Ցզյա Չժանկե`«Լուծում գտնելը հանդիսատեսի պարտականությունն է» - Mediamax.am

exclusive
4579 դիտում

Ցզյա Չժանկե`«Լուծում գտնելը հանդիսատեսի պարտականությունն է»


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ցզյա Չժանկեն համարվում է չինական կինոյի «6-րդ սերնդի» առանցքային կերպարը: Վենետիկի 63-րդ փառատոնում գլխավոր մրցանակի արժանացած «Նատյուրմորտ» ֆիլմը միջազգային ճանաչում բերեց ռեժիսորին: Ցզյա Չժանկեի հետ զրուցել ենք ռեժիսոր դառնալու երազանքի, կուտակված փորձը ներկայացնելու եւ սեփական աշխատանքից դժգոհ լինելու մասին:

***

Հայրս միջնակարգ դպրոցում չինարենի ուսուցիչ էր: Նա մեծ ազդեցություն է ունեցել իմ կայացման վրա: Հորս շնորհիվ մանկուց գեղարվեստական եւ պատմական գրքեր շատ եմ կարդացել:

Մոտ երկու տարի գեղանկարչությամբ եմ զբաղվել, բայց ստատիկ պատկերը ինձ դուր չէր գալիս, որոշեցի շարժում մտցնել եւ սկսեցի ֆիլմեր նկարահանել: Առայժմ սա այն է, ինչ սիրում եմ, ինչից հաճույք եմ ստանում եւ ինչով շնչում եմ: Գուցե, երբ ծերանամ, սկսեմ ինքնաարտահայտվել՝ պատմություններ գրելով: Գրելն ավելի մեծ հնարավորություններ է տալիս մարդուն, այն սահմաններ չունի, կարող է լինել երկար կամ կարճ, իսկ 2 ժամանոց կինոն այսօր արդեն երկար է համարվում:

Երեք տարի շարունակ փորձում էի Պեկինի Կինեմատոգրաֆիստների ինստիտուտ ընդունվել, բայց ապարդյուն: Այլ տարբերակ չունեի, Չինաստանի բոլոր համալսարաններից միայն այս մեկն էր, որտեղ կարելի էր ռեժիսուրա սովորել: Վերջապես ընդունվեցի: Այն ժամանակ ինտերնետ չկար, ֆիլմ դիտելու որեւէ հնարավորություն չունեինք: Ինստիտուտ էինք բազմաթիվ ֆիլմեր դիտում, հենց այդ տարիներին ծանոթացա Փարաջանովի արվեստի հետ:



***

Մինչեւ վերջ երբեք գոհ չեմ լինում աշխատանքիցս: Դեռ այնքան շատ ֆիլմեր եմ ուզում նկարահանել՝ եթե գոհ լինեմ ինքս ինձնից, այլեւս պիտի չաշխատեմ: Այնքան շատ մտքեր ու նպատակներ ունեմ, հուսով եմ, ինձ կհաջողվի ամեն տարի գոնե մեկ ֆիլմ նկարահանել:

Երբ ֆիլմը պատրաստ է, երբեք չեմ վերանայում այն: Ինքս շատ լավ գիտեմ վատ հատվածները, այնպես որ չեմ կարող կրկին դիտել դրանք:

Մի կարեւոր պայման կա՝ ռեժիսորը պետք է կարողանա ինքն իր ֆիլմին հաջողություն մաղթել:

***

Ֆիլմերումս ներկայացված բոլոր երեւակայական մասերը իրական կյանքից են: Հենց դա է պատճառը, որ ինձ համար երեւակայական եւ իրական աշխարհների միջեւ սահման չկա:



«Նատյուրմորտ» ֆիլմում ներկայացվում է 3 հազար տարվա պատմություն ունեցող մի քաղաք, որը մեկ տարում ամբողջովին ավերվել է: Երբ առաջին անգամ մեկնեցի այդ վայրը, այնպիսի տպավորություն էր, թե այնտեղ քաղաքակրթություն երբեք չի եղել:

***

Ամենակարեւորն այն է, որ ռեժիսորը կարողանա հերոսների միջոցով իր ասելիքը ներկայացնել: Երբ սկսում եմ ֆիլմ նկարահանել, երբեք չեմ մտածում հանդիսատեսների մասին: Նրանք ունեն իրենց ուրույն մտածելակերպն ու աշխարհընկալումը եւ ֆիլմը դիտելուց ամեն մեկը յուրովի է ընկալելու այն:

Ֆիլմը պարզապես խնդիր ներկայացնելու միջոց է, իսկ լուծում գտնելը հանդիսատեսի պարտականությունն է:

Լենա Գեւորգյան (տեքստ)
Մարիամ Լորեցյան (լուսանկարներ)




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին