«Հապաղելու դեպքում ԵՄ-ն Հարավային Կովկասում տանուլ կտա ԱՄՆ-ին» - Mediamax.am

Փետրվար 05, 2026
152 դիտում

«Հապաղելու դեպքում ԵՄ-ն Հարավային Կովկասում տանուլ կտա ԱՄՆ-ին»


Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Carnegie Europe կայքում հրապարակված Զաուր Շիրիեւի Europe Falls Behind in the South Caucasus Connectivity Race հոդվածի հայերեն թարգմանությունը։

Զաուր Շիրիեւ

ԵՄ-ին պակասում է առաջնորդությունը եւ ռազմավարական պլանավորումը Հարավային Կովկասում, իսկ Միացյալ Նահանգները գլխավորում են այդ գործընթացը։ Իր աշխարհաքաղաքական շահերը պաշտպանելու համար Բրյուսելը պետք է ներդրումներ կատարի տարածաշրջանի նոր կապակցվածության մեջ։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պատրաստվում է Ադրբեջան եւ Հայաստան այցելել՝ TRIPP նախագիծն առաջ մղելու նպատակով։ Այս այցը կցուցադրի ԱՄՆ-ի հավակնությունները եւ Եվրոպայում համադրելի ռազմավարական տեսլականի բացակայությունը։

Վենսի այցը հզոր ուղերձ է պարունակում. կապակցվածությունը դարձել է Հարավային Կովկասի հիմնական աշխարհաքաղաքական արժույթը։ TRIPP-ը, որը կրում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունը, այս երեւույթի կենտրոնական տարրն է։ Նախագիծն՝ ուղղված նոր երկաթուղու կառուցմանը, ինչպես նաեւ Ադրբեջանի հիմնական մասը Նախիջեւանի էքսկլավին Հայաստանի տարածքով կապող թվային եւ էներգետիկ կապերի ամրապնդմանը, համաձայնեցվել էր 2025 թվականին։

Ցավոք, ԵՄ-ն, որը տարածաշրջանում ավելի մեծ ֆինանսական ռեսուրսներ եւ փորձառություն ունի, չկարողացավ TRIPP-ի սեփական տարբերակը մշակել։ Եվրոպան դեռեւս հետ է մնում։

Երկաթուղիները, մայրուղիները, էներգետիկ միջանցքները եւ թվային կապերը այժմ կանխորոշում են ոչ միայն տարածաշրջանի տնտեսական ապագան, այլեւ քաղաքական կողմնորոշումը։ Նա, ով կառուցում եւ կառավարում է այդ ցանցերը, կորոշի, թե ինչպես են կողմնորոշվելու Հայաստանը, Ադրբեջանը եւ նրանց հարեւանները՝ դեպի Միացյալ Նահանգնե՞ր, Եվրոպական միությու՞ն, Ռուսաստա՞ն, թե Չինաստա՞ն։

Տարիներ շարունակ Բրյուսելը պնդում էր, որ տարածաշրջանի աշխարհատնտեսական խարիսխն է։ Սակայն նրան շրջանցեց Թրամփը՝ 2025 թվականի օգոստոսին Սպիտակ տանը եռակողմ գագաթնաժողով հրավիրելով TRIPP-ի գործարկման համար։

ԵՄ-ն մշակել է ճանապարհային քարտեզներ, հռչակագրեր եւ ներդրումներ է կատարել այնպիսի նախագծերում, ինչպիսիք են Հյուսիս-Հարավ մայրուղին Հայաստանում։ Սակայն ԵՄ-ին պակասում է համադրելի մեծածավալ ռազմավարությունը։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


«Հնարավոր է՝ մենք շտապում ենք, կամ, գուցե, պարզապես Եվրոպան չափազանց պասիվ է», - ասել էր ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան 2025 թվականի հոկտեմբերին տված հարցազրույցում։

«Մենք հակամարտել էինք 30 տարի։ Այժմ պատրաստ ենք առաջ շարժվել։ Սակայն ԵՄ-ն իրեն պահում է այնպես, կարծես ժամացույց գոյություն չունի»։ Հիասթափությունն իրական է։

Բացի ականազերծման համար տրամադրված սահմանափակ աջակցությունից, Բաքուն ԵՄ-ից քիչ ֆինանսական օգնություն է ստացել հետհակամարտային վերականգնման համար։ Այդ գործընթացը Ադրբեջանը մինչ օրս ֆինանսավորել է հիմնականում սեփական բյուջեից եւ 2020 թվականից ի վեր ծախսել է մոտավորապես 14 միլիարդ եվրո։

Խնդիրը մասամբ պայմանավորված է քաղաքական մշակույթների բախումով։ Բրյուսելը բարձր նշաձող է սահմանում ինստիտուցիոնալ կարողությունների եւ խոշորածավալ նախագծերում վերահսկողության համար՝ զգուշավորություն ցուցաբերելով տեղական կառույցներին միջոցների հատկացման հարցում։ Բաքվի տեսանկյունից՝ եվրոպական մասնակցությունը եղել է անհամաչափ, քանի որ որոշ անդամ պետություններ դեռեւս թշնամաբար են տրամադրված Ադրբեջանի նկատմամբ եւ, հետեւաբար, ավելի բարեհաճ են Հայաստանի հանդեպ։ Արդյունքը փոխադարձ անվստահությունն է։

Այս խնդիրները կարելի է հաղթահարել բարձր մակարդակի եվրոպական առաջնորդության առկայության դեպքում։ Սակայն դա պահանջում է նաեւ ռազմավարական առաջնահերթությունների սահմանում։ Հարավային Կովկասը գտնվում է Եվրոպայի էներգետիկ անվտանգության եւ Թուրքիայի, Ռուսաստանի ու Չինաստանի հետ նրա հարաբերությունների խաչմերուկում։ Այնուամենայնիվ, Բրյուսելում տարածաշրջանին դեռեւս վերաբերվում են որպես ծայրամասի։ 

Տարածաշրջանի հետ անմիջականորեն շփվող պաշտոնյաները շատ են աշխատում եւ գաղափարներ են գեներացնում, որոնք հաճախ մահանում են՝ հասնելով ԵՄ բարձրագույն մակարդակով որոշումների կայացման հարթություն։

Պարադոքսն այն է, որ տարածաշրջանում Եվրոպայի համար խաղասեղանին ավելի շատ բան է դրված, քան Միացյալ Նահանգների։ Եվրոպական ընկերություններն են օգտագործելու կապակցվածության այդ երթուղիները, եվրոպացի սպառողներն են կախված լինելու էներգետիկ հոսքերից, իսկ եվրոպական անվտանգության վրա ազդելու է տարածաշրջանային համահարթեցումը։ Վաշինգտոնը, ընդհակառակը, կարող է ավելի արագ գործել, քանի որ կապակցվածությունը դիտարկում է որպես գործարք անշարժ գույքի հետ՝ ակտիվ, որը պետք է վերահսկել, գնահատել եւ օգտագործել որպես լծակ։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Պարտադիր չէ մրցակցություն լինի։ Միացյալ Նահանգները բերում են քաղաքական լծակներ եւ դիվանագիտական ազդակ, մինչդեռ ԵՄ-ն ունի ֆինանսական մասշտաբ, կարգավորիչ իշխանության եւ շուկային երկարաժամկետ հասանելիություն։ Այս որակները կարող են ուժեղացնել միմյանց։

Ակնհայտ թեստ է լինելու է Նախիջեւան էքսկլավով անցնող երկաթուղին, որը TRIPP-ի շարունակությունը կդառնա։ 2026 թվականի հունվարին ԵՄ-ն եւ Ադրբեջանը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ միասին պայմանավորվել էին Global Gateway-ի շրջանակներում սկսել երկաթուղու արդիականացման տեխնիկատնտեսական հիմնավորումը։

Արդիականացված Նախիջեւանի երկաթուղին կամրապնդի վստահությունը եւ կստեղծի առեւտրային հոսքեր, մաքսային համագործակցություն եւ ենթակառուցվածքների համատեղ կառավարում։ Հետագայում այն կարող է աջակցել էներգետիկ եւ տեղեկատվական կապերին, որոնք կկապեն երկու երկրների տնտեսությունները։

Ադրբեջանը հստակ հասկացրել է, որ ցանկանում է աջակցություն ստանալ դրամաշնորհների եւ ոչ թե ավանդական վարկերի տեսքով։ Սակայն Բրյուսելը չի կարող 1 միլիարդ եվրո արժողությամբ երկաթուղին ամբողջությամբ ֆինանսավորել դրամաշնորհների հաշվին։ Ավելին, չկա նախադեպ, երբ ԵՄ-ն դաշինքից դուրս գտնվող որեւէ երկրին նման ծավալի միանվագ հատկացում կանի։ Բայց դա Եվրոպային անզոր չի դարձնում. ԵՄ-ն կարող է, օրինակ, 200-300 միլիոն եվրոյի չափով դրամաշնորհ հատկացնել Նախիջեւանի գծի զգայուն միջսահմանային հատվածների համար՝ համալրելով այն Եվրոպական ներդրումային բանկի եւ ՎԶԵԲ-ի կողմից տրամադրվող մոտ 700-800 միլիոն եվրո վարկերով։

Միջսահմանային կապակցվածությունը չի սահմանափակվում միայն երկաթուղիներով։ Եվրոպան կարող է նաեւ ստեղծել Հարավային Կովկասի սահմանային ենթակառուցվածքների հիմնադրամ՝ մաքսային տերմինալների, լոգիստիկ կենտրոնների եւ թվային սահմանային համակարգերի ֆինանսավորման համար։

Նույն տրամաբանությունը կիրառելի է էլեկտրաէներգիայի եւ տվյալների փոխանցման դեպքում։ Սեւ ծովի հատակով անցնող էլեկտրական մալուխի նախագիծը, որը համաձայնեցվել էր 2022 թվականին Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի եւ Հունգարիայի կողմից, ծախսատար է եւ դանդաղ է առաջ ընթանում։ Չհրաժարվելով դրանից՝ ավելի էժան եւ ռազմավարական առումով ավելի նպատակահարմար այլընտրանք կլիներ ցամաքային էլեկտրական եւ օպտիկամանրաթելային միջանցքը, որը կձգվեր Ադրբեջանից Հայաստանի եւ Թուրքիայի տարածքով դեպի ԵՄ՝ Անկարային էներգետիկ նոր հոսքերի եւ տարանցումից ստացվող եկամուտների հասանելիություն տրամադրելով։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Առավել ընդգրկուն ռազմավարական տարածաշրջանային մոտեցումը նաեւ միջոց է ԵՄ-ի համար՝ վերականգնելու գործակցությունը Վրաստանի հետ։ 2025 թվականի վերջին ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսն առաջարկել էր ԵՄ-ի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ տրանսպորտային կապակցվածության քառակողմ ձեւաչափ։ Դա ողջամիտ նախաձեռնություն է, սակայն առանց Վրաստանի տարածաշրջանի կապակցվածության քարտեզն ամբողջական չէ։ Բրյուսելը պետք է օգտագործի այդ ձեւաչափը ոչ թե Թբիլիսիին շրջանցելու, այլ նրան տարածաշրջանային շրջանակ վերադարձնելու համար։

Եվրոպան դեռեւս ունի ռեսուրսներ եւ ռազմավարական շահագրգռվածություն, սակայն նրան պակասում է արագությունը, իսկ Հարավային Կովկասում հապաղելը հավասարազոր է պարտության։

Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին