Պրոֆեսոր Յազդիֆար. ԱԲ-ի զարգացումը ֆինանսիստների կարիերայի ավարտ չի նշանակում - Mediamax.am

exclusive
1678 դիտում

Պրոֆեսոր Յազդիֆար. ԱԲ-ի զարգացումը ֆինանսիստների կարիերայի ավարտ չի նշանակում


Լուսանկարը` City College

Լուսանկարը` City College

Լուսանկարը` City College


Արհեստական բանականությունը ստանձնում է մեխանիկական աշխատանքի կատարումը նաեւ ֆինանսների եւ տնտեսագիտության ոլորտում, ինչը ստիպում է  ֆինանսական մասնագետներին վերագնահատել իրենց դերը՝ շեշտադրելով ռազմավարական մտածողությունը, էթիկական վերահսկողությունն ու թվերի հետեւում թաքնվածը գլոբալ մարտահրավերների համատեքստում վերծանելու կարողությունը:

Այս փոփոխությունների մասին Մեդիամաքսը զրուցել է Բորնմութի համալսարանի (ՄԹ) հաշվապահության, ֆինանսների եւ տնտեսագիտության բաժնի ղեկավար, ինչպես նաեւ Համաեվրոպական Executive MBA ծրագրի «Ֆինանսական հաշվետվություն եւ կառավարչական հաշվապահություն» (FRMA) մոդուլի դասախոս պրոֆեսոր Հասան Յազդիֆարի հետ։

Յորքի համալսարանի եվրոպական կամպուս CITY College-ի եւ ֆրանսիական Ստրասբուրգի համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի համատեղ կրթական ծրագիրը հայաստանյան դիմորդներին հնարավորություն է ընձեռում ստանալու բարձրակարգ բրիտանական եւ եվրոպական կրթություն եւ երկու MBA դիպլոմներ Յորքի ու Ստրասբուրգի համալսարանից՝ շարունակելով ապրել, աշխատել եւ սովորել Հայաստանում։

Պրոֆեսոր Յազդիֆարի հետ զրուցել ենք նաեւ այն մասին, թե ինչպես է Executive MBA կրթական ծրագիրը օգնում մնալ մրցունակ ԱԲ-ի սրընթաց զարգացման պայմաններում:

- Թվային տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունը (ԱԲ) վերափոխում են մի շարք ոլորտների հիմնական գործընթացները: Ինչպե՞ս են այս զարգացումները ազդել տնտեսագիտության եւ ֆինանսների ոլորտի վրա վերջին տարիներին։

- Թվային տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունը ֆինանսների ու տնտեսագիտության ընկալման ու կիրառության մեջ առաջ են բերում պարադիգմի փոփոխություն: Ֆինանսների ոլորտում թվանշային փոխակերպումը ավտոմատացրել եւ արագացրել է գործարքների մշակումը, բարձրացրել է որոշումների կայացման ճշգրտությունը եւ հնարավորություն ստեղծել խելացի կանխատեսման գործիքների առաջացման համար: ԱԲ-ի հիման վրա աշխատող համակարգերն այժմ կարող են գնահատել վարկային ռիսկերը, կանխատեսել դրամական հոսքերի միտումները եւ իրական ժամանակում բացահայտել ֆինանսական խարդախությունները, այսինքն՝ այնպիսի գործառույթներ, որոնք ավանդաբար պահանջում էին մեծ մարդկային ռեսուրս եւ ոչ թե կանխարգելող բնույթ ունեինք, այլ ավելի շուտ արձագանք էին արդեն իսկ առկա վիճակին: 

Ինչ վերաբերում է տնտեսագիտության ոլորտին, ապա Մեծ տվյալների՝ Big data-ի եւ մեքենայական ուսուցման տարածումը տնտեսագետներին հնարավորություն է տվել ավելի մեծ ճշգրտությամբ մոդելավորել եւ վերլուծել մակրոտնտեսական փոփոխականները։ Քաղաքականության մոդելավորումը, որոնք նախկինում շաբաթներ էր խլում, այժմ կարելի է իրականացնել ժամերի ընթացքում՝ ներառելով վարքգծային տվյալներ, սպառողների տրամադրությունները եւ մատակարարման շղթայի վերլուծությունը։ Սկսած կենտրոնական բանկերից մինչեւ կորպորատիվ ֆինանսների բաժիններ՝ թվանշային նորարարությունն անցում է ապահովում հետահայաց վերլուծությունից դեպի կանխատեսող ու ուղղորդող մոտեցումներ։ 

Ի վերջո, ֆինանսներն ու տնտեսագիտությունը այլեւս պարզապես թվերի մասին չեն. դրանք խելացի համակարգերի մասին են, որոնք վերլուծում են բարդ տեղեկատվություն եւ աջակցում ռազմավարական ճկունությանը։

- Որպես փորձագետ, որը զբաղվում է ինչպես գիտական հետազոտություններով, այնպես էլ խորհրդատվությամբ, հատկապես ֆինանսների ոլորտում ԱԲ-ի կիրառության ի՞նչ օրինակներ եք նկատել, որոնք առավելագույնս ազդեցիկ են: 

- Ֆինանսական ոլորտի ինչպես ակադեմիական հետազոտություններում, այնպես էլ խորհրդատվական աշխատանքի ընթացքում ես հանդիպել եմ ԱԲ-ի կիրառության մի շարք օրինակներ, որոնք զգալիորեն բարելավում են ֆինանսական բաժնի կատարողականը։ Ամենաազդեցիկներից է ԱԲ-ի օգտագործումը կանխատեսվող դրամական հոսքերի կանխորոշիչ վերլուծություններում, ինչը կազմակերպություններին հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ եւ պրոակտիվ կերպով կառավարել լիկվիդայնությունը։ Պատմական տվյալների եւ շուկայի ցուցանիշների վերլուծության միջոցով՝ ԱԲ մոդելները կարող են նախoրոք նշել հավանական պակասուրդն ու հավելուրդը: 

Ուշագրավ է նաեւ ԱԲ-ի կիրառումը վարկային գնահատման գործընթացում, հատկապես զարգացող շուկաների դեպքում: ԱԲ-ի հիմքով գործող հարթակները կարող են գնահատել անձի վարկունակությունը՝ ներառելով ոչ ավանդական աղբյուրներ, օրինակ՝ բջջային հեռախոսի օգտագործման վերաբերյալ տվյալներ, կամ գործարքների պատմությունը: Այս կերպ հնարավոր է դառնում ֆինանսական հասանելիություն ապահովել այն անձանց եւ ՓՄՁ-ներին, որոնք այլ պարագայում կարող էին մնալ համակարգից դուրս։

ԱԲ-ն նաեւ հեղափոխում է խարդախության հայտնաբերումն ու կիբերանվտանգության ոլորտը։ Մեքենայական ուսուցման ալգորիթմները այժմ կարող են միլիոնավոր գործարքների մեջ վայրկյանների ընթացքում հայտնաբերել անոմալիաները՝ էականորեն նվազեցնելով ֆինանսական հանցագործությունների ռիսկը։

Ի լրումն թվարկվածի, ԱԲ-ի միջոցով հզորացված կառավարման վահանակները ֆինանսների ղեկավարներին հնարավորություն են տալիս վիզուալիզացնելու միտումները, հետեւելու KPI-ներին, եւ այդպիսով կայացնելու տվյալահեն որոշումներ: Այս հարթակները կապ են ստեղծում ֆինանսների եւ ռազմավարության միջեւ՝ CFO-ներին հնարավորություն տալով իրական ժամանակում արձագանքելու կատարողականի ցուցանիշներում, արտաքին ճնշումներում կամ շուկայի դինամիկայում տեղի ունեցող փոփոխություններին: 

- Այս ամենը հիանալի է եւ մեծ առաջընթացի մասին է խոսում, սակայն կան նաեւ ԱԲ-ի կիրառման մի շարք ռիսկեր: Ի՞նչ էթիկական մտահոգություններ են տեսնում Դուք ֆինանսական գործընթացներում ԱԲ-ով աշխատող գործիքների եւ համակարգերի ներդրման հետ: Ինչպե՞ս է պետք կառավարել այդ ռիսկերը։

- Թեեւ ԱԲ-ի ինտեգրումը ֆինանսական գործընթացներում զգալի առավելություններ է տալիս, այդուհանդերձ, այն զերծ չէ լուրջ ռիսկերից ու էթիկական մարտահրավերներից։ Ամենաճնշող մտահոգություններից են ալգորիթմիկ հակումները (անգլ.՝ algorithmic bias)։ Եթե ԱԲ համակարգերը վարժեցված են այնպիսի տվյալների վրա, որոնք արտացոլում են գոյություն ունեցող անհավասարությունները, այդ համակարգերը կարող են շարունակել կամ նույնիսկ խորացնել այդ կողմնակալ հակվածությունները՝ հանգեցնելով անարդար վարկավորման կամ խտրական ֆինանսական որոշումների։

Մեկ այլ խնդիր է ԱԲ մոդելներում թափանցիկության պակասը: ԱԲ գործիքներին հաճախ անվանում են «սեւ արկղեր»: Շատ ԱԲ համակարգերի որոշումների կայացման ձեւն այնպիսին է, որ մարդկանց համար դժվար է դրանք մեկնաբանել կամ վերահսկել, ինչն էլ առաջ է բերում հաշվետվողականության հետ կապված մտահոգություններ՝ հատկապես կարգավորվող ոլորտներում: 

Տվյալների անվտանգության եւ կիբերանվտանգության վերաբերյալ ռիսկերը մեծանում են, երբ ֆինանսական հաստատությունները ինտեգրում են մի քանի ԱԲ հարթակներ: Քանի որ մշակվում եւ պահվում են մեծ ծավալի զգայուն տվյալներ, տվյալների արտահոսքի կամ դրանց չարամիտ օգտագործման հավանականությունը մեծանում է։

Այս ռիսկերը կառավարելու համար կազմակերպությունները պետք է ներդնեն ամուր կառավարման մեխանիզմներ, որոնք ներառում են էթիկական վերահսկողություն, թափանցիկության չափանիշներ եւ ԱԲ համակարգերի պարբերական աուդիտներ։ Չափազանց կարեւոր է նաեւ պահպանել մարդկային վերահսկողությունը՝ հատկապես կարեւոր որոշումների կայացման դեպքում։ ԱԲ-ն պետք է աջակցի եւ ոչ թե փոխարինի մարդկային դատողությանը՝ ապահովելով, որ ֆինանսական նորարարության մեջ էթիկական նկատառումները մնան առաջնային։

- Արդյոք կա՞ն կոնկրետ ոլորտներ, որտեղ ընկերությունները այլեւս կարիք չեն ունենա ֆինանսական մասնագետների, եւ որտեղ արհեստական բանականությունը (ԱԲ) կարող է ամբողջությամբ փոխարինել մարդկանց։ Ինչպե՞ս է փոխվում ֆինանսիստների դերը այս համատեքստում։

- Իհարկե, ֆինանսների որոշակի ոլորտներում ԱԲ-ն արդեն այսօր կարող է կատարել առաջադրանքներ ավելի արագ եւ ճշգրիտ, քան մարդիկ։ Նման գործառույթներ են, օրինակ, հաշիվ-ապրանքագրերի մշակումը, աշխատավարձերի հաշվարկը, ծախսերի հսկումը եւ ցուցանիշների համադրումը։ Դրանք խիստ ստանդարտացված գործընթացներ են, որոնք զգալի օգուտ են ստանում հետեւողական ավտոմատացումից:

Այդուհանդերձ, ԱԲ-ի զարգացումն ամենեւին էլ չի նշանակում ֆինանսական մասնագետների կարիերայի ավարտ, փոխարենն այն ազդարարում է նրանց արժեքային առաջարկում փոփոխության մասին: Մեխանիկական առաջադրանքների կատարման փոխարեն՝ ֆինանսական մասնագետներից այժմ ակնկալվում է հավելյալ արժեք տալ վերլուծության, ռազմավարական մտածողության եւ էթիկական վերահսկման միջոցով: Նրանց դերն ընդլայնվել է՝ ներառելով ֆինանսական պատմությունների ներկայացում, ռազմավարական ռիսկերի վերլուծություն, սցենարային պլանավորում եւ գործարար համագործակցությունների ձեւավորում։

Լուսանկարը` City College


Կարելի է ասել, որ ֆինանսական գործառույթը համապատասխանեցման ու հաշվետվությունների կենտրոնից փոխակերպվում է ռազմավարական խորհրդատվական հանգույցի: Այսօրվա ֆինանսիստները պետք է կարողանան բարդ տվյալները վերածել գործարար գաղափարների, համագործակցաբար աշխատել օպերացիոն եւ մարքեթինգային թիմերի հետ, եւ ակտիվ դեր խաղալ կազմակերպության ապագան ձեւավորելու գործում։

- Այս նոր մարտահրավերները նոր հմտությունների անհրաժեշտություն են ստեղծում: Որո՞նք են ժամանակակից աշխարհում ֆինանսական մասնագետներին անհրաժեշտ այն հմտությունները, որոնք կօգնեն մնալ մրցունակ: 

- Այսօրվա ֆինանսական աշխարհում մրցունակ լինելու համար մասնագետները պետք է զարգացնեն տեխնիկական, վերլուծական եւ միջանձնային հմտությունների համադրություն։ Թվային գրագիտությունը դարձել է հիմնական պահանջ։ Ֆինանսիստները պետք է կարողանան ազատորեն աշխատել տվյալների վերլուծության գործիքներով, տվյալների վիզուալ ներկայացման ծրագրերով (օրինակ՝ Power BI կամ Tableau), ինչպես նաեւ գործարար հարթակներով, օրինակ՝ SAP կամ Oracle։ Շատ կարեւոր է նաեւ գոնե գաղափարական մակարդակով հասկանալ, թե ինչպես են աշխատում ԱԲ ալգորիթմները։

Բացի տեխնիկական հմտություններից, ֆինանսական մասնագետները պետք է զարգացնեն ռազմավարական մտածողություն. կարողանան գնահատել ֆինանսական որոշումների ազդեցությունը կազմակերպության գործունեության եւ կայունության վրա։ Սա ներառում է ֆինանսական տեղեկատվության վերլուծություն շուկայական միտումների, շահառուների ակնկալիքների եւ երկարաժամկետ արժեքի ստեղծման համատեքստում։

Էթիկան գիտակցվածությունը հավասարապես առանցքային է։ Քանի որ ֆինանսական համակարգերը դառնում են ավելի տվյալահեն, մասնագետները պետք է կարողանան բացահայտել ռիսկերը, քննադատորեն մոտենան ենթադրություններին եւ համոզվեն, որ որոշումները համապատասխանում են ինչպես իրավական, այնպես էլ բարոյական չափանիշներին։

Վերջապես, վերլուծությունների արդյունքում ստացված պատկերացումների հստակ ներկայացումը եւս առանցքային է: Ֆինանսիստները պետք է կարողանան բարդ տվյալները ներկայացնել որպես հասկանալի պատմություններ, որոնք ազդեցություն կունենան բարձրագույն ղեկավարության որոշումների վրա։ Տվյալների վերլուծության, քննադատական մտածողության եւ հաղորդակցության հմտությունների համադրությունն է ընկած ժամանակակից ֆինանսական առաջնորդի ձեւավորման հիմքում:

- Ինչպե՞ս պետք է ֆինանսների դասախոսները հարմարեցնեն իրենց դասավանդման մեթոդներն ու ծրագրերը՝ ուսանողներին ավելի լավ պատրաստելու համար տվյալահեն, տեխնոլոգիապես ինտեգրված բիզնես միջավայրին։ Անձամբ Դուք ինչպե՞ս եք դա իրականացնում City College-ի Համաեվրոպական Executive MBA-ի շրջանակում: 

- Ֆինանսների դասախոսները պետք է անցում կատարեն ավանդական բովանդակության փոխանցումից դեպի փորձառական եւ կիրառական ուսուցում, որը համապատասխանում է ժամանակակից բիզնես իրականությանը։ Սա նշանակում է կրթական ծրագրում ընդգրկել իրական տվյալներ, տեխնոլոգիական գործիքներ եւ միջառարկայական մտածողության:

Իմ դասավանդման մեջ, մասնավորապես Executive MBA ծրագրի «Ֆինանսական հաշվետվություն եւ կառավարման հաշվապահություն» (FRMA) մոդուլի շրջանակում, ես ընդգրկում եմ իրական դեպքեր, որոնք պահանջում են քննադատական մտածողություն եւ որոշումների կայացում անորոշության պայմաններում։ Առանցքային օրինակներից է Vodafone եւ Orange ընկերությունների համադրական ֆինանսական վերլուծությունը, որտեղ ուսանողները գնահատում են բազմամյա ֆինանսական հաշվետվությունները, կիրառում ոլորտին բնորոշ գործակիցներ եւ ներկայացնում ներդրումային առաջարկներ՝ հիմնված կատարողական տվյալների եւ ռազմավարական համատեքստի վրա։

Ես նաեւ ընդգրկում եմ տեխնոլոգիաներ ներառող ուսուցում՝ ֆինանսական մոդելավորման եւ ռազմավարական սցենարների պլանավորման վարժությունների միջոցով։ Այս մեթոդներն օգնում են ուսանողներին հասկանալ, թե ինչպես կարող է տեխնոլոգիան բարձրացնել մի կողմից հաշվետվությունների, մյուս կողմից՝ կառավարչական որոշումների որակը։ Առաջադրանքներն ու լսարանում քննարկումները ձեւավորվում եմ այնպես, որ արտացոլեն ժամանակակից բիզնեսի դժվարությունները՝ խրախուսելով ուսանողներին ֆինանսները դիտարկել ոչ թե որպես մեկուսացված գործառույթ, այլ բիզնեսի ռազմավարական շարժիչ ուժ։

Լուսանկարը` City College


Ամփոփելով ասեմ, որ ես իմ դերը տեսնում եմ ոչ միայն որպես ուսանողներին հաշվապահություն սովորեցնող անձ, այլ որպես նրանց նախապատրաստող՝ թվային աշխարհում ֆինանսների միջոցով առաջնորդելու: 

- Ի՞նչ խորհուրդ կտաք ֆինանսներ սովորող ուսանողներին կամ կարիերան նոր մեկնարկող մասնագետներին, որոնք ցանկանում են մնալ մրցունակ եւ հաջողության հասնել արագ փոփոխվող ֆինանսական աշխարհում։

- Իմ խորհուրդը կլինի հետեւյալ երեք կետով. եղեք հետաքրքրասեր, ճկուն եւ ակտիվ։ Ֆինանսների ոլորտը շատ արագ է զարգանում, եւ հաջողում են նրանք, ովքեր շարունակաբար սովորում են՝ լինի դա ֆորմալ կրթություն, դասընթացների մասնակցություն, թե տեխնոլոգիաների կիրառմամբ գործնական փորձ։

Կարիերայի սկզբում գտնվող մասնագետները պետք է ձգտեն հասկանալ ֆինանսական որոշումների հիմքում առկա ոչ միայն «ինչպես»-ը, այլեւ «ինչու»-ն ։ Դա նշանակում է ունենալ ավելի լայն պատկերացում բիզնես ռազմավարության, կայունության, թվային վերափոխման եւ շահառուների ակնկալիքների մասին։

Նրանք նաեւ պետք է ընդունեն միջառարկայական ուսուցման նշանակությունը՝ համատեղելով ֆինանսական գիտելիքները տեխնոլոգիայի, վարքագծային տնտեսագիտության եւ նույնիսկ էթիկայի հետ՝ ավելի լավ հասկանալու ֆինանսական վերլուծության իրական ազդեցությունները։

Ի վերջո, ես կխրախուսեի նրանց ստեղծել ուժեղ մասնագիտական կապեր, ներգրավվել մասնագիտական համայնքներում եւ գտնել մենթորներ, որոնք կոգեշնչեն եւ մարտահրավեր կնետեն նրանց մտածողությանը: Նրանք, ովքեր մշտապես փոփոխվող աշխարհում կկարողանան սովորել, հարմարվել եւ առաջնորդել, կձեւավորեն մասնագիտության ապագան։

- Առցանց կրթության տարածման պայմաններում, Ձեր կարծիքով, ի՞նչն է մնում որպես անփոխարինելի արժեք առկա կամ հիբրիդային ուսուցման մեջ՝ հատկապես CITY College-ի նման հաստատություններում։

- Առցանց կրթությունն ապահովում է անհամեմատելի ճկունություն, հասանելիություն եւ մասշտաբայնություն։ Սակայն կան ուսումնառության որոշ ասպեկտներ, որոնք առավել արդյունավետ են փոխանցվում առերես կամ հիբրիդային ձեւաչափով՝ հատկապես գործադիր կրթության պարագայում։

CITY College-ում առերես կամ հիբրիդային ուսուցումը խթանում է քննադատական մտածողությունը երկխոսության, ինքնաբուխ խնդիրների լուծման եւ տարբեր ոլորտներից ու մշակույթներից մասնագետների հայացքների փոխանակման միջոցով։ Այս կենդանի փոխագործակցությունները կառուցում են մասնագիտական ցանցեր, կասկածի տակ առնում ընդունված ենթադրությունները եւ զարգացնում են սոցիալական ուսուցումը, որը կարեւոր է առաջնորդության հմտությունների զարգացման համար:

Բացի այդ, մեր ուսանողները մեծապես օգտվում են իրական ժամանակում ստացվող հետադարձ կապից, մենթորությունից եւ խմբային համագործակցությունից, որոնք առավել արդյունավետ են, երբ իրականացվում են համատեղ միջավայրում։ Նման պայմաններում հնարավոր է մոդելավորել իրական որոշումների միջավայր, մասնակցել բանավեճերին եւ համատեղ մշակել լուծումներ, որոնք կարելի է անմիջապես կիրառել աշխատավայրում։

Թեեւ թվային գործիքները բարելավում են ուսուցման մատուցումը, կրթության մեջ մարդկային գործոնն անփոխարինելի է մնում՝ հատկապես այն ուսանողների համար, որոնք պատրաստվում են դառնալ առաջնորդներ բարդ եւ անկայուն միջավայրերում։

Պրոֆեսոր Հասան Յազդիֆարի հետ զրուցել է Գայանե Ենոքյանը




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին