Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանը պարբերաբար տարօրինակ արտահայտություններ է լսում Հայաստանի դեմ «հյուսիսից հարձակումների» մասին:
Այս մասին այսօր Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ բացելով բանակցությունները Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:
Ներկայացնում ենք Սերգեյ Լավրովի հայտարարություններից մի քանիսը՝ հավաքված ՏԱՍՍ գործակալության հաղորդագրություններից.
«Մոսկվան Երեւանին դիտարկում է որպես դաշնակից ու ռազմավարական գործընկեր եւ շահագրգռված է, որ Հայաստանը լինի ուժեղ եւ ինքնաբավ երկիր»։
«Եվրոպական միությունը հետխորհրդային տարածքի երկրներին մշտապես դնում է ընտրության առջեւ՝ «կա՛մ մեզ հետ, կա՛մ՝ նրանց»։ Դա նրանց տրամաբանությունն է, որն արդեն 20-ից ավելի տարի կիրառվում է հետխորհրդային տարածքում»։
«Քննարկումներ են ընթանում այն մասին, թե ինչն է ավելի կարեւոր եւ շահավետ Հայաստանի համար՝ ինտեգրացիոն գործընթացների շարունակությունը Եվրասիական տնտեսական միությունում, թե՞ անցումը Եվրոպական միության նորմերին ու ստանդարտներին։ Մենք հետեւում ենք դրանց, բայց դուք գիտեք նաեւ մեր դիրքորոշումը։ Այն պայմանավորված չէ գաղափարախոսական դրդապատճառներով, այն բխում է իրողություններից։ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունն անհամատեղելի է այն սկզբունքների հետ, որոնք ընկած են համագործակցությանը մասնակցության եւ, առավել եւս, Եվրոպական միությանը միանալու հիմքում»։
«Զարմանալի է լսել Արեւմուտքի ուղերձները Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին Ռուսաստանի իբր հնարավոր միջամտության մասին։ Սկսվում է ձեր նախընտրական արշավը՝ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման համար։ Եվ կարող եմ վստահեցնել ձեզ, որ երբ արտերկրից հնչում են պնդումներ այն մասին, թե ինչ-որ մեկը պատրաստվում է միջամտել՝ ակնհայտ ակնարկելով Ռուսաստանի Դաշնությանը, եւ երբ Երեւանից հնչում են կոչեր Եվրամիությանը՝ «օգնեք մեզ թույլ չտալ նման միջամտություն», մեզ համար դա տարօրինակ է։ Չեմ կասկածում, որ պատասխանատու քաղաքական գործիչները Երեւանում լիովին գիտակցում են, որ այդ քայլերն արվում են ծայրահեղ սադրիչ նպատակներով»։














Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: