Մեծ ժամացույցների «պահապան-հրեշտակները» - Mediamax.am

exclusive
6362 դիտում

Մեծ ժամացույցների «պահապան-հրեշտակները»


Լյովա Ալեքսանյանը
Լյովա Ալեքսանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գեղամ Մկրտչյանը
Գեղամ Մկրտչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գեղամ Մկրտչյանը
Գեղամ Մկրտչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեն Նազինյանը
Կարեն Նազինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեն Նազինյանը
Կարեն Նազինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լյովա Ալեքսանյանը
Լյովա Ալեքսանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ով գոնե մեկ անգամ տեսել է Հանրապետության հրապարակի ժամացույցը, կհասկանա մեր զարմանքը, երբ տեսանք, որ դրսից հսկայական թվացող ժամատախտակը ներսի կողմից ղեկավարվում է շատ փոքր մեխանիզմի միջոցով: Երբ կանգնած ես մեխանիզմի առջեւ, յուրաքանչյուր մեկ րոպեն  ազդարարվում է ականջները համարյա թե խլացնող ձայնով: Ու միայն այդ պահին ես ընկալում, որ չնչին թվացող մեկ րոպեն, իրականում, բավականին երկար ընթացք է ու որ հենց այդ «մանրուքներից» է բաղկացած մեր կյանքը:

«Մարդապատում» հատուկ նախագծի հեղինակներ Մարիամ Լորեցյանն ու Լենա Գեւորգյանն այս անգամ հանդիպել են Երեւանի խորհրդանիշ դարձած կառույցների աշտարակներին գտնվող ժամացույցների աշխատանքին հետեւող մասնագետներին:

Առաջին հերթին այցելեցինք Հրապարակի ժամացույցի աշխատանքին հետեւող Գեղամ Մկրտչյանին ու Լյովա Ալեքսանյանին, հետո գնացինք Երեւանի քաղաքապետարան, որտեղ զրուցեցինք շենքի էլեկտրաինժեներ Կարեն Նազինյանի հետ, այնուհետեւ՝ Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ, որտեղ կրկին հանդիպեցինք մեզ արդեն ծանոթ Գեղամ Մկրտչյանին: Պարզվեց, որ 40 տարուց ավելի աշխատանքային փորձ ունեցող մասնագետն արդեն երեք տարի հետեւում է նաեւ կոմբինատի ժամացույցի աշխատանքին:

Հայաստանի Հանրապետության հրապարակի ժամացույց

Գեղամ Մկրտչյան
Գլխավոր էներգետիկ

1983 թվականից աշխատում եմ կառավարության շենքում՝ հետեւում եմ քաղաքի գլխավոր ժամացույցի աշխատանքին: Մասնագիտությամբ ինժեներ-էլեկտրամեխանիկ եմ: Նաեւ կառավարության շենքի գլխավոր էներգետիկն եմ:

Ինձանից առաջ այստեղ աշխատում էր Արծրուն Յավրոյանը՝ հենց նա է տեղադրել ժամացույցի մեխանիզմն ու հետեւել նրա աշխատանքին:

Գեղամ Մկրտչյանը Գեղամ Մկրտչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ժամացույցի մեխանիզմը բերվել է Մոսկվայից՝ 1941 թվականին, կարծում եմ, պատերազմի սկսելուց մի քիչ ավելի ուշ: Կոնկրետ տեղեկություններ չկան, բայց ենթադրվում է, որ 1941թ. սեպտեմբերին այն արդեն տեղադրված է եղել: Ժամացույցը պատրաստվել է Հայաստանի կառավարության պատվերով: Ժամացույցի անձնագրում գրված է հեղինակի ազգանունը՝ Մագնուշեւսկի:

Երբ ժամացույցի մեխանիզմը պիտի տեղափոխվեր Երեւան, Հայաստանում նամակ ստացան այն մասին, որ երկաթգծի ծանրաբեռնվածության պատճառով առաքումը հետաձգվում է: Այդ նամակը պահվում է մեր արխիվում:

Հավանական է, որ ժամացույցի զանգերը ռուսական եկեղեցիներից մեկի քանդված զանգերն են, որոնց վրա, ի դեպ, կան հեղինակների դաջվածքները:
Ժամացույցն ունի էլեկտրոնային հանգույց, որը իրականացնում է բոլոր հրամաններն ու աշխատացնում է այն: Ի դեպ, այն արտադրվել է Հայաստանում:

Այս ժամացույցը դարձել է իմ գործընկերուհին: Առավոտյան, երբ ներս ենք մտնում՝ իրեն առանձին բարի լույս ենք ասում: Նրա հետ կապվածություն ունենք, միշտ իր մասին ենք խոսում:

Լյովա Ալեքսանյան
Ժամագործ

Արդեն 12 տարի է, ինչ աշխատում եմ այստեղ: Ի դեպ, այստեղ եմ հայտնվել Գեղամ Սուրենիչի թեթեւ ձեռքով: Գիտեք, մարդ կարող է ուսուցիչ, բժիշկ, երաժիշտ ծնվել, բայց բնածին ժամագործ չի լինում՝ լավ ժամագործ պիտի դառնաս:

Թամանյանի գծագրերի համաձայն այստեղ ի սկզբանե պետք է ժամացույց տեղադրվեր: Մինչ ժամացույցի տեղադրումը այս հատվածում մեծ կլոր անցք է եղել, որի միջոցով շինարարության ժամանակ տեղափոխում էին շինանյութերը:

Երբ հնչում են զանգերը, եթե ուշադիր լինեք, ապա կլսեք մեր օրհներգի առաջին մասը՝ «Մե՜ր հայ-րե-նիք»: Ժամացույցի տրամագիծը կազմում է 3 մետր 60 սանտիմետր, մեծ սլաքը՝ 1 մետր, 70 սանտիմետր, փոքր սլաքը՝ 1 մետր 10 սանտիմետր:

Մոռացել եմ քաղաքից բացակայելը կամ արձակուրդ գնալն ինչ է: Մենք ուժեղ կապվածություն ենք զգում այս ժամացույցի հետ: Առաջին հայացքից, գուցե, շատերն ասեն՝ դե ժամացույց է էլի, թող աշխատի իր համար, բայց դրա հանդեպ մեր պատասխանատվությունն անչափ մեծ է:
Լյովա Ալեքսանյանը Լյովա Ալեքսանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մենք ապրում ենք ժամացույցի «ցավերով», «հետաքրքրություններով»: Այնքան աչք է օրական սեւեռված նրա վրա, նա մշտապես ուշադրության կենտրոնում է, բնական է, որ պահանջկոտ է դարձել: Հրապարակի ժամացույցը, կարծես, քմահաճ կին լինի: Ի դեպ, վերջերս, երբ շենքում վերանորոգում էին իրականացվում, մի կին աշխատակից էր ժամանակավորապես տեղափոխվել մեր աշխատասենյակ: Ու ի՞նչ եք կարծում՝ ժամացույցը մեզանից նեղացավ:

Ի դեպ, խանդոտ, նեղացկոտ ու քմահաճ լինելով ՝ ժամացույցը շատ հավատարիմ է, շատ ձեռքեր չի սիրում: Այս ժամացույցը իմ ընկերն է դարձել, սա ինձ համար աշխատանք չէ՝ ես ամեն օր հոգ եմ տանում հարազատ մարդու, ընկերոջս մասին:  Դրա համար աշխատանքից հետո էլ մտածում եմ՝ հիմա ո՞նց է, ի՞նչ է անում:

Երեւանի քաղաքապետարանի աշտարակի ժամացույցը

Կարեն Նազինյան
Քաղաքապետարանի էլեկտրաինժեներ

Քաղաքապետարանի աշտարակի ֆասադային մասում տեղադրված ժամացույցը, չնայած դրսի մեծ չափերին, ներսում շատ փոքր, բայց հզոր մեխանիզմ ունի: Ժամացույցի հեղինակն է Ջիմ Թորոսյանը: Այն տեղադրվել է 2004 թվականին:  Քաղաքապետարանի աշտարակի ընդհանուր բարձրությունը կազմում է 50 մետր, իսկ ժամացույցը գտնվում է 45 մետր բարձրության վրա:
Կարեն Նազինյանը Կարեն Նազինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ժամացույցը կառավարվում է պրոցեսորի կողմից, իսկ մեխանիզմը հայկական արտադրության է: Յուրաքանչյուր ժամը մեկ ժամացույցը, ղողանջների միջոցով, հնչեցնում է Երեւանի հիմնը: Էրեբունի-Երեւան տոնակատարության շքերթի սկիզբն ազդարարվում է ժամացույցի ղողանջի ներքո:

Ժամացույցը քաղաքի համար խորհրդանիշ է դարձել: Մեզ էլ հնարավորություն է ընձեռվել ամեն օր անմիջականորեն շփվել նրա հետ: Այն մեր ընկերն է, մեծ սիրով ենք սպասարկում նրան: Ի դեպ, նկատել եմ, որ սիրահար զույգերն այսօր ավելի հաճախ հենց քաղաքապետարանի ժամացույցի մոտ են հանդիպում:

Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի ժամացույց

Գեղամ Մկրտչյան
Գլխավոր էներգետիկ

Արդեն երեք տարի է, որ հետեւում եմ նաեւ այս ժամացույցի աշխատանքին: Կոմբինատի աշտարակին, մոտ 25 մետր բարձրության վրա, տեղադրված են երկու ժամացույցներ, որոնք աշխատում են երկու տարբեր մեխանիզմներով: Ի դեպ, դրանք հայկական արտադրության են՝ պատրաստվել են Նոր Հաճնի գործարաններից մեկում:

Ի սկզբանե այս ժամացույցներն աշխատել ու ղեկավարվել են հասարակ, դասական ճոճանակային ժամացույցի օգնությամբ: Էլեկտրոնային մեխանիզմին անցնելուց հետո, միեւնույն է, պահպանեցի այս ժամացույցը, որպես պատմական նմուշ: Ժամացույցներից մեկը «նայում է» Սուրբ Սարգիս եկեղեցու տարածք,  մյուսը՝ դեպի Երեւանի քաղաքապետարան:
Գեղամ Մկրտչյանը Գեղամ Մկրտչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ներսի կողմից ժամացույցի շրջանակով փոքրիկ բացվածքներ կան, որոնց միջով երեւում է սլաքը` «անց  15» դիրքում: Հենց այդ անցքերով հետեւում ու համեմատում եմ, որ ժամացույցը ետ կամ առաջ չընկնի: Ի դեպ, ավելի վաղ անցքերն ավելի շատ էին եւ հնարավոր էր սլաքները տեսնել բոլոր ժամերին ու կառավարել ժամացույցը:

Իհարկե, այս ժամացույցի հետ էլ շատ կապված եմ: Աշխատանքային ժամը կապ չունի: Աշխատանքից հետո էլ մտածում եմ ժամացույցների մասին, եթե դրսում եմ լինում, անպայման փորձում եմ անցնել դրանց կողքով, հետեւել, ցույց տալ, որ իրենց կողքին եմ:

Եթե Հանրապետության հրապարակի ժամացույցը իմ գործընկերուհին է, ապա այս մեկը՝ գործընկերս է:

Լենա Գեւորգյան (տեքստ)
Մարիամ Լորեցյան (լուսանկարներ)




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին