Ատամհատիկին, դպրոցում ու անգամ ավարտական դիպլոմը ձեռքին՝ շատերը դեռ փորձում են հասկանալ՝ մասնագիտություններից որն է իրենցը: Պատահում է, որ երկար տարիներ մի ոլորտում աշխատած մասնագետը հանկարծ բացահայտում է իր «ուրիշ ես»-ը ու չի վախենում հետեւել դրան: Այդ «ես»-երն իրար լրացնում կամ հակասում, օգնում կամ բացառում են: Նա, ում հաջողվել է գտնել թաքնված «ես»-ը, իրեն ավելի ամբողջական, իրացված ու երջանիկ է զգում:
Անի Հովակն ավարտել է Երեւանի կոնսերվատորիան՝ ֆլեյտայի բաժինը, ու Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, բայց երաժշտությունը համարում է ոչ թե մասնագիտություն, այլ իր կյանքի բնական ընթացք՝ «այդպես էլ պետք է լիներ»։ Նկարչությունն էլ նույնքան աննկատ ու չծրագրված մտավ նրա կյանք։ Թե էլ որտեղ եւ ինչպես կդրսեւորի իր ներուժը, ֆլեյտահար, երգչուհի ու նկարիչ Անին դեռ չգիտի, փնտրում է։
Երաժիշտը, որն իրեն «ստիպեց» դառնալ նկարիչ
Երգն ինձ հետ է ծնվել, խոսելուց առաջ երգել եմ։ Երաժիշտ դառնալու հատուկ որոշում չեմ կայացրել, բնական ընթացք էր, 9-րդ դասարանից տեղափոխվեցի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։ 13 տարի երգում եմ «Հովեր» կամերային երգչախմբում։
Ավարտել եմ կոնսերվատորիայի ֆլեյտայի բաժինը։ Հաշվետու համերգներին լավ նվագում էի, ինձ թվում էր՝ դառնալու եմ ֆլեյտահար, բայց չգիտեմ՝ ինչ եղավ։ Շատ սիրում եմ, շատ կարոտում եմ, ափսոսում եմ, որ չշարունակեցի, բայց ողբերգություն չեմ դարձնում։ Եղավ այն, ինչ պիտի լիներ։ Ամեն դեպքում, մինչեւ վերջ չեմ փակում դռները, գուցե մի օր վերադառնամ նվագելուն։
Լուսանկարը` Մեդիամաքս
Կոնսերվատորիան ավարտեցի ու սկսեցի նկարել։ Մի քանի գրաֆիկական գործեր, կոլաժներ ունեի։ Անգամ չեմ հիշում, թե ինչպես հանդգնեցի ցուցահանդես անել։ Ինձ համար էլ մարտահրավեր էր, ես իմ դեմ դուրս եկա։ Ստեղծեցի մի իրավիճակ ու ստիպված սկսեցի նկարել, որ ցուցահանդեսին ներկայացնելու բան լինի, որովհետեւ ընդամենը 6-7 գործ ունեի։ Ու էդպես շարունակվեց։
Խմբակային եւ անհատական աշխատանքի մասին
Իմ ներսում միաժամանակ շատ մարդիկ են ապրում, երեքը՝ հաստատ, եւ ես չգիտեմ, թե հաջորդ օրը ով կզարթնի կամ օրվա ընթացքում քանի Անի կգա։ Ուրախ եմ ապրում, զբաղված եմ իմ ներսի մարդկանցով։
Լուսանկարը` Մեդիամաքս
Ե՛ւ երաժշտությունը, ե՛ւ նկարչությունն այնքան հարմոնիկ, հավասար են իմ մեջ, որեւէ ձեւով չեմ կարող առանձնացնել մեկը։ Երաժշտությունն ինձ համար գույն ունի, մարդիկ էլ ինձ համար գույն ունեն, մարդկանց հարաբերությունները, տեսակը, ձայնի ինտոնացիան, իմ տրամադրությունն էլ ինձ համար գույնի ունի, եւ ես գիտեմ՝ որ գույնից վախենալ, եթե այն կա իմ մեջ։ Այսօր նկարչության միջոցով մինչեւ վերջ կարողանում եմ արտահայտել ամեն զգացմունք։
Լուսանկարը` Մեդիամաքս
Երգչախմբում մենակ չեմ, չեմ կարող ասել՝ հիմա ես այս էմոցիան ունեմ։ Սա կոլեկտիվ գույների համադրություն է։ Դու փոխանցում ես այն գույնը, որը տվել է կոմպոզիտորը, այն գույնը, որի զգացողությունն ունի դիրիժորը։ Նկարչության մեջ գուցե ավելի անհատական եմ, ավելի ազատ եմ արտահայտում զգացմունքներս, բայց, միեւնույն է, ես այս երկուսը չեմ զատի, որովհետեւ նույնչափ հաճույք ստանում եմ երգչախմբում։ Դրանք տարբեր հաճույքներ են, բայց նույն կշիռն ունեն։
Ուշադրություն սիրող երաժիշտն ու մենակության ձգտող նկարիչը
Ես խենթանում եմ բեմի համար, շատ եմ սիրում բեմը։ Անգամ փոքր կատարմամբ բեմ բարձրանալով՝ երջանկանում եմ։ Ես թե՛ հանդիսատես եւ ուշադրություն եմ սիրում, թե՛ շատ միայնակ մարդ եմ ինձ համարում։ Նկարելիս ես շատ մենակ եմ, եւ այս առումով կա հակադրություն։
Լուսանկարը` Մեդիամաքս
Երբ սարսափելի վատ եմ զգում, նկարելը փրկում է։ Երբ լավ եմ լինում, էլի փրկում է։ Թյուր կարծիք է, որ մուսայի համար վատ էմոցիաներ են պետք։ Երբ նայում եմ տարիներ առաջ արված գործերս, հիշում եմ՝ ինչ զգացմունքներ եմ ունեցել այդ պահին, այնքան թարմ են մնում այդ էմոցիաները։
Լուսանկարը` Մեդիամաքս
Ամեն դեպքում, ես միշտ ուզել եմ ստեղծագործել, բայց չեմ հասկացել՝ որտեղ, ինչպես։ Հիմա էնքան ուրախ եմ, որ գտել եմ մի պուճուր աշխարհ, որտեղ ինձ ճիշտ եմ զգում։
Մետաղական թափոններից՝ արվեստի գործ
Սիրում եմ առավոտները, երբ բոլորը քնած են, կարողանում եմ ինքս ինձ հետ լինել։ Օրը 3 ժամ երգչախմբի հետ եմ անցկացնում, մնացած ժամանակ կարող եմ էգոիստաբար զբաղվել նկարչությամբ։
Նյութերը, որոնք օգտագործում եմ կոլաժների համար (բանալիներ, լամպեր, մետաղական թափոններ, պտուտակներ), ինձ տալիս են հավելյալ ազատություն։ Դու միայն յուղաներկի գույները չունես, այլ նաեւ ռելիեֆներ, եռաչափ էֆեկտ։
Լուսանկարը` Մեդիամաքս
Կոլաժների համար նյութեր ընկերներս, ծանոթներս են տալիս։ Սիրով ընդունում եմ։ Ֆիզիկապես էլ ուժեղ եմ ու ծանր գործիքներով աշխատելն ինձ համար խնդիր չէ։ Ես բամբակների մեջ պահած երեխա չեմ եղել, միշտ սիրել եմ օգնել հայրիկիս։ Հիմա էլ երազում եմ ունենալ արհեստանոց՝ իր բոլոր գործիքներով։
Լուսանկարը` Մեդիամաքս
Շարունակվող որոնումների մասին
Ես հավատում եմ, որ այն, ինչ անում եմ, շնորհ է, եւ երախտապարտ եմ դրա համար, հակառակ դեպքում կխելագարվեի։ Սարսափելի էմոցիոնալ մարդ եմ, եւ արվեստով զբաղվելն ինձ մի քիչ փրկում է։
Բայց, միեւնույն է, կանգ չեմ առնում ու փնտրում եմ։ Հիմա ինձ ուրիշ բաներ են հետաքրքրում, որոնք նորից կապված են արվեստի հետ, գուցե դրանցով էլ զբաղվեմ։ Այսօրվա Անին է էսպիսին, կարող է՝ 5 տարի հետո ասի՝ ուզում եմ ուրիշ բան անել։ Էնքան լավ է, որ շարունակում ես փնտրել, քրքրել ներսիդ մարդուն։
Լուսինե Ղարիբյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: