Փորձել ու զգալ Հայաստանը. մաս 3 - Mediamax.am

exclusive
6414 դիտում

Փորձել ու զգալ Հայաստանը. մաս 3


Լուսանկարը` Ալեքսանդր Տյագնի-Րյադնո:


Մարիա Լապուկը ռուսաստանյան «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի մամուլի քարտուղարն է: Պարզվում է, նրան այնքան է դուր գալիս Հայաստանում, որ Մաշան ցանկացավ մեզ համար հատուկ նախագիծ պատրաստել եւ պատմել մեր երկրի մասին նրանց, ովքեր երբեք այստեղ չեն եղել:

Ներկայացնում ենք «Իմ համտեսած Հայաստանը» հատուկ նախագծի երրորդ մասը:

Մաշայի պատմվածները նկարազարդելու համար ընտրեցինք ռուս լուսանկարիչ Ալեքսանդր Տյագնի-Րյադնոյի նկարները` 2006թ. նա այցելել էր Հայաստան Մեդիամաքս-ի հրավերով:

Կարդացեք նաեւ շարքի առաջին եւ երկրորդ մասերը:


Մաս 3. Ճոպանուղի` ուլունքներով թել  հսկայական սարերի պարանոցին

 
Սեւան

Բացի այն, որ Սեւանը աշխարհում մեծությամբ երկրորդ բարձրագոտի լիճն է, այն նաեւ շատ գեղեցիկ է: Երկար ժամանակ (Հայաստանի չափանիշներով) ճանապարհով վեր ես սլանում: Ճանապարհին ականջներդ փակվում են, եւ սկսում ես մտածել`ինչի՞ս է պետք այս ամենը: Ապա` սահում ես ամպերի միջով, եթե հաջողակ լինես, եւ դրանք այդ օրը ցածր լինեն: Եվ հսկայական լեռնային լիճ ես տեսնում: Ես, իհարկե, դեռեւս Տիտիկակա չեմ հասել, սակայն Սեւանը ապշեցուցիչ գեղեցիկ է 1900 մետր ծովի մակարդակից իր բարձրությամբ: Շատ ես ցանկանում մտնել դրա մաքուր ջրերը, սակայն 14 աստիճան ջերմաստիճանը շատերին է կանգնեցնում: Սեւանի սեզոնը սկսվում է օգոստոսին, երբ ջուրը տաքանում է մինչեւ 20 աստիճան:

Սակայն, այստեղ լողալուց բացի միշտ անելու բան կա: Օրինակ, բարձրանալ IX դարում կառուցված Սեւանավանք եւ մոմ վառել, այնտեղից վայելել լճի գեղեցկությունը, ափի ռեստորանում խեցգետնի քյաբաբ կամ իշխան համտեսել, կերակրել հայկական ճայերին (ի դեպ, բոլոր սրճարաններում այնքան հաց են բերում, որ ճայերը քաղցած չեն մնում), գիշերել ափի հյուրանոցում, երեկոյան նստել ծովափին եւ վայելել հայկական գինին համեղ մրգերով:


Լուսանկարը`Ալեքսանդր Տյագնի-Րյադնո:

Ճոպանուղին

Հայաստանում է գտնվում աշխարհում ամենաերկար ճոպանուղին (5,7 կմ), որը տանում է դեպի հրաշալի Տաթեւի վանքը: Դուք հնարավորություն ունեք 15 րոպեների ընթացքում ուղեւորվել 360 մետր բարձրության վրա: Ասեմ ձեզ, որ բավականին վախենալու է:

Երեւանից մինչեւ Տաթեւ այնքան էլ մոտիկ չէ: Մենք բարձր լեռնային ճանապարհներով շուրջ 4 ժամ գնացինք՝ անընդհատ խորը շրջադարձներ կատարելով եւ անցնելով գեղեցիկ կիրճերի եւ խաղողի թփուտների միջով: Սակայն ճանապարհորդությունն արժեր այդ ճանապարհը կտրելուն: Ճոպանուղին հսկայական սարերի պարանոցին ուլունքներով թել է թվում: Անմոռանալի տպավորություններ ստանալուց առաջ, որի մասին կարելի է երկար պատմել բոլոր ընկերներին, մենք, իհարկե, ճաշեցինք:

Եվ այսպես, լիրիկական շեղում Հայաստանի ճաշերի մասին: Դա մի բան է, ինչից հետո ընդհանրապես հնարավոր չէ շարժվել, սովորաբար գրեթե 2 ժամ է տեւում: Ամեն ինչ սկսվում է 2-3 աղցաններից եւ մածունից. ինձ այդպես էլ չկարողացան բացատրել, թե ինչ է այն, սակայն այն շատ նման է թանձր կեֆիրի, որի հետ, ըստ էության, կարելի է ուտել ամեն ինչ: Ապա` անպայման բերում են ապուրներ: Բոլոր հայկական ապուրները թվարկել հնարավոր չէ, սակայն համտեսել պարտադիր է: Ընդ որում, հաճախ ձեզ ցանկանում են հյուրասիրել միանգամից ամեն ինչ մեկ ճաշի ընթացքում: Եվ, իհարկե, դրան հաջորդում է երկրորդ ճաշատեսակը` իշխան, գառան միս, խոզի միս, իսկ հաճախ՝ ամեն ինչ միասին: Եվ չնայած այդ ամենից հետո ուտելիքին նայել հնարավոր չէ, հետո մատուցում են աղանդերը: Այո, եւ այդ ամենի հետ մեկտեղ մատուցվում է հայկական գինի, որը միշտ հիասքանչ է: Դրանում բացակայում է վրացական գինիների տտիպությունը, սակայն կա այն հագեցվածությունը, որը հաղորդվում է լեռնային արեւից: 


Լուսանկարը` Մարիա Լապուկ:

Եվ նման ճաշից հետո մենք որոշեցինք ճոպանուղի նստել: Ճանապարհին պատմում էի ընկերոջս, որ շատ եմ ցանկանում, որպեսզի ճոպանուղին ինչ-որ մի տեղ կանգ առնի, եւ մենք ճոճվենք այդ խցիկում: Ինձ վրա ծիծաղում էին եւ ասում, որ ես առաջինն օգնություն կկանչեմ: Բոլոր մեր երազանքները վաղ թե ուշ կատարվում են, իսկ սա այն դեպքն էր, որ այն շատ շուտ իրականացավ: Մեր ճամփորդության 10-րդ րոպեին (բարձրությունը` մինչեւ 360 մետր) մեր խցիկը կանգ առավ: Պետք է զգույշ լինել ցանկությունների մեջ: Սակայն, կարողացա շատ լավ տեսնել այն վայրը, որը կոչվում է Սատանայի կամուրջ: Այն տեղակայված է Որոտան գետի կիրճում, որը Հայաստանի ամենախորը ձորն է (500մ): Դա բնական, այլ ոչ թե ձեռագործ կամուրջ է, որը կախվել է արագ հոսող գետի վերեւում: Հայաստանում շատ են սատանայի հետ կապված պոետիկ անվանումները: Օրինակ, օբսիդիան քարը սեւ գույնի համար անվանում են «սատանայի եղունգ» (հենց այստեղ են գտնվում խոշոր հանքավայրերը):

Մի քանի րոպե անց մեր խցիկը շարժվեց, եւ մենք հաջողությամբ իջանք ամենագեղեցիկ վայրերից մեկի` Տաթեւի վանքի «ափին»: Մի ժամանակ հենց այստեղ է եղել Սյունիքի մելիքության կրոնական եւ մշակութային կենտրոնը: Եվ մինչեւ հիմա ճարտարապետական աշխատանքը ցնցում է իր ծավալներով: Մի վայր, որտեղ պարտադիր պետք է լինել:


Լուսանկարը` Մարիա Լապուկ:

Մեր անսպասելի կանգառից հետո ոչ բոլորը որոշեցին վերադառնալ ճոպանուղով` շատերը նախընտրեցին ավտոմեքենան, իսկ մենք ետ շարժվեցինք եւ ճանապարհին ծանոթացանք Նյու Յորքից ժամանած երիտասարդների հետ, որոնք ճանապարհորդում էին Հայաստանում: 

Շարունակությունը կարդացեք վաղը:

Տեքստը` Մարիա Լապուկ` հատուկ Մեդիամաքսի համար:
Լուսանկարները` Ալեքսանդր Տյագնի-Րյադնո:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին