Դդմագործություն` Հերիքնազ Խաչիկյանի հնարած արհեստը - Mediamax.am

exclusive
11167 դիտում

Դդմագործություն` Հերիքնազ Խաչիկյանի հնարած արհեստը


Լուսանկարը` Մեդիամաքս

Հերիքնազի դդմագործ աշխատանքներից
Հերիքնազի դդմագործ աշխատանքներից

Լուսանկարը` Մեդիամաքս

Հերիքնազի աշխատանքներից
Հերիքնազի աշխատանքներից

Լուսանկարը` Մեդիամաքս

Հերիքնազի մյուս աշխատանքներից՝ գոբելեններ
Հերիքնազի մյուս աշխատանքներից՝ գոբելեններ

Լուսանկարը` Մեդիամաքս

Դեկորատիվ սխտորներով աշխատանքը
Դեկորատիվ սխտորներով աշխատանքը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հերիքնազ Խաչիկյանը
Հերիքնազ Խաչիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հերիքնազի առաջին գոբելենը
Հերիքնազի առաջին գոբելենը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հերիքնազը՝ հոդվածի հեղինակի հետ
Հերիքնազը՝ հոդվածի հեղինակի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը շարունակում է «Անհետացող արհեստներ» շարքը, որի շրջանակում կներկայացնի հայկական ավանդական, անհետացող կամ պարզապես հետաքրքիր ու եզակի արհեստներ եւ այն մարդկանց, ում ջանքերով պահպանվում են դրանք:

Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղում փոքրիկ աշխարհ կա՝ դդմաշխարհ: Այն ստեղծել է Հերիքնազ Խաչիկյանը, ում ձեռքում, ինչպես հայտնի հեքիաթում, դդումները վերածվում են հրաշքների: Բայց ամենից շատ Հերիքնազին Անահիտ հեքիաթի հերոսուհուն են նմանեցնում. նրան էլ, ինչպես Անահիտին, կարելի է տեսնել կարպետ, գորգ կամ գոբելեն գործելիս: Արհեստներից շատերին է տիրապետում, բայց կա մեկը, որը հազվադեպ է հանդիպում ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում:

Քանի որ Հայաստանում այս արհեստը չկա, երեւի ես պիտի անունը հորինեմ

Չնայած կան մարդիկ, որ դդումն օգտագործում են արվեստում, բայց նրանք դդմի վրա ուղղակի յուղաներկով կամ այլ նյութերով նկարում են, կիրառելի չեն դարձնում ու երեւի չեն էլ մշակում: Ինձ մոտ այլ է. ես ամեն ինչ դդումների վրա անում եմ, արհեստի տարբեր տեսակներ եմ կիրառում: Մի անգամ առաջարկեցին այս արհեստն անվանել դդմագոբելենագործություն, բայց, կարծում եմ, դդմագործությունն ավելի համապատասխան է, քանի որ այստեղ հիմնական կաղապարը դդումն է, որի վրա տարբեր նյութերով աշխատում եմ:

Հերիքնազ Խաչիկյանը Հերիքնազ Խաչիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հիմնականում չինացիներն ու իտալացիներն են զբաղվում դդմագործությամբ

Երբ 8-9 տարի առաջ սկսեցի դդումները մշակել, մենք տանը նույնիսկ համակարգիչ չունեինք, ես ոչ մի տեղ չէի հանդիպել այսպիսի աշխատանքների: Հիմա հետեւում եմ․ չինացիներն ու իտալացիները հիմնականում փորագրում են դդմի վրա: Ամեն ինչն էլ կա, շատ կա, բայց նայելով զգում եմ, որ իրենցն ուրիշ է, իմը հայկականն է՝ կարպետը, գորգը…

Տատիկիս պատմությունն էր, որ ուժ տվեց ինձ, հուշեց

Ամեն ինչ սկսվեց մի պատմությունից, որ մի անգամ տատիկս պատմեց: Նրա տատերը, երբ Արեւմտյան Հայաստանից՝ Բագարանից կամ, ինչպես իրենք էին անվանում, Բագրանից եկել են Երվանդաշատ, ու մարդիկ ափսեներ, ինչ-որ կիրառական տարաներ չեն ունեցել, այս դդումները կիրառելի են դարձրել: Տակից ծակել են, ցորեն, բրինձ, չրեր եւ այլ մթերքներ են պահել դրանց մեջ: Հետո որոշեցի, որ այդ դդումներից պիտի աճեցնեմ:
Հերիքնազի դդմագործ աշխատանքներից Հերիքնազի դդմագործ աշխատանքներից

Լուսանկարը` Մեդիամաքս


Գյուղում մեկի այգում տեսել էի սիրուն-սիրուն կախված այդ դդումներից, ուզեցի, չտվեցին: Հետո քեռուս տանը սերմեր կային, որ տվել էին իրենց, դրանցից ինձ էլ տվեցին: Հիշում եմ՝ այդ առաջին դդումն ինչ արեցի: Հասունացած էլ չէր, միանգամից տակից կտրտեցի, որ չորանա, հետո զգացի, որ տակից կտրատելն անիմաստ է. դրա մեջ որեւէ բան չենք կարող պահել: Հետո այդ դդումի սերմերը ցանեցի, բայց էլի չստացվեց ինչ-որ բան անելը, փչացրեցի, չէի կարողանում, լեզուն չէի հասկանում: Տարիների ընթացքում դդումները շատացան. հետո տանձանման դդումներ ձեռք բերեցի, ապա՝  սնկանման:

Իհարկե, սնկանման դդումների լեզուն դեռ չեմ հասկանում, չեմ կարողանում մշակել: Հիմա հիմնականում մի տեսակի դդումների վրա եմ աշխատում, որ կոչվում են կուռմադդումներ կամ շշադդումներ:
Հերիքնազի աշխատանքներից Հերիքնազի աշխատանքներից

Լուսանկարը` Մեդիամաքս


Այն հողին, որում ցանում ես, պիտի չկպչես, թողնես ինքն աճի, մեծանա

Երբ աճում են, պիտի դրանք շատ զգույշ կապես ճյուղերից: Ասեմ՝ կարող է գժի տպավորություն թողնեմ, բայց մի քանի անգամ փորձել եմ. երբ դդումը սկսում է բերք տալ, գնում, նայում եմ, հետո հաջորդ օրը նայում եմ, չկա, չորացել է. ես սնահավատ մարդ չեմ, այդպիսի բաների չեմ հավատում, բայց հետո հասկացա, որ նրանք իրոք շատ նուրբ են:

Այս գործում համբերություն է պետք: Դդումները աճում են մոտավորապես 7-8 ամիս, պիտի լավ հասունանան: Քաղելուց հետո ահագին ժամանակ մնում են դրսում, հետո դրանք բարձրացնում եմ տանիք, կախում, մի մասը պահում տանը, որ շուտ չորանան, կամ չորանոցների մեջ՝ լավագույն դեպքում:

Մեր տանը, որ ինչ-որ գործ եմ անում, երբեք չեն ասի՝ «վայ, էս ի՞նչ ես անում», մտածում են, որ ուղղակի պիտի անեմ: Մեր ընտանիքում բոլորը լրիվ այլ մասնագիտություն ունեն, ու ես չէի պատկերացնում, որ կդառնամ այն, ինչ կամ: Շնորհակալ եմ մորս ու հորս, որ ինձ ճիշտ ուղու վրա դրեցին, ու հիմա անում եմ այն, ինչ սիրում եմ: Տնեցիներն էլ բոլորը մխրճվել են այս գործի մեջ: Դդումների աճեցման հարցում մայրս է օգնում, բայց հիմնականում հայրս է ինձ այսպիսին դաստիարակել: Դասախոսներիցս մեկն է ասում՝ հայերեն երեխա է Հերիքնազը: Այ այդ հայերեն երեխային հայրս է դաստիարակել (ծիծաղում է):
Հերիքնազի մյուս աշխատանքներից՝ գոբելեններ Հերիքնազի մյուս աշխատանքներից՝ գոբելեններ

Լուսանկարը` Մեդիամաքս


Համալսարանն էլ ինձ մեծ ուղիներ ցույց տվեց

2013թ. ընդունվեցի Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի կիրառական արվեստի բաժին: Այստեղ, երբ դասախոսները տեսնում էին, ասում էին՝ ինչ հետաքրքիր գործեր ես անում. դա ինձ ոգեւորում էր: Ասում էին, որ այսպիսի բան դեռ չեն տեսել, եւ խորհուրդ տվեցին, որ շարունակեմ լրջորեն զբաղվել այս արհեստով:

Հետո սովորեցինք կարպետ գործել, հետո գորգ, գոբելեն ու մտածեցի՝ ինչու՞ դդումը չհենքեմ ու գործեմ:  Սկզբում մտածեցի՝ հենց կանաչ դդումը հինեմ: Մտածում էի՝ կչորանա, անհնար կլինի աշխատելը, կկոտրվի: Այդպես կանաչ դդումի վրա մեխեր մեխեցի: Հաջորդ օրը  դդումը թառամել էր, հենքը՝ թուլացել: Մի քիչ հիասթափվեցի, բայց մի տարի սպասեցի, այդ դդումը չորացավ: Մեխերը, իհարկե, պոկեցի, հանեցի, ծակեր առաջացան: Մտածեցի, որ հենքը կարող եմ կարել դրա վրա:
Հերիքնազի առաջին գոբելենը Հերիքնազի առաջին գոբելենը

Լուսանկարը` Մեդիամաքս


Դա ինձ համար կարծես փորձադաշտ էր, մի կերպ տառապելով գործեցի: Անհամեմատելի է ընդարձակ, ազատ տարածությունում ու այստեղ՝ փոքր տարածության ու դդումի վրա գործելը: Ասեղով էի գործում, մատներով հնարավոր չէր:  Դրանից էլ միտք առաջացավ, ու դդումների վրա սկսեցի ասեղներով փորագրել: Ինչ-որ լույսեր էի դնում դրանց մեջ, հետաքրքիր էֆեկտներ էր ստացվում: Իսկ արդեն անցած տարի անցանք փայտի գեղարվեստական մշակում, ու դասախոսն էլի ինձ մեծ ուղի ցույց տվեց, ասաց՝ արի դդումի վրա փորագրենք: Մտածեցի՝ հնարավոր է կոտրվի, բայց փորձեցի: ժայռապատկերներ նկարեցի դդումի վրա, սկսեցինք փորագրել, եւ այն արդեն ավարտուն գործ է դարձել:
Հերիքնազը՝ հոդվածի հեղինակի հետ Հերիքնազը՝ հոդվածի հեղինակի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս


Իսկ անցյալ ամռանը ոչ թե հենքն եմ կարել դդումին, այլ հենց դդում եմ հինել, դա ավելի բարդ էր: Դդումը մեջտեղից կիսել եմ, քամանչայանման է դարձել, գոբելեն եմ գործել. ճիշտ է, երեւելի պատկեր չէ, բայց առաջին գործն է իր տեսակի մեջ: Մի քանի ամիս առաջ էլ նույնիսկ ասեղնագործել եմ դդումի վրա՝ ճյուղերով: Ճյուղերով գործելը մեզ գյուղում են սովորեցրել:

Իմ գյուղը իմ ոգեշնչման աղբյուրն է, ու գործերումս դա երեւում է

Գյուղում ամեն մի ծաղիկը, խոտը, զատիկները իմ աչքերով դառնում են էսքիզ: Շրջապատի մարդիկ ծիծաղելով ասում են՝ ըհըն, Նազը մի հատ քար է գտել, հիմա տանելու է, էդ քարը սարքելու է գլուխգործոց (ծիծաղում է): Հենց իմ ապրելու վայրն էլ է ոգեշնչում՝ Արաքսը, մեր գունավոր հողերը. աշխարհի բոլոր գույները մեր գյուղում կան: Դա հնեաբաններն էլ են ասում: Իմ բոլոր էսքիզները բնությունից են: Օրինակ, այս դդումը էլի բնությունից է՝ վրան դեկորատիվ սխտորներ են պատկերված: Բնությունը մեր հանդեպ շռայլ է գտնվել, շատ բան է տվել, պետք է միայն տեսնել ու անտարբեր չլինել:
Դեկորատիվ սխտորներով աշխատանքը Դեկորատիվ սխտորներով աշխատանքը

Լուսանկարը` Մեդիամաքս


Որոշել եմ կիրառական արվեստի բոլոր ճյուղերը կիրառել դդմի վրա

Արդեն եղել են գոբելեն, կարպետ, փայտ, նոր գործը երեւի թե հենց մետաղն է լինելու: Շատ էի մտածում, թե ինչպես այն կարելի է կիրառել դդումի վրա: Մտածում էի՝ դդումը ծակեմ, ինչ-որ մետաղ անցկացնեմ, վերջը դասախոսս մի միտք տվեց, որ կարելի է կտրատել դդումը ու մետաղը ծեծել նրա մեջ: Առաջիկայում ինձ բարդ աշխատանք է սպասում, բայց, կարծում եմ, դա էլ կստացվի:

Մարգարիտա Ղազարյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին