Գյուղական էսքիզներ. կնոջը թեւի տակ առած ամուսինը - Mediamax.am

exclusive
7411 դիտում

Գյուղական էսքիզներ. կնոջը թեւի տակ առած ամուսինը


Լուսանկարը` © Gagik Harutyunyan


2017 թվականին Երեւանում ցուցադրվում էին լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի գործերը: Մեդիամաքսի խնդրանքով Գագիկ Հարությունյանը պատմել է լուսանկարներից մի քանիսի ստեղծման պատմությունը:

«Այսօրվա գյուղը մի տեսակ էն գյուղը չի»,- ասում է Գագիկ Հարությունյանը՝ հիշելով պատանեկության տարիներին իր տեսած գյուղական միջավայրը: Ընկերներով Գառնի էին գնում, ավտոբուսի կանգառից 2-3 հարյուր մետր պիտի քայլեին:

Ճանապարհին հացի անուշ հոտը «փչում» էր: Մոտեցան, որ գնեն, գյուղացին զարմացավ. «Ի՞նչ ես ասում, ա´յ բալա, ի՞նչ գնել: Ուզո՞ւմ ես պանիր էլ բերեմ»: Հիմա, ասում է, քաղաքի բոլոր բացասական կողմերը մտել են գյուղ, ամեն ինչ վաճառվում է:

Բնականը ու չկեղծվածը փնտրող Գագիկ Հարությունյանը հաճախ գնում էր գյուղեր: Բեմադրված կադրերից խուսափող լուսանկարիչը մի անգամ չդիմացավ ու գյուղացի ամուսիններին խնդրեց դիրք ընդունել ֆոտոխցիկի առջեւ:

«Շամշադին չհասած՝ արոտավայրեր կային, գյուղացի մարդկանց հանդիպեցի՝ մի կին ավլում էր, մի մարդ նստել էր՝ մտքերով տարված, ամուսիններ էլ կային: Տեսա՝ նստարանը, սեղանը, քոթուկը, որ աթոռի դեր էր կատարում, տախտակներով աթոռ էին պատրաստել: Ամուսիններին խնդրեցի՝ եկեք, նստեք, ձեզ նկարեմ: Գյուղացի մարդիկ են իրենց ամբիցիաներով, պիտի հարմարվես: Ասացի՝ թեւդ գցի, գրկի կնոջդ: «Աաաա»,- արեց, արհամարհական վրաս նայելով կանգնեց, որ գնա, ասացի՝ լավ, նստի:

Խոսակցություն բացեցի, բայց զգում եմ, որ չի ստացվում: Մեկ էլ ավելի ծայրահեղ քայլի դիմեցի, ասացի՝ համբուրվեք, էլի՞: Էդ մարդը թողեց ու գնաց, բայց զգացի, որ կնոջը հաճելի էր իմ ասածը: Գնացի, թեւից բռնեցի, համոզեցի՝ արի նստի, չես ուզում, մի համբուրի, քո գործն է: Ես ավելին էի ուզում, բայց գոնե միջին վիճակ՝ թեւը ուսին գցած, կարողացա «պոկել»»:

Լուսինե Ղարիբյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին