2017 թ. հունվարին ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) գաղտնազերծեց մոտ 12 միլիոն էջ փաստաթղթեր, որոնք վերաբերվում են ԿՀՎ-ի գործունեությանը 1940-1990 թթ: Գաղտնազերծված փաստաթղթերը որոշ չափով լույս են սփռում Սառը պատերազմի տարիներին ԿՀՎ-ի գործունեության վրա: Նյութերն ուսումնասիրելիս՝ Մեդիամաքսը գտավ Անաստաս Միկոյանի գործունեությանը վերաբերող մի շարք հետաքրքիր փաստաթղթեր եւ որոշեց «Միկոյանը ԿՀՎ աչքերով» հատուկ նախագիծ պատրաստել: Մեդիամաքսը նախագիծը ներկայացնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ համատեղ:
***
1958 թ. սեպտեմբերի 14-ին ամերիկյան NBC հեռուստաալիքը հեռարձակվեց «Երիտասարդներն ուզում են իմանալ ներկան» շարքի առաջին հաղորդումը, որի շրջանակներում ամերիկացի ուսանողներին հնարավորություն ընձեռվեց ճամփորդել Խորհրդային Միության տարածքով եւ հանդիպումներ ունենալ Կրեմլի ղեկավարների հետ: Նման ձեւաչափով առաջին հանդիպումը տեղի ունեցավ Խորհրդային Միության առաջին փոխվարչապետ Անաստաս Միկոյանի հետ, եւ հարցերի մեծ մասը վերաբերում էր ԽՍՀՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրային հարաբերություններին, ինչպես նաեւ զբոսաշրջության ոլորտում կապերին:
Միկոյան - Շատ ուրախ եմ հանդիպել ամերիկացի ուսանողների հետ եւ զրուցել նրանց հետ այնքան, որքան կների ժամանակը:
Հարց - Պարոն Միկոյան, ի՞նչ եք կարծում, նախագահ Էյզենհաուերի պատասխանը վարչապետ Խրուշչովի ուղերձին կարո՞ղ է նպաստել Խորհրդային Միության եւ Միացյալ Նահանգների միջեւ առեւտրային հարաբերությունների լավացմանը:
Միկոյան - Նախագահի պատասխանը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի կառավարությունը կիսում է մեր կարծիքն առ այն, որ մեր երկրների միջեւ առեւտրային հարաբերությունների զարգացումը շահավետ կլինի ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Խորհրդային Միության համար: Այն նաեւ արտահայտում է առեւտուրը խթանելու ԱՄՆ-ի կառավարության պատրաստակամությունը: Դա նոր, հաճելի ուղերձ է եւ, անկասկած, մեկ քայլ առաջ է առեւտուրը զարգացնելու ուղղությամբ :
Ցավոք, ուղերձը շրջանցում է այն խութերը, որոնք մեր միջեւ առեւտրի զարգացման համար արգելք են հանդիսանում: Նախկինում, երբ առեւտրի ծավալներն աճում էին, մենք ունեինք նախագահ Ռուզվելտի օրոք ՝ 1937 թվականին ստորագրված առեւտրային համաձայնագիր: Ցավոք, 1951 թվականին ամերիկյան կառավարությունը չեղարկել է այդ համաձայնագիրը, եւ այն այլեւս չի գործում: Ավելին, դրանից հետո ԱՄՆ-ն ընդունեց Խորհրդային Միության հետ առեւտրին դեմ ուղղված մի քանի օրենքներ եւ դեկրետներ: Օրինակ՝ սովետական ապրանքների ներմուծման վրա դրվեցին բարձր մաքսատուրքեր, ինչը գրեթե անհնար դարձրեց դրանց վաճառքը:
Իրականում, եթե այդ արգելքները չվերանան, գեղեցիկ խոսքերը լոկ խոսքեր կմնան: Այս ամենը կարող է որպես ամերիկյան կառավարության քննադատություն հնչել, սակայն սա ընկերական քննադատություն է, առանց որի խոսելն անհնար է:
Ներկա պահին մենք Պետդեպարտամենտի պատասխանին ենք սպասում:
Եթե նախագահի ուղերձին համապատասխան արվեն կոնկրետ առաջարկներ եւ քայլեր, մենք կարող ենք լավ առեւտրային զարգացում գրանցել:
Հարց - Առեւտուրն անհրաժե՞շտ է մեր երկրների միջեւ նորմալ հարաբերությունների համար, թե մենք կարող ենք նվազեցնել միջազգային լարվածությունն առանց առեւտրի ծավալներն ավելացնելու:
Միկոյան- Ես կարծում եմ, որ առեւտուրը մեր միջեւ, իհարկե, անհրաժեշտ է եւ տնտեսական առումով շահավետ է կողմերի համար, քանի որ կան ապրանքներ, որոնք մենք կարող ենք վաճառել եւ գնել փոխշահավետ հիմքերով: Վերջիվերջո մենք աշխարհի ամենամեծ երկրներն ենք: Անշուշտ, առեւտրի զարգացումը կարող է նպաստել լարվածության նվազեցմանը: Պատմությունն ապացուցում է, որ առեւտուրն անհրաժեշտ է: 1930-ական թվականներից մենք ակտիվորեն առեւտուր էինք անում, ինչու՞ այսօր չվերականգնել դա ավելի մեծ ծավալներով, հաշվի առնելով, որ այս ժամանակահատվածում երկու երկրները հարստացել են:
Հարց - Պարոն փոխվարչապետ, ի՞նչ երաշխիքներ կարող են ունենալ Միացյալ Նահանգները, որ սովետական տնտեսությունը կօգտագործի ամերիկյան ապրանքները միայն խաղաղ նպատակներով:
Միկոյան - Ի՞նչ երաշխիքներ եք դուք ուզում: Նախեւառաջ, ապրանքները, որոնք մենք ցանկանում ենք ձեռք բերել, ռազմական նշանակություն չունեն: Երկրորդը, ինչ վերաբերում է զենքի արտադրությանը, ապա մենք դրանցից բավականաչափ ունենք, եւ հավելյալ գնումների կարիք չկա: Եթե ուզում եք, մենք կարող ենք ձեզ մի փոքր զենք վաճառել: Բնականաբար, մենք դեռեւս չենք վաճառելու միջմայրցամաքային հրթիռները:
Լուսանկարը` Life
Հարց - Ե՞րբ եւ որտե՞ղ Խորհրդային Միությունը պատրաստ կլինի ԱՄՆ-ի հետ պաշտոնական առեւտրային համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններ սկսել:
Միկոյան - Մենք այսօր էլ պատրաստ ենք: Ինչ վերաբերում է ժամանակին եւ վայրին, ապա մեր կողմից ոչ մի դժվարություն չի լինի, քանի որ դա բարդ հարց չէ: Մենք սպասում ենք Պետդեպարտամենտի պատասխանին: ԱՄՆ-ի կառավարությունից եւ Պետդեպարտամենտից է կախված, թե որքան շուտ կմեկնարկեն բանակցությունները: Մենք պատրաստ ենք:
Հարց - Զբոսաշրջիկների փոխանակումն ենթադրում է ոչ միայն մշակութային առավելություններ, այլեւ մեծ օգուտ է փոխըմբռնման առումով: Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է արդյոք այդ փոխանակումն առեւտրային փոխանակման հետ մեկտեղ նույնպես կարեւոր դառնալ:
Միկոյան - Ես համամիտ եմ զբոսաշրջության կարեւորության վերաբերյալ ձեր գնահատականի հետ: Մշակութային փոխանակումները, կապերն ու բարեկամությունը մեր ժողովուրդների միջեւ շատ կարեւոր են: Զբոսաշրջությունը, ինչպես առեւտուրը, կարող է շատ օգտակար եւ լավ բաներ առաջարկել:
Զբոսաշրջիկների մեջ հաճախ հանդիպում են մարդիկ, ովքեր մեզ համար հետաքրքիր ապրանքներ են արտադրում, կամ էլ հետաքրքրված են լինում մեր ապրանքներով: Այնպես որ այն դոլարները, որոնք ամերիկացի զբոսաշրջիկները կթողնեն Խորհրդային Միությունում, կարող են վերադառնալ ԱՄՆ՝ սովետական պատվերների համար վճարումների տեսքով:
Հարց - Պարոն վարչապետ, ձեր կառավարությունը ձեռնարկու՞մ է որեւէ քայլեր դեպի ԱՄՆ սովետական քաղաքացիների ավելի մեծ հոսք խթանելու համար:
Միկոյան- Իհարկե, ձեռնարկում է: Վերջին մի քանի տարվա ընթացքում միլիոնից ավել սովետական քաղաքացիներ այցելել են տարբեր երկներ, բայց նրանցից քչերն են եղել ԱՄՆ-ում, հաշվի առնելով այն մթնոլորտը, որը առկա է Միացյալ Նահանգներում սովետական մարդկանց նկատմամբ: Ուստի, մեր քաղաքացիները գնում են այնտեղ դժկամորեն:Երբ մթնոլորտը լավանա, նրանք, հավանաբար, ավելի հաճախ այնտեղ կմեկնեն:
Հարց - Ի՞նչ է անում սովետական կառավարությունը, որպեսզի քաջալերի ԱՄՆ քաղաքացիներին այցելել Խորհրդային Միություն:
Միկոյան – Նախ, մենք կառուցում ենք ավելի շատ հյուրանոցներ: Գուցե ավելի քիչ, քան պահանջվում է, գուցե, զբոսաշրջիկներին անհրաժեշտ ոչ բոլոր հարմարություններով եւ ոչ այնքան բարձրահարկ, որքան ԱՄՆ-ում են: Բայց մենք ընդլայնում ենք ծրագիրը:
Խոսելով գովազդի մասին՝ ես պետք է խոստովանեմ, որ մեր գովազդը ձեր գովազդից վատն է: Եթե մեր տուրիստական գործակալությունները աշխատեին ավելի լավ եւ ամերիկյան գործակալություններն էլ օգնեին, մենք կկարողանայինք այդ բիզնեսն ավելի հանրային դարձնել եւ ունենալ ԱՄՆ-ից զբոսաշրջիկների մեծ հոսք:
Մենք չունենք որեւէ սահմանափակումներ: Կան, իհարկե, որոշ վայրեր, որոնց այցելությունը զբոսաշրջիկների համար պարտադիր չէ, եւ այդ վայրերը ոչ մի հետաքրքրություն իրենցից չեն ներկայացնում նրանց համար:
Մենք բազմաթիվ հետաքրքիր էքսկուրսիաներ ունենք ողջ երկրով, եւ ես համոզված եմ, որ մեկ ճանապարհորդություն դեպի ԽՍՀՄ բավական չէ: Դուք պիտի մի քանի անգամ այցելեք, որպեսզի տեսնեք այդ ամենի գոնե կեսը:
Հարց - Քանի որ ԽՍՀՄ-ում մեծ է գրքերի եւ գրականության սպառումը, հնարավոր կլինի՞ ԱՄՆ-ի առանձին հրատարակչական ընկերությունների համար առեւտրային հարաբերություններ հաստատել ԽՍՀՄ-ի հետ՝ գրքեր հրապարակելու նպատակով:
Միկոյան - Այո, դա հնարավոր է, սակայն պետք է ասեմ, որ հաճախ գրվում եւ հրատարակվում են այնպիսի գրքեր, որոնք վիրավորական մեր մարդկանց համար: Այդպիսի գրքեր, բնականաբար,մենք չենք ցանկանում գնել: Մյուսները մենք հաճույքով կգնենք: Ձեր ծրագիրը կոչվում է «Երիտասարդներն ուզում են իմանալ ներկան»: Կար ժամանակ, երբ ես էլ ձեր պես երիտասարդ էի: Ես այլեւս երիտասարդ չեմ, բայց չեմ սիրում ինձ ծեր անվանել: Դա տհաճ է, չնայած, հավանաբար, ես իրականում արդեն ծեր մարդ եմ: Այնուամենայնիվ, ծեր լինելով՝ ես, ինչպես եւ դուք, հետաքրքրվում եմ եւ ուզում եմ իմանալ ամեն ինչ:
Չնայած Խորհրդային Միության փորձերին, ԱՄՆ-ի հետ առեւտրային համաձայնագրի կնքումը չիրագործվեց: Քեննեդու վարչակազմի հետ առեւտրային հարաբերությունների քննարկումը առաջնային բնույթ չէր կրում:
1967 թվականին Լինդոն Ջոնսոնի կառավարության կողմից վարկերի տրամադրման եւ Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ առեւտրային հարաբերությունների ընդլայնման վերաբերյալ Կոնգրես մտցրած առաջարկները մերժվեցին հանրապետականների կողմից: Չնայած որոշակի խոչընդոտների, Ռիչարդ Նիքսոնի նախագահության օրոք ՝1972 թվականին Վաշինգթոնում հնարավոր դարձավ ստորագրել հետպատերազմյան ժամանակաշրջանի ընթացքում առեւտրաֆինանսական համաձայնագրերի ամենախոշոր փաթեթը. առավելագույն բարենպաստության ռեժիմի փոխադարձ տրամադրմամբ առեւտրի, լենդ-լիզի հաշվարկների կարգավորման, ԱՄՆ-ի Ներդրումների եւ արտահանման բանկի կողմից սովետական կողմին երկարաժամկետ վարկերի տրամադրման մասին: Սակայն 1974 թ. ամերիկյան Կոնգրեսը ընդունեց ԽՍՀՄ-ի հետ առեւտրի վերաբերյալ Ջեքսոն-Վենիքի ուղղումը ՝ շաղկապելով այդ հարցը ԽՍՀՄ-ից ազատ արտագաղթի խնդրի լուծման հետ:
Կարդացեք նաեւ Միկոյանը՝ «սուտն ու ճշմարտությունը խառնելու հանճարը» հոդվածը:
Կարդացեք նաեւ Միկոյանը Լոս Անջելեսում `«Դոկտոր Ժիվագոն» եւ IBM 709 համակարգիչը հոդվածը:
Կարդացեք նաեւ Միկոյանի անսպասելի ամանորյա այցը ԱՄՆ հոդվածը:
Նախագծի գործընկերն է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: