Լիլիթ Ներսիսյան. Կենսաինֆորմատիկան Հայաստանում հեքիաթ չէ - Mediamax.am

exclusive
27282 դիտում

Լիլիթ Ներսիսյան. Կենսաինֆորմատիկան Հայաստանում հեքիաթ չէ


Լիլիթ Ներսիսյանը
Լիլիթ Ներսիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիլիթ Ներսիսյանը
Լիլիթ Ներսիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիլիթ Ներսիսյանը
Լիլիթ Ներսիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիլիթ Ներսիսյանը
Լիլիթ Ներսիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիլիթ Ներսիսյանը
Լիլիթ Ներսիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիլիթ Ներսիսյանը
Լիլիթ Ներսիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիլիթ Ներսիսյանը
Լիլիթ Ներսիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիլիթ Ներսիսյանը
Լիլիթ Ներսիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը շարունակում է «Գիտամարդ» նախագիծը: Խորագիրը պատմում է այն մարդկանց մասին, ովքեր հասկացել են, որ իրենց կոչումը հետազոտող լինելն է եւ, չնայած բազմաթիվ դժվարություններին, որոշել են էներգիան, ներուժն ու ժամանակը ներդնել գիտության մեջ:

26-ամյա կենսաֆիզիկոս Լիլիթ Ներսիսյանը հետազոտում է մարդու գենոմն ու փորձում գտնել հիվանդությունների պատճառները: Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատողն արդեն հինգ տարի է` իր օրվա մեծ մասը նվիրել է գիտությանը, իսկ կյանքի մյուս բաղադրիչներին` շատ քիչ տեղ թողել:

Կալաշնիկովի ավտոմատից մինչեւ Կենսաբանության ֆակուլտետ

Լիլիթ Ներսիսյանի` գիտությամբ զբաղվելու ուղին դեռ փոքր հասակում գծեց բնության հանդեպ ունեցած սերն ու այն պահպանելու ցանկությունը:

«4-րդ դասարանում Ռուսաց լեզվի դասին խոսում էինք այն մասին, որ բնությունը պետք է պահպանել: Այնքան էի ոգեւորվել այդ զրույցից, որ որոշեցի` պետք է մեծանամ ու բնապահպան դառնամ: Որոշեցի դիմել ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետ, որպեսզի հետո կարողանամ շարունակել ինձ համար այդ պահին այդքան գրավիչ դարձած գործը: Թեպետ, հայրս ասում էր` բնությունը պաշտպանելու համար ավելի լավ է Կալաշնիկովի ավտոմատն ուսումնասիրես (ծիծաղում է-հեղ.): Սակայն, երբ արդեն պետք է ընտրեի, թե որտեղ բարձրագույն կրթություն ստանամ, ընտանիքս ինձ ամեն կերպ փորձում էր հետ պահել կենսաբանությունից»,- պատմում է Լիլիթը:

Ընտանիքը ցանկանում էր, որպեսզի դպրոցում լավ սովորող աղջիկը զբաղվեր տնտեսագիտությամբ, բժշկությամբ, ծրագրավորմամբ կամ արվեստի որեւէ բնագավառով, իսկ եթե ֆինանսական հնարավորությունները թույլ տան՝ իրավաբանությամբ:

Լիլիթ Ներսիսյանը Լիլիթ Ներսիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Մայրս ինձ նույնիսկ ֆակուլտետ տարավ, որպեսզի տեսնեմ, թե ինչ տխուր վիճակ է այնտեղ, բայց ես շեղվեցի այդ ժամանակի ընդունված ստանդարտներից եւ ընտրեցի կենսաֆիզիկոսի մասնագիտությունը: Սկզբում շատ ջանքեր եմ թափել, որ հենց կենսաֆիզիկայով առաջ գնամ: Մեկ ամիս դասերից հետո գնում էի Ֆիզիկայի ֆակուլտետ` հեռակա իրենց դասերին էլ էի նստում: Իհարկե, ինչ-որ չափով ինձ ճիշտ էին զգուշացնում, քանի որ շատ բարդ ուղի է: Ամեն դեպքում անցա այդ շրջանը եւ շատ կարեւոր էր, որ երկրորդ կուրսում գտա Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը: Սկզբում եկա լաբորատոր փորձ ձեռք բերելու: Առաջին երկու-երեք տարիները տարբեր լաբորատորիաներում կամավոր փորձեր էի անում: Առաջին փորձերս Մակրոմոլեկուլային համալիրների լաբորատորիայում էր (այժմ` Մարդու գենոմիկայի եւ իմունոմիկայի լաբորատորիա), hետո աշխատանքի անցա Իմունային կարգավորման խմբում»,- հիշում է երիտասարդ գիտաշխատողը:  

Հետազոտելով մարդու ողջ գենոմը եւ կոմպլեքս հիվանդությունները

2011թ.-ից Լիլիթը սկսեց զբաղվել կենսաինֆորամտիկայով, երբ հասկացավ, որ հետաքրքիր ուղղություն է, եւ Հայաստանում դրանով զբաղվելը հեշտ է, քանի որ հատուկ տեխնիկայի անհրաժեշտություն չկա. համակարգիչն ու ինտերնետ կապը բավարար են հետազոտությունների համար։ Արսեն Առաքելյանի ղեկավարությամբ բացեցին Կենսաինֆորմատիկայի խումբը:

Ինչպես բացատրում է Լիլիթը, Կենսաինֆորմատիկան համակարգչային մոտեցումներով վերլուծում է կենսաբանական տվյալները։ Կենսաբանական տվյալներից, օրինակ, մարդու ԴՆԹ-ն սեգմենտավորվում է, այսինքն` կարողանում են հասկանալ ԴՆԹ-ում տառերի հաջորդականությունը։ Կենսաբանական մեկ այլ տիպի տվյալ է այն, թե ինչպես է ԴՆԹ-ն աշխատում բջջում.՝արտադրվում են մոլեկուլներ ինչ-որ քանակով ու դրա շնորհիվ է, որ, օրինակ` մարդկանց բջիջները տարբերվում են իրարից։ Իսկ երբ այդ քանակները փոփոխվում են, դա կարող է բերել, օրինակ, որեւէ հիվանդության զարգացման։

«Նախկինում, երբ մարդիկ մեկ մոլեկուլ էին փորձում ուսումնասիրել, մուկ էին վերցնում, մոլեկուլն անջատում էին մկան մեջ, ու արդեն մկան հիվանդանալու/չհիվանդանալու փաստով եզրակացության գալիս: Բայց խնդիրն այն է, որ մոլեկուլները շատ են, եւ գուշակել, թե ո՞ր գենը կապ ունի հիվանդության հետ, դժվար է, իսկ փորձերի նման տարբերակը` ոչ արդյունավետ: Հիմա տեխնոլոգիաները զարգացել են եւ թույլ են տալիս մարդու ողջ գենոմը չափել: Այսինքն, ունենք ինֆորմացիան եւ այն ուսումնասիրում ենք ոչ թե հատ-հատ` ձեռքով, այլ համակարգչային մեթոդներով եւ ավտոմատացված»,- ասում է Լիլիթը:
Լիլիթ Ներսիսյանը Լիլիթ Ներսիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Խմբում, որտեղ աշխատում է Լիլիթ Ներսիսյանը, ուսումնասիրություններն անում են եւ իրենց մշակած մեթոդներով ու ծրագրերով, եւ այլ գիտական խմբերի կողմից մշակվածներն են կիրառում: Հիմնականում զբաղվում են մարդու կոմպլեքս հիվանդություններով, որոնք պայմանավորված չեն մեկ գենով, կապված են բազմաթիվ գործոնների հետ (քաղցկեղ, սրտանոթային հիվանդություններ, հատկապես ծերացման հետ կապված հիվանդություններ): Նոր ուղղություն է թելոմերների հետ կապված ուսումնասիրությունները: Թելոմերները մարդու ԴՆԹ-ների վերջավորություններն են, որոնք անընդհատ կարճանում են ու բերում ծերացման եւ ծերունական հիվանդությունների զարգացմանը:

«Հիմա փորձում ենք մշակել համակարգչային մեթոդներ, որպեսզի ուսումնասիրենք թելոմերներն ու ծերացման գործընթացների վերլուծություն կատարենք»,- ասում է նա:

Առեւտրայնացման հաջող փորձերը

Ընդամենը 5 տարեկան գիտական խումբն արդեն մի շարք հաջողություններ է գրանցել: Միջազգային համագործակցությունից զատ, Լիլիթ Ներսիսյանը կարեւորում է իրենց աշխատանքների առեւտրայնացումը: Բացի տեսական գիտությամբ զբաղվելուց, նաեւ կենսաինֆորմատիկայի տվյալների վերլուծության ծառայություն են տրամադրում:
Լիլիթ Ներսիսյանը Լիլիթ Ներսիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Շատ երկրներ, որոնք ունեն տեխնիկա եւ կարողանում են տվյալները գեներացնել, ունենում են աշխատուժի պակաս: Չկան մարդիկ, ովքեր կարող են այդ տվյալները վերլուծել եւ հաճախ օգտվում են արտասահմանցի մասնագետների ծառայություններից: Վերջերս մենք նույնպես պատվերներ ունեցանք: Հայաստանյան ծրագրավորման ընկերությունների հետ ենք նաեւ համագործակցում, որոնք նույնպես պատվերներ ունեն արտասահմանյան կենսատեխնոլոգիական ընկերություններից: Դեղագործական ընկերությունները, որոնք փորձում են դեղեր արտադրել, իրենց փորձերն անում են տարբեր բջիջների վրա: Այդ բջիջները հարկավոր է ուսումնասիրել, վերլուծել տվյալները,  որպեսզի դեղն արդյունավետ լինի: Կենսատեխնոլոգիական ընկերություններն, օրինակ, նոր չիպեր են արտադրում, որոնց դիզայնի համար հարկավոր է կենսաինֆորմատիկական վերլուծություն եւ ծրագրային փաթեթների ստեղծում: Հայաստանում հիմա, ցավոք, չկա որեւէ ընկերություն, որ մեզ դիմած լինի տվյալների վերլուծության համար: Մենք դեռևս պատվերներ ստանում ենք արտասահմանյան ընկերություններից»,- պատմում է գիտաշխատողը:

Կարծրատիպային ընկալումներով չկարծրացած խնդիրներ

Գիտության եւ հասարակության միջեւ կապը, ինչպես նկատում է Լիլիթը, դժվարությամբ է ստեղծվում, բայց իրենք ձեռքերը ծալած չեն նստում.

«Մենք ամեն կերպ փորձում ենք գիտություն-հասարակություն կապը ստեղծել տարբեր հարթակներում, խմբի կայքն ենք պատրաստել, դասեր ենք անցկացնում Ամերիկյան համալսարանում, ուսանողներին ներկայացնում ենք մեր ուղղությունը: Ուրախությամբ կարող եմ ասել, որ վերջերս շատ ուսանողներ են հետաքրքրվում մեր խմբով: Շաբաթը երկու անգամ քննարկումներ ենք անցկացնում, ուսանողները շատ հետաքրքրված են: Ես մեծ ներուժ եմ տեսնում»:

Նրա խոսքով, կրթական հաստատությունները շատ մեծ անելիք ունեն, որպեսզի աշակերտների մոտ հետաքրքրություն առաջացնեն, այնինչ հանրակրթական դպրոցներում նման քաղաքականություն չի տարվում: Ըստ Լիլիթի, հարկավոր է նաեւ բարեփոխել կրթական համակարգը.

«Խնդիրն այն է, որ երբ գնում ես դպրոց, եւ ապագա ուսանողներին գրավում ես դեպի այս ուղղությունը, հաջորդ հարցը լինում է` իսկ դպրոցն ավարտելուց հետո ո՞ւր գնանք: Կենսաինֆորմատիկայի լավ դպրոց Հայաստանում չկա: Սկզբի համար, երեւի պետք է այդ դպրոցի ուղղությամբ աշխատել, հետո արդեն աշակերտներին փորձել գրավել: Այլապես, իրենք էլ, մեզ նման, ստիպված կլինեն ինքնակրթությամբ զբաղվել: Կրթության որակի խնդիրը գլոբալ է. նախ կա ժամանակակից դասախոսների խնդիրը, ապա այն հարցը, թե ովքեր են ընդունվում սովորելու: Այս ֆակուլտետ եկող ուսանողները, որպես կանոն, Բժշկական համալսարանում մրցույթը չհաղթահարածներն են, ինչը նշանակում է, որ գիտակցաբար կատարված ընտրությամբ չեն եկել: Այսինքն` տարրական լավ կրթության բացակայության պայմաններում ինչքան էլ լավ դասախոս լինի, չի կարող այդ որակը ապահովել»:
Լիլիթ Ներսիսյանը Լիլիթ Ներսիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մյուս կողմից, կան շատերը, ովքեր, իսկապես, ուզում են հետագայում զբաղվել գիտությամբ, բայց ընտրություն կատարելիս գնում են մոդայիկ ուղղություններով: Եվ սա այն պատճառով, որ նրանք հասկանում են, որ եթե հետագայում ցանկանում են Հայաստանում մնալ, գումար վաստակել, գիտության ոլորտում դա հեշտ չի լինելու:

«Դա ճիշտ չէ: Դժվարությամբ, բայց հնարավոր է գիտությամբ զբաղվելով դրամաշնորհների միջոցով նորմալ գումարներ վաստակել: Իհարկե, դժվար է հատկապես արտասահմանյան դրամաշնորհներ ստանալը, ինչը մեծ ջանքեր է պահանջում: Գումար վաստակելու մյուս ուղղությունն առեւտրայնացնումն է, ինչպես նաեւ գիտությամբ զբաղվելուն զուգահեռ կրթական հաստատություններում դասավանդումը»,- ասում է Լիլիթը:

Հայաստանում, ըստ Լիլիթ Ներսիսյանի, կարծրատիպ կա, որ գիտությամբ զբաղվելը անհնարինության հասնող դժվար է: Ասում է` երբ մարդկանց պատմում է, որ ոգեւորված է իր ուսումնասիրություններով, իր գիտական խմբով, թերահավատորեն են արձագանքում:

Հայաստանյան առանձնահատկություններն ու ապագան

Հայաստանում գիտնականի աշխատանքը շատ է: Լիլիթը համեմատում է արտասահմանի հետ, եւ նկատում, որ այնտեղ ասպիրանտուրա ընդունված գիտնականը ստանում է նախագիծ եւ զբաղվում է միայն դրանով: Մինչդեռ Հայաստանում գիտաշխատողները ներգրավվում են գիտական խմբի բոլոր հնարավոր նախագծերում, փորձում են նոր ուսանողների հետաքրքրությունը գրավել` նրանց հետ անհատապես աշխատելով եւ ուղղությունը ներկայացնելով, գրում են դրամաշնորհային ծրագրեր, ներգրավված են ադմինիստրատիվ գործունեության մեջ: Այս ամենն ահռելի ժամանակ եւ ռեսուրս են խլում:

Այս ամենին զուգահեռ Լիլիթ Ներսիսյանը նշում է Հայաստանի առավելությունը.

«Այստեղ գիտաշխատողը, մինչեւ թոշակի գնալը գիտի, որ աշխատանք ունի ինստիտուտում, մինչդեռ Եվրոպայում, երբ գիտաշխատողն ավարտում է նախագիծը, դուրս է գալիս խմբից: Օրինակ` Գերմանիայում 40 տարեկանից հետո գիտնականին որեւէ նախագիծ չեն տալիս, եթե նա պրոֆեսոր չէ: Արտասահմանում տեսական գիտությամբ քիչ են զբաղվում: Կենսաինֆորմատիկայի ոլորտի բոլոր գիտաշխատողները գնում են արդյունաբերական ընկերություններում աշխատելու: Այս առումով եւս Հայաստանը հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ իրենք ունենում են մասնագետների պակաս, դրանից ելնելով էլ դիմում են մեզ` տվյալները վերլուծելու խնդրանքով»:
Լիլիթ Ներսիսյանը Լիլիթ Ներսիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երիտասարդ գիտաշխատողի խոսքով, Հայաստանում մյուս խնդիրն այն է, որ երբ ինստիտուտներում եւ գիտական խմբերում տեսնում են, որ մասնագետն արտասահմանում լրացուցիչ կրթություն չի ստացել, նրա որակներին թերահավատորեն են վերաբերվում: Սա խոչընդոտում է գիտաշխատողի` գիտական հաստատությունների հետ համագործակցությանը:

«Մեկ այլ խնդիր է այն, որ արտասահմանյան կոնֆերանսների մասնակցելու համար ֆինանսական դժվարություններ ենք ունենում: Մինչդեռ դրանք շատ կարեւոր են նոր ծանոթությունների, փորձի փոխանակման տեսանկյունից: Իսկ այստեղ մեր ուղղությունից կարող ենք խոսել միայն մեր խմբի անդամների հետ, ինչը կարող է ճահճացման բերել: Դժվարությամբ, բայց կարողանում ենք գոնե տարեկան մի քանի անգամ արտասահմանյան սեմինարների մասնակցել»,- ասում է Լիլիթը:

Գիտական խմբի եւ գիտական ուղղության անցած ճանապարհին հետհայացք գցելով` Լիլիթ Ներսիսյանն արձանագրում է, որ վիճակը տարեց տարի լավանում է. «Եթե ունենանք մարդկային ներուժ, շատ ավելի շատ բան կարող ենք անել: Եթե այս մակարդակը պահվի, հետաքրքրությունը մնա եւ նույն արագությամբ շարունակենք զարգանալ, ապա հնարավորությունները շատ են, որ Հայաստանում կենսաինֆորմատիկական ստարտափեր բացվեն: Այս ծառայությունների մատուցման ոլորտում ես մեծ ներուժ եմ տեսնում»:

Մարի Թարյան
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին