Mediamax Sport-ը շարունակում է պատմել հայկական ֆուտբոլի ամենավառ աստղերից մեկի՝ Համլետ Մխիթարյանի մասին:
Հատուկ նախագծի առաջին եւ երկրորդ մասերը կարդացեք այստեղ:
18 տարի է, որ Համլետ Մխիթարյանը հեռացել է կյանքից, սակայն նրա ֆուտբոլային ձեռքբերումներն ու հաջողությունները չեն մոռացվում: Համլետին խաղադաշտում դժվար էր շփոթել որեւէ մեկի հետ, քանի որ նման պայթյունավտանգ ու արագաշարժ ֆուտբոլիստ դժվար էր գտնել ոչ միայն «Արարատում», այլ նաեւ ԽՍՀՄ առաջնությանը մասնակցող այլ թիմերում:
Ուրախ ու եռանդով լի ֆուտբոլիստը նաեւ անկրկնելի ամուսին եւ հայր է եղել, որի համար ընտանիքը յուրահատուկ տեղ է ունեցել: Համլետ Մխիթարյանի մասին պատմող հոդվածաշարի այս մասում մեզ օգնելու են նրան բացահայտել կինն ու դուստրը՝ Մարինա Թաշչյանն ու Մոնիկա Մխիթարյանը:
Համլետին հիշելիս նրա ընտանիքի բոլոր անդամների աչքերը միշտ թաց են լինում
Համլետ Մխիթարյանն ապագա կնոջ՝ Մարինայի, հետ ծանոթացել է Ծաղկաձորում, որտեղ երկուսն էլ հանգստանալու էին գնացել: Մարինան այդ ժամանակ ընդամենը 15 տարեկան էր, ու իր հանգիստն էր վայելում ընկերուհու հետ: Ծաղկաձորում էր նաեւ Համլետը, այդ ժամանակ էլ տեղի ունեցավ նրանց առաջին հանդիպումը:
«Պարզվեց, որ նա ինձ ավելի շուտ էր նկատել, քանի որ մեր տներն իրարից հեռու չէին գտնվում: Ես իրենց կողքի բակ էի գնում, որտեղ պարապում էի ու պատրաստվում ինստիտուտ ընդունվել»,- հիշում է Մարինա Թաշչյանը:
Համլետ Մխիթարյանը կնոջ հետ
Լուսանկարը` Մարինա Թաշչյանի արխիվից
Սակայն Մարինայի ծնողները դեմ էին, որ նա կյանքը կապի ֆուտբոլիստի հետ, ու հիմնական պատճառն այն էր, որ Համլետը հաճախ էր հանդիպումների պատճառով բացակայում քաղաքից ու չէր կարողանա ընտանիքին բավականաչափ ժամանակ տրամադրել: Թեեւ, Մարինա Թաշչյանը նշում է, որ իր հայրը «Արարատի» մեծ երկրպագու էր ու թիմի բոլոր հանդիպումներին հետեւում էր, տնային խաղերի ժամանակ էլ պարտադիր ստադիոնում էր լինում:
«Հայրս շատ լավ գիտեր ֆուտբոլիստների զբաղվածությունը: «Արարատն» այդ ժամանակ մասնակցում էր ԽՍՀՄ-ի առաջնությանը, ու Համլետն իր թիմի հետ անընդհատ մեկնում էր տարբեր քաղաքներ: Բացի այդ էլ, բոլոր խաղերից առաջ իրենք Ձորաղբյուրի մարզաբազայում 3-4 օր հավաք էին անցկացնում: Հայրս դա ի նկատի ուներ, որ չէր ցանկանում ամուսնանաք»,- նշում է նա:
Բայց սիրահար զույգն այդքան հեշտ չէր պատրաստվում տեղի տալ, նրանց սերն ամեն ինչ հաղթահարեց: Մարինան պատմում է, որ միայն 5,5 տարի հանդիպելուց հետո ամուսնացան, քանի որ ինքն այդ ժամանակ դեռ փոքր էր, իսկ Համլետն իր կարիերայում շատ անելիքներ ուներ: Այդ տարիների ընթացքում նրանք իրար ավելի լավ ճանաչեցին, Համլետն իր մասին խոսել տվեց, որպես ֆուտբոլիստ՝ համալրեց «Արարատն» ու հիմնական կազմի խաղացող դարձավ, իսկ Մարինան ինստիտուտ ընդունվեց:
Մարինա Թաշչյանը
Լուսանկարը`Մեդիամաքս
/>
Տիկին Մարինան ամուսնու մասին պատմելու ընթացքում մի քանի անգամ հազիվ էր զսպում արցունքները: Նա ինքն էլ խոստովանեց, որ թեեւ ամուսնու մահից 18 տարի է անցել, բայց երբ տանը նրան հիշում են, թե իր, ու թե երեխաների աչքերը միշտ թաց են լինում. «Մինչեւ հիմա էլ Համլետին հիշելով միշտ պատկերացնում եմ, որ երջանիկ կինն այդպիսի ամուսին պետք է ունենա: Մենք միմյանց շատ ենք սիրել, յուրաքանչյուր կին կերազեր նման ամուսին ունենալ: Համլետը, որպես ամուսին, զավակ ու հայր շատ լավն է եղել»:
Համլետը հիմա էլ ուժի եւ ոգեշնչման աղբյուր է իր ընտանիքի համար
«Ես չգիտեի, որ ընտանիքն այսքան քաղցր բան է»,- ասել է Համլետը: Ու, իսկապես, ընտանիքը նրա համար ամեն ինչ էր, նա շատ ընտանեկան մարդ էր:
Համլետը տան միակ երեխան է եղել, ապրել է մոր հետ ու սեփական ընտանիքն ունենալուց հետո է զգացել դրա ողջ ջերմությունն ու կարեւորությունը:
«Երեխաների՝ Մոնիկայի ու Հենրիխի ծնվելուց հետո Համլետը միշտ ասում էր, որ երջանիկ է այսպիսի ընտանիք ունենալու համար: Նա փորձում էր ամեն ազատ վայրկյան երեխաների հետ անցկացնել, նրանց համար ամենաթանկ նվերներն էր գնում: Ինձ օգնում էր տան գործերում՝ երեխաներին էր լողացնում ու զբաղվում նրանց դասերով», - պատմում է Մարինա Թաշչյանը:
Հենրիխ եւ Մոնիկա Մխիթարյանները
Լուսանկարը`Մարինա Թաշչյանի արխիվից
Մոնիկան կարծում է, որ կյանքն անարդար է վարվել հոր հետ՝ շատ շուտ խլելով նրան իրենցից: Սակայն այդ կարճատեւ կյանքի ընթացքում էլ նա կարողացել է այնքան սեր եւ ուրախություն պարգեւել իր ընտանիքին, որը մինչեւ այսօր էլ ուժի եւ ոգեշնչման աղբյուր է նրա համար: «Հայրիկը շատ բարի ու կենսուրախ մարդ էր առօրյայում, իսկ աշխատանքում`անչափ նպատակասլաց: Այդ հատկանիշներն էլ ես փորձում եմ արտացոլել իմ կենսակերպում: Նա միշտ մեր հիշողության, սրտի ու հոգու մեջ է: Ես վստահ եմ, որ մեզ ինչ որ տեղից պահպանում եւ ուժ է տալիս»:
Մոնիկան բարի ու լուսավոր հիշողություններ ունի հոր հետ անցկացրած օրերից: Նա հիշում է, որ իրենք ընտանիքով շատ ժամանակ էին անցկացնում՝ զբոսնում, խաղում, լողում, ձկնորսության էին գնում ու հանդիպում ընկերների հետ: Նրանց ամենասիրված զբաղմունքներից մեկն էլ՝ ճանապարհորդությունն էր, երբ բոլորը միասին շրջագայում էին ոչ միայն Ֆրանսիայով, այլեւ Եվրոպայով:
Համլետ Մխիթարյանը երեխաների հետ
Լուսանկարը` Մարինա Թաշչյանի արխիվից
«Շատ էինք սիրում ընտանիքով ներկա լինել նրա հանդիպումներին: Հիշում եմ, որ ամեն խաղի ավարտին հայրիկին սպասում էինք հանդերձարանի ելքի մոտ, որտեղ հավաքվում էին նրա երկրպագուները: Հայրիկի դուրս գալուն պես երկրպագուները միահամուռ հնչեցնում էին նրա անունը: Դա շատ հաճելի զգացողություններ էր պարգեւում մեզ: Թանկագին եւ անփոխարինելի ժամանակներ էին, որոնք ընդմիշտ կմնան մեր հիշողություններում»,- ասում է Համլետ Մխիթարյանի դուստրը:
Համլետ Մխիթարյանի ընտանիքը շարունակում է կատարել նրա սկսած գործը
Համլետ Մխիթարյանի հիվանդությունն ի հայտ եկավ 1995 թվականին, երբ նա հանդես էր գալիս ֆրանսիական Իսսի-լե Մուլենոյի «Արարատ» ակումբում:
Համլետ Մխիթարյանը Ֆրանսիայում հանդես գալիս
Լուսանկարը` Մարինա Թաշչյանի արխիվից
Այդ ժամանակ նա հաճախակի էր գլխացավեր ունենում: Ընտանիքի անդամները կարծում էին, որ ցավերն առաջանում են մրսածության կամ էլ ճնշման պատճառով: Բայց գլխացավերը պարբերաբար դարձան, ինչի պատճառով էլ նա բուժզննում անցավ: Բժիշկները դեղեր նշանակեցին, որոնք ավելի վատացրին Մխիթարյանի վիճակը: Միայն դրանից հետո Համլետը լուրջ բժշկական հետազոտության ենթարկվեց ու հայտնի դարձավ նրա ախտանիշը: Սակայն սկզբնական շրջանում Համլետի հիվանդության մասին գիտեր միայն նրանց կնքամայրը:
«Միայն առաջին վիրահատությունից հետո ես իմացա, որ Համլետի ուղեղի վրա չարորակ ուռուցք կա: Հիվանդությունը տեւեց 1 տարի 4 ամիս, որից մեկ տարին մենք Ֆրանսիայում էինք՝ Փարիզ էինք տեղափոխվել: Նա երեք անգամ վիրահատվեց, բայց բժիշկն ինձ ասաց, որ հույս չկա, ու եթե մտադիր ենք հայրենիք վերադառնալ, ավելի լավ է հիմա գնանք, քանի դեռ Համլետը ոտքի վրա է: Ես գիտեի, թե ինչ ընթացքով է հիվանդությունը զարգանալու ու ինչ դժվարություններ են սպասվում», - պատմում է
Մարինա Թաշչյանը:
Կյանքի վերջին ամիսները Համլետն անցկացրել է տանը, որտեղ նրան խնամել է կինը: Երբ նա ծանր վիճակում էր, Մարինան երեխաներին իր ծնողների տուն էր ուղարկել, ու դուստրը նամակ էր գրել հորը. «Հայրիկ, ես քեզ շատ եմ սիրում, որովհետեւ դու ինձ երես ես տալիս: Հավատա Աստծուն ու կլավանաս»:
Մոնիկա Մխիթարյանի բացիկը` հայրիկի համար
Լուսանկարը` Մարինա Թաշչյանի արխիվից
Սակայն բոլոր վիրահատություներն ու բուժումներն ապարդյուն եղան, 1,5 ամիս կոմայում լինելուց հետո՝ 1996 թվականի մայիսի 6-ին 33 տարեկանում Համլետ Մխիթարյանը մահացավ:
Այդ ծանր կորստից հետո նրա ընտանիքի համար չափազանց դժվար էր շարունակել ապրել, բայց տիկին Մարինան ապացուցեց, որ ուժեղ կին է, նա կարողացավ իր երեխաներին ոտքի կանգնեցնել ու հասցնել իրենց նպատակներին:
«Նրա մահից հետո ինձ թվում էր, որ կյանքը կանգ է առել ու այլեւս չեմ կարող ապրել: Բայց երկու երեխա ունեի ու չէի կարող հանձնվել: Հանուն իմ երեխաների ուժերս հավաքեցի: Այդ ժամանակ ես 31 տարեկան էի, Մոնիկան՝ 10, իսկ Հենրիխը՝ 7: Հպարտ եմ, որ նման երեխաներ ունեմ, որոնք կարողացել են հաջողությունների հասնել»,- ասում է Թաշչյանը:
Մոնիկա Մխիթարյանը
Նկարը` անձնական արխիվից
Համլետ Մխիթարյանի ընտանիքն ամբողջովին ֆուտբոլային է դարձել ու շարունակում է կատարել նրա սկսած գործը: Դուստրը՝ Մոնիկան, ՈւԵՖԱ-ում է աշխատում, իսկ Հենրիխին ներկայացնելու կարիք չկա: Մարինան երկար տարիներ աշխատում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում:
Մարինայի նախաձեռնությամբ 1998 թվականից անցկացվում է Համլետ Մխիթարյանի հուշամրցաշարը, որտեղ տարիներ շարունակ իրենց ֆուտբոլային հմտություններն են ցուցադրում պատանի ֆուտբոլիստները:
Շարունակելի:
Հասմիկ Բաբայան
Գոհար Նալբանդյան
Նախագծի մտահղացումը` Արա Թադեւոսյանի:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: