Պատմության փրկիչները - Mediamax.am

exclusive
5139 դիտում

Պատմության փրկիչները


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արթուր Պետրոսյան
Արթուր Պետրոսյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Արթուր Պետրոսյան
Արթուր Պետրոսյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Արթուր Պետրոսյան
Արթուր Պետրոսյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտավազդ Այվազյան
Արտավազդ Այվազյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտավազդ Այվազյան
Արտավազդ Այվազյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտավազդ Այվազյան
Արտավազդ Այվազյան
Գայանե Գրիգորյան
Գայանե Գրիգորյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Գայանե Գրիգորյան
Գայանե Գրիգորյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիլիթ Բաչաչյան
Լիլիթ Բաչաչյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Սուսաննա Կիրակոսյան
Սուսաննա Կիրակոսյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Սուսաննա Կիրակոսյան
Սուսաննա Կիրակոսյան

Լուսանկարը` Մեդիամաքս


1959 թվականին Մատենադարանում բացված հնատիպ ձեռագրերի ու գրքերի ռեստավրացիոն բաժինը, որը վերջին տարիներին մեծ առաջընթաց ունեցավ, հատկապես Ճապոնիայից նորագույն սարքավորումներ ստանալուց հետո:

Այս բաժնում բոլորը նախ՝ ընկերներ են, ամեն մեկը սիրում է իր աշխատանքն ու պատրաստ է աշխատել մինչեւ ուշ գիշեր: Այստեղ բոլորը հավատում ու տեսնում են ձեռագրերի հրաշագործությունները: Արդեն 20 տարի է, ինչ վերականգնողական բաժնի վարիչը Գայանե Էլիազյանն է: «Մեր աշխատանքը երեւացող չէ՝ վերականգնում ես հնատիպ ձեռագիրն ու հանձնում այն: Մարդիկ չեն տեսնում, թե որքան շատ գործ ենք  անում: Այսուհետ կամփոփենք տարին ու կներկայացնենք մեր արված աշխատանքը», - պատմում է տիկին Գայանեն:

«Մարդապատում» հատուկ նախագծի հեղինակներ Մարիամ Լորեցյանն ու Լենա Գեւորգյանը հանդիպել են արդեն Մատենադարանում աշխատող հնատիպ ձեռագրերի, գրքերի վերականգնողների հետ ու զրուցել նրանց աշխատանքի յուրահատկությունների մասին:


Արթուր Պետրոսյան
Նկարիչ, ավագ վերականգնող



Մատենադարանում աշխատելը երազանքի պես մի բան էր ինձ համար: Բառերով չեմ կարող նկարագրել այդ ուրախությունը, հուզմունքը, որ զգացի, երբ երազանքիս հասա  ու սկսեցի աշխատել որպես վերականգնող: Բայց ամենից հետաքրքիրն այն է, որ սկսում ես աշխատել ու նորանոր երազանքներ են ծնվում, իսկ աշխատանքդ հնարավորություն է ընձեռնում իրականացնել դրանք:

Սա շատ պատասխանատու աշխատանք է, որը շատ էներգիա է խլում: Թվում է թե` ի՞նչ ենք անում, ամբողջ օրը նստած աշխատում ենք: Բայց լիովին տրվում ենք մեր աշխատանքին ու հոգնում թե հոգեպես, թե ֆիզիկապես: Բայց մենք ետ ենք ստանում այն, ինչ տալիս ենք: Փրկում ենք պատմությունն ու այն շարունակական ենք դարձնում հետագա սերունդների համար: Ձեռագիրն ի պատասխան շնորհակալություն է հայտնում ու օգնում է, որ հասնենք մեր բոլոր նպատակներին:

Մեր աշխատանքը  մշտական զգոնություն է պահանջում: Վերականգնման ոչ մի աշխատանք նման չէ մյուսին: Երբեք չես կարող ասել` այսպիսի աշխատանք արդեն արել եմ:

Սիրում եմ աշխատել ձեռագրերի հետ, որովհետեւ նրանք, ի տարբերություն տպագիր գրքերի, իսկապես հզոր էներգիա ունեն:

Ձեռագիրը շնչավոր էակ է դառնում մեզ համար, նրանց վերաբերվում ենք երեխաների նման, վախենում ենք` հանկարծ չվնասենք: Բացի այդ, ամիսներ շարունակ օրվա մեծ մասը անց ենք կացնում ձեռագրի հետ ու այն շատ հարազատ է դառնում:

Երբ  սկսում եմ աշխատել ձեռագրի վրա, ծարավի նման հագենում եմ իրենից: Սկսում ես ուսումնասիրել ձեռագիրը, այն հարազատ է դառնում ու այդ պահին վստահում է քեզ, բացվում է քո առջեւ ու հնարավորություն է ընձեռնում տեսնել այն, ինչ անհասանելի է շատերի համար:

Սուսաննա Կիրակոսյան
Ավագ վերականգնող, մանրանկարչուհի



Ես մանրանկարչուհի եմ: Մատենադարանում ինձ առաջարկեցին աշխատել որպես նկարչուհի, կամ` վերականգնող: Մտածեցի` տանը միեւնույն է նկարելու եմ ու որոշեցի սկսել աշխատել որպես վերականգնող: 1989 թվականն էր` արդեն մոտ 20 տարի է այստեղ եմ աշխատում:

Երբ սկսեցի աշխատել, այնպիսի տպավորություն էր, որ գտել եմ ինքս ինձ ու հենց իմ տեղում եմ հայտնվել: Մինչ այդ, նկարելիս, օգտվում էի տարբեր ալբոմներից: Չեք պատկերացնի, թե ինչ զգացողություն է, երբ տեսնում ես մանրանկարների բնօրինակներն ու սովորում դրանցից:

Երբեմն կես կատակ, կես լուրջ ասում եմ, որ սա վերակենդանացման բաժին է, մենք էլ բժիշկներ: Եթե տեսնեք, թե ինչ վիճակում են այստեղ հայտնվում ձեռագրերն ու հետո ինչ վիճակով են դուրս գալիս բաժնից` դուք էլ կասեք, որ վերակենդանացած են: Վստահ եմ, այս ձեռագրերը մեզնից երկար կապրեն:

Մենք կարծես մայրեր լինենք, որոնք նոր կյանք են տալիս գրքերին, ձեռագրերին:

Շատերը կարծում են, թե հրաշքները անիրական, հեքիաթային ինչ-որ երեւույթներ են, բայց երբ տեսնում ես, թե ձեռագիրը ինչի վերածվեց, հասկանում ես` հրաշքներ լինում են: Պետք է պարզապես տեսնել դրանք:

Մոտ երկու տարի առաջ մահվան եզրին էի: Ինձ արգելում էին նկարել, ընդհանրապես աշխատել: Որոշեցի, որ բոլորին հակառակ պիտի աշխատեմ: Վստահ էի, որ աշխատանքս բուժելու է ինձ: Ու այդպես էլ եղավ՝ հենց դա էր հաղթանակը:

Լիլիթ Բաչաչյան
Կրտսեր վերականգնող



Երկու տարուց ավել Մատենադարանում եմ աշխատում: Մասնագիտությամբ նկարիչ-մանկավարժ եմ, բայց մի օր մտքումս լամպ վառվեց ու հասկացա, որ ուզում եմ վերականգնողական աշխատանքներով զբաղվել:

Այստեղ աշխատելն ինձ համար հրաշք էր: Առաջին օրվանից սիրահարվեցի այն ամենին, ինչ կատարվում է Մատենադարանի դռների ներսում, մեր բաժնում: Ամեն առավոտ ժպիտով եմ արթնանում, որովհետեւ գիտեմ` ձեռագրերը ինձ են սպասում:

Յուրաքանչյուր ձեռագիր իր բնավորության գիծն ունի. որոշ գրքերի, ձեռագրերի հետ շատ դժվար է աշխատել, մյուսների հետ՝ ավելի հեշտ: Ցանկացած ձեռագրի հանդեպ նվիրում ու կապվածություն է ստեղծվում: Երբ աշխատանքներն ավարտվում են ու ստիպված ես հանձնել ձեռագիրը, կարծես մի բան պոկես քեզնից, կարծես մտերիմ մարդուց բաժանվես:

Շատ էմոցիոնալ պահ է, երբ առաջին անգամ տեսնում ես այն ձեռագիրը, որը պիտի վերականգնես: Հասկանում ես, որ հենց դու ես այն եզակին, ում հնարավորություն է ընձեռվել դիպչել, օրինակ՝ 14-րդ դարի ձեռագրի: Ինձ համար այդ պահը ամեն ինչից վեր է:

Գուցե ներշնչանք է, չգիտեմ, բայց ձեռագրերի հետ աշխատելիս ինձ պաշտպանված եմ զգում, հոգեւոր հանգստություն ունեմ, ներսումս հանգստություն է: Հավատացեք, այն սերը, որ տալիս եմ ձեռագրերին, վերադառնում է ինձ, որովհետեւ մեր միջեւ եղած փոխադարձ կապը միանշանակ կա:

Գայանե Գրիգորյան
Ավագ վերականգնող



Սկզբում վերականգնողի աշխատանքն ինձ համար անհասկանալի մի բան էր: Իսկ հիմա կարող եմ վստահեցնել ձեզ՝ սա մի ուրույն աշխարհ է: Հին ձեռագրերի հետ աշխատելը կախվածության նման մի բան է՝ անդադար ուզում ես գալ, տեսնել, աշխատել, վերականգնել:

Ամեն առումով հետաքրքիր ու ստեղծագործ աշխատանք է: Ձեռագրի ու մասնագետի միջեւ եղած կապը միայն վերականգնողը կարող է հասկանալ ու զգալ: Երբ ավարտում ենք վերականգնման աշխատանքները, երկար ժամանակ չենք հանձնում այն, որովհետեւ բաժանումը շատ ծանր է:

1828 թվականի հնատիպ գրքի վրա էի աշխատում: Հատուկ սարքի օգնությամբ ոտքով լվացման աշխատանքներ էի իրականացնում: Մոտ մեկ ամիս կանգնած էի աշխատում ու անդադար փնթփնթում էի, թե ինչու ինձ հանձնարարեցին այս ծանր գործը: Ոտքերիս սկսեցին վերքեր լինել, նման բան ինձ մոտ երբեւէ չէր եղել ու բժիշկները չէին հասկանում ինչից է: Ավագ աշխատողներն ասացին, որ գիրքն է ինձ պատժում, պետք է դադարեմ բողոքել: Ներողություն խնդրեցի գրքից ու ամեն ինչ անցավ: 

Արտավազդ Այվազյան
Ավագ նկարիչ-վերականգնող



Դպրոցում շատ ակտիվ ու չարաճճի աշակերտ եմ եղել: Մի օր ինձ դպրոցից հեռացրեցին եւ դիմեցի մշակույթի պետական քոլեջ: Ընդունելությունը համարյա ավարտվել էր ու ես երկու ճանապարհ ունեի` էլեկտրատեխնիկայի պատրաստման կամ ռեստավրացիայի բաժին դիմել: Երեք տարի սովորեցի, հետո էլ, որպես վերականգնող, վերապատրաստվեցի Ազգային պատկերասրահում: Ամենաբարդը աշխատանք գտնելն էր: Մի քանի տարի շարունակ աշխատանք չգտնելուց հետո նոր մասնագիտություններ ձեռք բերեցի:

Մի օր հեռուստատեսությամբ տեսա Արթուր Մեսչյանի հարցազրույցը, Մատենադարանի նոր մասնաճյուղում վերականգնողական բաժնի բացվելու մասին էր խոսում:  Տվյալներս թողեցի Մատենադարանում, այն հույսով, որ կզանգահարեն: Եվ արդեն մոտ չորս տարի այստեղ եմ աշխատում:

Ձեռագրերի հետ շփվելը շատ բարդ է, որոշակի կանոններ կան, բայց յուրաքանչյուր գիրք իր նրբություններն ունի, պիտի զգաս ու մոտեցումներ գտնես: Մենք նրանց երկրորդ կյանք ենք տալիս:

Վերականգնողը պիտի խիղճ ունենա, երբեք ժամին չնայի: Եթե կարիք կա, մենք մինչեւ ուշ գիշեր շարունակում ենք աշխատել, մոռանում ենք, որ սոված ենք:

Մանկուց երազել եմ բժիշկ դառնալ: Այսօր շատերին ասում եմ, որ երազանքս իրականացել է, բժիշկ եմ դարձել, սակայն` գրքերի: Կարծում եմ, վերականգնումը ավելի բարդ աշխատանք է, քան որեւէ նոր բան ստեղծելը:

Լենա Գեւորգյան (տեքստ)
Մարիամ Լորեցյան (լուսանկարներ)




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին