Մեծ սպորտի ապագա աստղերը. Գոռ Կարապետյան - Mediamax.am

exclusive
6185 դիտում

Մեծ սպորտի ապագա աստղերը. Գոռ Կարապետյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երկար ժամանակ Հայաստանը ձյուդո մարզաձեւից հաջողություններ չէր ունենում: Սակայն այս տարին բացառություն էր: Մի շարք մեդալներ կարողացավ նվաճել նաեւ երիտասարդ Գոռ Կարապետյանը:

Նա դարձավ առաջին հայ ձյուդոյիստը, որին հաջողվեց պատանեկան Աշխարհի առաջնությունում կանգնել պատվոհարթակի առաջին աստիճանին: «Մեծ սպորտի ապագա աստղերը» շարքն այսօր ներկայացնում է Գոռին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարզաձեւը՝ ձյուդո

Տարիքը՝ 17 տարեկան

Սովորում է՝ Երեւանի համար 114 դպրոցում եւ Օլիմպիական հերթափոխի քոլեջում

Սիրած առարկա՝ Հայոց լեզու, անգլերեն, Հայոց պատմություն

Ազատ ժամանակ՝ գրքեր է կարդում եւ ֆիլմեր դիտում

Սիրած ֆիլմ՝ «Ձախլիկը»

Անձնական մարզիչ՝ Վահե Թորոսյան

Մարզական կերպար՝ հավանում է վրացի Օլիմպիական չեմպիոն Լաշա Բեկաուրիի գոտեմարտելու ոճը

Տիտղոսները՝ Աշխարհի պատանիների չեմպիոն, պատանեկան ԵԱ-ի ու Եվրոպայի գավաթի արծաթե մեդալակիր, Օլիմպիական փառատոնի բրոնզե մեդալակիր, Հայաստանի բազմակի չեմպիոն

Նպատակը՝ Օլիմպիական ոսկուն հասնելն է

Լուսանկարը` Մեդիամաքս


Ճանապարհ դեպի սպորտ. Ինձ ու ընկերոջս դեպի ձյուդո ուղղորդել է նրա հայրը: Միասին գնացինք Մալաթիայի մարզադպրոց, իմ ընտանիքի հորդորների, խրատների շնորհիվ ես մնացի ձյուդոյում ու սկսեցի հաջողությունների հասնել:

Հիշում եմ առաջին մարզումս, երեւի 6 տարեկան էի: Առանց կիմանոյի ու մարզակոշիկների էի, մարզիչս՝ Վահե Թորոսյանը, սկսեց օգնել: Ես ֆիզիկապես ուժեղ երեխա էի, նա տեսավ, որ մարզումների ժամանակ կարողանում եմ շատ չընկնել, մյուսներին էլ գցել, հասկացավ, որ կարող եմ մնալ:

Կարգապահության սիրահարը. Այդ տարիքից սկսած սիրել եմ ձյուդոն, երբեք չեմ գնացել դահլիճ խաղալու համար, հենց սկզբից էլ պարապել եմ ու սկսել նպատակներ ունենալ:

Երեխա էի, բայց ինձ գրավում էր կարգապահությունը: Ձյուդոն հատուկ կանոններ ունի, բոլորը՝ ամենափոքրից մինչեւ ամենամեծ, դրանցով են շարժվում: Ընտանիքիս տված դաստիարակության շնորհիվ եմ հեշտությամբ համակերպվել խստությանը, չնկատել բարդությունները: Հետո արդեն ձյուդոն սկսեց ինձ կրթել ու դարձնել այսպիսին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարզչի դերը. Թե հավաքականի, թե անձնական մարզիչները մեծ եղբոր պես են, նրանք նվիրված աշխատում են ու անում ամեն ինչ, որպեսզի մենք հասնենք հաջողությունների: Եղել է դեպք, երբ ուզել եմ բացակայել, բայց հասկացել եմ, թե ինչպես կբարկանա մարզիչս ու գնացել եմ մարզման: Արդյունքում, մի նոր բան եմ սովորել ու ավելի լավացրել որակներս:

Ձյուդոյում ինձ գրավում են գցումները, տեխնիկան, ազարտը: Իմ տոհմում ոչ մի պրոֆեսիոնալ մարզիկ չի եղել, ես առաջինն եմ: Կարծում եմ, որ մարզիկ ծնվում են, բայց կայանալու եւ աճելու համար հարկավոր է շատ աշխատել:

Կարեւորը կամային լինելն է. Մարզիկի համար դժվարություն կարող են լինել ծանր պարապմունքների միջով անցնելը, ֆինանսական խնդիրները, բայց դրանք հաղթահարելի են: Առավել բարդ է հոգեբանական խնդիրը, որի հետ բոլորս էլ բախվում ենք:

Մարզիկը պետք է կամք ունենա, հակառակ դեպքում բոլորին անխտիր կուլ է գնալու: Իմ մեջ կամային որակները զարգացրել եմ տեսնելով հայրիկիս, մարզիչներիս, ընկերներիս փորձը, ովքեր շատ ուժեղ մարդիկ են: Երբեք չեմ մտածում հանձնվելու մասին: Լինում է, որ որոշում եմ դադար վերցնել ու այդտեղ էլ արտահայտվում է իմ պայքարող լինելը՝ միանգամից հաղթում եմ այդ մտքին ու կրկին շարունակում մարզվել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հաղթանակ ու պարտություն. Ելույթից առաջ ինձ տրամադրում եմ, որ մրցակիցս չի կարող այնքան ուժեղ լինել, որին հաղթելն անհնար է: Կան մարզիկներ, ովքեր մրցաշարից առաջ հայտարարում են, թե հաղթելու են: Ես երբեք չեմ բարձրաձայնում: Պետք է ինքնավստահությունը պահես քո մեջ, միեւնույն ժամանակ հանկարծ չմտածես պարտության մասին: Ամիսներով քեզ տրամադրում ես ու եթե հանկարծ մի քանի վայրկյան մտքովդ նման բան անցկացնես, իսկապես, կպարտվես: Մարզիկը պետք է պարտությունը ճիշտ տանի, իսկ հաղթանակից վեր չբարձրանա:

Մտածել ձյուդոյով. Իմ մտքերի, մտածելակերպի վրա ձյուդոյի ազդեցությունը մեծ է: Այլ կերպ չի էլ կարող լինել, եթե դու եւ քո մարզաձեւը տարբեր կերպ մտածեք, հաստատ հաջողություն չի լինի: Ձյուդոյում հաղթանակը շատ դժվար է տրվում, բայց կարող ես հասնել նաեւ շատ արագ: Ծայրահեղությունից ծայրահեղություն բաներ կան այստեղ՝ դառնում ես Օլիմպիական չեմպիոն, իսկ մյուս մրցումին առաջին գոտեմարտում պարտվում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հարգանքն ու ձյուդոյի գեղեցկությունը. Սպորտում ու նաեւ ձյուդոյում հարգանքը շատ կարեւոր է: Կապ չունի, թե որ երկրի ներկայացուցիչ է մրցակիցդ, պետք է հարգես նրան: Մեր մրցումների ժամանակ հավաքված մարդիկ մտածում ու շարժվում են ձյուդոյով, չես կարող վատ վարք ունենալ ու առանձնանալ բոլորից: Դա չափազանց տգեղ երեւույթ կլինի:

Ձյուդոյի գեղեցկությունը պայքարի մեջ է, երբ երկու հոգի որոշում են ուժեղին: Տրամադրվում եմ մինչեւ գոտեմարտը, իսկ երբ այն սկսվում է, լրիվ հանդարտվում եմ: Հենց առաջին բռնվածքից տեսնում եմ, թե ում հետ գործ ունեմ: Եթե ավելի թույլ է, հանգիստ եմ գործում, հավասարակշռված: Իսկ երբ ուժեղ է երեւում, ինձ ասում եմ, որ ծանր պայքար է սպասվում, հարկավոր է ուշադիր լինել ու գտնել թույլ կողմերը:

Ձյուդոն շատ արագ է, այստեղ ուղեղի աշխատանքն է կարեւոր, քո ամբողջ մարմինը պետք է աշխատի, հակառակ դեպքում կպարտվես: Իմ հասակակիցների համեմատ ֆիզիկապես ուժեղ եմ, բայց կարծում եմ, որ հոգեբանորեն ավելի լավ եմ պատրաստված:

Լուսանկարը` Մեդիամաքս


Նոր շունչ հայկական ձյուդոյում. Եղավ մի ժամանակ, երբ Հայաստանում ոչ ոք ձյուդոյին այլեւս չէր հավատում: Մենք լավ տղաներ ունեինք, ովքեր, ցավոք, չկարողացան հաջողությունների հասնել: Հիմա նոր շրջան է եկել, խոստումնալից մարզիկներ կան, մենք կարող ենք մոտ ապագայում մեծահասակների պայքարին միանալ ու նաեւ մեդալներ նվաճել:

Ֆեդերացիայի որոշմամբ տարբեր տարիքային թիմեր միասին հավաքներ են անցկացնում: Սա օգնում է նրանով, որ Հայաստանում ձյուդոյով մարզվողները քիչ են, իսկ համատեղ աշխատանքի ժամանակ շատ մրցակիցներ ենք ունենում եւ իրար օգնում: Օրինակ՝ այլ երկրների ձյուդոյիստը մեկ օրում 20-30 զույգ կարող է ունենալ, իսկ ես իմ դահլիճում 4-5 հոգի ունեմ:

Վերջերս նաեւ արտասահմանում ենք շատ մարզվում, ինչը շատ դրական ազդեցություն է ունենում, քանի որ աշխատում ենք դրսի ուժեղ մարզիկների հետ: Նաեւ դրա շնորհիվ իմ արդյունքներն այս տարի շատ լավ ստացվեցին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Դեպի հաղթանակներ. Հավաքականից հրավեր ստանալը մանկության երազանք էր, որն առաջին քայլն էր դեպի իմ նպատակները: Պատասխանատվության զգացումը մեծացավ, ավելի հավաքվեցի ու լրջացա: Հավաքականում պետք է քեզ դրսեւորես, գիտակցես, որ շանս է տրված ու պիտի ապացուցես, որ լավագույնն ես: Երբ արդեն տանում են մրցում, այդ ժամանակ էլ պետք է քո ուզած մեդալին ձգտես: Սպորտում անընդհատ նոր նպատակի կարիք կա, երբ ձգտում չունես, ոչ մի բան չի ստացվի:

Հաջող տարին. Եվրոպայի գավաթն առաջին մրցումն էր ու այդքան էլ պատրաստ չէի, դրա համար արծաթե մեդալակիր դարձա: Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում մեր քաշի առաջին համարին հաղթեցի, բայց եզրափակչում իմ սխալի պատճառով պարտվեցի: Հետո Օլիմպիական փառատոնին մասնակցեցի ու երրորդն էի: Աճս զգում էի, բայց առաջինը լինելու պահը չէր գալիս, մի բան անընդհատ խանգարում էր:

Աշխարհի առաջնությանը պատրաստվելիս ամեն ինչ կատարյալ էր, պարտվելն ինձ համար կարող էր ճակատագրական լինել: Եթե չստացվեր, ընկճվածությունը, ափսոսանքը շատ մեծ կլիներ, հնարավորությունը չէի կարող բաց թողնել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հաղթական եզրափակիչը. ԱԱ-ում դուրս եկա եզրափակիչ, որը դժվար ստացվեց: Շատ լուրջ էի տրամադրվել, ամեն մի շարժումը ուսումնասիրել էի, մարզիչների հետ որոշում կայացրել: Ես միշտ խաչ եմ պահում մոտս, աղոթեցի ու հանգիստ մտա տատամի: Սկզբում ընկա, բայց 20-30 վայրկյան հետո հետ բերեցի ու ավելի վստահ դարձա:

Գոտեմարտում էի այն մտքով, որ պարտվելն ամոթ է ու իմ քաշային կարգում ես պետք է չեմպիոն լինեմ: Զգացի, որ մրցակիցս հոգնել է, ոսկե գցման ժամանակ ուժերս հավաքեցի ու հաղթեցի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հուզմունքը չեմպիոն դառնալուց հետո. Չեմ կարող նկարագրել, թե ինչ ես զգում, երբ ապրում ես չեմպիոն լինելու հաճույքը: Հպարտ էի, որ անկախ ամեն ինչից՝ թե մեր երկրի խառը վիճակից, թե ձյուդոյում վաղուց մեդալի բացակայությունից, նման արդյունքի եմ հասել: Անչափ շատ էի հուզվել, չէի կարողանում հավաքվել ու պատվոհարթակին էլ դեռ այդ հուզմունքը չէր անցել: Մանկության երազանքներից մեկն այդ օրը կատարել էի:  

Հույս ունեմ, որ իմ ցույց տված արդյունքները երեխաներին կոգեւորեն, նրանց մեջ ձգտումը կմեծանա: Ես ամենաուրախ մարդը կլինեմ, եթե մի օր նրանք իրենց նվաճումներով գերազանցեն ինձ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Չբավարարվել ձեռքբերածով. Մարզիկն ամեն օր պայքարում է վնասվածքների դեմ, սակայն այդ ամենի վրա ես աչք եմ փակում, քանի որ ունեմ նպատակ ու հասկանում եմ, որ հասնելու եմ դրան: Սխալներ, միանշանակ, շատ ունեմ, բայց մարզիչներիս օգնությամբ դրանք հարթում եմ ու նոր բաներ սովորում:

2023-ին նոր տարիքային ու քաշային կարգ եմ տեղափոխվելու, ինչի պատճառով շատ-շատ դժվար է լինելու: Պետք է անցնեմ այդ ամենի միջով, պայքարեմ արդեն ավելի փորձառու մրցակիցների դեմ: Բայց բոլորովին չեմ անհանգստանում, քանի որ գիտեմ, որ կարող եմ: Ես չեմ բավարարվում ձեռքբերածով ու ձյուդոյում ավելիին հասնելու մեծ նպատակներ ունեմ:

Գոռ Կարապետյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին