Արհեստականով չփոխարինվող բանականությունը՝ ըստ պրոֆեսոր Բուրժեր-Հելմշենի - Mediamax.am

exclusive
281 դիտում

Արհեստականով չփոխարինվող բանականությունը՝ ըստ պրոֆեսոր Բուրժեր-Հելմշենի


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Արհեստական բանականությունը ներթափանցել է գրեթե բոլոր ոլորտներ եւ իր արագընթաց զարգացմամբ ստիպում է մտածել՝ ինչպե՞ս մնալ մրցունակ փոխակերպվող աշխարհում: Այս թեմայի շուրջ Մեդիամաքսը զրուցել է Ստրասբուրգի համալսարանի նորամուծությունների կառավարման պրոֆեսոր Թիերի Բուրժեր-Հելմշենի հետ, որը նաեւ Երեւանում իրականացվող Համաեվրոպական Executive MBA ծրագրի դասախոսներից է:

Յորքի համալսարանի եվրոպական կամպուս CITY College-ի եւ ֆրանսիական Ստրասբուրգի համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի համատեղ կրթական ծրագիրը հայաստանյան դիմորդներին հնարավորություն է ընձեռում ստանալու բարձրակարգ բրիտանական եւ եվրոպական կրթություն եւ երկու MBA դիպլոմներ Յորքի ու Ստրասբուրգի համալսարանից՝ շարունակելով ապրել, աշխատել եւ սովորել Հայաստանում:

Պրոֆեսոր Թիերի Բուրժեր-Հելմշենի հետ խոսել ենք կրթական գործընթացում արհեստական բանականության գործիքների կիրառումից եւ մարդուն հատուկ այն ունակություններից, որոնցից զուրկ են մարդաստեղծ մեքենաները:  

- Պրոֆեսոր, ցանկանում եմ մեր զրույցը սկսել մի հիմնաքարային հարցից. ո՞րն է կրթության առանցքային նպատակը: Կարծում եմ, որ դրա հիշատակումը կարեւոր է աշխարհում տեղի ունեցող արագընթաց փոփոխություններին ոլորտի պատշաճ արձագանքի եւ փոխակերպման համար:

- Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ, կրթության նպատակը գիտելիքի եւ կարողությունների փոխանցումն է մարդուն՝ որեւէ կոնկրետ իրավիճակ հասկանալու համար: Դա կարող է լինել, ընդհանուր առմամբ, աշխարհը հասկանալը, որը մեզ տալիս է ինչպես հանրակրթությունը, այնպես էլ համալսարանական կրթությունը, իսկ դրանից հետո, կախված արդեն մասնագիտական ոլորտից, կրթությունը տալիս է ավելի կոնկրետ գիտելիք եւ գործիքներ, որոնցում պետք է վարպետանալ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Կախված նրանից, թե մարդը որ աստիճանի վրա է կենտրոնանում, կրթությունը նրան կտա գիտելիք եւ կարողություններ հասկանալու իր միջավայրը եւ ավելի մասնագիտացված կերպով կփոխանցի այդ գործիքներն ու գիտելիքը՝ որեւէ կոնկրետ առաջադրանքում վարպետանալու համար:

- Ներկայումս բոլորովին նոր գործիքներ ունենք՝ հանձին արհեստական բանականությամբ աշխատող տարբեր համակարգերի: Տեսնում ենք, որ AI-ն ամբողջապես ներթափանցել է կրթական եւ աշխատանքային միջավայրեր: Ի՞նչ հմտություններ պետք է ունենա մարդը, որպեսզի կարողանա ճիշտ օգտագործել արհեստական բանականությունը, եւ ի՞նչ պոտենցիալ վտանգներ եք տեսնում հատկապես կրթական ոլորտում դրա չափից շատ կիրառման դեպքում:

- Այս հարցում ծուղակ կա եւ կարեւոր է ընդգծել, թե ինչու: Մեզանից յուրաքանչյուրը AI-ը տարբեր կերպ է օգտագործում՝ պայմանավորված սեփական հիմնային գիտելիքով: Ես ստացել եմ կրթություն, որտեղ թղթի վրա գրիչով գրելու շատ աշխատանք կար, նոր սերնդի կրթությունը ավելի շատ է միտված համակարգչով աշխատանքին, ուստի գիտելիքն ու հմտությունները AI գործիքներ օգտագործելիս միանգամայն տարբեր են՝ սկսած առաջադրանքների ձեւակերպումից մինչեւ արդյունքի ընկալումը:

AI-ը, վստահաբար, գործիք է, եւ այն ճիշտ օգտագործելու համար անհրաժեշտ է տեղեկատվությունը ճիշտ կարդալու եւ ընկալելու ունակություն: Թեեւ գործիքի կիրառությունը շատ պարզ է թվում, բայց պետք է այդ գործիքին մոտենալ նախնական գիտելիքով, այլապես ճիշտ չեք հասկանա, թե համակարգն ինչ է ասում, գլխի չեք ընկնի, որ դրանում կասկածելի տարրեր կան: Մարդը պետք է ունակ լինի քննելու պատասխանը եւ հետո, ի վերջո, վերահաստատելու այն, եւ սա է հիմնական բարդությունը: Այստեղից էլ գալիս ենք Ձեր հարցի երկրորդ մասին, ի՞նչ պոտենցիալ վտանգներ կան:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հիմնական վտանգն այն է, որ մարդիկ կարող են կուրորեն վստահել AI-ին՝ անընդունակ լինելով համակարգի տված պատասխանում տարբերակել ճշտի, ոչ այնքան ճշտի եւ միանգամայն կեղծի միջեւ: Սա մարտահրավեր է, որին մենք բախվում ենք մեր ուսանողների հետ:

- Կարո՞ղ ենք ընդհանրացնելով ասել, որ բարձրորակ կրթություն ստացած եւ ամուր հիմնային գիտելիք ունեցող անձինք ունակ են հաջողությամբ կիրառելու AI գործիքներն իրենց զարգացման եւ կարիերային աճի համար՝ զգալիորեն խնայելով ժամանակ եւ էներգիա, մինչդեռ նույն գործիքների կիրառումը կարող է խանգարել եւ գուցե նաեւ վտանգավոր լինել հիմնավոր կրթություն չստացած մարդկանց համար:

- Միանշանակ: Կարծում եմ, որ AI-ը մի շարք այլ համակարգչային ծրագրերի նման, չափազանց լավ է կարողանում կատարել բարդ, բայց կրկնվող առաջադրանքներ, որոնք հեշտությամբ կարելի է բաժանել ենթաառաջադրանքների: ChatGPT-ին կամ լեզվական AI-ի այլ մոդելները նմանատիպ հարցումների դեպքում լավ պատասխաններ են տալիս: Այդուհանդերձ, ընդարձակ տվյալային հենք ունեցող այդ մոդելները կարողանում են նաեւ նոր բովանդակություն գեներացնել, որին վստահել չի կարելի: Այդուհանդերձ, շատ ուսանողներ հակված են հեշտությամբ հավատալու այդ պատասխաններին:

- Կարծիք կա, որ այս նոր գործիքների ի հայտ գալով ֆորմալ կրթության կարեւորությունը նվազում է: Ես սա կարող եմ հասկանալ այն պարագայում, երբ խոսում ենք վատ կրթական հաստատությունների մասին, որոնք զուտ տեղեկատվություն են տրամադրում՝ առանց բավարար պրակտիկայի ու փորձի փոխանցման: Ի՞նչն է, որ շարունակում է կարեւոր մնալ բարձրորակ ֆորմալ կրթության պարագայում:

- Քննադատական մտածողությունը, որն անհրաժեշտ է գործիքների ճիշտ կիրառման համար, կարող է զարգացվել միայն բարձրակարգ կրթությամբ՝ կոնկրետ ոլորտներում մասնագիտական ուսուցման եւ շատ պրակտիկայի միջոցով:

AI-ից պատասխաններ ստանալ կարող է ցանկացածը, իսկ ինչու՞ հենց դու պետք է ստանձնես այդ աշխատանքը: Ո՞րն է քո բերած հավելյալ արժեքը: Ի՞նչ դու կտաս ընկերությանը կամ ընդհանուր հասարակությանը: Ահա այստեղ է քննադատական մտածողությունը խաղում իր առանցքային դերը:

Մեկ այլ հանգամանք է այն, որ շատ իրավիճակներում, հատկապես բիզնեսում կամ  բանակցություններում, հաղորդակցությունն իրականացվում է մարդը մարդու հետ: Դու չես կարող ընդհատել զրույցն ու AI-ից ճշտումներ անել, պետք է ներդնես քո սեփական գիտելիքը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Կարծում եմ, որ ամենաշատը տուժելու են միջին որակի դերերն ու միջակ կրթությունը: Մյուս կողմից, բարձր մակարդակում գտնվողներին էլ անհրաժեշտ է խորը, մասնագիտացված գիտելիք շատ կոնկրետ ոլորտներում: Նրանք պետք է լինեն կոնկրետ ոլորտի արտակարգ փորձագետներ եւ դրանով ավելացված արժեք ստեղծեն:

- Հետզհետե ավելի է տարածվում արհեստական բանականությամբ փոխարինվելու վախը: Ի՞նչ կարող են անել մասնագետները դրանից խուսափելու համար:

- Առաջին հերթին, կարճաժամկետ հեռանկարում նրանք չեն փոխարինվի արհեստական բանականությամբ. նրանք կփոխարինվեն այնպիսի մարդկանցով, որոնք արհեստական բանականության գործիքներն իրենցից ավելի արդյունավետ են կիրառում:

Ավելի երկարաժամկետ հեռանկարում դիտարկելիս ակնհայտ է, որ շատ մասնագիտական աշխատանքներ էականորեն կփոխվեն, ի հայտ կգան մի շարք նոր առաջադրանքներ եւ գործեր, որոնք մենք չենք անում այսօր զուտ որովհետեւ չունենք դրա ժամանակն ու ռեսուսրները: Հավանաբար, կփոխակերպվեն ոչ միայն ընկերությունների բիզնես մոդելները, այլ նաեւ հասարակության տնտեսական համակարգն ընդհանուր վերցված, սակայն դա շատ լայն քննարկում է:

- Մի կողմից մենք տեսնում ենք, որ արհեստական բանականությունը, ինչպես դուք էլ նշեցիք, շատ լավ է կարողանում կատարել այդ կրկնվող առաջադրանքները: Միեւնույն ժամանակ ավելի ուշադիր դիտարկելով այդ գործիքների աշխատանքը, հնարավոր է նկատել այն զուգորդական կապերը, որոնք բերում են այս կամ այն արդյունքը: Մարդու միտքը եւս աշխատում է զուգորդական կապերով, այդուհանդերձ, մարդ էակն ունակ է հաղթահարելու դրանք եւ տեսնելու այլը: Հակառակ դրան, արհեստական բանականությունը չի կարող մտածել այդ կապերից դուրս, քանի որ դա իր աշխատանքի մեխանիզմն է: Ի՞նչպես կարող են մարդիկ զարգացնել այն ունակությունները, որոնք զուտ մարդուն են հատուկ եւ չեն կարող ընդօրինակվել մեքենաների կողմից:

- Ես լիովին համաձայն եմ արհեստական բանականության եւ դրա աշխատանքի վերաբերյալ Ձեր տեսակետին։ Արհեստական բանականությունը հենքում գործում է հավանականությունների վրա․ երբ այն գեներացնում է որեւէ բառ, կանխատեսում է հաջորդը՝ հիմնվելով դրա հետ ունեցած ամենաբարձր հավանականությամբ զուգորդական կապի վրա։ Արհեստական բանականությունը խիստ կաղապարված համակարգ է, եւ նույնիսկ նրա ստեղծարարությունը հիմնված է կաղապարների վրա:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մենք՝ մարդիկս, եւս խիստ կաղապարված ենք գործում, սակայն ճիշտ պարապմունքների արդյունքում մենք զարգացնում ենք ստեղծարար լինելու ճիշտ պահը ճանաչելու կարողությունը: Մինչդեռ արհեստական բանականությունն այս ունակությունը չունի։ Այն կաґմ խիստ կանոնակարգված է, կաґմ պատահականորեն ստեղծարար, բայց անկարող է տարբերակել, թե երբ է անհրաժեշտ խստորեն հետեւել կանոններին, եւ երբ՝ նորարարական մոտեցում ցուցաբերել։

Այս մարդկային կարողությունը զարգացնելու համար բարձրորակ կրթություն ստացող ուսանողները նախ պետք է լիովին տիրապետեն հիմքերին։ Նույնիսկ եթե նրանք իրենց ամենօրյա աշխատանքում որոշակի կանոններ չեն կիրառում, դրանց կատարյալ իմացությունը թույլ է տալիս ճանաչել այն հատուկ պահը՝ գործընթացի, քննարկման կամ շփման ընթացքում, թե երբ է պետք տարբերվել եւ գործել այլ կերպ։

Նույնիսկ ամենաստեղծարար մարդիկ առանձնանում են ոչ ամեն ինչում եւ ոչ ամեն պահի: Նրանք պարզապես գտնում են ճիշտ ժամանակը եւ վայրը՝ այլ կերպ կիրառելու իրենց գիտելիքը որոշակի գործողություն որոշակի ձեւով իրականացնելու համար։

Լուսանկարը` Մեդիամաքս


Նույն սկզբունքը վերաբերում է կրթությանը, հատկապես MBA ուսանողների պարագայում։ Ամուր հիմքը նրանց հնարավորություն է տալիս լիարժեք հասկանալու անհրաժեշտ բոլոր տարրերը, իսկ իրենց ոլորտում՝ զարգացնել գիտակցվածությունը, որը կօգնի զգալ ստեղծարար լինելու ճիշտ պահը։

- Նշեցիք AI-ի ստեղծարարության մասին: Այն այսօր իրո՞ք կարողանում է ստեղծարար լինել:

- Կախված է նրանից, թե ինչ եք հասկանում ստեղծարարություն ասելով։ Եթե ստեղծարարությունը նշանակում է ինչ-որ նոր բան, ապա այո, արհեստական բանականությունը կարող է համարվել ստեղծարար, քանի որ այն ունակ է ստեղծելու ցանկացած կապ տարբեր հասկացությունների եւ բառերի միջեւ, ինչի արդյունքում անխուսափելիորեն առաջանում է ինչ-որ նոր բան։

Սակայն ստեղծարարությունը միայն նորություն չէ, այն պետք է նաեւ օգտակար լինի կոնկրետ համատեքստում։ Արհեստական բանականությունը չի կարող գնահատել այդ օգտակարությունը․ միայն մարդն է կարող որոշել՝ արդյոք այդ նոր բանը իրապես լուծու՞մ է կոնկրետ խնդիր, արդյոք կիրառելի՞ է կոնկրետ իրավիճակում։

- Դա լավ նորություն է:

- Եվ կարծում եմ, որ որոշ ժամանակ դեռ այդպես կմնա:

-Ինչպե՞ս է փոխվում դասավանդողի դերն այս նոր իրականությունում:

- Մեր աշխատանքի մեծ մասը մնում է նույնը՝ ուսանողներին ուղղորդել, որպեսզի նրանք հասկանան՝ ինչն է ճիշտ, եւ ինչը՝ ոչ։ Ինչ վերաբերում է արհեստական բանականությանը, ապա մենք պետք է սովորեցնենք ուսանողներին այդ գործիքի արդյունավետ կիրառությունը: Շատ առաջադրանքներ այսօր ներառում են AI-ի օգտագործում: Մենք գիտենք, որ ուսանողները, միեւնույն է, օգտվելու են դրանից: Նրանք կարող են անփույթ լինել գործիքի կիրառման մեջ, սխալներ գործել պատասխանները ներկայացնելու մոտեցման հարցում։ Մեր դերը հստակեցնելն է, թե երբ կարող է արհեստական բանականությունը օգտակար լինել, ինչպես կարող է օգտակար լինել, եւ երբ այն բանի պետք չէ:

- Խնդրում եմ մի քանի օրինակ բերեք Համաեվրոպական Executive MBA ծրագրի Ձեր դասերից:

- Իմ դասերում կան վարժություններ, որոնք սկսում ենք հիմքերից, երբ ուսանողները պետք է վստահեն միայն իրենց մտածողությանը եւ օգտագործեն միայն գրիչ ու թուղթ՝ առանց որեւէ այլ գործիքի: Դրանից հետո ես թույլ եմ տալիս օգտագործել համացանցը՝ տվյալներ հավաքելու համար: Երրորդ փուլում նրանց թույլատրվում է օգտագործել AI գործիքներ իրենց իսկ նախընտրությամբ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Վերջում մենք համեմատում ենք երեք պատասխանները, եւ հաճախ տեսնում ենք, որ ամենաավանդական, միջին մակարդակի լուծումները ստացվում են AI-ով աշխատելիս: Այն տրամադրում է միջին պատասխան, որն ընդունելի է, բայց լավագույն արդյունքի հասնում են այն թիմերը, որոնք ժամանակ են տրամադրում անձամբ մտածելուն՝ ի՞նչ կարող են ակնկալել, ի՞նչը կարող է այլ կերպ լինել, որտե՞ղ կարող են փոխել համակարգը՝ այն բարելավելու համար:

Մենք նախագծում ենք վարժություններ եւ փոխգործակցություն, որտեղ ուսանողներն անցնում են բոլոր երեք փուլերը տարբեր հաջորդականությամբ՝ կախված առաջադրանքից: Սա օգնում է նրանց հասկանալ, թե երբ է մեքենան ավելի լավ գործում, քան իրենք, եւ երբ կարող են իրենք էական դեր ունենալ:

Ես դասավանդում եմ ռազմավարական կառավարում: Մարտահրավերներից մեկը, որը տալիս եմ ուսանողներիս, հասկանալն է, թե ինչպես է գործում մրցակցի բիզնես մոդելը: Եթե դուք հարցնեք այդ մասին ChatGPT-ին կամ մեկ այլ AI գործիքի, դուք, անպայման, կստանաք պատասխան: Հարցն  այն է, թե որքան վստահելի է այդ պատասխանն ու ինչ տվյալներ են օգտագործվել մեքենայի կողմից այդ պատասխանը տրամադրելու համար:

Ես ասում եմ իմ ուսանողներին, որ թեեւ մեքենայի պատասխանը կարող է ճիշտ լինել, նրանք պետք է մտածեն. եթե նորից ձեւավորեն ավելի լավ բիզնես մոդել, որտե՞ղ պետք է փոխեն այն: Երբ հարցնում ենք ChatGPT-ին, թե որն է բիզնես մոդելի ամենակարեւոր բաղադրիչը, այն ամեն անգամ տարբեր պատասխաններ է տալիս: Այսպիսի ստեղծագործական վարժություններում AI-ը չունի կայունություն, եւ հենց այստեղ են իմ ուսանողները առանձնակի դեր ունենում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Արհեստական բանականությունը ստիպում է ուսանողներին տալ ավելի խորքային, ավելի բարդ հարցեր, քանի որ պարզ հարցերի պատասխաններն արդեն իսկ ստանում են մեքենայից: Այդտեղ էլ սկսվում է իրական քննարկումը, որի համար էլ ես սիրում եմ ուսանողներիս հետ աշխատանքը:

- Ի՞նչ այլ առավելություններ կարող եք նշել Համաեվրոպական Executive MBA-ի՝ համեմատելով այն այլ MBA ծրագրերի հետ:

- MBA-ը հետզհետե դառնում է դասական որակավորում եւ բազմաթիվ մրցակցող հաստատություններ առաջարկում են այն բոլորին։ Մեր ծրագիրը, սակայն, պահանջում է նշանակալի մասնագիտական փորձ, եւ մեր ուսանողների միջին տարիքը ավելի բարձր է, քան մյուս MBA ծրագրերում։ Սա ավելի մեծ արժեք է տալիս դասերի քննարկումներին երկու հիմնական պատճառով. առաջինը՝ ուսանողներն ավելի շատ փորձ ունեն եւ կարող են ներկայացնել ավելի ընդարձակ տեսանկյուն, իսկ երկրորդը՝ նրանք, հաճախ, ունեն խորը գիտելիքներ կոնկրետ իրավիճակների մասին։ Մեր գործը՝ որպես դասավանդողների, նրանց օգնելն է հասկանալ, թե ինչն է, որ աշխատում է տարբեր իրավիճակներում, ինչն է, որ կարելի է ընդհանրացնել, իսկ ինչն է, որ բնորոշ է միայն կոնկրետ երկրի կամ կոնկրետ ընկերության: Սա բանալի պահ է, երբ նույնիսկ ամենափորձառու ուսանողները հասկանում են, որ որոշ գործիքներ, որոնք նրանք արդյունավետ էին կարծում, իրականում լայնորեն կիրառելի չեն։

Իմ սիրելի մեկ այլ առանձնահատկություններից է ծրագրում ներառված բիզնես ուղեւորությունները, որոնց ժամանակ ուսանողները այցելում են տարբեր վայրեր եւ հաղորդակցվում այնպիսի մարդկանց հետ, որոնց հանդիպելու այլ առիթ չէին կարող ունենալ: Այս փորձառությունները, նույնիսկ եթե մշակութային տարբերությունները շատ մեծ չեն, ստիպում են ուսանողներին հարմարվել տվյալ միջավայրին եւ հաղորդակցվել ցուցաբերելով պրոֆեսիոնալիզմ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ինձ հատկապես դուր է գալիս մեր ծրագրի կառուցվածքը։ Առաջին տարվա ընթացքում ուսանողները ստանում են հիմքային գիտելիք, որն առանցքային է ամբողջ աշխարհի տարբեր մասնագետների հետ բիզնես հարցեր քննարկելու ունակության համար: Երկրորդ տարվա ընթացքում նրանք ընտրում են մասնագիտացում, որը թույլ է տալիս նրանց փորձագետ դառնալ կոնկրետ ոլորտում:

Ինձ համար ամենասիրելին թեզի պաշտպանությունն է, ինչը ոչ բոլոր MBA ծրագրերում է առկա: Այս փուլում ուսանողներին հնարավորություն է տրվում ընտրելու իրենց նախընտրած թեման եւ խորապես ուսումնասիրելու այն։ Նրանք բազում ժամեր են անցկացնում ուսուցիչների հետ՝ որպես մարզիչներ կամ մենթորներ՝ կենտրոնանալով հստակ ոլորտի վրա։ Այս երեք բաղադրիչները՝ ընդհանուր գիտելիքները, մասնագիտացումը եւ խորացված հետազոտությունը, իրական տարբերություն են ստեղծում MBA կրթական փորձառությունում:

- Ու՞մ խորհուրդ կտաք դիմել այս ծրագրին:

- Մեր կրթական ծրագիրը լավագույնս համապատասխանում է այն մասնագետներին, որոնք ներկայումս աշխատում են կազմակերպությունում եւ զգում են, որ իրենց ինչ-որ բան պակասում է: Դա կարող է լինել կառավարման կամ բիզնեսն ու տնտեսական միջավայրը խորությամբ հասկանալու հմտությունների տեսանկյունից: Կարող է լինել նաեւ ընկերությունում ավելի բարձր դիրք զբաղեցնելու կամ աշխատանքային գործընթացները կատարելագործելու ձգտում, ինչպես նաեւ գործունեությունը բոլորովին այլ ոլորտում շարունակելու ցանկություն: Վստահ եմ, որ այս երեք խմբերին պատկանող մարդիկ մեր ծրագրի միջոցով արժեքավոր գիտելիք եւ փորձ ձեռք կբերեն:  

Executive MBA համաեւրոպական ծրագրի հետ կապված հարցերով կարող եք զանգահարել +37493 909 349 համարով կամ գրել aghukasyan@york.citycollege.eu էլեկտրոնային հասցեին:

Պրոֆեսոր Բուրժեր-Հելմշենի հետ զրուցել է Գայանե Ենոքյանը




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին