Մարդիկ, որ ճանաչում են ձեր հոգին եւ մարմինը - Mediamax.am

exclusive
5033 դիտում

Մարդիկ, որ ճանաչում են ձեր հոգին եւ մարմինը


Լուսանկարը` Մեդիամաքս

Գայանե Մելքոնյանը
Գայանե Մելքոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիամ Սարիբեկյանը
Մարիամ Սարիբեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարինե Մանուկյանը
Նարինե Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սաթենիկ Իգիթյանը
Սաթենիկ Իգիթյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սիրանուշ Կարապետյանը
Սիրանուշ Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Տատիկս պատմում է, որ իր երիտասարդության տարիներին լավ հագուստ ունենալու հիմնականում երկու տարբերակ կար` բերել զգեստները Մոսկվայի «չեկի խանութից», կամ էլ պատվիրել դերձակի մոտ: Տատիկիս դերձակը ֆրանսուհի Մարիցան էր, ում կարած նորաձեւ զգեստներից մի քանիսը մինչեւ այսօր էլ պահպանվել են:

Չնայած  վերջին տարիներին տասնյակ բրենդային խանութներ են բացվել մեր քաղաքում, իսկ արտասահմանից հագուստ բերելը կամ պատվիրելն այլեւս խնդիր չէ, մարդիկ, միեւնույն է, շարունակում են անհատական դերձակ ունենալու ավանդույթը:

«Մարդապատում» նախագծի շրջանակում հանդիպեցինք մեր քաղաքում ապրող դերձակների հետ, ովքեր պատմեցին իրենց մասնագիտական գաղտնիքների մասին:

Գայանե Մելքոնյան

Գայանե Մելքոնյանը Գայանե Մելքոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Դեռ վաղ տարիքից ոճային առումով շատ եմ սիրել տարբերվել: Քանի որ այն ժամանակ խանութները, նորաձեւության սրահներն այնքան էլ շատ չէին ու ընտրության մեծ հնարավորություն չկար, պատահում էր, որ բակում մի քանի հոգով նույն զգեստը կրեինք: Երեւի, հենց դա էլ պատճառ դարձավ, որ սկսեմ կարել այնպիսի հագուստներ, որոնք կլինեն բացառիկ, նորաոճ ու միայն իմը: Այդպես էլ եղավ՝ մոտ 40 տարի է, ինչ կարում եմ:

Շատ լավ հիշում եմ, որ առաջին զգեստը կարել եմ բարեկամուհուս համար: Սակայն ամենաանմոռանալին՝ իմ հարսանեկան զգեստն էր, որ ինքս էի կարել:

Կարելն ինձ համար հաճույք է: Երջանիկ եմ, երբ վերջնական արդյունքն ինձ համար լիարժեք է ստացվում:

Դերձակը պետք է լավ տիրապետի իր աշխատանքին, կատարի այն սիրով, լինի համբերատար եւ ունենա երեւակայություն:

Ես եւ դուստրերս հաճախ ենք օգտվում մեր քաղաքում գործող խանութներից, սակայն այդ նույն «բրենդային» հագուստները գնելուց անմիջապես հետո պարտադիր անցնում եմ թերությունների շտկման, շատ հաճախ` նույնիսկ ձեւափոխության: Միանգամից նկատում եմ յուրաքանչյուր թեք ու անփույթ կար կամ` սխալ ձեւվածք:

Վստահ կարող եմ ասել, որ մեր օրերում նախապատվությունը տրվում է կարելուն: Գուցե խանութից պատրաստի հագուստ գնելն ավելի արագ է, սակայն կարելու դեպքում կարող ես քո ցանկությամբ ընտրել կտորը, գույնը եւ ամենակարեւորը` մարմնի թերությունները ծածկել, իսկ առավելությունները՝ ընդգծել:

Նախկինում ոգեշնչվում էի իմ դուստրերով, իմ հաճախորդներով, ովքեր միշտ գոհ էին մնում ու գնահատում կատարածս աշխատանքը: Նույնիսկ մի քանի տարի անց տեսնում եմ՝ շարունակում են սիրով կրել կարածս զգեստները: Բայց հիմա ինձ միակ ոգեշնչողն իմ թոռնուհին է: Վերջին երկու տարվա ընթացքում օգնում եմ դստերս նրան խնամելու հարցում ու չնայած զբաղվածությանը, հասցնում եմ կարել, բայց բացառապես թոռնուհուս համար:

Սիրանուշ Կարապետյան
Faina նորաձեւության ատելյե
Սիրանուշ Կարապետյանը Սիրանուշ Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մանկուց սիրել եմ նորաձեւության աշխարհն ու բազմաթիվ խմբակներ եմ հաճախել: Արդյունքում հասկացա՝ կարի աշխարհն իմն է, հենց դրանով եմ ուզում զբաղվել: Մասնագիտությամբ կոնստրուկտոր-մոդելավորող եմ:

Դեռ փոքր տարիքից ձեռքի աշխատանքի հետ կապված ցանկացած բան կարողանում էի անել ու բավականին լավ էր ստացվում:

Ամեն ինչ սկսվեց տան անդամներից, նրանց վրա էի «փորձարկումներ անում»: Հետո սկսեցի հաճախորդների հետ աշխատել: Իհարկե, մեծ պատասխանատվություն էի զգում, բայց ինձ հավաքեցի ու մտածեցի, որ եթե տան անդամների համար ստացվում է կարել, ապա ինչու՞ ոչ:

Դերձակը մոդելավորող չի կարող դառնալ, որովհետեւ մեկը մյուսին հակասում է: Դերձակն իր բնույթով ավելի սթափ է, նա ունի կոնկրետ նպատակ, իսկ դիզայների երեւակայությունը սահմաններ չի ճանաչում:

Հետեւում եմ տարբեր դիզայներների աշխատանքներին, բայց ամենից շատ ինձ ոգեշնչում է Էլի Սաաբը:

Մարդը կարող է կարելու հանդեպ մեծ սեր ունենալ, բայց իսկական դերձակ լինելը՝ բնատուր տաղանդ է:

Կարծում եմ, մարդիկ միշտ էլ կդիմեն դերձակներին, որովհետեւ մարդը միշտ էլ ուզում է առանձնանալ ամբոխից՝ ստեղծելով սեփական կերպարը:

Ւնքս ինձ համար հասցնում եմ կարել: Դա շատ կարեւոր է` հաճախորդը նայում է քեզ ու հետեւություններ անում: Եթե դերձակը արտաքինից խնամված է, ոճային է, նրա հետ աշխատելը շատ ավելի հաճելի է:

Շատ հետաքրքիր ու հաճելի է աշխատել հաճախորդների հետ, բայց միեւնույն ժամանակ՝ բարդ: Պետք է կարողանալ յուրաքանչյուրի հետ խոսել իր լեզվով, ամեն մեկն իր բնավորությունն ունի: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ հիմնականում հաճախորդները ուզում են հավատալ, որ իրենք ավելի շատ բան գիտեն ու ավելի լավ են հասկանում կարից, քան մասնագետը: Մենք էլ, երբեմն, թույլ ենք տալիս նրանց զգալ ամենագետ, իսկ մենք մեր գործն ենք անում:

Երազանքներս նպատակների եմ վերածում ու կամաց-կամաց իրականացնում եմ դրանք: Մանկուց երազել եմ լավ դերձակ դառնալ, կարող եմ ասել, որ շատ եմ մասնագիտացել այս ոլորտում, երազել եմ դիզայների հետ աշխատել ու այսօր աշխատում եմ իմ սիրելի Ֆաինայի Հարությունյանի հետ: Այսօր արդեն դասավանդում եմ, աշխատում եմ երեխաների հետ: Ամեն ինչ դեռ առջեւում է:

Սաթենիկ Իգիթյան
Harmony Fashion
Սաթենիկ Իգիթյանը Սաթենիկ Իգիթյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Վեցերորդ դասարանում էի, երբ ձեռքի աշխատանքի հանդեպ մեծ սեր ծնվեց: Մայրս ու հորաքույրս սիրողական մակարդակով կարում էին: Ես էլ սկսեցի կարել, առաջին անգամ 50 չափսի հագուստը փոքրացրեցի իմ չափով: Նույնիսկ դպրոցական համազգեստս էի ինքնուրույն կարել: Դասղեկն էլ ծնողական ժողովին ասաց՝ «Բոլորը Իգիթյանի նման հագնվեն»: Ավարտական երեկոյի զգեստն էլ ինքս կարեցի:

Կարն ինձ համար հոբի չէր, այլ երազանքի մասնագիտություն: Բայց երբեւէ չեմ մտածել, որ հենց կարը կդառնա եկամուտիս հիմնական աղբյուրը`չէի պատկերացնում, որ դերձակը կարող է վաճառել իր «ստեղծագործությունը»:

Երբ սիրում ես աշխատանքդ, որքան էլ այն դժվար լինի, միեւնույն է՝ չես ձանձրանա: Հաճույք եմ ստանում ընթացքից, որովհետեւ ստեղծագործում եմ:

Մարդիկ տոմսեր են գնում ու համերգի գնում, բայց երգիչը տոմսի վաճառքից չի բավարարվում, այլ հանդիսատեսի ծափերից: Նույնն էլ իմ դեպքում է` երբ տեսնում եմ հաճախորդին իմ պատրաստած հագուստով, գոհ ու շնորհակալ, երջանիկ եմ զգում ինձ:

Չեմ ընդունում «կոշկակարն առանց կոշիկի» արտահայտությունը: Դերձակը՝ քայլող գովազդ է, ճաշակ թելադրող է ու պետք է միշտ խնամված լինի: Անկախ մասնագիտությունից, կինը պետք է միշտ լավ տեսք ունենա: Ինքս բազմաթիվ դժվարություններ ու հոգս եմ ունեցել, երեխաներ ունեմ, բայց կարեւորում եմ արտաքինս: Կինը պետք է հայելու մեջ նայի ու ինքն իրենից հաճույք ստանա:

Դերձակի աշխատանքը զինվորականի նման է՝ կապ չունի, ուրախ ես, թե տխուր, հիվանդ ես, թե առողջ: Հարսի զգեստ պիտի կարես` կապ չունի, թե ինչ տրամադրություն ունես, քո խնդիրները որեւէ մեկին հետաքրքիր չեն: 

Ցանկացած արհեստ կարելի է արվեստի վերածել: Եթե աշխատանքիդ մեջ հոգի ես դնում՝ ամեն ինչի էլ կհասնես:

Մարիամ Սարիբեկյան
Kivera Naynomis
Մարիամ Սարիբեկյանը Մարիամ Սարիբեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ավարտել եմ Երեւանի թեթեւ արդյունաբերության տեխնիկումը՝ ստանալով կոշիկի մոդելավորողի մասնագիտություն, իսկ հագուստի կար որեւէ տեղ չեմ սովորել: Մանկուց սիրել եմ կարել: Ծնողներս հաճախ բարկանում էին, որովհետեւ առանց հարցնելու վերցնում էի տարբեր հագուստներ էր ու ձեւափոխում էի դրանք: Պատահում էր, որ պատրաստի հագուստը քանդում էի, որ հասկանամ՝ ի՞նչպես է կարված:

Ժամանակին աշխատել եմ կոոպերատիվում, տղամարդկանց հագուստ էինք կարում: Արեւիկ Սիմոնյանի հետ աշխատելն, իհարկե, ավելի հետաքրքիր է, բայց եւ ավելի բարդ է: Անհատական մոտեցում ենք ցուցաբերում, սկզբից մինչեւ վերջ մասնակցում ենք զգեստի «ծննդին»:

Դերձակությունը գեղանկարչության հետ եմ համեմատում: Առաջանում է միտքն ու վերջում տեսնում ես պատրաստի նկարը: Նույնն այս ոլորտում է՝ երկար աշխատանքից հետո ստանում ես յուրահատուկ զգեստը:

Երբ հաճախորդը հագնում է պատրաստի զգեստն ու դու նրա աչքերում տեսնում ես երջանկություն, բավարարվածություն, ինքդ քեզ էլ երջանիկ ես զգում: Հավատացեք՝ դա ամենամեծ շնորհակալությունն է:

Ինքս ինձ համար կարել չեմ հասցնում, ժամանակ չունեմ:

Դերձակը պիտի համբերատար լինի եւ կարողանա ցանկացած բարդ իրավիճակից ճիշտ դուրս գալ: Չկա «չեմ կարող», «չի ստացվում», կա «չեմ ուզում»: Եթե ուզենաս՝ ամեն բան հնարավոր է իրականացնել:

Շատ մեծ սիրով եմ աշխատում: Շատ կուզենայի, որ անկախ ոլորտից, բոլորը մեծ սիրով աշխատեին: Կարծում եմ՝ սերը ամենակարեւոր նախապայմանն է:

Նարինե Մանուկյան
Նարինե Մանուկյանը Նարինե Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մոտ 20 տարի է, ինչ աշխատում եմ որպես նկարիչ-մոդելավորող ու դերձակ: Մասնագիտությանս ընտրությունը պատահական չի եղել՝ որքան ինձ հիշում եմ, տիկնիկներիս համար զգեստներ էի կարում:

Չէի կարողանում հանգիստ ապրել, գիտեի՝ սա իմ աշխարհն է ու պիտի հենց այս ուղին շարունակեմ: 1990-ականներին, չնայած դժվար տարիներ էին, ստիպեցի ծնողներիս, որ ինձ համար կարի դասատու գտնեն: Բուլղարահայ մի կին էր, որը ինձ սկսեց սովորեցնել կարել:

Ավարտել եմ Երեւանի թեթեւ արդյունաբերության տեխնիկումը, հետո էլ՝ Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիան: Ուսանողական տարիներին շատ ակտիվ եմ եղել, բազմաթիվ մրցույթների դափնեկիր եմ: Բայց ամենամեծ նվաճումս 2003 թվականին էր, երբ հնարավորություն ստացա մեկ տարի վերապատրաստվել Վյաչեսլավ Զայցեւի մոտ:

Իհարկե, հագուստի խանութների եւ ընդհանրապես ընտրության պակաս այսօր չունենք, բայց միեւնույն է, այն մարդիկ, որոնք ուզում են ոճային առումով առանձնանալ, դիմում են դերձակներին:

Այսքան տարի աշխատելով, հասկացել եմ՝ իմ մեջ զարգացել է մարդկանց լսելու ունակությունը: Մարդիկ շատ տարբեր են՝ մոդելավորողը, կամ դերձակը պիտի նաեւ հոգեբանի ունակություններ ունենա, որ կարողանա հասկանալ պատվիրատուի պահանջներն ու բավարարել դրանք: Մասնագիտությանս շնորհիվ շատ կարճ ժամանակահատվածում կարողանում եմ ճանաչել մարդկանց: Հագուստով շատ բան կարող եմ հասկանալ մարդու մասին:

Բացի վերջնական արդյունքից, մեծ հաճույք եմ ստանում զգեստի ստեղծման ողջ ընթացքից՝ էսքիզից մինչեւ իրականացում:

Յուրաքանչյուր դերձակ յուրովի է մոտենում իր աշխատանքին: Վստահ եղեք, եթե մի քանի դերձակ փորձեն իրականացնել միեւնույն էսքիզը՝ արդյունքում տարբեր զգեստեր կունենանք: Դա ձեռագիրն է, որ ընդգծում է դերձակի անհատականությունը:

Տեքստը` Լենա Գեւորգյան
Լուսանկարները` Մարիամ Լորեցյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին