Տեր Թովմա. ռեժիսոր vs. երգահան vs. հոգեւորական - Mediamax.am

exclusive
3179 դիտում

Տեր Թովմա. ռեժիսոր vs. երգահան vs. հոգեւորական


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ատամհատիկին, դպրոցում ու անգամ ավարտական դիպլոմը ձեռքին՝ շատերը դեռ փորձում են հասկանալ՝ մասնագիտություններից որն է իրենցը: Պատահում է, որ երկար տարիներ մի ոլորտում աշխատած մասնագետը հանկարծ բացահայտում է իր «ուրիշ ես»-ը ու չի վախենում հետեւել դրան: Այդ «ես»-երն իրար լրացնում կամ հակասում, օգնում կամ բացառում են: Նա, ում հաջողվել է գտնել թաքնված «ես»-ը, իրեն ավելի ամբողջական, իրացված ու երջանիկ է զգում:

Գրքի կազմին կամ երգի տիտրերում նա Վահան Անդրեասյան է, եկեղեցում՝ տեր Թովմա։ Ռեժիսոր, երգահան, բանաստեղծ Վահան Անդրեասյանը մի քանի թատրոնում, հեռուստաընկերություններում է աշխատել, հայտնի ու սիրված երգերի հեղինակ է, 4 ձայնասկավառակ եւ 8 բանաստեղծական գիրք ունի։ Բայց մի օր որոշեց՝ ուզում է ապրել մշտական խաղաղության եւ օրհնության մեջ, ու 48 տարեկանում դարձավ  քահանա։ Նորք Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցում ծառայելուն զուգահեռ՝ տեր Թովման շարունակում է ստեղծագործել, բայց հիմա ավելի շատ իր հոգու համար։

Լուսանկարը` Մեդիամաքս


Երգեր գրող ռեժիսորը

Առաջին մասնագիտությամբ ռեժիսոր եմ։ Թեեւ դպրոցին զուգահեռ ջութակի բաժնում էի սովորում, բայց շատ կտրուկ որոշումս փոխեցի ու որոշեցի ռեժիսոր դառնալ։ Սակայն երաժշտությունը շարունակում էր ձգել։ Խորհրդային տարիներին հնարավոր չէր միաժամանակ երկու բուհում սովորել։ Պետությունը թոշակ էր տալիս, եւ ավարտելուց հետո 5 տարի պիտի աշխատեիր, պարտքդ տայիր պետությանը։ Ես էլ որպես ազատ ունկնդիր՝ սկսեցի կոնսերվատորիայում դասերի գնալ, հարմոնիա եւ կոմպոզիցիա ուսումնասիրել։

Հենրիկ Մալյանի ղեկավարած թատրոնի առաջին պիոներներից եմ եղել, հետո գնացի «Փոս» թատրոն, Մոսկվայի «Առլեկին» թատրոն-ստուդիայում կիթառահար էի։ 1987-ին որպես ռեժիսոր՝ մտա հեռուստատեսություն ու աշխատեցի 13 տարի։

Լուսանկարը` Մեդիամաքս


1981 թվականից նաեւ կոմպոզիտորների եւ երգիչների հետ էի աշխատում՝ Արթուր Գրիգորյանի, Արմեն Սմբատյանի, Արամ Սաթյանի, Էդգար Գյանջումյանի։ Առաջինը Արթուր Գրիգորյանն ու Տաթեւիկ Հովհաննիսյանը դիմեցին, եւ գրեցի հայտնի «Ձյուն» երգը։ Ու էդպես իրար հետեւից ծնվեցին հաջողված շատ երգեր։  Տեքստից բացի նաեւ երաժշտություն էի գրում։ Պատահում էր՝ այնքան պատվեր էր լինում, որ շաբաթվա ընթացքում չէի հասցնում։

Աստծուն հանդիպելու մասին

Կոմունիստական կուսակցության անդամ չեմ եղել, բայց գաղափարապես կոմունիստ էի։ Հետո հասկացա, որ զարգացած տնտեսական հասարակարգի հետ գալիս է բարոյազրկված հասարակություն, բարոյականության ուրիշ սկզբունքներ, ու հիասթափվեցի այդ գաղափարախոսությունից։ Սկսեցի տարբեր բաներով հետաքրքրվել, բուդդիզմ, անտրոպոսոֆիա էի ուսումնասիրում, ու աստիճանաբար եկա դեպի Աստված։

Կյանքս առանց եկեղեցու էլ չէի պատկերացնում։ Հեռուստատեսությունից հիասթափվել էի, իդեալները, որոնցով աշխատում էինք, խամրել էին, մեռել, լուրջ հաղորդումներ արդեն ոչ մեկին պետք չէին։ Երգի ասպարեզում էլ հեշտ չէր, երգիչների միջեւ հարաբերությունները շատ բարդ էին։ Հոգնեցի ամեն ինչից ու մտա եկեղեցի, որտեղ մշտապես խաղաղություն եւ օրհնություն կա, եւ որոշեցի այդ խաղաղության մեջ ապրել։

Լուսանկարը` Մեդիամաքս


2002 թվականին ընդունվեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քահանայի պատրաստման լսարան ու 2004-ին ձեռնադրվեցի քահանա։

Տեր Թովման ու Վահան Անդրեասյանը

Խնդրեցի Արշակ սրբազանին, որ ձեռնադրելիս ինձ իմ անունով՝ Վահան օծի։ Ասաց՝ խնդիր չկա, եկեղեցում կլինես տեր Թովմա, արվեստում՝ Վահան Անդրեասյան։ Քահանայական անունս դրեց տեր Թովմա, ու դրանից հետո սկսվեցին խնդիրները (ծիծաղում է-հեղ․)։ «Հայհեղինակ» կազմակերպությունում ու բոլոր փաստաթղթերում անձնագրային տվյալներս են, տեր Թովմա ներկայանալ չեմ կարող։ Այնպես որ, 2004 թվականից երկու անուն ունեմ։

Լուսանկարը` Մեդիամաքս


Հրաժեշտ ռեժիսորի աշխատանքին

Քահանա օծվելուց հետո որոշ զբաղվածություններից հրաժարվել եմ։ Օրինակ՝ ռեժիսորի մասնագիտությունն էնպիսինն է, որ հնարավոր է 2-3 ամիս գիշեր-ցերեկ, կենտրոնացած աշխատես մի գործի վրա, իսկ ես այլեւս այդ հնարավորությունը չունեի։ Ռեժիսորի եւ քահանայի աշխատանքը ժամանակատար են։ Բայց բանաստեղծություն, երաժշտություն գրելու համար ժամանակ գտնում եմ, թեեւ ձեռնադրությունից հետո Աստված այդ ծանրաբեռնվածությունն ինձնից վերցրեց, ու պատվերներն աստիճանաբար պակասեցին։ Այն ժամանակ երգ գրելն ապրուստի միջոց էր, հիմա՝ հոբբի։

Լուսանկարը` Մեդիամաքս


Իմ գործունեությունը վաղուց շոու բիզնեսի շրջանակից դուրս է եկել, իմ երգերը հիմա շուկայական առումով արժեք չեն ներկայացնում։ Շոու բիզնեսից դուրս կա մի ուրիշ աշխարհ, երաժիշտների մի տեսակ, որոնք գրում են իրենք իրենց, իրենց հոգու համար։

Չվհատվող քահանան ու միայնակ բանաստեղծը

Ներսումս երկվություն կա։ Եթե մեկը գալիս է ինձ մոտ՝ որպես քահանայի, ես պիտի իմ բարձրության վրա լինեմ։ Եթե վհատված լինեմ, չեմ կարողանա նրան օգնել։ Բայց քահանան ինքն էլ ունենում է այդպիսի պահեր, թեեւ մարդիկ չեն պատկերացնում, որ հոգեւորականը կարող է տխուր, նեղված լինել։

Լուսանկարը` Մեդիամաքս


Բայց իմ մենակության մեջ գրում եմ այն, ինչ զգում եմ, գրում եմ շատ անկեղծ, եւ վհատության պահերն էլ բանաստեղծության մեջ երեւում են։ Բնական է, երկվություն լինում է։ Եթե ընթերցողն ինձ հոգեւոր ծառայության մեջ տեսնի, գուցե եւ չպատկերացնի, որ այդ բանաստեղծությունները ես եմ գրել։

Մարդը, եթե իրեն մենակ չի զգում, չի կարող բանաստեղծություն գրել։ Արվեստագետը հասարակության մեջ սպիտակ ագռավի նման է։ Այդ տարբերությունը բերում է մենություն, վհատություն։ Ստեղծագործելն օգնում է ազատվել այդ վիճակից։ Ստեղծածը ինչ-որ կերպ փարատում է ստեղծողին։ Դա էլ աղոթքի տեսակ է։

Լուսանկարը` Մեդիամաքս


Լուսինե Ղարիբյան   

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին