Գեւորգ Եղիկյան. Քաղաքային գիտնականն ու դինամիկ զարգացումը - Mediamax.am

exclusive
17086 դիտում

Գեւորգ Եղիկյան. Քաղաքային գիտնականն ու դինամիկ զարգացումը


Գեւորգ Եղիկյանը
Գեւորգ Եղիկյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից


Բնագիտական միտքը փոքր տարիքից պտտվել է Գեւորգ Եղիկյանի գլխում, բայց գիտության հանդեպ սերն աճեցնելու, հղկելու եւ կենդանի պահելու գործում մեծ ազդեցություն են ունեցել երկու մարդ՝ աստղաֆիզիկոս հայրն ու մաթեմատիկայի ուսուցիչը։

Գեւորգի հայրը ԽՍՀՄ տարիներին աշխատել է Բյուրականի աստղադիտարանում ու Գառնիի աստղագիտության լաբորատորիայում, հոր հետ հետաքրքիր զրույցներն ու նրա գրադարանի գիտաֆանտաստիկ վեպերի ընթերցանությունը նպաստեցին լայնախոհ մտածողություն ձեւավորելուն։

Դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչն էլ, որի ղեկավարած օլիմպիական խմբակում Գեւորգը պատրաստվում էր օլիմպիադաների, սուր մաթեմատիկական միտք ուներ, նրա հետ ճանապարհը նույնքան հետաքրքիր էր եւ բովանդակ։  

«Անցել է արդեն 10 տարուց ավելի եւ ես հասցրել եմ ճանաչել եւ աշխատել բազմաթիվ հանճարեղ մարդկանց հետ, սակայն նա ոչ միայն առանձնահատուկ սուր մաթեմատիկական միտք ուներ, այլեւ՝ լինելով լավ մանկավարժ, իմ առաջ բացում էր մաթեմատիկան՝ որպես գեղեցիկը բացահայտելու եւ այն ստեղծելու դարբնոց։ Հիշում եմ՝ ինչ-որ պահից սկսած՝ ինձ բռնեցի այն մտքի վրա, որ մաթեմատիկայի խմբակ հաճախում եմ արդեն ոչ այնքան օլիմպիադայում հաղթելու, որքան ուսուցչիս ստեղծագործական աշխատանքին հետեւելու եւ նրանով հիանալու համար»,- պատմում է Գեւորգը։

Նախ՝ ճարտարապետությունն էր

Իմ մասնագիտական ճանապարհը ոլորաններով եւ անսպասելի շրջադարձերով լի է ստացվել։ Իմ ամենասիրելի գրականության՝ գիտաֆանտաստիկ վեպերում ինձ առաջին հերթին գրավում էր ապագա հասարակությունների ինստիտուցիոնալ, մշակութային եւ ֆիզիկական տարածությունների կազմակերպումն ու կառուցվածքավորումը։ Լավ գիտաֆանտաստիկ գրողը միջակից տարբերվում է նրանով, որ ստեղծագործելիս ապագայի այդ կառուցվածքավորումն իրականացնում է՝ շատ լավ պատկերացնելով հասարակությունների սոցիալական եւ տնտեսական իրական մեխանիկան։ Լավ գիտաֆանտաստիկ գրողը նաեւ լավ պատմաբան է, ինչպես նաեւ՝ լավ մարդաբան։ Ուստի բնագիտական հակումներ ու մտքի խստություն ունենալով հանդերձ՝ փոքրուց հրապուրված եմ եղել նաեւ սովորելով, թե ինչպես կարելի է հասկանալ եւ կազմակերպել հասարակական, մշակութային ու մեզ շրջապատող ֆիզիկական կառուցվածքները։

Այդպես, ի վերջո որոշեցի ճարտարապետություն սովորել եւ ընդունվեցի Երեւանի ճարտարապետության եւ շինարարության համալսարան։ Ճարտարապետության մեջ գիտելիքը ստեղծվում է ոչ թե ժամանակակից գիտությունների հիմքում ընկած գիտական մեթոդի, այլ հատուկ ճարտարապետական դիսկուրսների միջոցով։

Լուսանկարը` անձնական արխիվից


Դժվար որսալի դիսկուրսիվ այս մոտեցումն ինձ հետագայում թույլ կտա նկատել եւ ճանաչել արդեն բուն գիտական մեթոդի վրա հիմնված գիտությունների սահմաններն ու սահմանափակումները եւ, աճող միջդիսցիպլինար գիտելիքի այսօրվա պայմաններում, զգուշանալ դրանք անփութորեն անցնելու եւ խառնելու վտանգներից։

Այնուհետեւ՝ դեպի գիտություն տանող ճանապարհն էր

Ավարտելով բակալավրի ուսումը Հայաստանում՝ աշխատանքի հրավեր ստացա գերմանական խոշոր ճարտարապետական ընկերություններից մեկից եւ առանց վարանելու մեկնեցի։ Կենտրոնանալով հիմնականում քաղաքաշինական նախագծերի վրա՝ հասկացա, որ աշխարհում ամենաառաջադեմ քաղաքաշինական պլանավորման եւ նախագծային գիտելիքն ու պրակտիկան չունեն ֆունդամենտալ գիտական հիմք եւ հիմնականում արհեստների know-how-ին բնորոշ ձեւով են ստեղծվում ու փոխանցվում։ Սա ինձ տարօրինակ թվաց, քանի որ քաղաքաշինական որոշումներն ու լուծումները, ի տարբերություն ճարտարապետականի, տասնամյակներ եւ, երբեմն, հարյուրամյակներ ամենաուղիղ կերպով կազմակերպում են քաղաքային կյանքն ու կանխորոշում նրա զարգացումը։

Այսպես, շարունակում էի ուսումս մագիստրատուրայում ու մտածում՝ ինչպես միջուկային ֆիզիկոսն է ուսումնասիրում ատոմների կառուցվածքն ու հատկությունները, կամ, ասենք՝ միջատաբանի ուսումնասիրության առարկան է միջատը, ճիշտ նույնպես պետք է լինի «քաղաքային գիտնական», որը կուսումնասիրի քաղաքը՝ այն կազմող բազմաթիվ ֆիզիկական, տնտեսական, սոցիալական, լոգիստիկ, ինստիտուցիոնալ եւ այլ համակարգերի ու նրանց միջեւ փոխհարաբերությունների հետ միասին։ Հասկանում էի, որ այդ ուղղությամբ շարժվելու համար ինձ պակասում են կիրառական մաթեմատիկայի որոշ հմտություններ։ Իմ հիմնական մագիստրոսական ծրագրին զուգահեռ մեկ այլ համալսարանում ընդունվեցի մագիստրատուրա՝ կիրառական մաթեմատիկա եւ տվյալագիտություն մասնագիտությամբ, այնուհետեւ՝ արդեն Իտալիայում, ընդունվեցի ասպիրանտուրա եւ այդպիսով սկսեցի գիտական գործունեությունս։

Կանգառը՝ քաղաքային գիտություն

Պարզվեց՝ գոյություն ունի քաղաքը որպես բարդ համակարգ ուսումնասիրելուն միտված շատ երիտասարդ գիտական ուղղություն՝ Urban Science, որում եւ ես մասնագիտացել եմ։ Առավելապես զբաղվել եմ քաղաքային գիտության՝ Urban Science-ի մաս կազմող ճյուղով՝ քաղաքային մոբիլությամբ (urban mobility)։ Ըստ էության, սա գիտություն է այն մասին, թե ինչպես են մարդիկ, տրանսպորտային միջոցները, տնտեսական ակտիվությունը եւ քաղաքը կազմող այլ էլեմենտները շարժվում եւ դինամիկ զարգանում քաղաքում՝ ժամանակի եւ տարածության մեջ։

Լուսանկարը` անձնական արխիվից


Այս ոլորտում ստեղծվող գիտելիքը կարող է լինել ինչպես տեսական, օրինակ՝ քաղաքներում մարդկանց ամենօրյա շարժերը ենթարկվու՞մ են, արդյոք, որեւէ ընդհանուր օրինաչափության, որքա՞ն ընդհանուր է այդ օրինաչափությունը եւ հնարավո՞ր է, արդյոք, մաթեմատիկորեն մոդելավորել այն, այնպես էլ կիրառական․ պատկերացրեք՝ քաղաքում ձեռք եք բերել հողատարածք եւ այդտեղ պատրաստվում եք կառուցել առեւտրի կենտրոն կամ բնակելի շենք ու հարկավոր է գնահատել՝ կառուցվելուց հետո այդտեղ որքա՞ն մարդ կհաճախի, տրանսպորտային ենթակառուցվածքների վրա բեռը որքա՞ն կլինի, անշարժ գույքի շուկայի գները քաղաքի այդ հատվածում ինչպե՞ս կփոխվեն, եւ այլն։ Այս գիտելիքը միտված է նպաստել կարճաժամկետ (աղբահանություն կամ ձնամաքրման աշխատանքներ), միջնաժամկետ (տրանսպորտային համակարգեր) ու երկարաժամկետ (քաղաքի գլխավոր հատակագծի մշակում, քաղաքային կառավարում եւ պլանավորում) խնդիրների լուծմանը։

Քաղաքային գիտությունը բերելով դասական դաշտ

Այժմ աշխատում եմ Իտալիայի ազգային հետազոտությունների ինստիտուտում։ Քանի որ Urban Science-ը թափ է առել առավելապես վերջին տասնամյակներում ՝ մեծ տվյալների (big data)՝ բջջային օպերատորների, մեքենաների GPS, սմարթֆոնների հավելվածների գեոլոկացիոն, արբանյակային, ֆինանսական եւ քաղաքին առնչվող այլ տվյալների մասսայական արտադրության եւ հասանելիության շնորհիվ, այն որպես գիտական ուղղություն մինչ օրս ընթացել է ինդուկտիվ՝ մասնավորից ընդհանուրը փնտրելու ճանապարհով։

Այսինքն՝ սահմանափակ տարածքում, սահմանափակ ժամանակահատվածում քաղաքային որեւէ պրոցեսի մասին ունեցած տվյալների մշակման, անալիզի, վիճակագրական եւ մեքենայական ուսուցման մեթոդներով գտնում են օրինաչափություններ, եւ դրանք փորձում ընդհանրացնել այլ տարածքների կամ ժամանակահատվածների վրա։

Ես եւ իմ թիմն այս մոտեցումը համարում ենք թերի եւ ոչ հեռանկարային, կարծում ենք, որ Urban Science-ի արտադրած գիտելիքը պետք է բերել ավելի դասական՝ դեդուկտիվ՝ ընդհանուրից մասնավորին անցնելու դաշտ։ Այսինքն՝ փորձում ենք մշակել քաղաքը նկարագրող ավելի ընդգրկուն տեսություններ, որոնց կանխատեսումները կհաստատվեն կոնկրետ մասնավոր դեպքերում դիտվող տվյալներով։ Սա, իհարկե, շատ բարդ խնդիր է, քանի որ քաղաքը տնտեսական, տրանսպորտային, սոցիալական, քաղաքական, մշակութային եւ այլ կոմպոնենտներից բաղկացած բարդ փոխհարաբերություններով համակարգ է։

Գալով Հայաստանի խնդիրներին

Հայկական քաղաքաշինությունը, ավելի կոնկրետ՝ քաղաքաշինական նախագծային գիտելիքը, ինչպես եւ գիտելիքի մնացած գրեթե բոլոր ավանդույթները Հայաստանում, այժմ կանգնած է իսպառ վերացման վտանգի առաջ։ Ներկա համալսարանական ծրագրերն ու պրակտիկ նախագծային գործունեությունն այդ գիտելիքի ավանդույթը ոչ միայն չեն թարմացնում, այլեւ, նույնիսկ, կենդանի չեն պահում։

Լուսանկարը` անձնական արխիվից


Ինչ վերաբերվում է քաղաքային պլանավորման գիտելիքին, ապա այն Հայաստանում վաղուց վերացել է։ ԽՍՀՄ փլուզումից եւ շուկայական տնտեսական համակարգին անցումից հետո քաղաքաշինական նախագծերի «հեղինակը» ներդրողների ու պետական բյուրոկրատական ապարատի կառուցվածքային յուրօրինակ տանդեմն է դարձել՝ դուրս մղելով ճարտարապետ-քաղաքաշինարարին։ Խնդիրը առաջին հերթին քաղաքական է։ Քաղաքական կամքի առկայության եւ երկարաժամկետ լուծումների գնալու պատրաստակամության դեպքում՝ մեր առավելությունը կարող է լինել բյուրոկրատական համակարգի մեջ կամ դրան կից քաղաքային գիտություն - կիրառություն կապը ապահովող ալտերնատիվ, ճկուն կառույցների ստեղծման համեմատաբար դյուրին հնարավորությունը։ Զարգացած երկրներում գիտություն - կիրառություն կապի բացակայության համանման պայմաններում անհամեմատ ավելի դժվար է պատկերացնել այդ բանը։

«Բուժվելու» միջոցներ

Urban Science գիտության դերն ապագայի քաղաքների պլանավորման, նախագծման եւ կառավարման հարցում անկյունաքարային է լինելու։ Աշխարհի բոլոր քաղաքներն արդեն ուզում են դառնալ «խելացի», սակայն չգիտեն՝ ինչպե՞ս։ Այդ շուկան այժմ ահագնացող տեմպերով աճում է։ Եվ հենց այստեղ եմ տեսնում Հայաստանի՝ որպես այդ գիտելիքի ստեղծման, կուտակման, հղկման, եւ ամենակարեւորը՝ արտերկիր արտահանման կենտրոն դառնալու հնարավորությունը։ Դրան հասնելու համեմատաբար փոքր կապիտալ ներդրումներ եւ գիտության ու կրթության ֆինանսավորում պահանջող ճանապարհային քարտեզը հետեւյալն է․

•    Համապատասխան գիտակրթական ենթակառուցվածքների հիմնումը (փոքր ճկուն գիտական խմբեր, դրանց հետ փոխկապված ակադեմիական ծրագրեր) եւ դրա վերածումը միջազգային գիտակրթական կենտրոնի։ Մասնավորապես, այս տարվանից Հայաստանի Ամերիկյան համալսարանում վարելու եմ «տարածական տվյալագիտություն» եւ «քաղաքային տվյալագիտություն» համալսարանական նոր կուրսեր, որոնց հիման վրա նպատակ ունենք կառուցել առանձին ակադեմիական ծրագիր եւ ստեղծել գիտահետազոտական խումբ։

•    Քաղաքների տարածական պլանավորման, նախագծման, սոցիալական բնակարանաշինության, տրանսպորտային, տնտեսական, «խելացի» տեխնոլոգիաների ներդրման եւ այլ խնդիրների հետ կապված գիտահետազոտական եւ խորհրդատվական ծառայությունների տրամադրումը Երեւանին եւ աշխարհի այլ քաղաքներին։

•    Երեւանի եւ Հայաստանի այլ քաղաքների իշխանությունների հետ ճկուն համագործակցություն։ Ինչպես նշեցի, սա միանգամայն իրատեսական եւ աշխարհում «հաղթող» խաղաքարտ է մեր ձեռքում, քանի որ միայն այդպիսի համագործակցությունն է, որ քաղաքը կարող է «խելացի» դարձնել։ Հայաստանում, սովորաբար, որպես թերություն դիտարկվող բյուրոկրատական ոչ ֆորմալ հարաբերություններն այստեղ իրականում կարող են վերջինիս համար հզորագույն խթան ծառայել։
•    Գիտություն-կրթություն-քաղաքային իշխանություններ համագործակցության արդյունքների ներկայացումը միջազգային ցուցահանդեսներում, օրինակ՝ «խելացի քաղաքների» էքսպոներում։

•    Տեսական, կիրառական եւ ինստիտուցիոնալ գիտելիքի արտահանումը աշխարհի տարբեր քաղաքներ, օրինակ՝ վերջիններիս կառավարման օղակների՝ մեզ մոտ վերապատրաստում անցնելու միջոցով։

•    Գիտելիքի այդ կայացած էկոհամակարգում քաղաքի եւ բիզնեսների խնդիրների լուծման համար թվային լուծումներ ու պրոդուկտներ արտադրող կազմակերպությունների խթանում։

Անհրաժեշտ է գիտելիքի ինվենտարիզացիա

Մենք այս պահին տարբեր գիտական ոլորտներում գիտելիքի բազմաթիվ ավանդույթներ արդեն կորցրել ենք եւ շարունակում ենք կորցնել։ Նույնիսկ հայտնի չէ՝ ի՞նչ գիտելիք այս պահին կա երկրում։ Ուստի, առաջին հերթին, հարկավոր է գիտելիքի ինվենտարիզացիա, որպեսզի հնարավոր լինի հասկանալ՝ ո՞ր գիտական ավանդույթներն են մեզ մոտ դեռ կենդանի եւ ունեն խնամքի կարիք։

Խորհրդային գիտությունից ժառանգած այդ ավանդույթների գերակշիռ մեծամասնությունն ակնհայտորեն վերարտադրվող չէ։ Եվ ընդհանրապես, գիտության կազմակերպման ներկա ձեւը վերարտադրվող չէ։ Ուստի բազային եւ թեմատիկ ֆինանսավորումն ընդունելի ցուցանիշների հասցնելուց բացի, երկիրը վաղ թե ուշ ստիպված է լինելու թիրախային ոլորտների զարգացման մասին որոշում կայացնել։ 1990-ականների վերջին եւ 2000-ականների սկզբին Ռուսաստանի տարբեր համալսարաններում, մասնավորապես՝ Բաումանի ինստիտուտում կարող էիք հանդիպել միջուկային ֆիզիկայի կամ հրթիռաշինության բազմաթիվ պարսիկ ուսանողներ։ Իրանը ժամանակին այդպիսի թիրախային ոլորտներ զարգացնելու որոշում էր կայացրել, եւ այժմ ունի այդ գիտելիքի սեփական դարբնոցները։

Լուսանկարը` անձնական արխիվից


Խնդրի բարդությունը այդ թիրախային ոլորտների ընտրության մեջ է։ Ո՞ր ուղղությունները պետք է լինեն Հայաստանի համար թիրախային։ Կարո՞ղ ենք, արդյոք, գտնել այս հարցի պատասխանն ունեցող մարդկանց եւ ստեղծել այդ ոլորտների զարգացման համար անհրաժեշտ կենսունակ կազմակերպչական կառույցներ։

Ճկուն կառույցներ ունենալու հրամայականը

Սփյուռքի գիտական ներուժն է չափազանց կարեւոր, սակայն այդ գիտնականները բոլորովին այլ գիտական, սոցիալական, մշակութային եւ բյուրոկրատական ենթակառուցվածքներում են կայացել եւ աշխատում, եւ, նույնիսկ Հայաստան բերելու դեպքում, նրանց արդյունավետ օգտագործումը հեշտ չէ։ Ներկա ծանրաքարշ համակարգերին կից անհրաժեշտ են դրանք շրջանցող ճկուն կառույցներ, որոնք կծառայեն որպես հաղորդակցման խողովակներ՝ արտասահմանյան եւ հայկական գիտակրթական ենթակառուցվածքների միջեւ։

Հաճախ խոսվում է նաեւ Հայաստանից «ուղեղների արտահոսքի» մասին։ Սակայն Հարավային Եվրոպայի երկրներից, օրինակ՝ Հունաստանից, Իսպանիայից եւ Պորտուգալիայից ուղեղների արտահոսքը դեպի եվրատլանտյան գիտական կենտրոններ մեզ պես աղետալի ծավալների է հասնում։ Տարբերությունը նրանց ու մեր միջեւ այն է, որ այն գիտնականները, որոնք նշված երկրներում, այնուամենայնիվ, մնում են, ֆանտաստիկ ինտեգրված են միջազգային գիտական խմբերի, գրանտների եւ այլ ծրագրերի շրջանակներում, եւ ուստի մասնակցում են տվյալ ոլորտում համաշխարհային գիտելիքի ավանդույթի զարգացմանն ու այդ ամենը կենդանի են պահում սեփական երկրում։ Արտերկրում ապրող գիտնականներն այստեղ ահռելի անելիք ունեն։

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Գեւորգ Եղիկյանի արխիվից




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին