Արտավազդ Մինասյան. Գրավել աշխարհը՝ մաթեմատիկայով - Mediamax.am

exclusive
19539 դիտում

Արտավազդ Մինասյան. Գրավել աշխարհը՝ մաթեմատիկայով


Արտավազդ Մինասյանը
Արտավազդ Մինասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտավազդ Մինասյանը
Արտավազդ Մինասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտավազդ Մինասյանը
Արտավազդ Մինասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտավազդ Մինասյանը
Արտավազդ Մինասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտավազդ Մինասյանը
Արտավազդ Մինասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտավազդ Մինասյանը
Արտավազդ Մինասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտավազդ Մինասյանը
Արտավազդ Մինասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մաթեմատիկա` սիրո, արդարության եւ զարգացման շարժիչ: Այսպես են կառուցվածքների, հաջորդականությունների եւ հարաբերությունների մասին գիտությունն ընտրած մարդիկ բնութագրում այն:

 

Մեդիամաքսը եւ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) համատեղ ներկայացնում են Մաթարվեստ խորագիրը: Այն պատմում է Մաթեմատիկայի երկիր Հայաստանում այդ գիտությունը զարգացնող տաղանդավոր մարդկանց ու նրանց աշխատանքի մասին: Այսօր աշխարհում մաթեմատիկան առանցքային նշանակություն ունի, եւ մենք հույս ունենք, որ Մաթարվեստը կնպաստի նրան, որպեսզի հայ երիտասարդները ընտրեն այս մասնագիտությունը:

 

Ֆիզիկայից մաթեմատիկային անցնումը Արտավազդ Մինասյանից պահանջել է 4 տարի։ 

 

Դեռ դպրոցական տարիներից բնագիտական առարկաների հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ունեցող Արտավազդը, մասնագիտությունն ընտրելիս, որոշել էր դիմել ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետ, որպեսզի իր սիրելի առարկաներին ավելի խորը տիրապետի։ 

 

«Բակալավրիատում սովորելուց հետո՝ մագիստրատուրա դիմելիս արդեն, հասկացա, որ ճշգրտությունը, երեւի, ամենակարեւոր բանն է ու որոշեցի մագիստրատուրան եւ ասպիրանտուրան շարունակել մաթեմատիկայի ուղղությամբ։ Բակալավրում տեսական ֆիզիկան էի ընտրել եւ մոտ 6 ամիս աշխատել եմ այդ ուղղությամբ, իսկ դա ֆիզիկայի այն բաժինն է, որն ամենամոտն է մաթեմատիկային, բայց հաճախ՝ ոչ այնքան ճշգրիտ։ Դրա համար որոշեցի ֆիզիկան մի կողմ դնել եւ անցում կատարել զուլալ մաթեմատիկային, որտեղ ամեն ինչ շատ ավելի ճշգրիտ է եւ շատ ավելի տրամաբանական է կառուցված»,- պատմում է Արտավազդը։

 

Դեպի մեծ աշխարհ դուռ բացող մաթեմատիկան

 

Մաթեմատիկայի առավելությունն այն է, որ ավելի տրամաբանական, աքսիոմատիկ հիմքի վրա է դրված, իսկ ֆիզիկայում շատ հաճախ փորձարարական տվյալների հիման վրա են տեսությունները մշակվում։ Ֆիզիկան ավելի հաճախ է ունենում կիրառական նշանակություն, մաթեմատիկայում աբստրակցիան է շատ։

 

Մագիստրատուրայում մասնագիտանում էի իրական անալիզի, եռանկյունաչափական շարքերի թեմաներում։ Իմ ատենախոսությունը Ուոլշի համակարգերին էր նվիրված, ղեկավարս՝ Մարտին Գրիգորյանը, բազմաթիվ աշխատություններ ուներ, եւ այդ ուղղությունը շատ էր ինձ ոգեւորում։ Բացի այդ՝ Հայաստանը հայտնի է իրական անալիզի ուղղությամբ իր գիտական աշխատանքներով։

 

Արտավազդ Մինասյանը Արտավազդ Մինասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Ծրագրավորման ոլորտում աշխատելու ընթացքում միշտ մտածում էի, որ մաթեմատիկան սովորելու, աշխատելու ուղղությամբ ներդրում եմ ունեցել ժամանակին, բայց գիտելիքներս ու փորձս չեմ կիրառում, բացառությամբ՝ մաթեմատիկական տրամաբանության։ 

 

Երկու տարի առաջ նոր ստարտափի միտք առաջացավ՝ կիրառելով մեքենայական ուսուցման մեթոդները՝ հեռախոսային խոսակցությունների ժամանակ աղմուկը մաքրող ծրագիր մշակել։ Այդտեղ արդեն իմ մաթեմատիկական կրթության ամբողջ ապարատը սկսեց պետք գալ։ Իմ գործընկեր շատ մաթեմատիկոսներ միացան մեզ։ Մաթեմատիկոսների մեծ թիմ հավաքվեց, որը մոտ մեկ տարվա ընթացքում ստեղծեց ալգորիթմը, որն այս պահին աշխարհում լավագույնն է, եւ ընկած է մեր ստարտափի հաջողության հիմքում։

 

Գրավել աշխարհը՝ մաթեմատիկայով

 

Մեր հիմնած ընկերությունը՝  2hz-ը, մշակեց Krisp հավելվածը։ Այն թույլ է տալիս ցանկացած ծրագրով զանգեր կատարելիս, խլացնել աղմուկը, արդյունքում՝ միայն զրուցակիցների մաքուր ձայնն է լսվում։ 

 

Արտավազդ Մինասյանը Արտավազդ Մինասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Երկու տարի առաջ սկսեցինք հետազոտություններ անել, իսկ մեկ տարի առաջ հիմնադրվեց ընկերությունը։ Թիմում կա 30 մարդ, $‌2 մլն դոլարի ներդրումներ ենք ստացել Սիլիկոնյան հովտից։ Հավելվածը գործարկել ենք երկու ամիս առաջ։ Այն հասանելի է MacBook համակարգիչների համար եւ արդեն ունի 20 հազարից ավելի օգտագործող։ Քանի որ այս պահին դեռ թեստային փուլում ենք, հավելվածն անվճար է։ Մեծ արձագանք ենք գտել միջազգային հարթակներում։ Միջազգային ընկերություններ եւ ամսագրեր անդրադարձել են մեզ, իսկ Product Hunt հարթակում հավելվածը դարձել է օրվա, շաբաթվա, ապա ամսվա ապրանք։ Վերջերս էլ այդ հարթակում դարձավ 2018 թվականի լավագույն պրոդուկտը աուդիոյի ոլորտում։ Երեւի, առաջին անգամ էր, որ հայկական տեխնոլոգիական արտադրանքը նման հաջողություն է ունենում այդ հարթակում։ Այս ամենի հիմքում, իրականում, մեր մաթեմատիկական ալգորիթմն է ընկած։ Այսպիսով՝ բիզնեսն ու մաթեմատիկական կրթությունն իրար հետ կապվեցին։ Հնարավորություն ստացա մաթեմատիկական կրթությունը, գիտելիքներս ու նաեւ մաթեմատիկոս ընկերներիս համախմբել այնպիսի ստարտափ ապրանքի շուրջ, որը շատ մարդկանց է անհրաժեշտ։ 

 

Լավ կրթությանը հետեւող մրցակցային արդյունքները

 

Միջազգային մրցակցային արտադրանքներ ստեղծելու առումով մեծ հնարավորություն է բացվել Հայաստանի համար, եւ դրա հիմքը պետք է լինեն տեսական մաթեմատիկայի, ֆիզիկայի գիտելիքները։ Մենք ունենք ե՛ւ այդ մշակույթը, ե՛ւ գիտելիքը, ե՛ւ դպրոցը, որի հիման վրա մարդիկ դառնում են ուժեղ մաթեմատիկոսներ, ֆիզիկոսներ։ Եթե կիրառվում են նաեւ ծրագրավորման որոշակի հմտություններ՝ արդյունքում ստեղծվում են այնպիսի ապրանքներ, որոնք աշխարհում փոխում են այն սահմանը, որը մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ ծրագրավորման արանքում է, եւ այս պահին դա գիտության ամենամոդայիկ մասն է՝ արհեստական բանականություն ու մեքենայական ուսուցում։ 

 

Այստեղ Հայաստանի ներուժը շատ մեծ է, որովհետեւ ֆունդամենտալ գիտություններով զբաղվող այնքան մասնագետ, որքան Հայաստանում կա, քիչ երկրներում գոյություն ունեն։ Սա մեր երկրի համար մրցակցային դառնալու հնարավորություն է։ 

 

Արտավազդ Մինասյանը Արտավազդ Մինասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Մեր ստարթափը այդ հաջողության լավ օրինակն է։ Հիմնվելով մարդկային գիտելիքի վրա, կիրառելով ծրագրավորման որոշակի գիտելիքներ՝ ընդամենը մեկ տարում գրել ենք ալգորիթմը, մեկ տարի էլ պահանջվել է բիզնեսի ու արտադրանքի համար, ու հասել ենք հաջողության։ Կարծում եմ՝ Հայաստանում նման շատ ստարտափեր են ստեղծվելու։  

 

Առաջարկի եւ պահանջարկի հանդիպումը

 

Մաթեմատիկական կրթությունն ու տրամաբանությունը մարդուն մեծ աշխարհայացք ու հիմք են տալիս ցանկացած այլ ոլորտ մտնելու համար։ Կարծում եմ՝ եթե ֆունդամենտալ մաթեմատիկայով Հայաստանում շատ մարդիկ զբաղվեն, ի վերջո, դա կհանգեցնի նաեւ արդյունաբերության զարգացմանը։ 

 

Իմ ցանկությունն է, որ Հայաստանի համալսարանների մաթեմատիկայի եւ ֆիզիկայի ֆակուլտետները առավելագույն թվով ուսանողներ ունենան, որպեսզի ֆունդամենտալ գիտությունը ավելի շատ զարգանա։ Այդ առումով փորձում ենք մեր աջակցությունը բերել։ 

 

ԵՊՀ Մաթեմատիկայի ֆակուլտետում բացվել է նոր ծրագիր՝ տվյալագիտության ուղղությամբ։ Աջակցել ենք լաբորատորիայի ֆինանսավորմանը, նաեւ կրթաթոշակներ ենք տալիս այնտեղ ընդունվող ուսանողներին, իսկ մեր մասնագետները դասավանդելու են այնտեղ։ 

 

 

Ամերիկյան համալսարանի հետ եւս համագործակցում ենք։

 

Սա առաջարկի եւ պահանջարկի լավ հանդիպում կարող ենք համարել։ Երբ ընկերության համահիմնադիրներով մտածում էինք աշխատակազմը մի քանի անգամ մեծացնելու մասին, հասկանում էինք, որ մեզ պետք են տասնյակ, եթե ոչ հարյուրավոր գիտնականներ։ Բնական է, որ փորձել ենք օգնություն ցույց տալ հենց  այդ ֆակուլտետին, քանի որ մեր պահանջած կադրերն այնտեղ են պատրաստվում։ 

 

Արտավազդ Մինասյանը Արտավազդ Մինասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Բիզնես-գիտություն համագործակցության այլ փորձ եւս եղել է․ մեկ տարի առաջ 3 ամիս տեւողությամբ նախագիծ իրականացրեցինք ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի հետ։ Կիրառական խնդիր ձեւակերպեցինք, որը պահանջում էր շատ խորը մաթեմատիկական գիտելիքներ։ Նրանք կարողացան երեք ամսվա ընթացքում մեզ տալ ալգորիթմի նախատիպ, որը հեշտությամբ վերածեցինք արտադրանքի։ 

 

Էկոհամակարգի մեխանիզմը եւ ամենակարճ ուղին

 

Հայաստանում այս ոլորտի էկոհամակարգը լավ գործում է։ Արհեստական բանականության եւ մեքենայական ուսուցման ոլորտի ներկայացուցիչներս պարբերաբար հավաքվում ենք, տարբեր քննարկումներ, փորձի փոխանակում անում։ Հաճախ, երբ խնդիրներ ենք ունենում, քննարկում ենք այլ ընկերությունների մասնագետների, ներկայացուցիչների հետ եւ լուծումներ գտնում։ 

 

Կարծում եմ՝ այս ուղղությունը Հայաստանի համար ամենակարճ ճանապարհն է՝ հասնելու մրցակցային առավելության։ Այն զարգացնելու գործին որեւէ բան չի խանգարում՝ ո՛չ փակ սահմանները, ո՛չ պատերազմական իրավիճակը։ Մենք ունենք ինտելեկտուալ բազա ու պետք է նաեւ բիզնես հնարավորություններ ստեղծվեն, որ կարողանանք մեր միտքը ձեւակերպել, ստանալ պրոդուկտներ ու դրանք հանել միջազգային շուկաներ։ 

 

Արտավազդ Մինասյանը Արտավազդ Մինասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Պետք է սկսել կրթության մեջ ներդրումներ անելով եւ քիչ ժամանակ անց արդեն կզգանք առավելությունները։ Որոշ երկրներ, անգամ, արհեստական բանականության նախարարություններ ունեն ու, կարծում եմ, պետությունը պետք է ավելի շատ ներգրավված լինի, որքան հնարավոր է շատ փորձի աջակցել այս ոլորտին։ 

 

Նախագծի գլխավոր գործընկերը FAST հիմնադրամն է 


Մարի Թարյան


Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին