցեց Սիրանուշ Եղիազարյանը
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին