Անի Մանուկյան. «Հայաստանը ես եմ» - Mediamax.am

6194 դիտում

Անի Մանուկյան. «Հայաստանը ես եմ»



Իր երկրի սահմաններում պարտվող ժողովուրդն
իրավունք չունի խոսելու անկախ հայրենիքի մասին:
Գ. Նժդեհ

Իսկ մենք այսօր խոսում ենք: Իսկ մենք այսօր աշխարհին ներկայանում ենք որպես հաղթած ժողովուրդ, իր հողի տունդարձը գիտակցող ժողովուրդ:  Իսկ մենք այսօր թշնամի հարևանին ապացուցելու ոչինչ չունենք:

Հայաստա՛ն իմ քարե ոստան…Ես ժառանգել եմ անկախ հայրենիք, եռագույն դրոշ ու հայի ոգի: Ես տերն եմ իմ հողի:

Իմ շուրթերից սկիզբ առնում ու թևածում է օրհներգը. «Մեր հայրենիք ազատ, անկախ…»: Բառեր, որոնք արժեք ունեն, բառեր, որոնք ձգվում են դեպի երկինք, դեպի լեռները հայոց, փաթաթվում ամեն քարի ու թփի, խոսու ամեն ընկածի ու խեղվածի հետ, թափված արյունից ոգի առնում:

Հայաստա ՛ն, իմ ոտքի զարկից ցնցվում է հողդ. հողդ ճաքել է ուրախությունից… Երկիրը շեն է…

Դու խաղա՛ղ ապրիր…

Խաղաղության քո ուղին իմ ձեռքերում է: Ես հավատում եմ, որ ճիշտ է իմ ուղին. ես  ապրելու եմ քո գրկում, պահելու եմ քեզ:  Դու ինձ համար ճանապարհ ես հարթում : Քո մասին ամեն օր , ամեն ժամ, ամեն րոպե մտածել է պետք: Շենացնել է պետք, ծաղկեցնել է պետք, այն էլ անկախ Հայաստանը , որ շատերի համար երազ մնաց, շուրթերին մնաց, դարձավ երգ ու դարձավ պատմություն:

Իմ ուղին անկանգ է. ես  ուսապարկս պատրաստել եմ ոչ թե պարենով, այլ խոհերով, այլ հուշերով, իմաստնությամբ: Հայկի աղեղն եմ ուսել, Վարդանի՝  հավատը, Նարեկն է ինձ պահապան,  Գևորգն՝ առաջնորդ, վերքս բուժողն՝  Աղասին, խորհրդատուն՝  Նժդեհը, Թաթուլի երգն է շուրթիս.

Դու էլ չի լաս, հայու կռունկ,
Քո բալեքը զինվոր են,
Նրանք ելել, կռվի կերթան
Նրանց սիրտն է եռագույն:

Ի՛մ Հայաստան, քարե՛ ոստան,  երդվում եմ բարձր պահել Եռագույնիդ պատիվը, լեռներիդ պես խրոխտ պահել, երգերիդ պես՝  հար ու հավետ:

Ի՛մ Հայաստան, քո իսկական պատմությունը օրերից մի օր նորովի կշարադրվի: Ես համոզված եմ… Վկան այսօրն է… Վկան Արցախն է, ուր հասել եմ ես ու Մռավի բարձունքից ձայնել.

- Եկե՛ք, հայե՛ր, ձեզ տուն կանչող Անին եմ ես, Հայաստանի զավակն եմ ես, տարեկիցը փառապսակ հայրենիքիս…

Հ. Գ.  Ախր ինչպե՞ս ասեմ, որ Հայաստանը ես եմ: Չէ՞  որ Հայաստանը մենք ենք… Տոհմածառի հինգ զավակներ: Մի՛  զարմացեք: Քույր ու եղբոր հինգ զավակներ մի հարկի տակ, մի ընտանիք, մի հայրենիք :
                           




Մեր ընտրանին