Միշել Ռասկ․Երիտասարդ հայերը պետք է գիտակցեն իրենց տաղանդի ուժը - Mediamax.am

exclusive
4727 դիտում

Միշել Ռասկ․Երիտասարդ հայերը պետք է գիտակցեն իրենց տաղանդի ուժը


Միշել Ռասկը
Միշել Ռասկը

Լուսանկարը` Մեդիամաքս

Միշել Ռասկը
Միշել Ռասկը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ստեղծարար միտք»-ը (Creative Spark) Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող ծրագիր է, որի նպատակը ստեղծարար ձեռնարկատիրական կրթության զարգացումն է։ Մեդիամաքսը Բրիտանական խորհրդի հետ ներկայացնում է ծրագրի իրականացման ընթացքը։

Միշել Ռասկը Նորթամբրիայի համալսարանի Նյուքասլի բիզնես դպրոցի նորարարության եւ ձեռնարկատիրության առաջնորդության դոցենտ է: Նա Հայաստանում էր Բրիտանական խորհրդի եւ Հայաստանի Ամերիկյան համալսարանի հրավերով։

Ամերիկյան համալսարանում Միշել Ռասկի բաց դասախոսության թեման էր, թե ինչպես կարող են ձեռնարկատիրությամբ զբաղվողները ոգեշնչել բուհերին, պետական գերատեսչություններին, խոշոր ձեռնարկություններին եւ քաղաքացիական հասարակությանը՝ ստեղծելու եւ ներդնելու նոր էկոհամակարգեր։

Դասախոսությունից առաջ Միշել Ռասկը զրուցեց Մեդիամաքսի հետ։

- Ինչպե՞ս կարող ենք կատարելագործել ձեռնարկատիրությամբ զբաղվելու «հայկական» հավակնությունները։

- Անհրաժեշտ է զարգացնել վստահությունը սեփական կարողությունների նկատմամբ: Սա իմ երկրորդ այցն է Հայաստան։ Այստեղ եղել եմ նաեւ 20 տարի առաջ, եւ այն ժամանակ ունեցած տպավորություններս հիմա վերահաստատվել են։ Հայաստանում տեսնում եմ չափազանց խելացի մարդկանց, ինչը, կարծում եմ, պայմանավորված է մշակութային խորը առանձնահատկություններով։

Եթե այստեղ ապրող երիտասարդները գիտակցեն, թե որքան տաղանդավոր են, ավելի վստահ կաշխատեն բիզնեսներ զարգացնելու, հասարակական նոր խնդիրների համար նոր լուծումներ առաջարկելու ուղղությամբ։ Բայց դրա համար անհրաժեշտ է նաեւ կառավարության ըմբռնող քաղաքականությունը։

- Ո՞րն է ամենամեծ դասը, որ պետք է սովորեն Հայաստանում ապրող երիտասարդները՝ հաջողության հասնելու համար։

- Նախ, նրանք պետք է հաշվարկեն ռիսկերը, հետո ռիսկի գնան եւ փորձեն։ Նրանք պետք է հասկանան, որ ամեն ձեռնարկում չէ, որ հաջողություն կունենա, բայց երբ ձախողումը վրա հասնի, ամենակարեւորը կանգուն մնալն է լինելու։

- Արդյո՞ք դուք այս նույն դասն եք սովորել, երբ երիտասարդ էիք։ Թե՞ այն կարծիքին եք, որ տարբեր է ժամանակը, տարբեր է դասը։

- Ես ստեղծարար մարդ եմ, բայց ստեղծարար մարդիկ կարող են չափազանց վաղաժամ լինել իրենց գաղափարներով։

Իմ սովորած ամենակարեւոր դասն այն է, որ երբեմն վաղաժամ լինելը նույնքան վատ է, որքան ուշացած լինելը։ Այնպես որ, կարծում եմ, ավելի լավ է գրքեր կարդալ եւ հետո նոր բան ձեռնարկել։ Նաեւ հասկացել եմ, որ կյանքի ընթացքում խանդավառությունդ կարող է թուլանալ մարտահրավերների պատճառով։ Անկախ ամեն ինչից, չափազանց  կարեւոր է պահպանել խանդավառությունը, որովհետեւ այն ստեղծարարության աղբյուրն է։ Կարեւոր է ստեղծարար կյանքով ապրելը։

- Կարծես ինչ-որ մեկն իսկապես տպավորել է ձեզ, այո՞։

- Ես ունեի ուսուցիչներ, որոնք տպավորել են ինձ, բռնկել են արվեստի պատմության, Վերածննդի եւ մյուսներին ուսուցանելու հանդեպ ունեցած իմ սիրո կայծը։

Երիտասարդ ուսուցիչներին ես խորհուրդ եմ տալիս չթերագնահատել իրենց կարեւորությունը, քանի որ նրանք պատրաստվում են ազդեցություն ունենալ եւ ոգեւորել հաջորդ սերնդին։ Կան նաեւ գրքեր, որոնք խոր հետք են թողել իմ կյանքում։

- Կպատմե՞ք այդ գրքերի մասին։

- Ջարեդ Դայմոնդի՝ «Զենքեր, մանրէներ, պողպատ՝ 13․000 տարվա կարճ պատմություն բոլորի մասին» գիրքն այդ շարքից է։ Մարդկանց, լեզուների կրած փոփոխությունների եւ դրանց զարգացման մասին է։ Ես իսկապես շատ եմ սիրում այդ գիրքը։

Վերջերս ընթերցել եմ Սթիվեն Փինքերի՝ «Մեր բնության լավագույն հրեշտակները․ ինչո՞ւ է բռնությունը նվազել» գիրքը։ Թեեւ մենք կարծում ենք, որ չափազանց դաժան ենք, բայց իրականում ավելի պակաս դաժան չենք եղել պատմության ընթացքում, ինչը մեզ որոշակի հույս է տալիս։

Միշել Ռասկը Միշել Ռասկը

Լուսանկարը` Մեդիամաքս


Կուզեմ պատմել մի հրաշալի գրքի մասին, որն ինձ սովորեցրել է ապրել։ Այն կոչվում է «Մարդը փնտրում է իմաստ», հեղինակը Վիկտոր Ֆրանկլն է։ Նա հրեա էր համակենտրոնացման ճամբարում, որտեղ բացահայտեց, որ ճամբարում ողջ մնացածների եւ մահացածների միջեւ ամենամեծ եւ միակ տարբերությունը նպատակն էր։ Ողջ մնացածները նպատակ ունեին, եւ ամենեւին էլ կարեւոր չէր, թե  ինչ նպատակ էր դա՝ երկու խավարասերների մրցավազքին հետեւելը, թե Աստծուն հավատալը։ Ողջ մնալու հնարավորություն ունեին նրանք, ովքեր նպատակ ունեին։

- Ի՞նչ դեր են խաղում թվային տեխնոլոգիաները ձեռնարկատիրություն սովորելիս։

- Թվային տեխնոլոգիաները, մասնավորապես, մեքենայական ուսուցումը եւ արհեստական բանականությունը, սահմանելու են մեր ապագան։ Ովքեր հասկանում են դա, կդառնան ապագայի վարպետները։ Հայաստանը ծրագրային ապահովման, մշակման, մեքենայական ուսուցման եւ արհեստական բանականության լավ զգացողություն եւ նաեւ մեծ փորձ ունի։

Ինչու՞ է սա կարեւոր։ Մենք կարող ենք ընկալել եւ հասկանալ հսկայական տվյալներ եւ հասկանալ, թե ուր ենք գնում։ Այս զարգացումը մեզ կազատի աշխարհիկ խնդիրներից։

Բայց, ինչպես ասում են, ամեն բան իր բացասական կողմն ունի։ Այս նոր միտումները կարող են թթվածին դառնալ այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են դրանք օգտագործել վատ նպատակներով:

- Ի՞նչ պետք է անեն հայերը՝ ձեռնարկատիրական միջավայրը զարգացնելու համար։

- Հայերը շատ ձեռներեց են։ Նրանք խելացի են, ստեղծարար, խորը մշակույթ ունեն։

Դուք պետք է ձգտեք բավականաչափ մարդկանց ներգրավվել այդ գործընթացում, եւ այն կդառնա նախադեպ մյուսների համար։ Սա մի գործ չէ, որով պետք է զբաղվի միայն կառավարությունը։

Ես կարծում եմ, որ հաջողության գաղտնիքը հայկական սփյուռքն է։ Մարդիկ նրանք գաղթել են Ավստրալիա, Ամերիկա եւ այլուր, սակայն այս երկրի հանդեպ մեծ հավատարմություն են պահպանել: Դուք պետք է հայացքն ուղղեք Սփյուռքին, աշխատեք որպեսզի նրանք վերադառնան եւ զարգացնեն իրենց հայրենիքը։

Միշել Ռասկի հետ զրուցել է Լուսին Մկրտչյանը
 
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

 «Ստեղծարար միտք»-ը (Creative Spark) հնգամյա նախաձեռնություն է, որը նպատակ ունի նպաստել ստեղծարար ձեռնարկատիրական կրթության զարգացմանը՝ աջակցելով այս ոլորտում Միացյալ Թագավորության եւ ծրագրի մասնակից յոթ երկրի, ներառյալ Հայաստանի ուսումնական հաստատությունների միջեւ միջազգային համագործակցության ձեւավորմանը: Ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի կողմից Ղազախստանում, Ուզբեկստանում, Ղրղըզստանում, Ադրբեջանում, Հայաստանում,  Վրաստանում եւ Ուկրաինայում:
 
Առաջին տարում ծրագրի հաջողությունից հետո Բրիտանական խորհուրդն ազդարարել է 12 միջազգային նոր գործընկերություն ֆինանսավորելու հնարավորության մասին: Յուրաքանչյուր գործընկերության կտրամադրվի մինչեւ 40 000 բրիտանական ֆունտ գումարի չափով դրամաշնորհ: 
 
Ֆինանսավորման հայտերն ընդունվում են 2019 թ. ապրիլի 1-ից մինչեւ մայիսի 12-ը:
 
Դիմել կարելի է այս հղումով:

«Ստեղծարար միտք» նախագծին նվիրված հրապարակումների շարքն իրականացվում է Բրիտանական խորհրդի աջակցությամբ: 




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին