Տեր-Մուգարդիջյաններ. սուպերմարկետների ցանցի հիմնադիրները - Mediamax.am

exclusive
6310 դիտում

Տեր-Մուգարդիջյաններ. սուպերմարկետների ցանցի հիմնադիրները


Մուգարդիջյաններն ու ընկերները, խորապատկերին` “Մուգար” սրճարանը
Մուգարդիջյաններն ու ընկերները, խորապատկերին` “Մուգար” սրճարանը

Լուսանկարը` http://mugar.tribalpages.com/

Սթար մարկետ
Սթար մարկետ

Լուսանկարը` http://www.starmarket.com

Մուգարների 4 սերունդ
Մուգարների 4 սերունդ

Լուսանկարը` http://mugar.tribalpages.com/

Քերոլին Մուգարը
Քերոլին Մուգարը

Լուսանկարը` http://www.armenianweekly.com

“Սթար” խանութը, 1915թ.
“Սթար” խանութը, 1915թ.

Լուսանկարը` http://www.starmarket.com/

Մուգար գրադարանը
Մուգար գրադարանը

Լուսանկարը` http://en.wikipedia.org/


Այս անգամ Մեդիամաքսն անդրադարձել է Տեր-Մուգարդիջյաններին (կրճատ՝ Մուգար), ովքեր համարվում են Բոստոնի 50 ամենաազդեցիկ ընտանիքներից մեկը: 

Տեր-Մուգարդիջյանները հայտնի ամերիկահայ գերդաստան են, որի անդամները հաստատվել են ԱՄՆ-ում 20-րդ դարի սկզբին: Գերդաստանի ամենանշանավոր անդամը Սթիվեն Մուգարն է, ով “Սթար” սուպերմարկետների ցանցի հիմնադիրն է ողջ աշխարհում:

Հայ գաղթականները սպասարկման ոլորտում նոր էջ են բացում:

Մուգարդիջյան ընտանիքի առաջին անդամները, ովքեր հաստատվեցին ԱՄՆ-ում, 1904 թ-ին այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Խարբերդից գաղթած Չարլզ եւ Մարտին Մուգարդիջյաններն էին: 1906թ. նրանց միացան նաեւ Արթուր, Գրիգոր եւ Սարգիս Մուգարդիջյանները, ովքեր համատեղ ջանքերով  աշխատում էին “Մուգար” անվանումը կրող սրճարանում:


Սթար մարկետ
Լուսանկարը՝ http://www.starmarket.com

1915թ. Սարգիս Մուգարը, ով Սթիվեն Մուգարի հայրն էր, գնում է “Սթար” անվանմամբ փոքրիկ խանութը, որտեղ էլ Սթիվենը սկսում է աշխատել: 1922թ. Սարգիս Մուգարը մահանում է, դառնալով  ավտովթարի զոհ եւ որդու՝ Սթիվենի ուսերին թողնելով ընտանիքին կերակրելու հոգսը: Այս առաջադրանքը Սթիվենը պատվով է կատարում. նրա եւ հարազատների ջանքերով 1932թ. բացվում է “Սթար” անվանմամբ երկրորդ խանութը, 1937թ.՝ երրորդը, իսկ արդեն 1948թ. բացվում է Մուգար ընտանիքին պատկանող առաջին սուպերմարկետը. այն շուտով վերածվում է սուպերմարկետների մի ողջ ցանցի, որտեղ առաջին անգամ կիրառվում են այնպիսի նորամուծություններ, ինչպիսիք են մսի՝ պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորումը, աշխատակիցներին ուսուցման համար հատկացվող ժամանակը: “Սթար” սուպերմարկետների շնորհիվ Մասսաչուսեթսը դարձավ առաջին նահանգը, որը սկսեց ապրանքի միավորների գնագոյացման մանդատ տրամադրել:

Սթիվեն Մուգարի կարեւոր սկզբունքներից էր “Հոգատար եղիր հաճախորդի նկատմամբ, եւ հաճախորդն էլ հոգատար կլինի քո նկատմամբ”. “Սթար” սուպերմարկետի հաջողության գրավականներից մեկը հենց որակյալ սպասարկումը եւ յուրաքանչյուր հաճախորդի հանդեպ անհատական մոտեցումն էր:

Հանուն ընտանեկան բիզնեսի բարգավաճման օրնիբուն աշխատում էին նաեւ Սթիվենի ընտանիքի մյուս անդամները: Արդյունքում, որոշ ժամանակ անց “Նոր Անգլիայի” տարածքում “Սթար” սուպերմարկետների թիվը հասավ 60-ի:

Մուգարդիջյանների հասարակական գործունեությունը


Մուգար գրադարանը
Լուսանկարը՝ http://en.wikipedia.org/

1966թ. Բոստոնի համալսարանում Սթիվեն Մուգարի ջանքերով բացվում է ուսումնառության եւ հետազոտությունների “Մուգար գրադարանը”, որը Սթիվենը նվիրել է իր ծնողների հիշատակին: “Հայաստանից Ամերիկա գալով` ծնողներս ինձ համար բացեցին ազատության դռները: Ամերիկայի դպրոցներն ու գրադարանները բացեցին աչքերս անսահմանափակ հնարավորությունների վրա` այս հիանալի երկրում տալով քաղաքացիություն եւ արտոնություններ: Այս գրադարանը կարող է ոգեշնչման աղբյուր դառնալ այն բոլորի համար, ովքեր օգտագործում են այն:  Գրադարանը կառուցվել է ծնողներիս` Սարգիս եւ Ոսկեթել Մուգարների պատվին` նրանց երախտապարտ որդու կողմից”,- ասել է Սթիվեն Մուգարը:

Մուգար ընտանիքի անդամներն երբեք կտրված չեն եղել իրենց արմատներից` հայկական միջավայրից: Բավական է նշել, որ Սթիվեն Մուգարի դուստրը` Քերոլին Մուգարը Ամերիկայի հայկական համագումարի նախագահն է եւ Ծառատունկի հայկական նախագծի հիմնադիրը:

1999թ. Sainsbury’s ընկերությունը ձեռք բերեց “Սթար” սուպերմարկետների ցանցը` այն դարձնելով Shaws-ի մի մասը: Այդուհանդերձ, հայ ընտանիքի հիմնած սուպերմարկետների ցանցը շարունակում է գործել՝ պահպանելով “Սթար”  անվանումը:

Անժելա Կժդրյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին