Իրանն ավելի կախված է դառնալու Ռուսաստանից - Mediamax.am

Մարտ 05, 2026
129 դիտում

Իրանն ավելի կախված է դառնալու Ռուսաստանից


Լուսանկարը` Kremlin.ru

Լուսանկարը` Kremlin.ru


Ներկայացնում ենք Carnegie Politika կայքում հրապարակված իրանագետ Նիկիտա Սմագինի На пути в сателлиты. Как война изменит отношения России и Ирана հոդվածի հայերեն թարգմանությունը:

Նիկիտա Սմագին

ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածներն արդեն իսկ հանգեցրել են Իրանի համար հսկայական կորուստների՝ ներառյալ ռազմաքաղաքական ենթակառուցվածքների ոչնչացումը եւ երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունը։ Նույնիսկ եթե Իսլամական Հանրապետության վարչակարգը շարունակի գոյատեւել այս պատերազմից հետո, տեղի ունեցողը հարվածում է երկրում ռուսական շահերին՝ կասկածի տակ դնելով տարածաշրջանային բազմաթիվ նախագծերի իրականացումը։ Սակայն դա չի նշանակում, որ Կրեմլը պատրաստ է հրաժարվել Թեհրանի հետ կապերից։ Ընդհակառակը՝ պատերազմը կարող է իրանական վարչակարգին Մոսկվայից ավելի մեծ կախվածություն տանել։

Բացարձակ կորուստներ

Իրանում պատերազմի հնարավոր հետեւանքները Ռուսաստանի համար մեծապես կախված կլինեն ռազմական գործողությունների տեւողությունից, հետագա ճգնաժամի խորությունից, իշխող վարչակարգի կենսունակությունից եւ բազմաթիվ այլ գործոններից, որոնք այսօր դժվար է կանխատեսել։ Այնուամենայնիվ, կարելի է առանձնացնել մի քանի միտումներ, որոնք արդիական կմնան հնարավոր սցենարների մեծ մասում։

Կարճաժամկետ հեռանկարում Ռուսաստանը շահում է սրացումից՝ առնվազն պետական բյուջեի համալրման հարցում։ Իրանի դեմ ռազմական գործողություններն արդեն իսկ բարձրացրել են նավթի եւ հեղուկացված գազի գները, իսկ Հորմուզի նեղուցի շրջափակման շարունակումը կարող է նավթի գները հասցնել վաղուց չտեսնված բարձունքների։


Եթե Ծոցում անկայունությունը երկարի, դա հղի է համաշխարհային էներգետիկ ճգնաժամով, ինչը կտրուկ կբարձրացնի ռուսական էներգակիրների գրավչությունը՝ չնայած արեւմտյան պատժամիջոցներին։ Բացի այդ, Իրանը Ռուսաստանի հետ մրցակցում էր չինական նավթային շուկայի համար։ Իրանական մատակարարումների դադարեցումը հիմա Մոսկվային թույլ է տալիս մեծացնել արտահանումը դեպի Չինաստան՝ այդպիսով փոխհատուցելով Հնդկաստանի կողմից գնումների նվազումը։

Ճիշտ է, այս օգուտների հակառակ կողմն այն է, որ տեւական պատերազմը հարվածում է նաեւ Իրանում Ռուսաստանի շահերին։ Նախ՝ հարցականի տակ է հայտնվում «Հյուսիս-Հարավ» նախագիծը, իսկ Մոսկվան այս միջանցքը համարում է կարեւոր տարր տրանսպորտային երթուղիների դիվերսիֆիկացման իր փորձերում։ Չնայած դրա շահութաբերության վերաբերյալ բոլոր կասկածներին՝ ռուսական տնտեսությունը համաշխարհային շուկա դուրս գալու նոր ուղիների կարիք ունի։

Լուսանկարը` Kremlin.ru


Երկրորդը՝ էլ ավելի մշուշոտ է դառնում Իրանում ռուսական «գազային հանգույցի» ապագան, որի օգնությամբ Մոսկվան հույս ուներ վերադարձնել իր գազը համաշխարհային շուկա։ Այստեղ տրամաբանությունը նման է «Հյուսիս-Հարավ» նախագծին. գաղափարի շահութաբերությունն ակնհայտ չէ, բայց Ռուսաստանի համար արժեքավոր է մատակարարման ուղիները դիվերսիֆիկացնելու ցանկացած հնարավորություն։

Իրանում իրականացվող ռուսական շատ այլ նախագծեր նույնպես կարող են չդիմանալ պատերազմին, թեեւ դրանցում արդեն իսկ զգալի ուժեր ու միջոցներ են ներդրվել։ Ռուսաստանը մասնակցում է իրանական տարածքում նավթի արդյունահանմանը եւ ծրագրում է մասնակցել գազի արդյունահանմանը։ «Ռոսատոմը» կառուցում է «Բուշեր» ատոմակայանի երկրորդ հերթը, իսկ 2025 թվականին կողմերը նախնական համաձայնության են եկել $‌25 միլիարդ արժողությամբ նոր նախագծի՝ «Հորմոզ» ԱԷԿ-ի կառուցման շուրջ։ Բացի այդ, Ռուսաստանը Բենդեր Աբասի մոտակայքում կառուցում է «Սիրիկ» ջերմաէլեկտրակայանը։

Այս բոլոր ծրագրերը փլուզման վտանգի տակ են նույնիսկ առանց Իրանում վարչակարգի փոփոխության։ Էլ չենք խոսում այն մասին, որ վարչակարգի փոփոխության դեպքում Թեհրանում մեծ հավանականությամբ իշխանության կգան  հակառուսական տրամադրված ուժեր, որոնք կձգտեն նվազեցնել համագործակցությունը Մոսկվայի հետ։


Ոչ պակաս կարեւոր է նաեւ այն, որ Կրեմլն Իրանին հասցված ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածները, եւ հատկապես գերագույն առաջնորդի վերացումը, դիտարկում է որպես լուրջ նախադեպ։ Խոսքն ոչ այնքան նրա մասին է, որ Վլադիմիր Պուտինն անձամբ վախենում է նման հարվածների զոհ դառնալուց. Ռուսաստանում նա, հավանաբար, իրեն անվտանգ է զգում՝ հաշվի առնելով միջուկային զենքը եւ Իրանի հետ անհամեմատելի ռազմական ներուժը։ Ավելի շուտ Կրեմլին մտահոգում է նորմի տրանսֆորմացիան՝ աշխարհում պետության ղեկավարի պաշտոնի «ապասրբացումը»։ Դա պոտենցիալ կերպով կարող է ոչ միայն բարդացնել ռուսական առաջնորդի այցերն արտերկիր, որտեղ հնարավոր չէ ապահովել անվտանգության այնպիսի մակարդակ, ինչպես Ռուսաստանում, այլեւ ազդել հենց Ռուսաստանի ներսում իշխանության ընկալման վրա։

Մերձեցման հնարավորությունները

Չնայած տեղի ունեցողի նկատմամբ Մոսկվայի բացասական արձագանքին՝ իրավիճակի վրա ազդելու նրա հնարավորություններն առայժմ սահմանափակ են։ Դժվար է պատկերացնել, որ Կրեմլն իրանական վարչակարգի համար կդիմի ԱՄՆ-ի կամ Իսրայելի հետ բախվելու ռիսկին, ուստի ուղղակի ռազմական միջամտությունը բացառված է։ Մոսկվան թանկ է գնահատում իր հարաբերությունները Թել Ավիվի հետ, որն ի հակակշիռ Թուրքիայի՝ աջակցում է Սիրիայում ռուսական ռազմաբազաների պահպանմանը։ Բացի այդ, Կրեմլը չի ցանկանում փչացնել հարաբերությունները Թրամփի հետ. այստեղ դեռ կան Ուկրաինայի հարցով բանակցություններում համագործակցության հույսերը։


Եթե Իսլամական Հանրապետության վարչակարգը որեւէ տեսքով գոյատեւի այս պատերազմից հետո, Մոսկվան կարող է փորձել կատարվածն օգտագործել հօգուտ իրեն։ Երբ կողմերը կավարտեն հրթիռային հարվածները, Ռուսաստանը կմնա աշխարհի այն սակավաթիվ երկրներից մեկը, որը պատրաստ կլինի շարունակել համագործակցությունը Թեհրանի հետ։ Իրանի մյուս ավանդական գործընկերները, ինչպիսիք են ԱՄԷ-ն կամ Քաթարը, դժվար ցանկանան վերադառնալ նախկին առեւտրին եւ քաղաքական երկխոսությանն այն բանից հետո, երբ իրանական կողմը հրետակոծել է նրանց տարածքը։

Մեկուսացման մեջ հայտնված իրանական վարչակարգը քիչ այլընտրանքներ կունենա, քան օգնության համար դիմել Ռուսաստանին։ Իսկ Մոսկվան արդեն ապացուցել է Իրանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունն ընդլայնելու իր պատրաստակամությունը։ Ռուսական սպառազինությունը, իհարկե, ի վիճակի չէ փոխել ուժերի հավասարակշռությունը Իրանի եւ Իսրայելի կամ ԱՄՆ-ի միջեւ, սակայն այն կարող է օգտակար լինել վարչակարգի համար, եթե գործը հասնի զինված ապստամբությունների կամ քաղաքացիական պատերազմի։


Նման սցենարի դեպքում Թեհրանը դժվար բավարար ֆինանսական հնարավորություններ ունենա Ռուսաստանի աջակցության համար վճարելու համար, սակայն Մոսկվան «բարեկամ պետություններին» իրենց ինքնիշխանության մի մասի դիմաց օգնելու մեծ փորձ ունի։ Ինչպես դա, օրինակ, Սիրիայում էր՝ Բաշար Ասադի օրոք։

Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:



Մեր ընտրանին