2010 թվականին «Շանթ» հեռուստաընկերության եթերում մեկնարկել էր Hay Superstar շոուի հերթական սեզոնը: Այն նվիրված էր ռոք-երաժշտությանը, իսկ պրոդյուսերներն էին The Beatified Project խմբի երգիչ Անդրե Սիմոնյանը եւ Empyray խմբի ստեղնահար Գիսանե Պալյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս
Մարտի 26-ին եւ 27-ին Երեւանում պետք է կայանային Իէն Գիլանի երկու բարեգործական համերգները Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:
Մի օր՝ Hay Superstar հերթական թողարկումը նայելիս, մտածեցի, որ կարելի է մարտին հատուկ հաղորդում անել՝ նվիրված Deep Purple-ի երգերին եւ խնդրել Գիլանին 1-2 կատարել մասնակիցների հետ: Գաղափարի մասին պատմեցի «Շանթի» գլխավոր տնօրեն Արթուր Եզեկյանին, որը երեւի սկզբում կարծեց, որ կատակում եմ: Բնականաբար, Արթուրը «երկու ձեռքով» կողմ էր:

Լուսանկարը` Մեդիամաքս
Իէն Գիլանը եւս տվեց իր համաձայնությունը: Նրա մասնակցությունը Hay Superstar-ին պետք է անակնկալ լիներ մասնակիցների համար: Համենայնդեպս, ես, Արթուրը եւ երաժշտական պրոդյուսերները այդ գաղտնիքը «պինդ պահում» էինք:
Անդրեի եւ Գիսանեի հետ ընտրեցինք այն երգերը, որոնք պետք է կատարեին մասնակիցները:

Լուսանկարը` Մեդիամաքս
Որոշվեց, որ Սուրեն Առուստամյանը կկատարի Don't make me happy, Maybe I am a Leo եւ Walk երգերը, Ռաիսա Ավանեսյանը՝ Wasted Sunsets-ը, When a Blind Man Cries եւ Fingers to the bone, Իվետա Մուկուչյանը՝ Demon's Eye-ը, Լեւոն Ղամբարյանը՝ Anya-ն, իսկ Հունան Միրաքյանը՝ Haunted-ը:

Լուսանկարը` Մեդիամաքս
«Իէն Գիլանը՝ Hay Superstar-ի հատուկ հյուր» շոուն պետք է ուղիղ եթերում լիներ 2010 թվականի մարտի 28-ի երեկոյան: Առավոտյան, երբ գնացինք «Շանթի» տաղավար՝ «սաունդ-չեք» անելու, Գիլանն ասաց, որ, ցավոք, չի կարողանա երգել, քանի որ երկու համերգներից հետո ձայնը «նստել է»: Իհարկե, սկզբում մի քիչ տխրեցինք, բայց վստահ էին, որ միեւնույն է, հրաշալի երեկո է լինելու:
Երեկոյան տաղավարը լեփ-լեցուն էր. մոտ 150 մարդ էր հավաքվել՝ Մեդիամաքսի եւ «Շանթի» ընկերները:

Լուսանկարը` Մեդիամաքս
Շոուն տեւեց երկու ժամ եւ ողջ ընթացքում դահլիճում աննկարագրելի մթնոլորտ էր՝ միախառնված սեր, երջանկություն, կիրք, Գիլանն էլ հաճույքով վայելում էր երիտասարդների կատարումները:

Լուսանկարը` Մեդիամաքս
Ամենավերջում, երբ մասնակիցները սկսեցին կատարել Smoke on the Water-ը, Իէն Գիլանը չդիմացավ եւ վազելով դուրս եկավ բեմ՝ բոլորիս ոգեւորությունը հասցնելով գագաթնակետին:

Լուսանկարը` Մեդիամաքս
Արա Թադեւոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: