Ժամանակները փոխվում են եւ նույնկերպ էլ փոխվում է ժամանակների մասին պատմող ոլորտը՝ լրագրությունը: Եթե նախկինում լրագրողը կարող էր մասնագիտանալ որեւէ մեկ մեդիահարթակում աշխատանքի մեջ, օրինակ, գրել տպագիր մամուլի համար կամ պատրաստել հեռուստատեսային ռեպորտաժ, ապա այսօր ոչ միայն ընդլայնվել են հեռահաղորդակցության հարթակներն ու դրանց տեսակները, այլեւ ժամանակի պահանջով սկսել է զարգանալ լրագրության նոր ուղղություն՝ մուլտիմեդիա լրագրությունը, որին տիրապետելն առանցքային է ոլորտի զարգացմանը համընթաց քայլելու համար:
Արձագանքելով մեդիադաշտի այս մարտահրավերին՝ 2024 թվականին Հայաստանի ամերիկյան համալսարանը մեկնարկել էր նոր կրթական ծրագիր՝ «Լրագրության մագիստրոս» (Master of Arts in Multiplatform Journalism – MAMJ): Այն նպատակ ունի կրթելու մեդիա մասնագետների նոր սերունդ՝ զինված մերօրյա դինամիկ մեդիամիջավայրում աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր հմտություններով: «Լրագրության մագիստրոս» կրթական ծրագիրը հավատարմագրվել է Դպրոցների եւ քոլեջների արեւմտյան ասոցիացիայի (WASC) կողմից եւ լիցենզավորվել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից:
Մեդիամաքսը զրուցել է ծրագրի ղեկավար, դոկտոր Շոն Մքինթոշի եւ ներկայումս ծրագրում կրթություն ստացող ուսանողների հետ։ Նրանք պատմել են, թե որոնք են MAMJ-ի առավելությունները, ովքեր եւ ինչպես են դասախոսում եւ ինչու արժե դիմել այս ծրագրին:
Պատրաստվելով ապագայի լրագրությանը
Շոն Մքինթոշը լրագրության ոլորտում ունի ավելի քան 30 տարվա փորձ, որից շուրջ 20 տարին դասավանդել է թվային մեդիա, լրագրություն, ռազմավարական հաղորդակցություն եւ մեդիայի էթիկա ամերիկյան տարբեր համալսարաններում։ Նա որպես լրագրող աշխատել է Մեծ Բրիտանիայում, Ճապոնիայում եւ ԱՄՆ-ում։
Շոն Մքինթոշ. Այսօր լրագրությունն աշխարհում իրական ճգնաժամ է ապրում, քանի որ թվային ու սոցիալական մեդիան խաթարել է մեդիա բիզնեսի ավանդական մոդելները։ Մի կողմից լրագրողները հիմա ունեն սթորիթելինգի հզոր գործիքներ, բայց մյուս կողմից լրագրության բիզնես կողմը տուժում է՝ կրճատվում են ծախսերը, փակվում են լրատվամիջոցներ, ԱՄՆ-ում հիմա լուրերի «անապատներ» են գոյանում։ Այլեւս վաղուց անցյալում են այն օրերը, երբ մեկը կարող էր ասել՝ ես գրող եմ, ամբողջ անելիքս գրելն է: Անցյալում են նաեւ հեռուստատեսային նկարահանումների մեծ անձնակազմերը, քանի որ հիմա մի շարք գործառույթներ վստահվում են մեկ անձի։
Այսօր լրագրողները պետք է ունակ լինել աշխատելու տարբեր ձեւաչափերով՝ գրավոր, աուդիո, վիդեո։ Գուցե չլինելով բոլոր ձեւաչափերի փորձագետը՝ պետք է առնվազն հստակ պատկերացում ունենան, թե ինչպես են տարբեր մեդիատեսակները փոխակերպում սթորիթելինգն ու ազդում լսարանի վրա։
Շոն ՄքինթոշըԼուսանկարը` Մեդիամաքս
Միեւնույն ժամանակ, անկախ տեխնոլոգիական առաջընթացից՝ լրագրության հիմքերն անփոփոխ են. ճշմարտության ներկայացում, փաստերի ստուգում, լսարանի ներգրավվածություն։ Այսօրվա մարտահրավերն է կարողանալ կիրառել նոր գործիքները՝ ամրապնդելու այդ հիմքային հմտություններն ու զարգացնելու սթորիթելինգի նոր մոտեցումներ։
«Լրագրության մագիստրոս» կրթական ծրագրում ուսանողները սովորում են այն բոլոր հմտությունները, որոնք անհրաժեշտ են լրագրող լինելու համար՝ ոչ թե զուտ տեսական գիտելիքներ, այլ առձեռն փորձառություն։ Միեւնույն ժամանակ պետք է հասկանալ, որ տեխնոլոգիաներն արագ են փոխվում ու զուտ դրանց տիրապետել սովորեցնող վերապատրաստումները եւս բավարար գիտելիք չեն կարող տալ։ Խնդիրը միայն կոճակներ սեղմելը չէ, որովհետեւ դրանք շուտով կփոխարինվեն, այլ ձեռք բերել խորքային ընկալում, թե ինչու են սեղմվում այդ կոճակները։ Այս պատճառով է, որ մեր կրթական ծրագիրը համադրում է ամուր հայեցակարգային մոտեցումը պրակտիկ արտադրական հմտությունների հետ։ Արդյունքում՝ ուսանողները սովորելու ընթացքում արդեն իսկ արտադրում են լրագրողական պատմություններ տարբեր ձեւաչափերում, եւ ավարտելուն պես նրանք կարող են վստահորեն մտնել խմբագրություններ՝ որպես պրոֆեսիոնալ լրագրողներ։
Ինչու սովորել լրագրություն մագիստրատուրայում
Շոն Մքինթոշ. Իմ անձնական համոզմունքն է, որ բակալավրում լրագրություն սովորելն այնքան էլ ճիշտ չէ։ Ինքս բակալավրում որպես առաջին մասնագիտություն (major) միկրոկենսաբանություն եմ սովորել, իսկ լրագրություն՝ որպես երկրորդ մասնագիտություն (minor)։ Ավելի ուշ շարունակել եմ լրագրողական կրթությունս մագիստրատուրայում։ Ինձ համար ավելի ճիշտ է ուսումնասիրել որեւէ մասնագիտական ոլորտ, որից հետո հմտանալ լրագրությունում։
Լուսանկարը` Մեդիամաքս
Մյուս կողմից մարդիկ կարող են հարցնել՝ մագիստրոսական ծրագրում լրագրություն սովորելու արժեքը ո՞րն է, եթե կարելի է պարզապես որոշ թրեյնինգներ անցնել։ Եթե դուք մտնեք ոլորտ ու ձեր բախտը շատ բերի, դուք կունենաք լավ խմբագիր, որը մենթորի դեր ստանձնելով՝ կօգնի ձեզ տարիների ընթացքում զարգացնել լրագրողական հմտությունները։ Բայց մարդկանց բախտը հիմնականում չի բերում։ Մինչդեռ մեր ծրագիրը կարելի է բնութագրել որպես 14-ամսյա մենթորություն, որի ընթացքում դասախոսներն ուսանողներին տալիս են այնպիսի փորձ ու գիտելիք, որը հնարավոր կլիներ ձեռք բերել առնվազն 5 տարի լրագրող աշխատելու միջոցով։
Ովքեր են ծրագրի ուսանողները
Կրթական ծրագրին դիմում են ինչպես ոլորտում գործող լրագրողներ, այնպես էլ այլ ոլորտում կրթություն ստացած ու աշխատանքային փորձ ունեցող մասնագետներ, որոնք ցանկանում են հմտանալ նաեւ մեդիա ոլորտում:
Ծրագրի ուսանողներից Գոհարիկ Հովհաննիսյանն առաջին մասնագիտությամբ լեզվաբան է եւ հանրային կապերի մասնագետ, սովորել ու աշխատել է նաեւ ռազմավարական հաղորդակցության ոլորտում։ ՀԱՀ-ում ուսումն ավարտելուց հետո ցանկանում է լրագրությամբ զբաղվել իր առաջին մասնագիտությանը զուգահեռ՝ հեղինակելով պատմություններ տեխնոլոգիական ոլորտի մասին։
Գոհարիկ Հովհաննիսյան. Գործող լրագրողների հետ նույն կուրսում լինելը կրթական գործընթացը էլ ավելի հետաքրիր է դարձնում, որովհետեւ մենք հնարավորություն ունենք սովորելու ոչ միայն դասախոսներից, այլեւ ծանոթանալու մեր կուրսընկերների փորձառությանը ինչպես ներլսարանական, այնպես էլ արտալսարանական քննարկումների միջոցով:
Գոհարիկ ՀովհաննիսյանըԼուսանկարը` Մեդիամաքս
Մեր լրագրող-կուրսընկերները միշտ շատ պատրաստակամ են օգնել: Ոլորտում փորձ ունենալով՝ նրանք ունեն լրագրության մեջ ամենակարեւորը՝ հղկված աղբյուրների բազա, որը սիրով կիսում են մեզ հետ:
Ծրագրի մեկ այլ ուսանող՝ Եվա Մինասյանը գործող լրագրող է։ Բակալավրում լրագրողի մասնագիտություն ստանալուց հետո դիմել է ՀԱՀ-ի ծրագրին, որովհետեւ ցանկանում է զարգացնել մուլտիմեդիա լրագրության հմտություններն ու նաեւ սովորել լրագրության արեւմտյան չափանիշները։ Արդեն 3 տարի է աշխատում է Հանրային ռադիոյի երկրորդ՝ «Իմ ռադիո» ալիքում, որտեղ «Ես քեզ լսում եմ» պոդքասթի հեղինակ-վարողն է։
Եվա Մինասյան. Լրագրողներս, հաճախ, նույն թեմաների շուրջ ենք մտածում, մինչդեռ այլ ոլորտներում աշխատող կուրսընկերներն օգնում են մտածել մեզ համար սովորական շրջանակից դուրս, առաջարկում նաեւ սեփական մասնագիտական օգնությունը։
Մենթորության մշակույթը
Կուրսում ուսանողների առավելագույն թիվը սահմանված է 20, ինչը թույլ է տալիս դասախոսներին անհատական ուշադրություն դարձնել յուրաքանչյուր ուսանողի ու ուղղորդել՝ ըստ նրանց ունեցած հմտությունների ու մասնագիտական ունակությունների: Ներկայումս կուրսում սովորում է 16 ուսանող:
Գոհարիկ. Այս ծրագրի դասախոսները պատրաստ են ցանկացած հարցով կողքիդ լինել, ու նրանց ուղղորդումը կարող է միանգամայն որոշիչ դեր ունենալ քո հետագա կյանքում: Նման վերաբերմունքի շնորհիվ սկսում ես մենթորի դերն այլ կերպ ընկալել:
Եվա. Ուսումնական գործընթացի համար կրթական թեմայով մի պոդքասթի վրա էի աշխատում: Առաջին անգամ էր, որ պետք է անգլերեն վարեի պոդքասթը: Մտա ինձ հարազատ ստուդիա, դրեցի ականջակալներս ու սկսեցի խոսել, բայց ինձ համար այդ անգլերեն ձայնն այնքան անսովոր էր, որ կարծես ես չլինեի: Առաջին պոդքասթի ձայնագրությունն ավարտելուց հետո մեր մենթոր Շոնին նամակ գրեցի, որ այս երեք տարի է այդ նույն ստուդիայի դուռը բացում եմ ու ձայնագրվում, բայց երբեք ինքս ինձ այդքան օտար չեմ եղել: Շոնը սկսեց բացատրել՝ ինչպես անեմ, որ ավելի հեշտ լինի, աջակցության խոսքեր ասաց ու նաեւ նշեց, թե որքան վստահ է, որ ինձ մոտ անպայման լավ կստացվի: Նրա՝ իմ նկատմամբ այդքան մեծ վստահությունը բավարար էր, որ ես հաջորդ անգամ ստուդիա մտնելուց խոսեի այնքան վստահ, ասես տանն էլ եմ անգլերեն խոսում:
Եվա ՄինասյանըԼուսանկարը` Մեդիամաքս
Զրույցներից մեկի ժամանակ Շոնը մի անգամ մեզ ասաց՝ պատկերացրեք, որ ես այստեղ ունեմ տասնվեց երեխա ու ես որպես հայր՝ պատասխանատու եմ բոլոր տասնվեցիդ համար: Ինքն իրեն բառացիորեն այդպես է պահում՝ բոլորիս այստեղ հայավարի պապայություն է անում (հեղ.՝ ժպտում է): Եվ միայն ինքը չէ այդպիսին, նույնիսկ այն դասախոսները, որոնք շաբաթական մեկ օր են մեզ տեսնում, նույնպիսի հոգատարությամբ են մոտենում։
Շոն. Ես բավականին երկար եմ դասավանդել լրագրության ու ռազմավարական հաղորդակցության ոլորտում, որպեսզի հասկանամ ճիշտ պահը, թե երբ է պետք ուսանողին գովաբանել, երբ է պետք ավելի խիստ լինել, այսպես ասած՝ կոշտ սիրով։ Նաեւ ինքս լրագրող լինելով՝ հեշտությամբ ճանաչում եմ վերջնաժամկետից րոպեներ առաջ ավարտած նյութերն ու կարող եմ ասել ուսանողին՝ դա իր լավագույն աշխատանքը չէ։ Ես ասում եմ այն, ինչ կասեին խիստ խմբագիրները, որովհետեւ միայն սխալներն ուղղելով է հնարավոր սովորել ու կատարելագործվել։
Ովքեր ու ինչպես են դասավանդում
Ծրագրում դասավանդող բոլոր մասնագետները կա´մ գործող լրագրողներ են, կա´մ էլ նախկինում աշխատել են որպես լրագրող։ Սրա շնորհիվ ուսանողները սովորում են իրական աշխարհի պայմաններում, եւ երբ հարմարավետ լսարանից դուրս գան ու գնան իրական խմբագրություն՝ խառնաշփոթը շոկային չի լինի։ Միեւնույն ժամանակ, ուսանողների դասերը լի են անակնկալներով։
Եվա. Սիրելի դասախոսներից Ռուբեն Քեոսեյանը (հեղ․՝ Կալիֆոռնիայի Նորթրիջի պետական համալսարանի դասախոս, որն ամռանն առաջին անգամ այցելելով Հայաստան՝ կամավոր դասեր է վարել MAMJ–ի ուսանողների համար) մեզ բառացիորեն հանեց լսարանից դուրս ու ասաց՝ ունեք 40 րոպե ռեպորտաժ պատրաստելու համար այն դեպքում, որ լրագրության փորձ չունեցող ուսանողները րոպեներ առաջ էին սովորել՝ ինչպես պատրաստել ռեպորտաժ։
Լուսանկարը` Մեդիամաքս
Մեկ այլ սիրելի դասախոս՝ Ասպետ Գոչիկյանը, որը դասավանդում է քաղաքականություն եւ դիվանագիտություն, մի անգամ որոշեց դասն անցկացնել ոչ թե սովորական ձեւով՝ լսարանում, այլ բոլորիս հավաքեց իր տանը՝ պիցցայի շուրջ դիտելու հեղափոխությունների մասին վավերագրական ֆիլմեր։ Այդ ձեւաչափում մենք լավագույնս սովորեցինք, թե ինչպես կարող է մեր աշխատանքը փոխել դիվանագիտությունն ու քաղաքականությունը։
Գոհարիկ. Մեր սիրելի դասախոսների շարքում չենք կարող չնշել Մարիա Թիթիզյանին։ Նրա տված հետադարձ կապը ստիպում է աճել։ Եթե աշխատանքդ վատն է, շատ ուղիղ հենց այդպես էլ կասի քեզ, իսկ եթե նա այն դրական է գնահատում, նշանակում է՝ դու «վերջն» ես։
Բացի հիմնական դասավանդողներից, ուսանողներին հաճախ են այցելում միջազգային տարբեր հյուրեր ու կիսվում իրենց փորձով։ Այդ հանդիպումներից մի քանիսը հատկապես տպավորել են նրանց։
Գոհարիկ. Մեր հյուրերից մեկը Օհայոյի համալսարանի Էդվարդ Սքրիփսի լրագրության դպրոցի պորֆեսոր Ներիսա Յանգն էր, որը մասնագիտացած է տրավմաների լուսաբանման ուղղությամբ։ Դասի ընթացքում որոշվեց, որ պետք է արտակարգ իրավիճակի իմիտացիա ստեղծենք եւ ուսանողներով փորձենք հարցազրույցներ վարել։ Ներիսա Յանգը աթոռը դրեց մեջտեղում, նստեց ու սկսեց խաղալ մի ծեր կնոջ դեր, որը ջրհեղեղից կորցրել էր տունը, ընտանիքի անդամներին, կատվին։ Նա իսկապես լալիս էր, ու երբ մեզանից մեկը վատ հարց տվեց, սկսեց բղավել՝ ճիշտ այնպես, ինչպես հավանական է, որ կլիներ իրականում։
Լուսանկարը` Մեդիամաքս
Հյուրերի շարքում էր նաեւ Քեւին Սմիթը, որը Օհայոյի համալսարանում ղեկավարում է Հանրային գործերի լրագրության Kiplinger ծրագիրը։ Նա մեզ հետ կիսվեց իր խիստ անձնական փորձով։ Պատմեց, որ մի անգամ պետք է լուսաբաներ պայթյուն, որի ընթացքում մահացել էր նաեւ իր եղբայրը։ Նա մեզ ասաց, որ անգամ եթե ողբերգությունն անմիջականորեն մեզ է պատահել, պետք է կարողանանք այն լուսաբանել։ Սեփական տրավմայի միջով անցնելով՝ նա գրել էր այնպիսի հոդված, որը կարդալիս բոլորն արտասվում էին։
Եվա. Քեվին Սմիթն իր այս պատմությամբ մեզ ցույց տվեց, որ լրագրողի անձնական ապրումները եւս կարող են պատմություն դառնալ։ Սա մեզ համար շատ կարեւոր դաս էր, որովհետեւ երբեմն թվում է, թե լրագրողներս կես մարդիկ ենք, մեզ ասել են, որ մեր հուզերը պետք է հոդվածներում չերեւան, սակայն այս դրվագը ցույց է տալիս՝ կան իրավիճակներ, երբ լրագրողի փորձառությունն ունի իրավունք ու պիտի դառնա պատմություն։
The Brief-ն ու իրական բազմապլատֆորմ լրագրության հմտություններ
ՀԱՀ-ի Մեդիա լաբի շնորհիվ ուսանողներն ունեն բոլոր անհրաժեշտ միջոցները տարբեր ձեւաչափերում մեդիա բովանդակություն ստեղծելու համար։ Նրանց աշխատանքները հանրությանը հասանելի են հենց ուսանողների կողմից ստեղծված The Brief հարթակում, որը համալսարանից անկախ ուսանողական լրատվամիջոց է՝ մուլտիմեդիա բովանդակությամբ։
Գոհարիկ. Այս ծրագրում կրթությունը տալիս է հնարավորություն ձեռք բերելու իրական լրագրության փորձ տարբեր ձեւաչափերում։ Երբ ունես գաղափար, այն զրոյական կետից հասցնում ես մինչեւ թողարկում եւ տարածում, ուստի սովորում ես բովանդակության հետ աշխատանքը A-ից Z։
Լուսանկարը` Մեդիամաքս
Մեզ երբեք չեն սահմանափակում թեմաների ընտրության հարցում, բայց միեւնույն ժամանակ հորդորում են փորձել ամեն ինչ։ Անձամբ ես ինձ ավելի շատ գրավոր դաշտում եմ պատկերացնում, սակայն շատ կարեւոր է ինքդ քեզ հարմարավետության գոտուց դուրս հանելը։ Այդ հարցում ինձ շատ է օգնել մեր դասախոսներից Շանթ Պետրոսյանը։ Նրա շնորհիվ ես ու մեր կուրսում շատերը փորձեցին իրենց պոդքասթի ոլորտում։
Եվա. Այստեղ մեզ սովորեցնում են 360 աստիճանի մտածողություն, ծանոթացնում են համաշխարհային լրագրության մոտեցումներին, ու որ ամենակարեւորն է՝ սովորեցնում մտածել մեծ, դուրս գալ սեփական մտքի սահմանափակ շրջանակից։
Ինթերնշիփի հնարավորություն ԱՄՆ-ում
Կուրսի ավարտին ուսանողները պետք է պատրաստեն ավարտական նախագիծ՝ capstone project, որը ենթադրում է լրագրողական խորը, համակողմանի անդրադարձ մեկ կարեւոր թեմայի։ Բացի այդ, ուսանողներից տասն իրենց 3-շաբաթյա ինթերնշիփը կանցնեն ԱՄՆ-ի Վաշինգթոն նահանգի տարբեր լրատվամիջոցներում։ Սա հնարավոր է դարձել Վաշինգտոնի պետական համալսարանի Էդվարդ Ռ. Մերոուի հաղորդակցության ֆակուլտետի հետ համագործակցության շնորհիվ։
Լուսանկարը` Մեդիամաքս
Եվա. Ինթերնշիփի հետ կապված որոշ վախեր կան, բայց մեր մենթոր Շոնն օգնում է ամեն ինչ հաղթահարել։ Մի կողմից՝ կարեւոր փորձառություն ձեռք բերելու բացառիկ հնարավորություն է, մյուս կողմից՝ մեծ պատասխանատվություն, քանի որ արտերկրում ներկայացնելու ենք Հայաստանի լրագրությունը, եւ դա պետք է անենք այնպես, որ դրսում ցանկանան մեր մասին ավելի շատ իմանալ։
Ուղերձ ապագա դիմորդներին
Շոն. Ես երբեք չեմ ափսոսել կյանքում մեծ փոփոխությունների համար: Նաեւ պետք չէ մտածել տարիքի մասին, ընդհակառակը, կյանքի փորձով մարդիկ վերադառնալով կրթական միջավայր տեսնում են, որ սովորելը ոչ միայն դժվար չէ, այլեւ շատ հաճելի կարող է լինել:
Գոհարիկ. Եթե կյանքի ինչ-որ փուլում եկել եք այն մտքին, որ ուզում եք ձեզ փորձել լրագրության ոլորտում, ապա կասեմ, որ անպայման արժե գնալ այդ մտքի հետեւից: Իսկ լավագույն կրթական ծրագիրը, որտեղ հնարավոր է ձեռք բերել բոլոր առանցքային հմտությունները ոլորտում լավ դիրք զբաղեցնելու համար հենց ՀԱՀ-ի MAMJ-ն է:
Լուսանկարը` Մեդիամաքս
Եվա. Լրագրությունը արագ զարգացող ոլորտ է, ու չես կարող քո տարիներ առաջ ձեռք բերած բակալավրի կրթությամբ համընթաց քայլել այդ փոփոխություններին: ՀԱՀ-ի այս կրթությունը կտա ձեզ այդ անհրաժեշտ զարգացումը: Նաեւ եթե իսկապես այրվում եք լրագրությամբ զբաղվելու գաղափարով ու հավատում լրագրության ուժին, ապա ասեմ, որ այստեղ կհանդիպեք այնպիսի մենթորների, որոնք էլ ավելի մեծ հավատ ունեն այս մասնագիտության ուժի նկատմամբ ու անպայման ձեզ կոգեշնչեն այնպես, որ հենց դուք դառնաք այդ փոփոխություններ բերողը։
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ ՀՀ քաղաքացիներն այս ծրագրում կարող են սովորել 90% կրթաթոշակով։ Դիմումների վաղը փուլի վերջնաժամկետը հունվարի 15-ն է։ Դիմումներն ընդունվում են application.aua.am կայքում: Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել ծրագրի պաշտոնական էջում։ Դիմումի պահանջների, վերջնաժամկետների եւ ուսման վարձի մասին տեղեկատվությունը հասանելի է համալսարանի ընդունելության էջում:
Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Հումանիտար և սոցիալական գիտությունների ֆակուլտետն ԱՄՆ Պետքարտուղարության կողմից ստացել է 2,171,462.49 ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ ՀԱՀ-ում լրագրության մագիստրոսական ծրագիր և լրագրության գերազանցության կենտրոն հիմնելու համար։ Ծրագիրը նաև նախատեսում է համագործակցություն ՀԱՀ-ի և Վաշինգտոնի պետական համալսարանի Էդվարդ Ռ. Մերոուի հաղորդակցության ֆակուլտետի միջև՝ նպաստելու Հայաստանում լրագրողական կրթության և պրակտիկայի որակի ու բովանդակության շարունակական բարելավմանը։
Գայանե Ենոքյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի














Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: