Հուշեր այն մասին, թե ինչպես 20-ամյա Ռոզա Աբրահամյանը Իտալիայում ուղեկցեց ՀՀ նախագահին - Mediamax.am

exclusive
5268 դիտում

Հուշեր այն մասին, թե ինչպես 20-ամյա Ռոզա Աբրահամյանը Իտալիայում ուղեկցեց ՀՀ նախագահին


Ռոզա Աբրահամյանը (աջից)
Ռոզա Աբրահամյանը (աջից)

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Ռոզա Աբրահամյանի եւ Հռոմի Պապի ձեռքսեղմումը
Ռոզա Աբրահամյանի եւ Հռոմի Պապի ձեռքսեղմումը

Լուսանկարը` Ռոզա Աբրահամյանի անձնական արխիվից


"Հայաստանը ես եմ” մրցույթի հաղթող, 20-ամյա Ռոզա Աբրահամյանը դեկտեմբերի 12-ից 15-ը ուղեկցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Իտալիա եւ Վատիկան կատարած աշխատանքային այցի ընթացքում:

Ս.թ. սեպտեմբերին Մեդիամաքս-ը եւ ՀՀ Անկախության 20-ամյակի տոնակատարությունների պետական հանձնաժողովը համատեղ անցկացրել էին "Հայաստանը ես եմ” մրցույթը, որին կարող էին մասնակցել Անկախության հռչակման եւ Անկախության հռչակագրի ընդունման տարեկիցները` 1990-91թթ. ծնված երիտասարդները: Մրցույթն ուներ մեկ աննախադեպ մրցանակ` հաղթողը պետք է ուղեկցեր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին արտասահմանյան այցերից մեկի ժամանակ:

Հաղթող էր ճանաչվել 1991թ. դեկտեմբերի 8-ին ծնված Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի Կառավարման ֆակուլտետի 4-րդ  կուրսի ուսանողուհի Ռոզա Աբրահամյանը:

Մեդիամաքս-
ը առաջարկել էր Ռոզային գրի առնել իր տպավորությունները, որոնք եւ ներկայացնում ենք ստորեւ:


Ողջույն: Ես Ռոզա Աբրահամյանն եմ: Ծնվել եմ 1991 թվականին: Ինչպես տեսնում եք` մեր հանրապետության տարեկիցն եմ: Հենց այս հանգամանքն էլ առիթ դարձավ մի խոշոր իրադարձության, որը, երևի, ամբողջ կյանքում կհիշեմ:

2011թ. սեպտեմբերին ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ մրցույթ էր հայտարարվել «Հայաստանը ես եմ» թեմայով: Հաղթողին սպասվում էր մի շատ յուրօրինակ ու պատվաբեր մրցանակ. արտասահմանյան այցերից մեկի ժամանակ ուղեկցել ՀՀ նախագահին: Երկար գրել-ջնջելուց հետո վերջապես մրցույթի վերջին ժամերին ուղարկեցի իմ «Հայաստանը ես եմ»-ը:  Երկու օրից իմացա, որ շարադրությունս 5 լավագույնների մեջ է, եւ սեպտեմբերի 26-ին պետք է ներկայանամ հարցազրույցի: Ուրախությունս այն մակարդակի էր հասել, կարծես` արդեն հաղթել եմ: Հարցազրույցի ներկայացա ընկերական շքախմբով: Երբ մրցատյանի անդամների մեկն ասաց, որ չտխրեմ չհաղթելու դեպքում, քանի որ միեւնույն է, աշխատանքս լավագույններից մեկն է, արդեն տխուր դուրս եկա սենյակից: Ընկերներս էլ մտածեցին` վերջ…

Դեռ մեկ ժամ չանցած ստիպեցի, որ ընկերուհիս զանգի եւ հարցնի հաղթողի անունը: Ժամի պես ձգվող, բայց 2 րոպե տեւած խոսակցությունից հետո ընկերուհիս անջատեց հեռախոսը եւ գոռաց. «Ռո~զ հաղթել ես»: Այդ պահին ինձ պատած աննկարագրելի դրական հույզերն արդարացրեց դեկտեմբերի 12-15-ը տեւած ուղեւորությունս Իտալիայի Հանրապետություն եւ Վատիկան:

Փաստորեն, իսկապես, բոլոր ճանապարհները  տանում են Հռոմ: Մի քանի էջը բավական չէ տպավորություններս ամբողջությամբ ներկայացնելու համար: Դեռ մինչեւ վերջ չեմ գիտակցել` ինչպիսի բախտի եմ արժանացել: Առաջին անգամ Հայաստանից դուրս եմ գալիս, այն էլ ում հետ` ՀՀ նախագահի: Ինքնաթիռում դիմացս նստած էր Երեւանի քաղաքապետը, ինքնաթիռում էին մեր նախարարներն ու այլ պաշտոնատար անձինք: Աչքերիս չհավատալով եւ միաժամանակ ուրախացած` հասնում ենք Հռոմ եւ մեկնում Վատիկան` Հռոմի Պապի մոտ:

Աշխարհում գրեթե 7 մլրդ մարդ կա, որից հատուկենտ մարդկանց է հաջողվում հայտնվել Հռոմի Պապի հետ նույն սենյակում: Այդ քիչ մարդկանցից մեկն էլ ես դարձա: Կյանքում չեմ մոռանա Հռոմի Պապի հետ ձեռքսեղմումս: Շատ հետաքրքիր էր նրա նստավայրը: Առաջին անգամ իրական կյանքում հանդիպեցի հարյուրամյակների պատմություն ունեցող հանդերձանքով շվեյցարական գվարդիայի զինվորների:


Ռոզա Աբրահամյանի եւ Հռոմի Պապի ձեռքսեղմումը (Ռոզա Աբրահամյանի անձնական արխիվից)

Հռոմ վերադառնալով` կրկին հնարավորություն ունեցա զմայլվելու կոկիկ ու ինքնաոճ շենքերով: Յուրաքանչյուր շինություն արվեստի մի գործ էր` ամենահասարակ տնից սկսած:  Անհավատալի էր նախագահի հետ, նախարարներով շրջապատված շրջայցը Հռոմում: Երեկոյան դուրս եկա զբոսանքի: Չզարմանաք, որ ասեմ` Հռոմը երկերեսանի էր. ցերեկն իր շքեղ ու պայծառություն ճառագայթող շինություններով, երեկոյան` իր բազմազան լույսերով ու քուն մտած խանութներով:
Հայի ինքնասիրությունս շոյվեց` Հռոմի կենտրոնում, հայտնի «Բրասկի» թանգարանում Հայոց մայրաքաղաքներից մեկին` Դվինին նվիրված ցուցահանդես այցելելիս: Անբացատրելի մի զգացում պատեց, երբ թանգարանի դիմաց 13-րդ դարի հայկական խաչքարի բացման արարողության ժամանակ իտալացի երեխաները կատարեցին ՀՀ օրհներգը: Հաճելի է, երբ զգում ես հայի շունչը հարուստ պատմություն ունեցող մի այնպիսի քաղաքում, ինչպիսին Հռոմն է: 

Նույնը զգացի, երբ մեկնելով Վենետիկ` մոտենում էինք Սուրբ Ղազար կղզուն: Երկու օր անընդմեջ օտարալեզու խոսակցություններից հոգնած, ոտք դնելով կղզի` վերջապես լսում ես արդեն կարոտած «Բարեւ Ձեզ»-ը: Շրջում ես կղզում, ծանոթանում տեղում պահվող հսկա գրականությանը, ուրախանում, որ կարողացել ենք ժամանակի հարվածներից փրկել այն: Միաբանները ճաշկերույթ էին  կազմակերպել: Նմանատիպ ճաշկերույթի առաջին անգամն էի մասնակցում: Աջ կողմում նստած է ՀՀ նախագահը,  ձախում` իտալացի բարերարներ եւ հայագետներ: Շատ ուրախացա, երբ նախագահը խոստացավ օգնել կղզու գրադարանը թվայնացնելու հարցում:

Հաջորդ խիստ տպավորիչ այցը Վենետիկի «Correr» թանգարանում կազմակերպված հայկական ցուցահանդեսն էր: «Armenia» գրառումով ցուցատախտակներին հետեւելով` հասանք մեր ցուցանմուշներին: Իտալացի շատ այցելուներ էլ կային: Անփոխարինելի հաճույք էր նրանց զարմանքը տեսնելը, երբ իմացան, որ հայերն են առաջինը քրիստոնեությունն ընդունել: Ներկաներից շատերը դժվարությամբ էին հավատում, որ ներկայացված գործերը հայկական են:

Դեկտեմբերի 15-ին Երեւանի եւ Վենետիկի քաղաքապետներն այդ երկու  քաղաքները հռչակեցին քույր քաղաքներ, ինչով էլ, ցավոք, ավարտվեց մեր այցը Իտալիա:

Այցից ոչ միայն մնացին այդ երկրի հրաշք տեսարաններից հիշողություններ, այլեւ շատ բան սովորեցի պատվիրակության անդամներից: Գովելի էր Երեւանի քաղաքապետի շախմատային մտածելակերպը. ամեն ինչը մի քանի քայլ առաջ պլանավորել, էկոնոմիկայի նախարարի ուժեղ ինտելեկտը, սփյուռքի նախարարի վճռականությունն ու համառությունը, մշակութային միջոցառումներով հագեցած այցի առանցքային պաշտոնյաներից մեկի` մշակույթի նախարարի պատասխանատու վերաբերմունքը այդ միջոցառումներին եւ, իհարկե, ՀՀ նախագահի աշխատակազմի գործնական եւ ուշադիր վերաբերմունքը պատվիրակության բոլոր անդամների, այդ թվում` իմ նկատմամբ,  նաեւ ջանադիր աշխատանքը` ծրագրով նախատեսված միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելու հարցում: Ամենքից մի բան սովորեցի: Նույնիսկ մեր լրագրողների ու օպերատորների անսպառ ուժն ու եռանդը, պոզիտիվիզմը վարակիչ էին: Չգիտեմ ինչպես երախտագիտությունս հայտնեմ պարոն նախագահին, այս մրցույթի կազմակերպիչներին ու իրագործողներին, որ մի ուսանողուհու հնարավորություն տվեցին վայելելու այսպիսի աննախադեպ մի ճամփորդություն: Անչափ շնորհակալ եմ:

Հիասքանչ Իտալիան եւ այդ երկրում հայերի հետքերն ու մեր ժողովրդի նկատմամբ  վերաբերմունքը տեսնելուց հետո, ես ավելի վստահ ու հպարտ եմ ասում` Հայաստանը ես եմ:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին