Մհեր Իսրայելյան. ռազմական դիվանագետ vs. գրող - Mediamax.am

exclusive
4055 դիտում

Մհեր Իսրայելյան. ռազմական դիվանագետ vs. գրող


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Մհեր Իսրայելյանը
Մհեր Իսրայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մհեր Իսրայելյանը
Մհեր Իսրայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` ՀՀ ՊՆ


Ատամհատիկին, դպրոցում ու անգամ ավարտական դիպլոմը ձեռքին՝ շատերը դեռ փորձում են հասկանալ՝ մասնագիտություններից որն է իրենցը: Պատահում է, որ երկար տարիներ մի ոլորտում աշխատած մասնագետը հանկարծ բացահայտում է իր «ուրիշ ես»-ը ու չի վախենում հետեւել դրան: Այդ «ես»-երն իրար լրացնում կամ հակասում, օգնում կամ բացառում են: Նա, ում հաջողվել է գտնել թաքնված «ես»-ը, իրեն ավելի ամբողջական, իրացված ու երջանիկ է զգում: 

 

Մհեր Իսրայելյանն ընտրեց դիվանագետի մասնագիտությունը, որովհետեւ ուզում էր օգտակար լինել նորանկախ Հայաստանին։ Մոտ 20 տարի Պաշտպանության նախարարությունում, ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելությունում ծառայելուց հետո գնդապետ Մհեր Իսրայելյանը գրեց հոր՝ արձակագիր Վրեժ Իսրայելյանի գրքի վերջաբանն ու հասկացավ՝ սա մի նոր սկիզբ է։ Ռազմական դիվանագետը 40 տարեկանում գրեց իր առաջին՝«Մինչեւ մեռնելն ապրել է պետք» վիպակը, հետո՝ «Մի շան բախտ հին հայկական ճանապարհի վրա» պատմվածքների ժողովածուն։ 2019-ի վերջին լույս տեսավ նրա «Ես եմ աշխարհի թագավորը» վիպակը։ 

Եթե մի օր մեծածավալ վեպ գրի, այն կլինի Արցախյան ազատամարտի տարիների մասին, բայց ոչ թե պատերազմի, այլ 90-ականների Հայաստանի, Երեւանի քաղաքային կյանքի ու պատերազմին զուգահեռ փոթորկվող կյանքի մասին։  Հաղթանակի այն տարիների, որ ժողովուրդն անխղճաբար անվանում է «մութ ու ցուրտ»։  

 

Դիվանագետ գրողին նաեւ ռեժիսորի աշխատանքն է հետաքրքրում։ Գուցե մի օր որոշի էկրանավորել իր առաջին վիպակը կամ պատմվածքները։ Կստացվի, թե՝ ոչ, էական չէ։ Ասում է՝ կարեւորը երազելն է։

 

Դիվանագիտությունը՝ մոդայիկ մասնագիտություն նորանկախ Հայաստանում

 

Իմ դպրոցն ավարտելը համընկավ Խորհրդային միության փլուզման հետ։ ԽՍՀՄ-ում ապրող բոլոր ժողովուրդների կյանքում դա մի շրջադարձային պահ էր։ Անկախ հանրապետությունը պետք է ունենար արտաքին քաղաքականություն, եւ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը դարձավ շատ մոդայիկ։ Երազանքի հետեւից գնալով՝ շատ երիտասարդներ ընտրում էին դիվանագետի մասնագիտությունը։ Ես էլ, տուրք տալով ժամանակի ոգուն, ընդունվեցի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։ Այդ տարի նախատեսված էր մոտ 30 դիմորդ ընդունել, սակայն հաշվի առնելով դիմորդների մեծ թիվը՝ մոտ 120 հոգի ընդունվեց, որպեսզի դառնա դիվանագետ եւ ծառայի նորանկախ Հայաստանին։

 

Այն ժամանակ կար ռազմական ամբիոն, եւ քաղաքացիական կրթությանը զուգահեռ կարելի էր ռազմական հիմնարար գիտելիքներ ստանալ։ Համալսարանն ավարտելուց հետո որպես սպա՝ երկու տարով զորակոչվում էինք բանակ։ Այդպես սկսվեց իմ զինվորական ծառայությունը։ Մի քանի տարի Պաշտպանության նախարարությունում ռազմաքաղաքական վերլուծությունների բնագավառում աշխատելուց հետո նշանակվել եմ ՆԱՏՕ-ում փոխգործակցության սպա, ռազմական ներկայացուցիչ, իսկ ավելի ուշ՝ պաշտպանության հարցերով խորհրդական։ 

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Ընդհանուր առմամբ, 12 տարի ծառայել եմ ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելությունում։ 8 ամիս առաջ նշանակվել եմ ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելությունում պաշտպանության հարցերով խորհրդական։ 

 

«Ռազմական դիվանագետ» տերմինը Խորհրդային միությունում էր օգտագործվում, արեւմուտքում չեմ հանդիպել։ Հայաստանում այն դեռ կիրառվում է։ Դրանք այն զինվորականներն են, որոնք իրենց կարողություններն օգտագործում են դիվանագիտության բնագավառում։ Օրինակ՝ տարբեր երկրներում կամ միջազգային կազմակերպություններում ռազմական կցորդները կամ ռազմական ներկայացուցիչները՝ մարդիկ, ովքեր ներգրավված են արտաքին քաղաքականության այն խնդիրների կատարմանը, որոնցում առկա է ռազմական կամ ռազմաքաղաքական բաղադրիչ եւ զինվորականների կամ պաշտպանության բնագավառի այլ մասնագետների մասնակցության անհրաժեշտություն։ 

 

Մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները կատարելագործելուց բացի, ռազմական դիվանագետի աշխատանքը պատուհան էր դեպի մեծ աշխարհ։ Աշխատանքի բերումով հնարավորություն եմ ստացել ծանոթանալու տարբեր ժողովուրդների մշակույթին, շփվելու մարդկանց հետ, եւ դրա շնորհիվ մանկուց ձեւավորված ազգային կաղապարված մտածողությունս կոտրվել է։ Իհարկե, ազգային հատկանիշները շատ կարեւոր են՝ լեզուն, կրոնը, համոզմունքները, սակայն մարդիկ նույնն են՝ աշխարհի որ ծայրում էլ լինեն։

 

Երկու վճռորոշ կարծիք

 

Մեծացել եմ գրող Վրեժ Իսրայելյանի ընտանիքում։ Իր ընկերները մեր տան մշտական հյուրերն էին, եւ գրականության մասին խոսակցությունները, գրական մթնոլորտը միշտ ներկա է եղել մեր տանը, թեեւ երբեք չեմ մտածել գրելու մասին։ Այդ հարցը հորս հետ էլ երբեք չենք քննարկել։ Իրականում, որոշակի կաշկանդվածություն կար։ Եթե սկսեի գրել, պետք է կարողանայի իր նման լավ գրել, իսկ մտավախությունը, թե գուցե չստացվի, կաշկանդում էր։

 

Իր մահից հետո գրելու ցանկությունը մեծացավ։ Գրեցի հորս գրքի վերջաբանը, ու այդ ընթացքն ինձ հուշեց, որ շարունակություն է ունենալու։ Դա ինձ համար նախամուտի պես մի բան դարձավ, հասկացա, որ պետք է գրեմ։

Լուսանկարը` Մեդիամաքս

Առաջին վիպակում՝ «Մինչեւ մեռնելն ապրել է պետք», մանկությանս հուշերս են, ինչպես եմ պատանու աչքերով տեսել, զգացել անկախության եւ Ղարաբաղյան շարժման շունչը։ Մեզ վիճակվել էր ապրել պատմական, բացառիկ մի ժամանակաշրջան, եւ շատ ափսոս էր այդ ամենը չփոխանցել թղթին։ Գրելու գայթակղությունը շատ մեծ էր։ 

 

Գրածս ինձ դուր էր գալիս, բայց ավելի օբյեկտիվ կարծիք ստանալու համար, ուղարկեցի մեր ականավոր գրող Ռուբեն Հովսեփյանին եւ մեր երիտասարդ գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանին, որին անձամբ չէի էլ ճանաչում, բայց որն առավել աչքի էր ընկնում ակտիվությամբ։ Սրտի տրոփյունով սպասում էի իրենց կարծիքին։ Առաջինն արձագանքեց Ռուբեն Հովսեփյանը, եւ դա իմ կյանքում բացառիկ երջանիկ պահ էր։ Ընդամենը մի նախադասություն էր գրել․«Բնությունը քո վրա չի հանգստացել, ինչպես շատ հաճախ վարվում է»։ Հետո Արքմենիկը գրեց, որ վիպակն անպայման պետք է տպագրվի։

 

Անձի երկվության մասին

 

Անձի երկվություն, բնականաբար, կա։ Իհարկե, ինձ ավելի հոգեհարազատ է գրողական մասը, քանի որ իմ անձնականն է։ Աշխատանքում ես ամբողջի մի մասնիկն եմ, փորձում եմ իմ փոքր ներդրումն ունենալ այդ մեծ մեքենայի գործունեության մեջ։ Իսկ գրականության հեղինակը ես եմ, ես եմ ուղղորդում ամբողջ պրոցեսը կամ վերջին վիպակիս վերնագրին համահունչ ասած՝ ես եմ աշխարհի թագավորը։ 

Մհեր Իսրայելյանը Մհեր Իսրայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Եղել են դեպքեր, երբ գործընկերներս իմացել են, որ գրականությամբ եմ զբաղվում, ոչ ադեկվատ են արձագանքել՝ փաստորեն գրելու ժամանակ էլ ունես։ Ես էլ պատասխանել եմ՝ քեզ թվում է՝ ով ժամանակ ունի, բոլորը կարո՞ղ են գրել (ծիծաղում է- հեղ․)։ Կամ պատահել է, որ ասել են՝ արդեն քո ուշքն ու միտքը գրականությունն է, էլ աշխատանքի մասին մտածելու հավես չի մնա։ Գրականությամբ զբաղվելուց հետո, իհարկե, տրամադրության այդպիսի փոփոխություն նկատվել է։ Գրականության համեմատ՝ աշխատանքս մի փոքր կորցրել է նախկին հետաքրքրությունը, ինչը համարում եմ բնական։ Մյուս կողմից աշխատանքը նպաստում է նոր մարդկանց ու երեւույթների հանդիպել, որոնք ի վերջո դառնում են պարարտ գրական հող։  

 

Դիվանագիտության եւ գրականության առնչությունների մասին

 

Դեռ գրականությամբ չէի էլ զբաղվում, բայց շատերն ասում էին, որ տեղեկանքները գեղարվեստական ոճով եմ գրում, ինչն ընդունված պրակտիկա չէ կամ կաղապարից դուրս է, եւ երբեմն ղեկավարության տարակուսանքն էր առաջ բերում։ Բայց լավ չէ, երբ գրելիս քեզ դնում ես կաղապարի մեջ: Անգամ աշխատանքում միշտ կարելի է կիրառել ստեղծագործական միտքը, պետական ծառայության ընթացքում՝ որոշակի սահմանափակումներով, իհարկե։ 

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Գրականության մեջ դիվանագիտությո՞ւն… «Դիվանագիտություն» բառը ժողովրդի մեջ մի քիչ բացասական է ընկալվում, ասոցացվում է խորամանկության, ինչ-որ խարդավանքների հետ, ինչն այդքան էլ այդպես չէ, թեեւ լիակատար պարզություն եւ թափանցիկություն չի կարող  ունենալ։ Իսկ գրականությունը մտքի անվերապահ անկեղծություն ու ազատություն է պահանջում։

Մհեր Իսրայելյանը Մհեր Իսրայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կա «ապրված գրականություն» հասկացությունը, այսինքն՝ եթե գրականության հիմքում գրողի ապրումներն են, ավելի մեծ է հավանականությունը, որ լավ բան կստացվի։ Իհարկե, վարպետությունը կարող է իր դերն ունենալ, բայց եթե գրողը միայն իր երեւակայությունն օգտագործի, մարդկանց սրտերին հասնելը, երեւի թե, ավելի դժվար կլինի։

 

Թուրք գեներալը, վրացի հարեւանը, իտալացի բժիշկը՝ պատմվածքի եւ վիպակի հերոսներ

 

Դիվանագիտական ծառայության բերումով ինձ հանդիպած մարդիկ, իրենց կամքից անկախ, հաճախ դառնում են իմ գրականության հերոսները։ Մի իտալացի ռազմական բժիշկ կա, որն ինձ շատ է տպավորել եւ դարձել է իմ վեպի կարեւոր կերպարներից մեկը՝ բժիշկ-փիլիսոփա։ Ինքն այդ մասին չգիտի ու երեւի չի էլ իմանա։ Կամ Բրյուսելում վրացի մի հարեւան ընկեր ունեի, մեր երեխաները խաղում էին միասին։ Քանի որ Եվրոպայում խիստ է աղմուկի հարցը, իսկ մեր երեխաները միշտ մեծ աղմուկ էին բարձրացնում, հարեւանները շաբաթը մեկ ոստիկանություն էին կանչում։ Դա դարձավ մի լավ պատմվածք՝ «Մադամ Բուլլայի զարմանահրաշ ուղեւորությունը»։ Պատմվածքի հերոս դարձավ նաեւ մի թուրք գեներալ, որը հետո մեղադրվեց հեղաշրջման մեջ եւ ձերբակալվեց։ Քանի որ ֆուտբոլ շատ եմ սիրում, պատմվածքում նրան թուրք ֆուտբոլիստ Ալթինթոփի անունով էի կոչել, որ հնչեղ լինի։

 

Ռեժիսորի աշխատանքի մասին երազող դիվանագետ գրողը

 

Եթե այս պահին մասնագիտություն ընտրեի, հավանաբար դա չէր լինի պետական ծառայությանն առնչվող, որոշակի կաղապարներ, սահմանափակումներ բերող մասնագիտություն։ Իհարկե, այն ունի նաեւ առավելություններ, պատասխանատվություն, շատ կարեւոր է ինքնահաստատման, հայրենիքին ծառայելու առումով։ Չեմ ափսոսում ընտրությանս համար, բայց մարդու կյանքն ավելի հետաքրքիր կլինի, եթե առնչվի արվեստին։

Եթե երեխա լինեի ու հարցնեին՝ ի՞նչ կուզենայիր դառնալ, կասեի՝ լավ ռեժիսոր։ Իհարկե, ուզելը քիչ է, շնորհք ու տաղանդ, մասնագիտական կրթություն է անհրաժեշտ։ Բայց, ինչպես ասում են, «чем чёрт не шутит»։ Եթե մարդ ունի ցանկություն, երազանք, երբեք ուշ չէ փորձել ի կատար ածել այն։ Ավելի լավ է փորձել, եթե անգամ չես հասնելու, որովհետեւ փորձելու ընթացքը կբերի որոշակի ինքնաբավարարվածություն, քան թե սեղմել, սահմանների մեջ դնել, զսպել այդ ցանկությունը եւ ունենալ չիրականացած երազանքի բարդույթ։ Երազելը շատ կարեւոր է, եթե նույնիսկ երազանքդ չի կատարվում։ Եթե չես երազում, մեղմ ասած, դատապարտված ես լճացման։ 

 

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Մհեր Իսրայելյանի արխիվից




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին