Ուսանողից մարզիչ, գաղափարից բիզնես տանող ճանապարհը - Mediamax.am

exclusive
6550 դիտում

Ուսանողից մարզիչ, գաղափարից բիզնես տանող ճանապարհը


Խաչիկ Չափարյանը
Խաչիկ Չափարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Անի Մամիկոնյանը
Անի Մամիկոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Խաչիկ Չափարյանը
Խաչիկ Չափարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Խաչիկ Չափարյանը
Խաչիկ Չափարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Խաչիկ Չափարյանը
Խաչիկ Չափարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ստեղծարար միտք»-ը (Creative Spark) Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող ծրագիր է, որի նպատակը ստեղծարար ձեռնարկատիրական կրթության զարգացումն է։ «Մեդիամաքս»-ը Բրիտանական խորհրդի հետ ներկայացնում է ծրագրի իրականացման ընթացքը։

20-ամյա Խաչիկ Չափարյանը, ով Սիրիայի Հալեպ քաղաքից մի քանի տարի առաջ է տեղափոխվել Հայաստան եւ այժմ Պոլիտեխնիկական համալսարանում ծրագրային ինժեներիա է սովորում (software engineering), ցանկանում է սեփական ստարտափը հիմնել օնլայն խաղերի ոլորտում։

ՏՏ-ից՝ բիզնես

«Ապագան Հայաստանում եմ պատկերացնում։ Այստեղ խաղերի ստեղծմամբ զբաղվող շատ քիչ ընկերություններ կան: Իմ սիրած ճյուղը հենց սա է, լավ կլինի, որ ոլորտի մի քանի ընկերություն էլ կարողանանք ստեղծել»,- ասում է Խաչիկը: 

ՏՏ ոլորտում իր ունեցած գիտելիքները բիզնեսի վերածելու ցանկությունը նրա մեջ բոլորովին վերջերս է ծագել։ Խաչիկը մեկ շաբաթ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ազգային ճարտարագիտական լաբորատորիաներում (ANEL) մասնակցել է Բրիտանական խորհրդի աջակցությամբ անցկացվող Creative Spark ANEL դասընթացներին, որոնց ժամանակ փորձում են մարզել մասնակիցների բիզնես-մտածողությունը։

Խաչիկ Չափարյանը Խաչիկ Չափարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Մեր համալսարանից ասացին, որ բիզնեսի կուրսեր կան, իսկ software engineering-ում սովորողներիս շատ հետաքրքրում էին ստարտափեր ստեղծելու հնարավորությունները։ Իմ բոլոր ընկերները ցանկացան մասնակցել այս դասընթացներին։ Եթե նման կուրսեր լինեն ամեն տարի, շատ ուսանողներ կկարողանան իրենց գաղափարները լավ փաթեթավորել եւ հետագայում իրագործել։ Դա շատ լավ կլինի մեր երկրի համար, կկարողանանք ուրիշների հետ էլ շփվել ու աշխարհի հետ համաքայլ լինել»,- ասում է Խաչիկը։
Խաչիկ Չափարյանը Խաչիկ Չափարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Նա համալսարանի օտարերկրացի ուսանողների խմբում է անցել դասընթացը։ Խմբի լսարան մտնելիս առաջին բանը, որ աչքի ընկավ, տարբեր էթնիկ առանձնահատկություններ ունեցող դիմագծերով երիտասարդներն են։ Թեեւ ազգությամբ տարբեր են, բայց նրանց միավորում է մեկ կիրք՝ ապագայում իրենց ոլորտում հաջողակ մասնագետ ու ձեռներեց դառնալու վճռականությունը։ Խմբում հիմնականում ՏՏ ոլորտի ուսանողներ են, բայց նաեւ կան մասնակիցներ քիմիայի, ֆիզիկայի ֆակուլտետներից։

Ուսանողից մարզիչ

Ապագայում հնարավոր է, որ Խաչիկն էլ ցանկանա դառնալ նման դասընթացների մարզիչ, իսկ այժմ, քանի դեռ ուսման փուլն է անցնում, պատրաստակամ է իր ստացած գիտելիքներով կիսվել ընկերների հետ՝ ճիշտ այնպես, ինչպես անում է իրենց խմբի մարզիչը՝ Անի Մամիկոնյանը։

Մասնագիտությամբ լեզվաբան, հոգեբան, Պոլիտեխնիկական համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի մասնագետ Անի Մամիկոնյանը մի քանի ամիս առաջ է վերապատրաստվել եւ ծրագրի շրջանակում օգնում է երիտասարդներին իրենց կյանք բերել բիզնես-մտածողությունը։
Անի Մամիկոնյանը Անի Մամիկոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Պոլիտեխնիկական համալսարանում նոր աշխատակից եմ եւ ուրախ եմ, որ ինձ հնարավորություն տրվեց ներգրավվել այս ծրագրում։ Դասընթացավարների վերապատրաստման թրեյնինգները շատ հետաքրքիր անցան, քանի որ ֆորմատը ստանդարտից դուրս էր, ինտերակտիվ էր»։

Անին ասում է, որ այս ծրագիրն իրեն շատ բան է տվել եւ ոչ միայն որպես դասընթացավարի․

«Մի բան է, երբ դու մտածում ես ինչ-որ գաղափարի շուրջ, մեկ այլ բան, երբ այն հանձնում ես թղթին ու սկսում ուրիշի աչքով կողքից նայել քո գաղափարներին, ճիշտ գնահատել դրանց հնարավորություններն ու իրականացման ուղիները։

Ձեռնարկատիրությունն ինձ համար շատ նոր թեմա էր, բայց դասընթացներն այնքան գրավիչ էին, որ դրանցից հետո ակտիվ սկսեցի հետաքրքրվել բիզնեսով։ Ինձ թվում է՝ իմ մեջ ձեռնարկատիրական հակումներ կային, պարզապես չէի բացահայտել, եւ այս կուրսերն օգնեցին ինձ դա անել։ Թրեյներ լինելը շատ առանձնահատուկ հմտություն է մեզ՝ ապագա դասընթացավարներիս, մարզող մասնագետներն այնքան հետաքրքիր էին բացատրում ամեն ինչ, երբեմն թվում էր, թե թատրոն ենք եկել։ Անհնար էր, որ այդ ամենից հետո չոգեւորվեինք բիզնես անելու գաղափարներով»։ 

Լուսանկարը` Մեդիամաքս


Ուսանողից մարզիչ տրանսֆորմացիան, ինչպես ասում է նա, հեշտ եղավ։ Մինչ մարզիչների դասընթացին դիմելը երկար մտածել էր՝ արդյոք կարո՞ղ է իր վրա վերցնել այդ պատասխանատվությունը։

«Կարծում եմ, որ բրիտանացի մասնագետները եւ նրանց աշխատելու մեթոդները շատ ոգեշնչեցին ինձ, այդ պատճառով ես էլ մեծ ոգեւորությամբ սկսեցի դասընթացները վարել։ Շատ կուզեմ, որ ինչ-որ մի ժամանակ գա, ես էլ կարողանամ նրանց նման վարպետորեն մատուցել դասընթացները»։

Դասընթացից կյանք

Դասընթացավարն ասում է, որ ուսանողների հետաքրքրվածությունը շատ բարձր էր, եւ մեծ պատասխանատվությամբ էին մոտենում առաջադրանքներին։ Անիի խոսքով՝ իրենց կարեւոր առաքելությունն է ոգեւորել մասնակիցներին, խթանել բիզնես-մտածողությունը, որպեսզի կենտրոնան կոնկրետ գաղափարի շուրջ, զարգացնեն այն։ Դասընթացի ընթացքում նաեւ «pitching» են անում՝ փորձում զարգացնել ներդրողներին գրավելու հմտությունները։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Կարծում եմ՝ հաջողակ ձեռներեց լինելու առաջնային գաղտնիքը թիմային աշխատանքն է։ Երբեմն մարդը մտածում է՝ իմ գաղափարն է, ես իրականացնեմ, ես դառնամ դրա միակ հեղինակը, բայց կարծում եմ՝ անհատը ոչ մի հնարավորություն չունի գաղափարը զարգացնելու, մինչեւ չունենա ուժեղ թիմ, որը հավատում է այն ամենին, ինչով զբաղվում է։ Այսպիսով, գործին մեծ նվիրվածություն եւ սեփական ուժերին հավատ է պետք»։ 

«Ստեղծարար միտքը» (Creative Spark) հնգամյա նախաձեռնություն է, որը նպատակ ունի նպաստել ստեղծարար ձեռնարկատիրական կրթության զարգացմանը՝ աջակցելով այս ոլորտում Միացյալ Թագավորության եւ ծրագրի մասնակից յոթ երկրների, ներառյալ Հայաստանի ուսումնական հաստատությունների միջեւ միջազգային համագործակցության ձեւավորմանը: Ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի կողմից Ղազախստանում, Ուզբեկստանում, Ղրղըզստանում, Ադրբեջանում, Հայաստանում,  Վրաստանում եւ Ուկրաինայում:

Առաջին տարում ծրագրի հաջողությունից հետո Բրիտանական խորհուրդն ազդարարել է 12 միջազգային նոր գործընկերություն ֆինանսավորելու հնարավորության մասին: Յուրաքանչյուր գործընկերության կտրամադրվի մինչեւ 40 000 բրիտանական ֆունտ գումարի չափով դրամաշնորհ: 

Ֆինանսավորման հայտերն ընդունվում են 2019 թ. ապրիլի 1-ից մինչեւ մայիսի 12-ը:

Դիմել կարելի է այս հղումով:

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

 

«Ստեղծարար միտք» նախագծին նվիրված հրապարակումների շարքն իրականացվում է Բրիտանական խորհրդի աջակցությամբ: 




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին