Կարդացեք նաեւ՝ «Իռլանդական հարցը». կելտերից մինչեւ մեր օրեր
Տեւական ժամանակ պետականությունից զրկված մյուս ժողովուրդների նման իռլանդացիները նույնպես ունեցել են իրենց ազգային ինքնությունը պահպանելու խնդիր։ Պարբերական բնույթ կրող հակամարտություններն ու անկայունությունը բարենպաստ պայմաններ չեն ստեղծել մշակույթը խաղաղ ու հանգիստ կերպով զարգացնելու համար։ Նաեւ հաշվի առնելով, որ իռլանդական սփյուռքը մոտ 70 միլիոն է, իսկ երկրի բնակչությունը՝ մոտ 5 միլիոն, ինքնության պահպանության հարցն է՛լ ավելի կարեւոր ու բարդ է դառնում։
Լուսանկարը` Էլիզա Սարգսյան/Մեդիամաքս
Ինչպես նշել էինք այս հոդվածաշարի առաջին մասում, 12-րդ դարում անգլո-նորմանները ներխուժեցին Իռլանդիա եւ իշխեցին մինչեւ 1923 թվականը՝ անկախացումն ու հանրապետության հռչակումը։ Այդ ընթացքում տեղի են ունեցել բազում իրադարձություններ, որոնց արդյունքում ազգային ինքնությունը խարխլվել է: Օրինակ՝ Կոմսերի փախուստը (Flight of the Earls) 1607 թ․, որի արդյունքում երկրի արիստոկրատիան ցրվեց ամբողջ Եվրոպայով, կամ կաթոլիկ իռլանդացիների հանդեպ շարունակական հալածանքն ու խտրականությունը։ Մինչեւ 12-րդ դարը մեկ միասնական պետության փոխարեն կային տարբեր իշխանություններ, որոնցից որոշները երբեմն միավորվում էին այս կամ այն նպատակով, երբեմն կռվում միմյանց դեմ։ Մշակութային լիակատար միասնություն չկար, բայց նաեւ չկար լուրջ սպառնալիք։
Լուսանկարը` Էլիզա Սարգսյան/Մեդիամաքս
Անկախության հռչակմանը նախորդել են ինքնությունը վերագտնելու եւ վերասահմանելու տասնամյակներ։ 19-րդ դարի երկրորդ կեսից սկսվեց ազգային ինքնագիտակցության ծաղկման ու արմատների փնտրտուքի մի ժամանակաշրջան, որը հիմք նախապատրաստեց ազատագրական պայքարի համար։ 1840-ականներին սկիզբ առավ Young Ireland մշակութային ու քաղաքական շարժումը, 1893-ին ստեղծվեց Celtic Literary Society-ն, 1899-ին՝ United Irishman շաբաթաթերթը, 1900-ին՝ Cumann na nGaedheal քաղաքական կազմակերպությունը, որի նպատակը երկրի անգլոֆիկացման դեմ պայքարն էր (հետագայում ստեղծվել է համանուն կուսակցություն)։
Լուսանկարը` Էլիզա Սարգսյան/Մեդիամաքս
Իռլանդացիների ազգային ինքնությունը շատ ընդգրկուն է ու բազմաշերտ։ Ավելի մանրամասն կանդրադառնանք դիցաբանությանն ու հին հավատալիքներին, քրիստոնեությանն ու դրա բերած փոփոխություններին եւ լեզվին։
Հին հավատալիքներ, նախաքրիստոնեական մշակույթ եւ ազգային կրոն
Իռլանդական ինքնության կարեւորագույն մասն է կազմում նախաքրիստոնեական՝ կելտական ժամանակների մշակութային հզոր ժառանգությունը՝ դիցաբանություն, լեգենդներ, հավատալիքներ, ավանդույթներ, երաժշտություն, պոեզիա, տոներ եւ ծեսեր: Ազգային կրոնը, ինչպես թերեւս բոլոր ազգերի դեպքում, սերտորեն կապված էր բնության ու վերջինիս ուժերի հետ։
Նախաքրիստոնեական Իռլանդիայի տարածքը «բնակեցված էր» տարատեսակ խորհրդավոր էակներով, լի էր սուրբ ծառերով, կախարդական ջրհորներով (որոնք ունեին մարմնական ու հոգեւոր հիվանդությունները բուժելու ունակություն), ոգիներով, առեղծվածային, գերբնական ունակություններով օժտված բույսերով ու կենդանիներով։
Otherworld-ի կամ Tír na nÓg-ի հետ կապող օղակ էին ամենագետ ու ամենակարող դրուիդները՝ իմաստության ու օրենքի պահապաններ, պատմության, աստղագիտության, խոտաբույսերով բուժման գիտակներ: Նրանք ունեին բազում այլ առաքելություններ, որ հասու չէին հասարակ մահկանացուներին։ Դրուիդների հմտությունների մեծ մասը հիմնված էր բնության երեւույթների երկարատեւ ուսումնասիրության վրա։ Գիտելիքները գրի չէին առնում, այլ պահում էին իրենց մտքում ու փոխանցում միայն ընտրյալներին՝ բանավոր։ Նաեւ թագավորների խորհրդականներն էին։ Այսօր էլ շատ ծեր բնակիչներ պահպանում են այդ գիտելիքների մի մասը եւ կիրառում առօրյայում։ Otherworld-ը նույնիսկ ժամանակակից Իռլանդիայում կարծես շոշափելի լինի, հին ուժերի ներկայությունը՝ տեսանելի։ Հին ժամանակներում հատուկ նշանակություն ունեցող վայրերը շարունակում են մնալ այդպիսին։
Հին հավատալիքները երբեմն արտացոլվում են ժամանակակից մշակույթում: Օրինակ, 2022 թվականին 9 անվանակարգերում Օսկարի նոմինացված The Banshees of Inisherin ֆիլմում։ Banshee-ն (bean sidhe) կախարդական էակ էր, որը դեռեւս անհասկանալի առեղծված է մնում. Իռլանդիայի բնակիչները բոլորը գիտեն նրա մասին, եւ շատերը սեփական փորձառությունն ունեն նրա հետ կապված, որքան էլ դա անհավանական թվա մեր օրերում։ Banshee-ն սեւազգեստ, խորհրդավոր կին է, որ նախազգուշացնում է վերահաս մահվան մասին՝ երեք անգամ թակելով դուռը կամ բարձրաձայն, չարագուշակ կերպով ողբալով։ Այս կերպարի հետ կապված հետաքրքրական փաստն այն է, որ հեթանոսական շրջանից ի վեր այն չի փոփոխվել, այլ պահպանվել է իր սկզբնական ձեւով։
Leprechaun-ը, հավանաբար, ամենահայտնի ու ճանաչելի կերպարներից մեկն է՝ ցածրահասակ, ծեր տղամարդ, թաքցված գանձերի պահապանը։ Նա անգամ ունի իր թանգարանը, որտեղ կարելի է ինտերակտիվ ծրագրի միջոցով ծանոթանալ ոչ միայն Leprechaun-ի լեգենդին, այլեւ բազում այլ պատմությունների։
Լեգենդների մեծ մասում սյուժետային գիծը հետեւյալն է՝ հերոսը ինչ-որ բանի որոնումներում օվկիանոսով մեկնում է ճամփորդության։ Ուղղությունը գրեթե միշտ արեւմուտքն է, քանի որ այն ժամանակ Իռլանդիան մարդկությանը հայտնի աշխարհի արեւմտյան ծայրն էր, ու օվկիանոսի մյուս կողմը բորբոքում էր մարդկանց երեւակայությունը։
Հին իռլանդացիների առօրյայի ու մշակույթի կարեւոր մասերից էր storytelling-ը՝ պատմություններ պատմելը։ Պատմողները կոչվում էին scéalaí։ Այդ պատմությունները նախատեսված էին ոչ թե գրի առնվելու, այլ բանավոր պատմելու համար։ Ժամանցի միջոց էին, հավաքվելու առիթ եւ յուրօրինակ փորձառություն թե՛ պատմողների, թե՛ ունկնդիրների համար։ Պատմությունների ընթացքը հարմարեցվում, փոփոխվում էր ըստ լսարանի եւ առիթի։
Հազարավոր տարիների ընթացքում այս ամբողջ գրական ժառանգությունը սերնդեսերունդ փոխանցվել է բանավոր կերպով՝ երգերի, պոեմների, էպոսների միջոցով։ Այս ավանդույթը եւս, ի թիվս այլոց, փորձում են նորովի ապրեցնել տարբեր նախաձեռնությունների միջոցով, որոնցից են օրինակ Storytellers of Ireland-ը եւ 1994-ից սկսած ամեն տարի անցկացվող Cape Clear Storytelling Festival-ը, որին մասնակցելու համար Քեյփ Քլիր կղզի են ժամանում մասնակիցներ ամբողջ աշխարհից։
Հնագույն հավատալիքներից շատերը մինչ օրս պահպանվել են սնահավատությունների տեսքով. երբեմն դրանց ծագումն ու բացատրությունը չգիտեն, բայց շարունակում են հավատալ ու կիրառել։ Բուժական հին հմտությունները նույնպես պահպանվել են երկրի տարբեր անկյունների բնակիչների մոտ։ Ինչպես իրենց նախնիները՝ հին իմաստության մերօրյա ժառանգորդները նույնպես գրի չեն առնում այդ գիտելիքները, այլ բանավոր փոխանցում են հաջորդ սերնդին։
Չեն մոռացվել նաեւ հին ժամանակների սրբավայրերը։ Մինչ օրս էլ մարդիկ շարունակում են ուխտագնացություններ կատարել այդ վայրեր, պարզապես փոքր-ինչ փոփոխված անվանումներով։
Իռլանդական դիցաբանությունը ունի չորս շրջան, որոնցից երրորդը՝ The Ulster cycle-ը, ոգեշնչել է նորագույն ժամանակներում՝ 19-20-րդ դարում հանուն անկախ Իռլանդիայի պայքարող հեղափոխականներին։
Միջնադարյան ձեռագրերի միջոցով պահպանվել է կելտերի պատմության ու դիցաբանության մի մասը։ Այս հին ձեռագրերն են համարվում երկրի գլխավոր գանձը, այլ ոչ թե ոսկին կամ զարդերը։ Հրդեհների, պատերազմների, տեղական լեզվի ու մշակույթի վերացման փորձերի միջով անցել ու մոտ 150 պատմություններ հասցրել են մեզ։ Միայն 19-րդ դարի սկզբում գերմանացի գիտնականներին հաջողվեց վերծանել հին իռլանդերենի քերականությունը, եւ ի վերջո կարողացան կարդալ այդ պատմությունները։
Քրիստոնեության մուտքը
5-րդ դարի սկզբում հեթանոսությանը փոխարինելու եկավ քրիստոնեությունը, որի հաստատման գործում ամենակարեւոր դերը խաղաց Սուրբ Պատրիկը։ Նա ամենակարեւոր պատմական կերպարն է համարվում, եւ նրա տոնը ամենավառ տոնակատարությունն է մինչ օրս։ Ընդհանուր առմամբ՝ անցումը հեթանոսությունից քրիստոնեություն ավելի հարթ ու խաղաղ է ընթացել, քան այլ ժողովուրդների դեպքում։ Անգամ կային դրուիդներ, որոնք զրույցների, բանավեճերի արդյունքում ընդունեցին քրիստոնեություն։ Ժամանակ ու հնարավորություն կար ընդունելու նոր կրոնը՝ միաժամանակ պահպանելով եղած կելտական ինքնությունը։
Լուսանկարը` Էլիզա Սարգսյան/Մեդիամաքս
Մշակույթի մի մասն, իհարկե, վերացվել է քրիստոնեության ընդունմամբ, բայց մի մասն էլ հարմարեցվել է ու շարունակել գոյություն ունենալ։ Օրինակ՝ եռատերեւ shamrock ծաղիկը կարեւոր խորհրդանշական դեր է ունեցել դեռեւս նախաքրիստոնեական շրջանում, իսկ Սուրբ Պատրիկը վերցրեց այդ խորհրդանիշը եւ օգտագործեց Սուրբ Երրորդության գաղափարը հեթանոս իռլանդացիներին բացատրելու համար։ Այսպիսով՝ հին հավատալիքը ոչ թե վերացվեց, այլ ձեւափոխվեց ու պահպանվեց։
Այդպես է եղել նաեւ շատ առասպելների հետ. այս կամ այն հերոսի, հեթանոսական աստծո անունը փոփոխվել է, օրինակ՝ Բրիջիդ կամ Բրիդ աստվածուհին (երեք գլխավոր աստվածուհիներից մեկը՝ բժշկության (Բրիջիդ), իմաստության եւ ռազմի) դարձել է Սուրբ Բրիջիդ։ Հենց այսպես «ծպտյալ» կերպով էլ մինչ օրս շարունակում են ապրել հին իռլանդական աստվածները։ Հին աստվածներին նվիրված տոները եւս պահպանվել են, պարզապես հիմա այդ օրը նշվում է նույնանուն սրբի տոնը՝ գրեթե նույն ծիսակատարություններով։
Քրիստոնեության հետ Իռլանդիա բերվեց նաեւ լատինական այբուբենը, որը հարմարեցվեց իռլանդերենին, ու ստեղծվեցին առաջին գրավոր աշխատությունները։ Երկիրը դարձավ ձեռագիր մատյանների ստեղծման կարեւորագույն կենտրոն Եվրոպայում, որի մասին պատմել ենք առաջին մասում։ Սրբերի ու եկեղեցականների մի մեծ բազմություն ձեւավորվեց, որը միջնադարյան Եվրոպայում տիրող բռնության ու քաոսի պայմաններում Իռլանդիան վերածել էր մի խաղաղ նավահանգստի, որտեղ ծաղկում էր մշակույթը։
Քրիստոնեությունը մինչեւ հիմա էլ շատ կարեւոր է աշխարհում Իռլանդիայի ճանաչելիության համար։ Մի կողմից՝ իռլանդացի միսիոներները գնում էին Եվրոպայի տարբեր վայրեր, հիմնում վանքեր, հետազոտական կենտրոններ, մյուս կողմից՝ մայրցամաքային Եվրոպայից շատերը գալիս էին Իռլանդիա, որ զբաղվեն քրիստոնեության ուսումնասիրությամբ։ Սուրբ Պատրիկի լեգենդը 700-ականներին մեծ տարածում էր գտել։ Իռլանդիան համարվում էր սրբերի ու գիտնականների երկիր։
Բրիտանական տիրապետության հաստատման սկզբնական շրջանում կրոնը (կաթոլիկություն) որեւէ խնդիր չէր ներկայացնում, սակայն իրավիճակը սրվեց այն ժամանակ, երբ 1534 թ. Հենրի 8-րդը որոշեց անգլիական եկեղեցին առանձնացնել Հռոմից՝ դառնալով բողոքական։ Իռլանդացիները որոշեցին հավատարիմ մնալ կաթոլիկությանը։ Կրոնական տարբերությունը այդ ժամանակաշրջանում համարվում էր մարտահրավեր։ Սկսվեց կաթոլիկների հանդեպ խտրականությունների մի երկար ժամանակաշրջան։ Ալսթերում՝ ներկայիս Հյուսիսային Իռլանդիայի տարածքում, Ջեյմս Առաջինը վերաբնակեցրեց հազարավոր բողոքականներ՝ նախապես այնտեղից տեղացիներին վտարելով։
Լուսանկարը` Էլիզա Սարգսյան/Մեդիամաքս
1695 թ. ընդունվեց Penal Laws-ը, ըստ որի՝ կաթոլիկները չէին կարող դիրք զբաղեցնել պառլամենտում, ծառայել որպես շերիֆ կամ քաղաքային խորհրդի անդամ։ Չէին կարող միանալ բանակին, ունենալ զենք, աշխատել որպես իրավաբան կամ դատավոր։ Չէին կարող հող գնել, իրենց երեխաներին ուղարկել արտասահմանյան դպրոցներ, սովորել Trinity College-ում՝ երկրի գլխավոր համալսարանում։
Կաթոլիկի մահից հետո նրա ունեցվածքը հավասար բաժանվում էր զավակների միջեւ. միայն եթե ավագ որդին ընդուներ բողոքականություն, կստանար ամբողջը։
Այս եւ այլ մեթոդներով թուլացրին կաթոլիկ իռլանդացիներին ու աստիճանաբար տիրեցին նրանց հողերին եւ ունեցվածքին։
1728 թ. ընդունված օրենքի համաձայն կաթոլիկները զրկվեցին ընտրելու իրավունքից։ 18-րդ դարի սկզբին բնակչության մոտ 75%-ը կաթոլիկ էր։ Մեկ-երկու սերունդ անց իռլանդացի կաթոլիկները դարձան Եվրոպայի ամենաաղքատ դասակարգերից մեկը. տարվա կեսը զբաղվում էին գյուղատնտեսությամբ, մյուս կեսն էլ թափառում՝ ուտելիք խնդրելով։ Ունեցվածքից գրեթե ամբողջովին զրկվել էին։
Հակակաթոլիկական օրենքների պատճառով նրանցից շատերը հեռանում էին մայրցամաքային Եվրոպա եւ հիմնում քոլեջներ։ Saint Anthony քոլեջը Բելգիայի Լուվեն քաղաքում՝ հիմնված 1607 թվականին, նույնիսկ ստեղծեց տպագրատուն, որտեղ տպագրում էին իռլանդերենով գրքեր, այդ թվում՝ լեզուն ուսուցանելու նյութեր։ Հրատարակչական գործունեության ծաղկումը այս եւ այլ քոլեջներում ու համայնքներում ստեղծեց իռլանդական գրական մի ակտիվ համայնք-ցանց ամբողջ Եվրոպայով մեկ։ Ոչ միայն տպագրում էին նոր գրքեր, այլեւ պատճենում ու փոխանցում հին ձեռագրերը։
Կրոնական տարբերությունը սրեց հարաբերությունները ոչ միայն Մեծ Բրիտանիայի հետ, այլեւ պառակտեց հենց իռլանդացիներին, քանի որ հյուսիսում բողոքականներ էին, երկրի մնացած հատվածում՝ կաթոլիկներ։ Հս. Իռլանդիայում կաթոլիկներին լավ չէին ընդունում, ակնհայտ խտրականություն կար։
Երբ սկսվեց ազատագրական պայքարը, հյուսիսում մեծամասամբ դժգոհ էին այդ զարգացումներից։ Խուճապ սկսվեց, քանի որ իրենց ավելի ապահով էին զգում Մեծ Բրիտանիայի հետ սերտ կապերի շնորհիվ. վերջինիցս էր կախված իրենց կրթությունը, աշխատանքը, կրոնական ինքնությունը։
1972 թվականի հունվարի 30-ին տեղի ունեցավ Արյունոտ կիրակին՝ Bloody Sunday, որի ժամանակ բրիտանական բանակի կողմից սպանվեցին 13 անզեն կաթոլիկ ցուցարարներ, եւս 14-ը վիրավորվեցին։ Ցույցի, ինչպես նաեւ հետագայում զարգացած շարժման նպատակը կաթոլիկների համար հավասար իրավունքների ապահովումն էր։
Լեզու
Իռլանդերենը (Irish Gaelic կամ Gaeilge) ձեւավորվել է մ. թ. ա. 500-ական թթ. կղզի ժամանած կելտերի եւ տեղացիների լեզուների միախառնումից։ Հնդեվրոպական լեզվաընտանիքի կելտական ճյուղի լեզու է, ընդ որում՝ այդ ճյուղի լեզուներից միակը, որը Եվրամիության պաշտոնական 24 լեզուներից է։ Ներկայում օգտագործվում է լատինական այբուբենը, բայց նախաքրիստոնեական շրջանում գոյություն է ունեցել գրային համակարգ։ Քրիստոնեության հաստատումից հետո նոր բառեր են փոխառվել լատիներենից, հիմնականում կրոնական տերմինաբանություն։
Լուսանկարը` Wikimedia Commons
Բրիտանական տիրապետության շրջանում իռլանդերենը ճնշված է եղել, անգամ՝ արգելված։ Առաջին պլան էր մղվում անգլերենը՝ ասոցացվելով կրթության, առաջընթացի հետ, լինելով աշխատանքի ու հաղորդակցության լեզու։ Ի հակադրություն դրա՝ իռլանդերենը համարվում էր աղքատների լեզու, ասոցացվում էր մեկուսացման, հետամնացության հետ։ Երկրի մեծամասնությունում՝ հատկապես զարգացած շրջաններում, գերակշռում էր անգլերենը։ 1851 թ. բնակչության մեկ քառորդից քիչ մասն էր իռլանդերեն խոսում։ 40 տարի հետո այդ թիվը դարձավ 15%։
1831 թվականին դպրոցական համակարգի մասին որոշում կայացվեց, ըստ որի իռլանդական պատմության, լեզվի եւ մշակութային ժառանգության դասավանդումը արգելվում էր դպրոցներում։ Սա եւս նպաստեց, որ առաջընթացն ու զարգացման հնարավորությունները կապվեն միալեզու՝ անգլերեն կրթական համակարգի հետ։ Բացի դրանից՝ տարբեր ժամանակներում տեղի ունեցած սովն ու արտագաղթը ավելի ուժգին հարվածում էին հենց իռլանդախոս շրջաններին։
19-րդ դարի վերջում ու 20-րդ դարի սկզբում սկսված մշակութային վերածննդի ընթացքում սկսեցին ստեղծվել նախաձեռնություններ, մարդկանց խմբեր, որոնց նպատակն էր լեզվի պահպանումը, վերակենդանացումը եւ ուսուցանումը՝ թե՛ որպես խոսակցական, թե՛ որպես գրականության լեզու։ Դրանցից կարեւորագույնը Conradh na Gaeilge (Gaelic League)-ն էր՝ հիմնված 1893 թ. Օուեն ՄաքՆիլի եւ Դուգլաս Հայդի կողմից։ Կազմակերպության հարյուրավոր մասնաճյուղերը մինչ օրս էլ ակտիվ գործունեություն են ծավալում։
Լուսանկարը` Էլիզա Սարգսյան/Մեդիամաքս
Անկախությունից հետո շարունակել են անգլերենն օգտագործել որպես վարչական լեզու, բայց միջոցներ են ձեռք առնվել իռլանդերենը պահպանելու ու կիրառելու համար։
Ներկայում այն հիմնականում կիրառվում է արեւմտյան ափի որոշ շրջաններում՝ Կոնեմարա մարզում (county), Դինգլ թերակղզում, Սլիվ Լիգ ժայռի շրջակայքում եւ Արան կղզեխմբում։ Կիրառվում է որպես առօրյա լեզու. դրանով խոսում են գյուղերում, խանութներում, ռեստորաններում՝ որպես հաղորդակցության գլխավոր միջոց։ Դպրոցներում դասավանդումը եւս իռլանդերենով է։ Այս լեզվով խոսող բնակավայրերի ամբողջությունը կոչվում է Գաելթախթ (Gaeltacht), որը պաշտոնապես ճանաչվել է 1926թ.։ 2022 թ. մարդահամարի տվյալներով Գաելթախթի բնակչությունը կազմում է 99 617 մարդ։ Այդ շրջանների ավանդական երաժշտության ոճը կոչվում է Sean-nós։ Սփյուռքում նույնպես իռլանդերենը կիրառվում է։
Լեզվի պահպանությունը պետության առաջնահերթություններից է։ 1928թ. սկսած պարտադիր կերպով ուսուցվում է դպրոցներում։ Պետական պաշտոններ զբաղեցնելու համար պարտադիր պայման է լեզվի իմացության գոնե նվազագույն մակարդակ ունենալը։
1980 թ. ստեղծվել է Údarás na Gaeltachta պետական կառույցը, որի նպատակն է իռլանդերենի պահպանումը որպես համայնքային լեզու եւ փոխանցումը ապագա սերունդներին։ Պետական քաղաքականություն է տարվում՝ ուղղված լեզվի տարածմանն ու պահպանմանը։ Վերջին տարիներին տարբեր ժողովրդագրական պատճառներով այդ գործն ավելի բարդ է դարձել։
2003-ից «Պետական լեզուների մասին» օրենքով պարտադրվում է պետական փաստաթղթերը հրապարակել իռլանդերենով։ Գործում են իռլանդերենով մեդիաներ՝ հեռուստաընկերություններ, ռադիոկայաններ, տպագիր մամուլ։ Որոշ համալսարաններ առաջարկում են իռլանդերենով ուսուցում։ ՅՈՒՆԵՍԿՈ-ն այն դասակարգում է որպես վերացման վտանգի տակ գտնվող (“definitely endangered”), բայց այն շարունակում է ունենալ մշակութային արժեք՝ իր մեջ կրելով մեծ ժառանգություն։
Հս. Իռլանդիայում բնակչության մոտ 10%-ն է որոշ չափով տիրապետում լեզվին։
Չնայած փոքրամասնության լեզուն է, բայց Սահմանադրությամբ ունի հատուկ կարգավիճակ՝ ազգային եւ պետական լեզու, անգլերենի հետ միասին։
Մշակույթի մեծամասնությունը երկար ժամանակ ստեղծվել է անգլերենով, հենց դրա շնորհիվ էլ հասկանալի է դարձել աշխարհում ու ընդունվել, բայց վերջին ժամանակներում աճում է հենց իռլանդերենով ստեղծագործությունների թիվը։ Վերջին տասնամյակներում լեզուն վերածնունդ է ապրում՝ երկար դարեր արգելված լինելուց ու դժվարությամբ գոյատեւելուց հետո։
Սուրբ Պատրիկը, Guinness-ը եւ սպորտը
Մեր օրերում աշխարհում Իռլանդիան ճանաչելի է նախ եւ առաջ իր մշակույթով՝ հատկապես երաժշտությամբ ու գրականությամբ, բոլորը գիտեն Սուրբ Պատրիկի տոնի մասին, որը վաղուց դադարել է լինել միայն իռլանդական տոն, հանրահայտ Guinness գարեջրի մասին, որը երկրի այցեքարտերից է, գրեթե բոլոր մեծ քաղաքներում կան իռլանդական փաբեր, Halloween-ի իռլանդական ծագման մասին շատերը գիտեն, մինչդեռ շատերն էլ դեռեւս դժվարանում են այն տարանջատել Մեծ Բրիտանիայից։
Լուսանկարը` REUTERS
Դուգլաս Հայդը 1892 թ. իր «Իռլանդիան ապաանգլոֆիկացնելու անհրաժեշտությունը» թեմայով հոդվածում, մտահոգվելով ազգի մշակութային անկման համար եւ ափսոսելով անցյալի հարուստ ժառանգությունը, նշում է, որ ինքնակամ ենթարկվելով ու խրախուսելով անգլիականության տարածումը, սեփական կամքով հրաժարվում են աշխարհի հանդեպ ունեցած արդարացի պահանջից՝ ընկալվել որպես առանձին ազգ։ Հայդը հայտնում է իր տարակուսանքը այն հարցի շուրջ, որ շատ իռլանդացիներ ակնհայտորեն ատում են անգլիացիներին՝ միաժամանակ կրկնօրինակելով նրանց, ինչպես նաեւ բացատրում է արմատներին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը։
Իռլանդիան բազմաթիվ բարդ փուլերով է անցել՝ մինչեւ ներկայիս վիճակին հասնելը, այդ պատճառով էլ հիմա շատ արժեւորում են սեփական պետություն ունենալն ու ինքնադրսեւորվելու ազատությունը։ Իհարկե, ոչ բոլորն խնդիրներն են դեռեւս լուծված։ Հյուսիսային Իռլանդիայի բնակիչները ինքնության խնդիր ունեն. դժվարանում են իրենց նույնականացնել որպես բրիտանացի կամ որպես իռլանդացի, քանի որ երկուսի հետ էլ ունեն սերտ կապեր։ Այս երկու պետությունների հակամարտությունը է՛լ ավելի ցավալի է, քան արտաքին թշնամու հետ հակամարտությունը, քանի որ նույն ազգի մարդիկ պայքարում են իրար դեմ՝ վիճարկելի ինքնությունների պատճառով։
Գլոբալիզացվող աշխարհում փոքր ազգերի համար անընդհատ է՛լ ավելի է դժվարանում պահպանել սեփական դեմքը, բայց իռլանդացիները կարծես հաստատակամ են այդ հարցում։ Երիտասարդ սերունդը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում մայրենի լեզուն սովորելու հարցում, չնայած անգլերենը շատ ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում։ Պետությունն էլ տարբեր ծրագրերի միջոցով նպաստում է ինքնության այս կարեւոր հիմնաքարի պահպանությանը։ Ինչպես ասում էր նախորդ դարասկզբի գրող, ուսուցիչ, ակտիվիստ եւ հեղափոխական Պատրիկ Փիրսը՝ «Առանց լեզվի երկիրը առանց հոգու երկիր է»։
Լուսանկարը` REUTERS
Սպորտը նույնպես ինքնադրսեւորման միջոցներից է։ Gaelic Athletic Association-ը շատ կարեւոր դեր ունի ազգային սպորտաձեւերի պահպանման գործում, ոչ միայն երկրի ներսում, այլեւ ամբողջ աշխարհում. աշխատում են նաեւ սփյուռքի հետ ու սպորտի միջոցով ամրապնդում կապը համայնքների միջեւ։ GAA-ը հիմնվել է 1884 թ. Մայքլ Քյուզեքի կողմից, որը ռեգբիի ու կրիկետի սիրահար էր։ Ասոցիացիան ստեղծելու նախնական նպատակն էր սպորտը հասանելի դարձնել բնակչության բոլոր խավերին։ Սկզբում կենտրոնացած էին աթլետիկայի վրա, բայց շուտով ներառվեցին նաեւ ազգային հին խաղերը՝ կելտական ֆուտբոլը (Gaelic football) եւ hurling-ը։
Անցյալի վերակենդանացման ու ներկայում դրա ինտեգրման մեկ այլ օրինակ է Aosdána-ն՝ լավագույն գրողների ու արտիստների ասոցիացիան, որոնք մեծ ներդրում ունեն երկրի մշակույթում։ Aos Dána-ն («արվեստների մարդիկ») կելտական ժամանակաշրջանում դրուիդական էլիտայի անվանումն էր։
Կարդացեք նաեւ՝ «Իռլանդական հարցը». կելտերից մինչեւ մեր օրեր
Էլիզա Սարգսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: