Մանրանկարչություն․ արհեստ, որ նաեւ արվեստ է - Mediamax.am

exclusive
8591 դիտում

Մանրանկարչություն․ արհեստ, որ նաեւ արվեստ է


Լիլիթ Ամիրջանյանը
Լիլիթ Ամիրջանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիլիթ Ամիրջանյանի գրած եւ նկարազարդած առաջին Ավետարանը
Լիլիթ Ամիրջանյանի գրած եւ նկարազարդած առաջին Ավետարանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ավետարանի լուսանցազարդերից
Ավետարանի լուսանցազարդերից

Լուսանկարը` Մեդիամաքս

Առաջին Ավետարանի նկարազարդումներից
Առաջին Ավետարանի նկարազարդումներից

Լուսանկարը` Մեդիամաքս

Նկարազարդումներ մագաղաթե թերթերի վրա. էջեր երրորդ Ավետարանից
Նկարազարդումներ մագաղաթե թերթերի վրա. էջեր երրորդ Ավետարանից

Լուսանկարը` Մեդիամաքս

Պատկերներ Լիլիթ Ամիրջանյանի ստեղծած Ավետարաններից
Պատկերներ Լիլիթ Ամիրջանյանի ստեղծած Ավետարաններից

Լուսանկարը` Մեդիամաքս

Պատկերներ Լիլիթ Ամիրջանյանի ստեղծած Ավետարաններից
Պատկերներ Լիլիթ Ամիրջանյանի ստեղծած Ավետարաններից

Լուսանկարը` Մեդիամաքս

Պատկերներ Լիլիթ Ամիրջանյանի ստեղծած Ավետարաններից
Պատկերներ Լիլիթ Ամիրջանյանի ստեղծած Ավետարաններից

Լուսանկարը` Մեդիամաքս

Պատկերներ Լիլիթ Ամիրջանյանի ստեղծած Ավետարաններից
Պատկերներ Լիլիթ Ամիրջանյանի ստեղծած Ավետարաններից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիլիթ Ամիրջանյանը. նկարազարդման ընթացքից
Լիլիթ Ամիրջանյանը. նկարազարդման ընթացքից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիլիթ Ամիրջանյանը. նկարազարդման ընթացքից
Լիլիթ Ամիրջանյանը. նկարազարդման ընթացքից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիլիթ Ամիրջանյանի աշխատասենյակը
Լիլիթ Ամիրջանյանի աշխատասենյակը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը շարունակում է «Անհետացող արհեստներ» շարքը, որի շրջանակում կներկայացնի հայկական ավանդական, անհետացող կամ պարզապես հետաքրքիր ու եզակի արհեստներ եւ այն մարդկանց, ում ջանքերով պահպանվում են դրանք:

Երբ խոսում ենք ձեռագիր Ավետարաններից, շատերս միանգամից հիշում ենք դրանք զարդարող շքեղ մանրանկարները: Մեր օրերում դժվար է պատկերացնել գրիչ կամ ծաղկող մասնագետների, ովքեր գրում էին ձեռագիր Ավետարանը եւ նկարազարդում այն: Գրերի գյուտից հետո՝ 5-րդ դարից սկսած, սրանք ամենապահանջված մասնագիտություններն էին, որոնք աստիճանաբար վերացան տպագրության գյուտի ի հայտ գալով, երբ արդեն ձեռագիր գրքերի անհրաժեշտություն չկար: Սակայն, պարզվում է, մեր օրերում էլ՝ 21-րդ դարում կան մարդիկ, ով ձեռագիր Ավետարաններ են գրում՝ դրանք զարդարելով գեղեցիկ մանրանկարներով: Նրանցից մեկը Լիլիթ Ամիրջանյանն է, ով բացահայտում է ձեռագիր Ավետարաններ գրելու եւ նկարազարդելու իր պատմությունը:

Լիլիթ Ամիրջանյանը. նկարազարդման ընթացքից Լիլիթ Ամիրջանյանը. նկարազարդման ընթացքից

Լուսանկարը` Մեդիամաքս


Ես շատ էի սիրում այն ամենը, ինչ հոգեւոր էր, աստվածայինի հետ կապված: Արվեստի, մշակույթի հետ կապը եւս ժառանգական է:  Հայրս բանաստեղծություններ էր գրում, նկարում էր ինքնուս: Դե, մայրս էլ գրելու շնորհ ուներ: Պապս շինարար էր՝ փորագրում էր: Հորս մոր պապերը քահանաներ են եղել՝ Դերունց:  Նախ, կարծում եմ, դա ժառանգական է, երկրորդ՝ իմ էությունն է այդպիսին:

Նկարում էի Դանթեի «Աստվածային կատակերգության» մոտիվներով՝ քավարան, դժոխք, դրախտ: Ընդամենը 16-17 տարեկան երեխա էի ու այդ  թեմաներով էի նկարում: Դանթեի «Աստվածային կատակերգությունը» հորս գրքերից էր: Թերթեցի, կարդացի, շատ էր հետաքրքրել:  Ինձ շատ էին հետաքրքրում հատկապես դժոխքի տեսարանները, որովհետեւ, երբ ինչ-որ անարդարություն էի տեսնում, հոգուս շատ էր ցավ պատճառում՝ ինձ հետ կապված լիներ, թե ուրիշի: Այդ ցավն ինձ ստիպում էր, որ ես այն նկարեի, արվեստի մեջ դրսեւորեի: 
Լիլիթ Ամիրջանյանի աշխատասենյակը Լիլիթ Ամիրջանյանի աշխատասենյակը

Լուսանկարը` Մեդիամաքս


Այն ժամանակ չէի ուզում դասավանդել, կամենում էի ստեղծագործել: Մանկավարժական ինստիտուտն ավարտելուց հետո մեզ բոլորիս գործուղում էին դպրոցներ՝ որպես նկարչության ուսուցիչ, բայց ես ուզում էի ստեղծագործել: Ուսումնական ամբողջ 4 տարիների ընթացքում ոչ միայն սովորել եմ ակադեմիական նկարչություն, այլեւ ստեղծագործել եմ: Ներսիցս բխում էր ուղղակի:

Հետո կամաց-կամաց «Աստվածային կատակերգությունից» տեղափոխվեցի աստվածաշնչյան թեմաների: Համալսարանն ավարտելուց հետո ընդունվեցի աշխատանքի Մատենադարան: Ես այնտեղ կրկնօրինակումներ էի կատարում: Դա մի կողմից լավ էր՝ սովորում էի, շատ գիտելիք էի ձեռք բերում, որովհետեւ մանրանկարչական արվեստը մի ամբողջ ակադեմիական դպրոց էր: Մեր գեղանկարչության հիմքը մանրանկարչական արվեստն է:
Ավետարանի լուսանցազարդերից Ավետարանի լուսանցազարդերից

Լուսանկարը` Մեդիամաքս


Ես ստեղծագործող մարդ եմ եւ չեմ կարող զուտ կրկնօրինակումներով բավարարվել: Տանը, աշխատավայրում զուգահեռ զբաղվում էի գրքերի ձեւավորումներով՝ մանրանկարչական ոճով: Օրինակ՝ մանրանկարչական ոճով կատարել եմ Նահապետ Քուչակի  «Հարյուր ու մեկ հայրենների» պատկերազարդումը: Այսինքն, կրկնօրինակմանը զուգահեռ գնում էր նաեւ ստեղծագործական կյանքը, բայց բեկումնայինը 1995 թվականն էր, երբ ես ուխտ արեցի Ավետարան նկարազարդել եւ գրել: Դա, կարող եմ ասել, բեկումնային էր ոչ միայն իմ կյանքում, այլեւ իմ ստեղծագործական կյանքում, որովհետեւ այդպիսի մեծ գործ դեռ չէի արել: Դա Աստծո շնորհիվ էր, որ արեցի. Աստված էր, որ ինձ թելադրեց:

Առաջին Ավետարարանի ստեղծումը տեւեց ընդամենը մեկ ու կես տարի՝ 1995-1997թթ: Երբ այդ թելադրանքն եղավ ի վերուստ, կարծում էի՝ մի 10 տարի պիտի աշխատեմ՝ գրեմ ու նկարազարդեմ: Բայց դա հրաշք է, որովհետեւ անհավատալի է, որ մի հոգի եւ՛ գրի, եւ՛ նկարազարդի եւ՛ լուսանցազարդերը, թռչնագրերը, գլխագրերը, խորանազարդ-գլխազարդերը նկարի ու ընդամենը մեկ ու կես տարում: Դա նշանակում է , որ այդ հրաշքը կատարվում է ի վերուստ տրված ուժերի շնորհիվ:

Ավետարանը ներառում է Մաթեոս, Մարկոս, Ղուկաս, Հովհաննես ավետարանիչների Ավետարանները՝ իրենց ամբողջական տեքստերով եւ 30 մանրանկար-պատկերներով՝ մոտ 400 թերթ: Նկարազարդումներ, որոնք ես կատարել եմ ստեղծագործաբար. դրանք կրկնօրինակում չեն՝ հնի, ավանդականի նորովի մեկնաբանում են՝ պահպանելով մեր ավանդական պատկերագրական կանոնները:
Լիլիթ Ամիրջանյանի գրած եւ նկարազարդած առաջին Ավետարանը Լիլիթ Ամիրջանյանի գրած եւ նկարազարդած առաջին Ավետարանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Իմ բոլոր ստեղծագործություները, հատկապես Ավետարանները, ստեղծել է Աստված՝ իմ ձեռքով: Առաջինն ավարտելուց հետո երկրորդ Ավետարանի նախանշանն եղավ: Առաջին Ավետարանը տեսել էի մեր տան դռան շեմին դրված՝ հենց նույն գույնի կազմով՝ մինչեւ գրելը: Երկրորդ Ավետարանը տեսիլքով տեսա Մատենադարանում իմ սեղանին դրված: Դա թելադրանք էր, որ սկսեմ երկորդը, որի ստեղծումը տեւեց 1997-2000թթ.՝ երեք տարի: Երկրորդ Ավետարանը էլի չորս ավետարանիչների  ամբողջական տեքստերով է՝ 14 մանրանկարներով, ունի 305 թերթ :
  
Ես չգիտեի, որ աշխարհում չկան Ավետարան նկարազարդողներ: 2000թ. Դուբլինում մասնակցեցի «Սուրբ գրքերի պատկերազարդման արվեստը» թեմայով միջազգային կոնֆերանսի: Ինձ հրավիրել էին որպես Ավետարան նկարազարդող, որովհետեւ Հայաստանում այդպիսի մեկը չկար, միայն ես էի: Այնտեղ պարզեցի, որ ընդհանրապես աշխարհում էլ այժմ չկան Ավետարան նկարազարդողներ: Այդ կոնֆերանսին Ավետարանի նկարազարդման մասին յուրաքանչյուր եվրոպական երկրի ներկայացուցիչ ներկայացնում էր իր Սուրբ Գիրքը: Հունգարիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ավստրիայից, Շվեյցարիայից, Անգլիայից, Իռլանդիայից եւ նույնիսկ Իսրայելից գիտնականներ կային: Բոլորը ներկայացնում էին հին Սուրբ Գրքերը, որոնք ստեղծվել էին մինչեւ ամենաուշը 16-րդ, 17-րդ դարերը, երբ արդեն տպագրական տեխնիկան ստեղծվեց, եւ Սուրբ Գրքերը արդեն տպագրում էին: Ես էլ ներկայացրեցի մեր օրերում գրված, նկարազարդված գիրքը:
Առաջին Ավետարանի նկարազարդումներից Առաջին Ավետարանի նկարազարդումներից

Լուսանկարը` Մեդիամաքս


Առաջին երկու Ավետարաններն արված են թղթի վրա, երրորդը՝ մագաղաթի: Միջազգային կոնֆերանսին ինձ մագաղաթե թերթեր նվիրեցին: Այդ թերթերը կարծես նախանշաններ էին, որ պետք է մագաղաթի վրա նկարեմ: Այդ մի քանի թերթի վրա 4 նկար արեցի, ու հաջորդ քայլն արդեն մանրանկարների եւ ամբողջ Ավետարանի համար մագաղաթ հայթայթելն էր: Դրա համար մենք Մատենադարանի նախկին տնօրեն, ակադեմիկոս Սեն Արեւշատյանի հետ միասին Վեհափառ Հայրապետին դիմում-խնդրանք գրեցինք, որ օժանդակի մեզ արտասահմանից մագաղաթներ ձեռք բերելու գործում, որովհետեւ մեր տեղական մագաղաթը կոպիտ է: Վեհափառը տրամադրեց գումար, եւ դրա շնորհիվ մենք կարողացանք Հոլանդիայից ձեռք բերել հոլանդական այծի կաշվից նրբագույն, որակյալ մագաղաթ, որի վրա ես արդեն գրեցի եւ նկարազարդեցի երրորդ Ավետարանը: Դա ընդհատումներով տեւեց մոտ 6 տարի՝ կապված մագաղաթի ձեռքբերման հետ՝ 2002-2008 թթ.:
Նկարազարդումներ մագաղաթե թերթերի վրա. էջեր երրորդ Ավետարանից Նկարազարդումներ մագաղաթե թերթերի վրա. էջեր երրորդ Ավետարանից

Լուսանկարը` Մեդիամաքս


Շատերն ասում էին՝ ի՞նչ իմաստ ունի, չէ՞ որ տպագիր Ավետարան կա: Ասում էին՝ ինչի՞դ է պետք. Սուրբ Գիրք կա, այդքան տպագրում են աշխարհում, տաժանակիր աշխատանք է: Բայց ես նկարելու, գրելու ժամանակ ոչ մի դժվարություն չեմ զգացել. ես չեմ իմացել, թե տարիներն ինչպես են անցել: Ի վերջո, նույնիսկ տպագրության ժամանակ մեր գրիչներն ու ծաղկողները չեն դադարել Սուրբ Գիրքը ձեռքով գրել՝ մինչեւ 19-րդ դարը եւ ավելին: Ես, իհարկե, հաղթահարեցի այդ փորձությունը, քանի որ, համոզված եմ, երբ Սուրբ Գիրքը գրչի եւ ծաղկողի կողմից գրված է աստվածային ներշնչանքով, շատ ավելի մեծ արժեք է, քան տպագիրը: Այժմ Ավետարաններից մեկը Մատենադարանի գրապահոցում է գրանցված եւ արդեն համար ունի՝ 11267:

Մարգարիտա Ղազարյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին