«Ստեղծարար միտք»-ը (Creative Spark) Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող ծրագիր է, որի նպատակը ստեղծարար ձեռնարկատիրական կրթության զարգացումն է։ Մեդիամաքսը Բրիտանական խորհրդի հետ ներկայացնում է ծրագրի իրականացման ընթացքը։
Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացվում է «Պատրաստվիր նորարարության, Հայաստան» նախագիծը, որի նպատակների մասին պատմել է ծրագրի ղեկավար Արման Առաքելյանը։
Նախագծի մասին
Նախագծի ամբողջական անվանումն է՝ «Ստեղծարար միտք. Պատրաստվիր նորարարության, Հայաստան»։ Ամերիկյան համալսարանը ծրագրին դիմել է Մեծ Բրիտանիայի Նորթամբրիայի համալսարանի (Northumbria University) դիզայնի դպրոցի հետ համատեղ: Այս գործակցությունը նոր չէ, բրիտանացի պրոֆեսորներից մեկի հետ ՀԱՀ-ը գործակցում է դեռեւս 2012-ից։
Լուսանկարը` Մեդիամաքս
Ծրագրի հիմնական նպատակը՝ «դիզայն մտածելակերպով» իրականացվող նորարարությունների ստեղծման՝ գործնական գիտելիքների փոխանցումն է։
Այն Նորթամբրիայի համալսարանը մշակել եւ իրականացնում է 2009-ից։
«Դիզայն մտածելակերպը»
«Դիզայն մտածելակերպ» («Design Thinking») ասելիս, թվում է, թե այն վերաբերում է միայն դիզայներներին, կամ էլ ոճաբաններին։
Լուսանկարը` Մեդիամաքս
Իրականում, «դիզայն մտածելակերպ»-ը վերջին մի քանի տարում թրենդային դարձած մտածողության տեսակ է, որը փորձարկել եւ կիրառել են արվեստի, գրականության, երաժշտության, գիտության, տեխնիկայի, բիզնես ոլորտի բոլոր հանճարեղ ու հայտնի դեմքերը։
«Դիզայներական մտածելակերպը» սովորեցնում եւ օգնում է համակարգել մտքերը, սովորել եւ փորձել նորարարություններ, կիրառել այդ ամենը, երբ ստեղծագործական գործընթացներում, կյանքում եւ նույնիսկ քաղաքական որոշումներ կայացնելիս անհրաժեշտ են նորարարական լուծումներ։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Դիզայն մտածելակերպի» քաղաքականությունն ու մեթոդաբանությունն է կիրառվում Apple, Google, Samsung and GE ընկերություններում։ Այն պարտադիր դասավանդվող առարկա է Սթենֆորդի, Հարվարդի եւ Նորթամբրիայի համալսարաններում։
Մի քանի ուղղություն
Առաջինը ստարտափերով զբաղվող մարդկանց հետ աշխատանքն է։ Նրանք ճարտարապետներ են, երաժիշտներ, քանդակագործներ, արվեստի ներկայացուցիչներ։ Ծրագիրը բացատրում է, թե ինչպես կարող են իրենց ստեղծագործ մտքերը վերածել ստեղծարար ոլորտի ստարտափերի։
Լուսանկարը` Մեդիամաքս
Մասնակիցները նախ սովորում են պլանավորել քայլերի հաջորդականությունը, հետո պարզեցնում են անելիքները, մշակում քաղաքականությունը։ Գործնական բոլոր առաջադրանքներում կիրառվում է Նորթամբրիայի համալսարանի մշակած կրթական մոդելը։
Երկրորդ ուղղությունն աշխատանքն է դասընթացավարների հետ։
Դասընթացավարները
Ծրագրով նախատեսված են հանդիպումներ Նորթամբրիայի համալսարանի դասախոս-պրոֆեսորների հետ։ Սեմինար-դասախոսությունների շարք են անցկացրել «դիզայն-մտածողության» առաջատար մասնագետներ Նիք Սփենսերը եւ Նիլ Սմիֆը։
Վերջերս համալսարանում էր ոլորտի լավագույն մասնագետ Միշել Ռասքը (Michele Rusk)։ Նա աշխատել է Նիդեռլանդների, Անգլիայի եւ Իռլանդիայի կառավարությունների հետ։
Լուսանկարը` Մեդիամաքս
Ամերիկյան համալսարանում Միշելը ուսուցանում է «Քաղաքականությունների մշակման դիզայն մտածողություն»-ը։ Նրա դասընթացի մասնակիցները կրթության եւ գիտության նախարարությունից են՝ վարչության պետեր եւ գլխավոր մասնագետներ։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Այս մասնագետներն անմիջական մասնակցություն ունեն կրթական քաղաքականության մշակման գործում: Աշխատարանի ամենամեծ ներդրումը կարող է դառնալ այն, որ մեր ապագա կրթական քաղաքականությունը լինի շատ ավելի մարդակենտրոն եւ ավելի շատ հաշվի առնի «մարդկային» խնդիրները», - կարծում է ծրագրի ղեկավար Արման Առաքելյանը։
«Ստեղծարար միտք»-ը (Creative Spark) հնգամյա նախաձեռնություն է, որը նպատակ ունի նպաստել ստեղծարար ձեռնարկատիրական կրթության զարգացմանը՝ աջակցելով այս ոլորտում Միացյալ Թագավորության եւ ծրագրի մասնակից յոթ երկրի, ներառյալ Հայաստանի ուսումնական հաստատությունների միջեւ միջազգային համագործակցության ձեւավորմանը: Ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի կողմից Ղազախստանում, Ուզբեկստանում, Ղրղըզստանում, Ադրբեջանում, Հայաստանում, Վրաստանում եւ Ուկրաինայում:
Առաջին տարում ծրագրի հաջողությունից հետո Բրիտանական խորհուրդն ազդարարել է 12 միջազգային նոր գործընկերություն ֆինանսավորելու հնարավորության մասին: Յուրաքանչյուր գործընկերության կտրամադրվի մինչեւ 40 000 բրիտանական ֆունտ գումարի չափով դրամաշնորհ:
Ֆինանսավորման հայտերն ընդունվում են 2019 թ. ապրիլի 1-ից մինչեւ մայիսի 12-ը:
Դիմել կարելի է այս հղումով:
Լուսին Մկրտչյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
«Ստեղծարար միտք» նախագծին նվիրված հրապարակումների շարքն իրականացվում է Բրիտանական խորհրդի աջակցությամբ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: