ՀՀ նախագահի աշխատանքային այցը տեղի կունենա դեկտեմբերի 12-ից 15-ը:
Ս.թ. սեպտեմբերին Մեդիամաքս-ը եւ ՀՀ Անկախության 20-ամյակի տոնակատարությունների պետական հանձնաժողովը համատեղ անցկացրեցին «Հայաստանը ես եմ» մրցույթը, որին կարող էին մասնակցել Անկախության հռչակման եւ Անկախության հռչակագրի ընդունման տարեկիցները` 1990-91թթ. ծնված երիտասարդները: Մրցույթն ուներ մեկ աննախադեպ մրցանակ` հաղթողը պետք է ուղեկցեր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին արտասահմանյան այցերից մեկի ժամանակ:
Սեպտեմբերի 5-ից 20-ը ընկած ժամանակահատվածում 1990 եւ 1991թթ. ծնված երիտասարդները ներկայացրել էին 77 էսսե եւ 12 լուսանկար/լուսանկարների շարք`“Հայաստանը ես եմ” թեմայով:
Հաղթող էր ճանաչվել 1991թ. դեկտեմբերի 8-ին ծնված Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի Կառավարման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Ռոզա Աբրահամյանը: Նրա աշխատանքը հասանելի է այստեղ:
Այցի շրջանակներում ՀՀ նախագահը հանդիպումներ կունենա Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի, Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի, Խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Ջանֆրանկո Ֆինիի, Վատիկանի պետքարտուղար Կարդինալ Տարչիցիո Բերտոնեի, Հռոմի քաղաքապետ Ջանի Ալեմանոյի հետ:
Հռոմում Սերժ Սարգսյանը կայցելի նաեւ Բրասկի թանգարանում բացված «Դվին. Հայաստանի մայրաքաղաքը Եվրոպայի եւ Ասիայի միջեւ» խորագրով ցուցահանդես, Վենետիկում կմասնակցի երկու երկրների նախագահների բարձր հովանու ներքո բացվող «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսին, որը նվիրված է հայ գրատպության 500-ամյակին: Սերժ Սարգսյանը Վենետիկում հանդիպում կունենա Մխիթարյան միաբանության անդամների եւ Իտալիայի հայ համայնքի ավելի քան երկու տասնյակ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: