Ռոզա Աբրահամյան. «Հայաստանը ես եմ» - Mediamax.am

7460 դիտում

Ռոզա Աբրահամյան. «Հայաստանը ես եմ»


Ռոզա Աբրահամյան
Ռոզա Աբրահամյան

Հեռախոսս զանգեց: Ընկերուհիս էր. «Բարի լույս: Ե՞րբ պատրաստ կլինես` գնանք դասի»: Ժամադրվեցինք: Քայլում, ասում, խոսում, բամբասում էինք, մեկ էլ ինքը թե.

-Հիշու՞մ ես, որ ուզում էիր արտասահման մեկնել, ուղղակի ֆինանսական խնդիրներ կային: Հիմա' … Հիմա մրցույթ կա` «Հայաստանը ես եմ» թեմայով: Եթե հասցնես մի շարադրություն ներկայացնես , հաղթես, կարող ես գնալ արտասահման, էն էլ ում հետ` հանրապետության նախագահի…

Այդ մտքից գինովցած` շարունակությունը չլսեցի ու ընկա պատրանքներիս աշխարհը: Չեմ պատմի , թե ի~նչ լավ անցավ ժամանակն արտասահմանում: Ուղղակի իմ մտքերով կկիսվեմ.

«Մրցույթի մասին խոսեց, նոր մտածեցի. մեր դասախոսն ասում էր, որ վերածնունդը  ոչ թե Դանթե Պետրարկայով է սկսվել , այլ Նարեկացիով. Հայաստանը մի քանի դար աշխարհից առաջ էր: Բայց ես էլ  բոլորի նման ոչ թե 8-րդ դասարանից կողմնորոշվեցի իմ` տնտեսագետի  մասնագիտության առումով, այլ  հե'նց դպրոց ընդունվելուց էլ բոլորի փողերը հաշվում էի, լավ ապրանքների, լավ խանութների տեղերն անգիր գիտեի, ինձ տված փողը մի ամբողջ ամիս բուֆետում ուզածիս պես ծախսում էի, բայց` ռացիոնալ, մի բան էլ հետ էի գցում:

Կամ օրինակ` ինչպե՞ս եղավ, որ մեր դասարանի մատյանը կորել էր, ավագն էլ ես էի. ինձ փնովում էին տնօրենը, ուսմասվարը, դասղեկս: Ես մեղավոր չէի, բայց  ինձ ամոթանք տվողների հետ հետագա կոնֆլիկտներից խուսափելու համար լռեցի: Ես հպարտ չէի, սակայն տրտում էի ու իմաստուն: Չէ՞ որ հենց այսպես էր Տերյանը բնութագրում մեր երկիրը: Կամ…

…Կամ երբ այն դասախոսը հենց առաջին օրն ակնհայտորեն չսիրեց ինձ, ես բոլորի նման  չհուսահատվեցի ու չտրվեցի առաջին զգացումների պոռթկումին: Փոխարենն սկսեցի ավելի շատ սովորել, անհատական աշխատանքիս համար բազում գրքերից օգտվեցի, դասախոսին հարգանքով էի վերաբերվում: Եվ այժմ եմ միայն հասկանում Կապուտիկյանի խորհուրդը. 

Դու պիտի վրէժ առնես ապրելո´վ,
Ապրելով յամա´ռ, հազարապատի´կ,
Աւերումի տեղ, քո ստեղծելո´վ.
Աւեր Վանի դէմ, քո Երեւանո´վ»:

Հետո հիշեցի այն ապրիլմեկյան օրը, երբ ընկերներս ինձ խայտառակ կերպով խաբեցին, ես էլ միամտաբար հավատացի, ինչի վրա մինչև հիմա զարմանում եմ…Մարդիկ սիրում են միամիտ, ազնիվ հոգիներին: Շատ դեպքերում հենց այդ խաբվելն է պահել մեր երկիրը` միֆերով ապրող այս մանուկին, որն ունի տաքգլուղ Սասնա Դավիթ, որն ունի իմաստուն Սասնա Մհեր, թեկուզ` շատ ծեր ու ալեհեր, բայց միևնույն է` միամիտ:

Հիշեցի նաև` ինչպես մի օր զարմացրի ընկերոջս, երբ հայտարարեցի, թե ֆիլմի այն խարտյաշ, բարձրահասակ  ու բաց մոխրագույն աչքերով երիտասարդը հաստատ հայ է. հայի նայվածք ունի: Ընկերս ծիծաղեց, իսկ ֆիլմի վերջում կարդացինք դերասանի ազգանունը. Աբաջյան:

Ուր էլ լինեմ, ով էլ լինեմ` աչքերս մատնում են հայ լինելս:

Աչքիս առաջ եկավ Սոնա Վանի նկարը թերթում, նրա խոշոր` հայուհու աչքերը, տակն էլ գրած. «Ես փոքրիկ Հայաստան եմ օտար հողի…»: Ու այդ պահին ընկերուհիս ինձ հրեց.

-Լսու՞մ ես`  ինչ եմ ասում:
-Լսում եմ, լսում: Անի~, հիշու՞մ ես` Լյուդովիկոս 14-րդն ինչ էր ասել. «Պետությունը ես եմ»:
-Հիշում եմ:Ի՞նչ կա որ:
-Ոչինչ: Ուղղակի… մտածում եմ. իսկ կուզե՞ի Հայաստանից  ընդմիշտ հեռանալ: Կարծում եմ ուրիշ երկրում երկար չեմ դիմանա: Ինչու՞ լինել մի կտոր Հայաստան օտար հողի վրա, երբ ամբողջ Հայաստանն իմն է…

Այդ օրը մտամոլոր տուն եկա. ուզում էի մտքերս թղթին հանձնել: Եվ գրիչ վերցրի ու սկսեցի գրել. «Հեռախոսս զանգեց: Ընկերուհիս էր…»:




Մեր ընտրանին