Ռուսաստան-Իրան դաշինքի ապագան՝ Թրամփի հաղթանակի լույսի ներքո - Mediamax.am

1968 դիտում

Ռուսաստան-Իրան դաշինքի ապագան՝ Թրամփի հաղթանակի լույսի ներքո


Լուսանկարը` Kremlim.ru

Լուսանկարը` Kremlim.ru

Լուսանկարը` Kremlim.ru


Ներկայացնում ենք արեւելագետ, 2019-2022թթ․ Իրանում ՏԱՍՍ-ի թղթակից Նիկիտա Սմագինի Carnegie politika կայքում հրապարակված հոդվածի հայերեն թարգմանությունը:

 

Նիկիտա Սմագին

 

Ռուսաստանի եւ Իրանի վերջին տարիներին արագացած մերձեցումը առերեսվում է նոր մարտահրավերի՝ Դոնալդ Թրամփի նախագահության հետ։ Այն, ինչ հայտնի է ԱՄՆ հաջորդ նախագահի արտաքին քաղաքական ծրագրերի մասին, վկայում է, որ Թրամփի օրոք Վաշինգտոնը մտադիր է երկխոսություն հաստատել Մոսկվայի հետ եւ, ընդհակառակը, ուժեղացնել ճնշումը Թեհրանի վրա։ Եվ հիմա հարցն այն է, թե արդյո՞ք ամերիկյան զայրույթի եւ ողորմածության այս խառնուրդը կխաթարի հակաարեւմտյան միասնությունը, որի վրա խարխսվում է ռուս-իրանական դաշինքը:

 

Ինտեգրման առաջնագծում

 

Վառ հետաքրքրությունը Իրանի հանդեօ, որը բռնկվեց Ռուսաստանում Ուկրաինա ներխուժումից անմիջապես հետո, 2024 թվականի կեսերին նկատելիորեն մարել էր։ Ինչպես եւ սպասվում էր, իրանական ուղղությունը Մոսկվայի համար համադարման չդարձավ ո՛չ արեւմտյան պատժամիջոցները շրջանցելու, ոչ էլ տնտեսական նոր հորիզոնների բացելու առումով։ Երկու երկրների միջեւ առեւտուրը տատանվում է տարեկան $‌4-5 միլիարդի սահմաններում: Իրանից Ռուսաստան ապրանքների շարժը մի փոքր ավելացել է, սակայն իրանական ընկերությունների ռուսական շուկա լայնածավալ ներհոսքի մասին խոսելն անտեղի է։

 

Այդուհանդերձ, երկու երկրների տնտեսական ինտեգրման առումով վերջին երկու տարվա ընթացքում քիչ բան չի արվել։ Ամենակարեւորներից՝ Իրանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առեւտրի գոտու մասին մշտական համաձայնագիր է կնքել, որը պետք է ուժի մեջ մտնի 2025 թվականին։ Դա կնվազեցնի բոլոր ապրանքների մաքսատուրքերը 90%-ով։ Իրանի համար ազատ առեւտրի նոր գոտին առաջին նման համաձայնագիրն է, իսկ ԵԱՏՄ-ի համար այն փաստացիորեն երկրորդն է՝ առաջինը կնքվել էր Վիետնամի հետ դեռեւս 2016 թվականին։

 

Ավելին, Թեհրանը ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել։ Մոլդովան, Ուզբեկստանը եւ Կուբան արդեն ունեն այդ կարգավիճակը, սակայն Իրանը կլինի առաջին երկիրը, որն այն կհամադրի ազատ առեւտրի համաձայնագրի հետ։

 

Թեհրանը եւ Մոսկվան պաշտոնապես ինտեգրել են իրենց ազգային վճարային համակարգերը՝ Shetab-ը եւ «Мир»-ը: Ըստ իրանական հայտարարությունների՝ իրանական քարտերը հնարավոր կլինի օգտագործվել ռուսական բանկոմատներում արդեն այս տարի, իսկ ռուսական քարտերը Իրանում՝ հաջորդ տարվա սկզբից։ Այս համաձայնագիրն աննախադեպ էր՝ ո՛չ չինական, ո՛չ թուրքական, ո՛չ էլ էմիրաթական բանկերը չկարողացան Թեհրանի հետ համաձայնության գալ այս հարցում։

Լուսանկարը` Kremlim.ru

Մոսկվան նաեւ աջակցում է Թեհրանի անդամակցությանը միջազգային միավորումներին։ Նրա նախաձեռնությամբ Իրանին 2023 թվականին ընդունեցին Շանհայի համագործակցության կազմակերպություն, ռուսական կողմն աջակցում էր նաեւ իսլամական հանրապետության անդամակցությանը BRICS-ին 2024 թվականին։ Էլ չենք խոսում Թեհրանի եւ Մոսկվայի միջեւ հատուկ ռազմական համագործակցության մասին. նրանք միմյանց զենք են մատակարարում եւ համատեղ զորավարժություններ են անցկացնում Կասպից ծովից մինչեւ Պարսից ծոց ընկած տարածքում։

 

Ռուսաստանը ոչ միայն ձգտում է համագործակցել Իրանի հետ տարբեր ոլորտներում, այլեւ Թեհրանի հետ հարաբերություններում փորձարկում է ինտեգրացիոն նոր մոդելներ։ Ազատ առեւտրի գոտու, ֆինանսական համակարգերի միավորման եւ նույն միջազգային կազմակերպություններին միանալու համադրումը պետք է ամրապնդի երկու երկրների մերձեցումը՝ այն ավելի կայուն դարձնելով։ Նույն նպատակով մշակվում է ռուս-իրանական երկարաժամկետ համագործակցության փաստաթուղթը, որի մասին կողմերը վաղուց են խոսում։

 

Տարածման եզրագծերը

 

Նախկինում Ռուսաստանն արդեն օգտագործել էր Իրանը որպես փորձարկման հարթակ՝ այնուհետեւ այդ փորձը այլ երկրների հետ համագործակցության մեջ կիրառելու համար։ Այդպես էր, օրինակ, Բուշերի ատոմակայանի կառուցման դեպքում։ Այս ատոմակայանը դարձավ նման համագործակցության առաջին փորձնական տարբերակը եւ յուրատեսակ գովազդային նախագիծ «Ռոսատոմի» համար: Մերձավոր Արեւելքի պետությունների համար Բուշերի փորձը բավականին համոզիչ էր, եւ այժմ ռուս կապալառուներն օգնում են կառուցել «Աքույու» ատոմակայանը Թուրքիայում եւ «Էլ-Դաբաա» ատոմակայանը Եգիպտոսում:

 

Այսօր ռուսական «իրանական փորձարկման» ծավալներն ավելի լայն են։ Օրինակ՝ Մոսկվան Եգիպտոսի եւ ԱՄԷ-ի հետ արդեն քննարկում է ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրումը՝ իրանականի օրինակով։ Պոտենցիալ հավակնորդների ցանկում է նաեւ Ինդոնեզիան: Միեւնույն ժամանակ, Հնդկաստանի եւ Չինաստանի նման տնտեսական ծանր քաշայինները նման առաջարկներ չեն ստանում, քանի որ ԵԱՏՄ-ն, ըստ Կրեմլի ծրագրի, Ռուսաստանի գերիշխանության գոտի է, որը եւ պետք է մնա միավորման ամենամեծ տնտեսական խաղացողը։

Լուսանկարը` Kremlim.ru

Իրանի եւ Ռուսաստանի վճարային համակարգերի ինտեգրումը եւս կարող է դառնալ հետագա ռեպլիկացիայի օրինակ։ Իրանական կողմն արդեն առաջարկել է օգտագործել «Мир» եւ Shetab ինտեգրացիոն մոդելը՝ BRICS երկրների վճարային համակարգերը միացնելու համար։

 

Զւգահեռաբար Մոսկվան շարունակում է առաջ մղել ՇՀԿ-ի և BRICS-ի ընդլայնման գաղափարը։ Առաջինում Իրանից հետո ընգրկվեց Բելառուսը՝ հետխորհրդային երկրներից Ռուսաստանի գլխավոր դաշնակիցը։ Թեհրանի հետ միասին BRICS-ին են միացել Եգիպտոսը, Եթովպիան եւ ԱՄԷ-ն, միանալու ցանկություն են հայտնել Ադրբեջանն ու Թուրքիան։

 

Թրամփի սպառնալիքը

 

Իրանին միջազգային մեկուսացումից դուրս գալու նման հաջողությունները դժվար թե դուր գան ամերիկյան հաջորդ վարչակազմին: Թրամփի նախորդ նախագահությունը Իրանի ղեկավարությունը հիշել է «առավելագույն ճնշման» քաղաքականությամբ։ 2018 թվականին միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը եւ դրան հաջորդած կոշտ տնտեսական պատժամիջոցների վերադարձը 21-րդ դարում Իրանի համար ամենալուրջ փորձություններից մեկը դարձան։

 

Սակայն Վաշինգտոնի գործողությունները դժվար թե լրջորեն ազդեն Թեհրանի եւ Մոսկվայի տնտեսական ինտեգրման վրա։ Մեծ հաշվով, Իրանի վրա տնտեսական ճնշման սահմանը լրացել էր դեռ Թրամփի առաջին նախագահության ժամկետում։ Իսկ Ջո Բայդենը փաստացի շարունակեց այդ քաղաքականությունը՝ Թեհրանի դեմ բոլոր պատժամիջոցներ պահպանվեցին։ Եվ դա ոչ միայն չխանգարեց, այլեւ, ընդհակառակը, նպաստեց Իրանի եւ Ռուսաստանի մերձեցմանը տարբեր ոլորտներում։ ԱՄՆ-ի կողմից լրացուցիչ ճնշումը, հավանաբար, կունենա նույն ազդեցությունը:

 

Իհարկե, Թրամփի վարչակազմը կարող է ավելի բարդ ու յուրահատու քայլեր ձեռնարկել։ Օրինակ՝ առաջարկել մեղմացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ Իրանին աջակցելուց հրաժարվելու դիմաց։ Սակայն նման առաջարկը ամերիկյան արտաքին քաղաքականության արմատական վերանայում կպահանջի եւ դժվար թե մեծ ոգեւորությամբ ընդունվի Մոսկվայում:

 

Այո, Կրեմլի կողմից փորձարկվող գործիքները միշտ չէ, որ արդյունավետ են եւ երբեմն քիչ են համապատասխանում Ռուսաստանի տնտեսական շահերին։ Օրինակ, Իրանի հետ մաքսատուրքերի իջեցումից զգալիորեն ավելի շահում է իրանական կողմը՝ ավելացնելով արտահանումը դեպի Ռուսաստան։ Իսկ ռուսաստանցի արտահանողները գրեթե ոչինչ չեն շահել այս ոլորտում, համենայն դեպս՝ առայժմ:

 

Սակայն նման տնտեսական մանրուքները դժվար թե ետ պահեն Կրեմլին իր աշխարհաքաղաքական նախագծերի իրականացումից: Իրանը Ռուսաստանի համար դժբախտության գրեթե կատարյալ ընկեր է դարձել՝ այն նույնպես Արեւմուտքի հետ հարաբերություններում կորցնելու ոչինչ չունի։ Իսկ իրանական ուղղությամբ ինտեգրման ցանկացած ձեռքբերում Մոսկվային հույս կտա, որ ժամանակի ընթացքում այն կկարողանա Արեւմուտքից անկախ նման որոշումներ կայնքի կոչել նաեւ այլ գործընկերների հետ հարաբերություններում։

 

Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին