«Կովկասյան գերի» Ջեյ Դի Վենսը - Mediamax.am

Փետրվար 17, 2026
96 դիտում

«Կովկասյան գերի» Ջեյ Դի Վենսը


Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք պատմաբան, Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս Պիետրո Շաքարյանի JD Vance: A Prisoner of the Caucasus հոդվածի հայերեն թարգմանությունը:

Պիետրո Ա. Շաքարյան

Եթե մեկ արտահայտությամբ բնութագրենք նախագահ Թրամփի անկանխատեսելի եւ անհետեւողական «Դոնրոյի դոկտրինը», ապա դա կլինի «ուժեղը միշտ ճիշտ է» սկզբունքը միջազգային քաղաքականության մեջ: Թրամփի վարչակազմը միջազգային իրավունքի կարիք չունի: Այն կամայականորեն եւ ակնհայտորեն անտեսվում է եւ նույնիսկ մերժվում: Դրա փոխարեն Գրենլանդիայից մինչեւ Գազա, Վենեսուելայից մինչեւ Իրան գերիշխում է «ջունգլիների օրենքը»:

«Դոնրոյի դոկտրինի» էությունը ակնհայտ է վարչակազմի մոտեցման մեջ թե՛ պատերազմի, թե՛ խաղաղության նկատմամբ: Վերջինիս օրինակ է այն, ինչ տեղի ունեցավ նախորդ շաբաթվա սկզբին, երբ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը թռավ Կովկաս՝ փորձելով հզորացնել ամերիկյան ազդեցությունն ու ճնշումը Իրանի հյուսիսային սահմանի վրա: ԱՄՆ-ում խոր ներքին ճգնաժամերի ֆոնին խելամիտ կլիներ չներքաշվել նման հեռավոր արկածախնդրության մեջ աշխարհի այն մասում, որը գործնականում անհայտ է ամերիկացիների մեծամասնությանը: Բայց ահա՛ Վենսը, որը լարվածություն է հրահրում տարածաշրջանային մեծ տերության՝ Իրանի, եւ հսկայական ատոմային գերտերության՝ Ռուսաստանի հետ՝ միաժամանակ աննկատ կերպով թույլատրելով ժողովրդավարության անկումը եւ էթնիկ զտումները հետխորհրդային Կովկասում։

Վենսի կովկասյան երթուղին ներառում էր Հարավային Կովկասի երեք պետություններից երկուսը՝ Հայաստանն ու Ադրբեջանը։ Վրաստանը, որը ժամանակին ամերիկացի նեոկոնսերվատորների սիրելին էր, ցուցադրաբար շրջանցվեց։ 2008 թվականին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Բուշի վարչակազմի պահանջով բախվեց Ռուսաստանի հետ։ Մոսկվայի կոշտ արձագանքից հետո Թբիլիսին դժվար իրավիճակում հայտնվեց Վաշինգտոնի պատճառով։ Վրաստանն այս ցավալի դրվագից դասեր քաղեց, սակայն Հայաստանի Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի Իլհամ Ալիեւը որոշեցին Սաակաշվիլիի պես փորձել իրենց բախտը՝ նախագահ Թրամփի խրախուսանքով։ Նրանք իրենց վտանգի են ենթարկում՝ անտեսելով Ռուսաստանի եւ Իրանի հստակ նախազգուշացումները իրենց սահմաններին ամերիկյան ցանկացած ներկայության վերաբերյալ։

Սկզբում Վենսը ժամանեց Հայաստան։ Նրա այցի մեծ մասը նվիրված էր ամրապնդելու «Թրամփի միջազգային խաղաղության եւ բարգավաճման ուղու» (TRIPP) նկատմամբ Ամերիկայի հանձնառությունը: Թեեւ Թրամփի վարչակազմն այն համարում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու «պատմական» նախագիծ, այս նախաձեռնության հայտնի մանրամասները ցույց են տալիս, որ ավելի հավանական է, որ այն պատերազմ բերի, քան խաղաղություն: TRIPP-ը ենթադրում է, որ Հայաստանը կզիջի Իրանի հետ իր կարեւորագույն հարավային սահմանի վերահսկողությունը 49-99 տարի ժամկետով ԱՄՆ-ի եւ Հայաստանի համատեղ ընկերությանը (որտեղ ԱՄՆ-ն 74 տոկոս բաժնեմաս կունենա):

Բնականաբար, Իրանի եւ Ռուսաստանի սահմաններին ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի երկարաժամկետ ներկայություն հաստատելու ցանկացած ծրագիր տագնապ է առաջացնում Մոսկվայում եւ Թեհրանում: Այնուամենայնիվ, Վենսը Երեւանում ոչ միայն անտեսեց նման մտահոգությունները, այլեւ խոստացավ 9 մլրդ դոլար տրամադրել քաղաքացիական միջուկային համագործակցության ոլորտին, ինչը Հայաստանում ավելի շատ հարցեր առաջացրեց, քան պատասխաններ: 

Փաշինյանի հետ փոխնախագահի մամուլի ասուլիսում լսվեց «խաղաղության» մասին դատարկաբանությունների տարափ՝ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընդամենը մտադրությունների հռչակագիր է ստորագրվել: Եվ իրոք, չնայած Փաշինյանի վստահ պնդմանը, որ նախագահ Թրամփի օրոք Բաքվի եւ Երեւանի միջեւ վերջնականապես խաղաղություն է հաստատվել, փաստ է, որ կողմերի միջեւ պաշտոնական խաղաղության համաձայնագիր չի ստորագրվել, իսկ Ադրբեջանը շարունակում է Հայաստանին տարածքային պահանջներ ներկայացնել:  

Լուսանկարը` Ֆոտոլուր


Վենսը ծպտուն չհանեց Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում կատարված չարաշահումների մասին: Չնայած Փաշինյանը 2018 թվականին հանկարծակի իշխանության եկավ քաղաքական բարեփոխումների խոստումներով, փոխարենը նա բռնեց հակաժողովրդավարացման ուղին։ Նրա նեոլիբերալ վարչակազմի օրոք աղքատությունն ու անհավասարությունը վատթարացան, իսկ կոռուպցիան ծաղկում ապրեց: Խոսքի ազատությունը ենթարկվել է հարձակման, ինչի հետեւանքով Հայաստանը Եվրոպայում ունի նախնական կալանքի ամենաբարձր ցուցանիշներից մեկը: Արցախի հայերի ինքնորոշման ժողովրդավարական իրավունքը՝ Հայաստանի 1988 թվականի ղարաբաղյան շարժման անկյունաքարը, վարչապետը զոհեց ագրեսիվ Ադրբեջանի քմահաճույքին: Նույնիսկ Հայ Առաքելական Եկեղեցին՝ երկրի առաջատար կրոնական հաստատությունը, որի արմատները հասնում են Քրիստոսի ժամանակներին, չխուսափեց Փաշինյանի ցասումից: Չնայած եկեղեցու նկատմամբ լայն հանրային վստահությանը՝ Փաշինյանի կառավարությունը ձերբակալել է մեկ եպիսկոպոսի եւ երեք արքեպիսկոպոսների, այդ թվում՝ սիրված արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանին: Ձերբակալվել է նաեւ եկեղեցու ականավոր կողմնակից Սամվել Կարապետյանը: Կաթողիկոս Գարեգին Բ-ն եւս հարձակման ներքո է։

Զարմանալի չէ, որ Վենսը լռեց հայկական ժողովրդավարության տխուր վիճակի մասին։ Փոխարենը նա հետեւեց Ուոլթըր Դյուրանթիի  օրինակին եւ բացահայտորեն աջակցեց Փաշինյանին՝ շեշտելով կառավարության նվիրվածությունը «շուկաներին» եւ «բարգավաճմանը»։ 

«Չափազանց կանխատեսելի էր, որ ենթադրաբար աստվածավախ, բարեպաշտ, հավատացյալ կաթոլիկ ԱՄՆ փոխնախագահը բողոքի ոչ մի խոսք չասաց Փաշինյանի կողմից Հայ Առաքելական եկեղեցու հոգեւորականների բանտարկության դեմ,- նշել է Ջեյմս Քարդենը՝ Օբամայի վարչակազմում Պետդեպարտամենտի նախկին խորհրդականը։ - Փոխարենը, այս եւ այլ անարդարացիորեն բանտարկվածները կզոհաբերվեն TRIPP-ի զոհասեղանին, եւ այս ամենը չի համապատասխանում ո՛չ հայ, ո՛չ ամերիկյան ժողովրդի շահերին»։ 

Լուսանկարը` REUTERS


Վենսի Հայաստան կատարած այցի նույնիսկ ամենաարդյունավետ տարրը՝ նրա այցը Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշարձան, մթագնվեց հակասություններով։ Վենսը, որին ուղեկցում էր միայն իր կինը՝ Ուշան, ոչ թե Փաշինյանը, ծաղիկներ դրեց հուշարձանի անմար կրակի մոտ եւ գրառում արեց այդ մասին Twitter/X-ում, սակայն շուտով ջնջեց այն՝ վախենալով վիրավորել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային։

Բաքվում Վենսը հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրեց։ «Մեզ համար մեծ պատիվ է լինել աշխարհի ամենահզոր երկրի՝ ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերը»,- ընդգծեց Ալիեւը Վենսի հետ մամուլի ասուլիսում։ Ադրբեջանի նախագահը պարծեցավ ԱՄՆ-ի հետ «պաշտպանական ապրանքների վաճառքի ոլորտում համագործակցությամբ», ինչը, հավանաբար, քննադատաբար կընդունվի Թեհրանում՝ հաշվի առնելով մտավախությունները, որ Իսրայելը կարող է Ադրբեջանը որպես Հյուսիսային Իրանի դեմ «հարձակման հարթակ» օգտագործել։ Վենսն էլ իր հերթին գովաբանեց Ալիեւին՝ նշելով, որ «նախագահ Թրամփից բացի, աշխարհում միակ առաջնորդը, որն իսկապես լավ հարաբերություններ ունի եւ՛ թուրքերի, եւ՛ իսրայելցիների հետ, նախագահ Ալիեւն է»։

Լուսանկարը` REUTERS


Ինչպես Երեւանում, այնպես էլ Բաքվում Վենսը շրջանցեց ժողովրդավարության պակասի «անհարմար» հարցը եւ միայն ակնարկեց այդ սարսափելի իրավիճակը՝ խոսելով Ալիեւի կնոջ՝ Մեհրիբանի մասին, որը անհեթեթորեն նաեւ երկրի փոխնախագահն է: «Հուսով եմ՝ [ԱՄՆ] երկրորդ տիկինը սրանով չի ոգեշնչվի», - նկատեց Վենսը կատակով, որը գրաքննվեց Ադրբեջանի պետական հեռուստատեսության կողմից: Ոչինչ չասվեց Ադրբեջանի քաղբանտարկյալների եւ այլախոհների, օրինակ՝ Բահրուզ Սամադովի եւ Իգբալ Աբիլովի մասին, էլ չասած Բաքվի բանտերում գտնվող 19 հայ բանտարկյալների, օրինակ՝ Ռուբեն Վարդանյանի մասին: Փակ դռների հետեւում Վենսը, ըստ լուրերի, բարձրացրել է հայ բանտարկյալների հարցը, սակայն Ալիեւի պատասխանն անհայտ է: 


Փոխնախագահը գովաբանեց Ադրբեջանի բանակը՝ «աշխարհի ամենաուժեղ եւ կատաղի զորքերից մեկը», սակայն չնշեց, որ նույն այդ բանակը 2023 թվականի սեպտեմբերին էթնիկ զտում իրականացրեց Արցախի բնիկ քրիստոնյա հայ բնակչության նկատմամբ։

Բնականաբար, Վենսի այցը չտպավորեց ո՛չ Մոսկվային, ո՛չ էլ Թեհրանին եւ օբյեկտիվորեն միայն հաջողեց թշնամացնել երկու եվրասիական հսկաներին։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը զգուշացրեց, որ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները «շարժվում են սխալ ուղղությամբ»։ Իրանի վրա շարունակում են կուտակվել պատերազմի ամպերը։ Այսպիսով, «խաղաղություն» խթանելու փոխարեն Վենսի կովկասյան շրջագայությունը միայն յուղ կլցնի տարածաշրջանային լարվածության կրակին՝ ազդարարելով, որ շարունակվում է անզգույշ միջամտությունը, որը սահմանել է ԱՄՆ արտաքին քաղաքականությունը հետսառըպատերազմյան դարաշրջանում։

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:



Մեր ընտրանին