Ներկայացնում ենք Newsweek պարբերականի «Կարծիքներ» բաժնում հրապարակված Պատասխանատու պետականության Քուինսի ինստիտուտի (Quincy Institute for Responsible Statecraft) «Եվրասիա» ծրագրի գիտաշխատող Արթին ԴերՍիմոնյանի Armenia as a Bridge, Not a Battleground հոդվածի հայերեն թարգմանությունը:
Արթին ԴերՍիմոնյան
Հունիսին հայերը ընտրական տեղամասեր կգնան։ 2022 թվականից ի վեր Երեւանը վերանայում է իր արտաքին քաղաքականությունը՝ հեռանալով Ռուսաստանի հետ պատմականորեն սերտ կապերից, առաջ շարժվելով Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման (հաճախ՝ ոչ համաչափ) գործընթացում, ինչպես նաեւ կասկածի տակ դնելով հայերի հաստատված պատմական եւ մշակութային արժեքները։ Ամառային քվեարկությունը կարող է յուրօրինակ հանրաքվե դառնալ կառավարության վիճահարույց քաղաքականության եւ երկրի համար նոր «խաղաղության դարաշրջանի» նրա տեսլականի վերաբերյալ։ Նման ներքաղաքական տուրբուլենտության պայմաններում մի շարք արտաքին դերակատարներ ձգտում են ազդել ընտրությունների ելքի եւ Հայաստանի ռազմավարական կուրսի վրա։ Սակայն ընտրությունների վրա ազդելու փորձ կատարող պետությունները պետք է հասկանան. «ով մեզ հետ չէ, նա մեր դեմ է» սկզբունքն այստեղ տեղին չէ։ Հայաստանը կարող է ծառայել որպես կամուրջ, այլ ոչ թե մարտադաշտ։
Եվրոպական միության գլխավոր դիվանագետ Կայա Կալասը դեկտեմբերին հայտարարել էր, որ Հայաստանը դիմել է Բրյուսելին՝ խնդրելով «օգնել հակազդել կործանարար ազդեցությանը, ինչպես մենք դա արեցինք Մոլդովայի դեպքում»։ «Կործանարար ազդեցություն» ասելով՝ նկատի է առնվում ռուսական ակնկալվող միջամտությունը։ Հղում անելով Մոլդովային աջակցելու փորձին՝ Կալասը բացահայտորեն ընդունում է ԵՄ մտադրությունը՝ ազդել հայաստանյան ընտրությունների վրա հօգուտ իշխող կուսակցության։
Անցյալ տարվա սեպտեմբերին Մոլդովայում իշխող «Գործողություն եւ համերաշխություն» (ԳՀԿ) կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքներով պահպանեց ձայների մեծամասնությունը։ Քվեարկությունից առաջ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն զգուշացնում էր՝ ԳՀԿ-ի պարտությունը կնշանակի Ռուսաստանի հաղթանակ եւ կարող է երկիրը ներքաշել պատերազմի մեջ։ Բրյուսելը, որի համար Մոլդովան ԵՄ ինտեգրման առաջատարներից է, ընտրությունների արդյունքի մեջ ռազմավարական շահ էր տեսնում եւ ներդրեց զգալի ռեսուրսներ՝ դաշինքի վճռականությունը ցուցադրելու և ԳՀԿ-ին աջակցելու համար։ Դա հաջորդեց 2024 թվականին 2 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն տրամադրելու մասին հայտարարությանը, երբ Մոլդովան նվազագույն առավելությամբ հանրաքվե անցկացրեց, որն ամրագրեց երկրի եվրաինտեգրման ձգտումները սահմանադրության մեջ։
Լուսանկարը` REUTERS
Բրյուսելի կողմից նման աջակցությունը, իբր հանուն ժողովրդավարության պաշտպանության եւ ռուսական միջամտությանը հակազդելու, բերեց նրան, որ Քիշնեւը քվեարկությունից մի քանի օր առաջ արգելեց երկու կուսակցությունների մասնակցությունը ընտրություններին: Դրանց վրա «ռուսամետ» պիտակը փակցնելը թույլ տվեց ԵՄ-ին աչք փակել բացահայտ ոչ ժողովրդավարական քայլի վրա:
Ընդհանուր բարենպաստ գնահատականի պայմաններում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության հետընտրական զեկույցում նշվում էր, որ Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «երբեմն կայացնում էր այնպիսի որոշումներ, որոնք կասկածի տակ էին դնում նրա անկողմնակալությունն ու անկախությունը»:
Հայաստանի ընտրություններում իշխող կուսակցությանն աջակցելը Բրյուսելին հնարավորություն է տալիս հայերի շրջանում եվրոպամետ տրամադրություններ արմատավորել, նպաստել երկրի Ռուսաստանից հետագա հեռացմանը եւ ապահովել ԵՄ ռազմավարական շահերը ավելի լայն տարածաշրջանում (հատկապես Վրաստանում ԵՄ ազդեցության թուլացման ֆոնին):
Լուսանկարը` REUTERS
Այդուհանդերձ, ԵՄ-ն պետք է հասկանա. նման միակողմանի աջակցությունը վտանգում է խաթարել սկզբունքների եւ արժեքների վրա հիմնված դաշինքի առանց այդ էլ թուլացող ազդեցությունը արագորեն փոփոխվող միջազգային համակարգում։
Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում զգալի է, եւ Մոսկվան շահագրգռված է ազդել առաջիկա ընտրությունների վրա: Մոսկվան զգուշավորությամբ է հետեւում ամերիկյան, թուրքական եւ եվրոպական աճող ազդեցությանը, հատկապես TRIPP նախագծի համատեքստում: Ռուսաստանի կենտրոնացումն Ուկրաինայի վրա թուլացրել է նրա ազդեցությունը Հարավային Կովկասում, ինչը դրդում է Մոսկվային ջանքեր գործադրել հայաստանյան քաղաքականության մեջ դիրքերը վերականգնելու ուղղությամբ:
Լուսանկարը` REUTERS
«Վեդոմոստի» թերթի հրապարակման համաձայն ՝ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի ազդեցիկ առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն այժմ գլխավորում է Մոսկվայի ռազմավարությունը Հայաստանի հանդեպ:
Մինչ Երեւանն ավելի ու ավելի ակտիվորեն է մեկնաբանում ռուսական միջամտությունը, կարեւոր է հետեւել իրավիճակի զարգացմանը եւ նրան, թե արդյոք կառավարությունը կշարունակի հետեւել ընդդիմադիր ձայների հետ վարվելու մոլդովական սցենարին:
Ադրբեջանը եւ Թուրքիան նույնպես շահագրգռված են, որպեսզի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը մնա իշխանության ղեկին: Փաշինյանը 1990-ականների վերջից ի վեր Ադրբեջանի հետ բանակցություններին ամենապատրաստակամ հայ առաջնորդն է:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Մոլդովայի նախագահ Մայա ՍանդունԼուսանկարը` ՀՀ կառավարություն
Վաշինգտոնի համար Հայաստանի՝ որպես միակ տարածաշրջանային ռազմավարական գործընկերոջ դերը խթանում է ամերիկյան աջակցությունը Փաշինյանին: TRIPP նախագիծը լրացուցիչ ազդակ է հաղորդում, քանի որ դրա մերժումը լայնորեն տարածված է հայաստանյան բազմատարր ընդդիմության շրջանում: ԱՄՆ-ի համար TRIPP նախագիծը պարզապես Հայաստանի եւ նրա երկու հարեւանների միջև խաղաղություն հաստատելու փորձ չէ. հաջողության դեպքում այն Վաշինգտոնին հնարավորություն կտա ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի շուրջ մրցակցություն ծավալել Եվրասիայի սրտում:
Թեեւ հունիսյան ընտրությունները միայն հայերի որոշելիքն է, տարբեր միջազգային դերակատարներ հույս ունեն ազդել արդյունքի վրա՝ ելնելով սեփական շահերից, ինչը կարող է Հայաստանը (եւ Հարավային Կովկասը) վերածել դիմակայության ասպարեզի:
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:











Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: