Օր առաջին. 2001թ. ապրիլի 4 - Mediamax.am

7577 դիտում

Օր առաջին. 2001թ. ապրիլի 4


Քի Ուեսթ. օր առաջին. 2001թ. ապրիլի 4
Քի Ուեսթ. օր առաջին. 2001թ. ապրիլի 4

Լուսանկարը` Trumanblog


Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի հանդիպումը Քի Ուեսթում մեկնարկեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի մասնակցությամբ:

 

Հանդիպման սկզբում Հեյդար Ալիեւն ընթերցեց երկար մի տեքստ, որում կրկնեց Ադրբեջանի բոլոր սովորական մեղադրանքները Հայաստանի հասցեին: Մասնավորապես, նա Հայաստանն անվանեց «ագրեսոր եւ Լեռնային Ղարաբաղում անջատողականության կազմակերպիչ»: Ադրբեջանի նախագահը հայտարարեց նաեւ, որ կարգավորման ողջ ժամանակահատվածում Հայաստանի դիրքորոշումն ապակառուցողական է եղել: Հեյդար Ալիեւը դժգոհություն հայտնեց նաեւ այն կապակցությամբ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները զբաղեցրել են «պասիվ եւ սպասողական դիրքորոշում»: 


Ի պատասխան` ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասաց.


«Ես մինչեւ Ֆլորիդա երկար ճանապարհ եմ եկել ոչ թե այստեղ քարոզչությամբ զբաղվելու կամ միջնորդների համար դաստիարակի դերում հանդես գալու համար: Ես եկել եմ կառուցողական աշխատանքի եւ լուծումներ որոնելու նպատակով»: 


ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը հայտարարեց, որ զարմացած չէ Հեյդար Ալիեւի կոշտ հայտարարությամբ: 


«Ես երկու կողմերից սպասում էի իրենց դիրքորոշումների արտահայտում: Նախագահ Ալիեւն արտահայտեց իր մոտեցումները շատ հստակ եւ բավականին երկար ժամանակում: Նախագահ Քոչարյանն արտահայտվեց ավելի ուղղակի»,- նշեց նա: 


Քոլին Փաուելը հայտարարեց, որ վաղ է համարում խոսել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հետ Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի հանդիպումը կազմակերպելու մասին: 


«Բանակցությունները լինելու են շատ, շատ բարդ: Նախագահ Բուշն այս շաբաթ շատ ուշադիր հետեւելու է դրանց ընթացքին, եւ կարծում եմ, եթե հետագայում որոշակի փուլում հաջողություն նկատվի, Միացյալ Նահանգների նախագահը ցանկություն կհայտնի հանդիպել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին: Դա կլինի այս շաբաթ, թե ապագայում, ես չգիտեմ»,- ասաց Քոլին Փաուելը: 


«Ես ընդամենը մեկական հանդիպում եմ ունեցել նախագահներից յուրաքանչյուրի հետ: Մենք դեռ չենք սկսել պլենար քննարկումները: Կարծում եմ, որ այս իրավիճակում սխալ կլինի, եթե ես սկսեմ բնութագրել բանակցային տարբեր դիրքորոշումները»,- հայտարարեց Փաուելը: 


Քոլին Փաուելը նշեց, որ քննարկվում են հակամարտության կարգավորման վերաբերյալ բազմաթիվ գաղափարներ: «Դրանցից մի քանիսը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները քննարկել են Մինսկի խմբի համանախագահների, Ժակ Շիրակի եւ Վլադիմիր Պուտինի հետ: Ես դրանք չէի որակավորի որպես հին կամ նոր առաջարկներ: Կա որոշակի խնդիրների ընդհանուր ըմբռնում, եւ կան կետեր, որոնց շուրջ համաձայնությունը բացակայում է: Հենց դրանք ենք մենք քննարկելու առաջիկա օրերի ընթացքում»,- պարզաբանեց պետքարտուղարը: 

 




Մեր ընտրանին