Ներկայացնում ենք Forbes պարբերականի թուրքական տարբերակում լույս տեսած Perde arkasındaki adam: Tom Barrack barışın mimarı mı, fırtınanın habercisi mi? Հոդվածի հայերեն թարգմանությունը: Հոդվածի հեղինակ Մեհմեթ Օգուտջուն թուրք պաշտոնաթող դիվանագետ է:
Մեհմեթ Օգուտջու
Պաշտոնապես նա Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանն է եւ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացը։ Գործնականում Թոմ Բարաքը խաղում է շատ ավելի մեծ շախմատի տախտակի վրա՝ Մերձավոր Արեւելքից մինչեւ Արեւելյան Միջերկրական ծով, Պարսից ծոցից մինչեւ քրդական ներքին շրջաններ։ Նա ավելի շատ լսում է, քան խոսում, հազվադեպ է երեւում, բայց իր ներկայությամբ կարող է փոխել հավասարակշռությունը։
Նրան հազվադեպ են տեսնում Անկարայում եւ գրեթե երբեք՝ դեսպանատանը։ Նրա հենակայանը Ստամբուլն է, որտեղ նա, Բոսֆորին նայելով, ապրում է ոչ թե որպես ավանդական դիվանագետ, այլ որպես լեւանտցի առեւտրական ու պետական գործիչ՝ լռությունը դարձնելով ռազմավարություն։ Մասամբ շռայլակյաց, մասամբ ճգնաժամերի կառավարիչ՝ նա հասկանում է, որ աշխարհաքաղաքականության մեջ ժամանակը, համբերությունն ու զսպվածությունը կարող են նույնքան վճռորոշ լինել, որքան ավիակիրները։
Բարաքը խոսում է, երբ անհրաժեշտ է, բայց նրա ազդեցության հիմքում զգուշավորությունն է։ Նրա լսարանը չի սահմանափակվում արտգործնախարարություններով։ Շուկաները, մայրաքաղաքներն ու հետախուզական ծառայությունները նույնպես ականջ են դնում։ Նրա ուժը ոչ թե հեղափոխական գաղափարներն են, այլ անորոշությունը հնարավորության վերածելու եւ հակառակորդների շրջանում վստահություն ձեռքբերելու բնազդային ունակությունը։
Հասկանալ Մերձավոր Արեւելքը Լեւանտյան հիշողության տեսանկյունից
Թոմ Բարաքի արմատները Զահլեից են՝ Լիբանանի Բեքաա հովտից, որտեղից նրա մարոնիական ընտանիքը գաղթել է Միացյալ Նահանգներ։ Այդ աշխարհում պետությունը, աղանդը, առեւտուրը, ցեղը, դիվանագիտությունը եւ հետախուզությունը առանձին տիրույթներ չեն, այլ նույն հյուսվածքի թելեր։ Սա այն ոսպնյակն է, որի միջով նա դիտարկում է տարածաշրջանը։
Նա ո՛չ ռոմանտիզացնում է օսմանյան անցյալը, ո՛չ էլ անտեսում այն։ Նա ուսումնասիրում է, թե ինչպես են կայսրությունները կառավարել բազմազանությունը, ինչպես են փոխազդել կենտրոնն ու ծայրամասը, ինչպես են անվտանգությունն ու առեւտուրը ամրապնդել միմյանց։ Երբ նա նայում է Սիրիային, նա չի կենտրոնանում միայն ալ-Շարաայի կառավարության կամ առաջնագծի վրա։ Նա զգում է Հալեպի, Մոսուլի եւ Դամասկոսի պատմական կշիռը, նահանգային կարգերի, առեւտրային ուղիների եւ համայնքային հավասարակշռությունների խոր հիշողությունը։
Թոմ Բարաքը հանդիպում է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ Լուսանկարը` Թոմ Բարաքի X օգտահաշիվ
Նա գործարքներ է կնքել Բարզանիների հետ, սերտ կապ է պահպանում Մազլում Աբդիի հետ եւ աշխատում է չեզոքացնել ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունում ոմանց հակաթուրքական կողմնակալությունը։ Քրդական հարցը նրա համար պարզապես հակաահաբեկչական գործ չէ, այլ աշխարհագրության, ինքնության եւ թերի պետականության հարց, որոնք նա, իհարկե, դիտարկում է Վաշինգտոնի եւ Թել Ավիվի ռազմավարական շահերի համատեքստում։
Հասկանալով պատմության, տարածության եւ հոգեբանության այս շերտերը՝ Բարաքը ոչ թե դասական դիվանագետ է, այլ դաշտային ռազմավար։
Ֆինանսները որպես աշխարհաքաղաքական գործիք
Բարաքը նաեւ ճգնաժամային ներդրող է: Colony Capital, իսկ ավելի ուշ՝ DigitalBridge ընկերությունների օգնությամբ նա ձեռք բերեց խնդրահարույց ակտիվներ ոչ միայն ֆինանսական վերակառուցման, այլեւ աշխարհաքաղաքական վերադիրքավորման համար: Հյուրանոցները, նավահանգիստները, էներգետիկ ենթակառուցվածքները, մեդիա հարթակները եւ ռազմավարական անշարժ գույքը դարձան իշխանության քարտեզի հանգույցներ, որոնք կապեցին Պարսից ծոցի մայրաքաղաքը արեւմտյան շուկաների հետ:
2008 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո նա համակարգեց այս մոտեցումը. գնել, երբ գերիշխում է վախը, դուրս գալ, երբ ձեւավորվում էին նոր հավասարակշռություն: Նա այն քչերից էր, ով կարողացավ հանգիստ տեղաշարժվել Պարսից ծոցի արքունիքների եւ Ուոլ Սթրիթի խորհրդի սենյակների միջեւ՝ քայլելով այն բարակ գծով, որտեղ հատվում են կապիտալը, քաղաքականությունն ու անվտանգությունը:
Նրա համար ճգնաժամը պարզապես տնտեսության փլուզում չէ. դա գլոբալ վերադասավորման պահ է:
Հակասական գործիչ
Բարաքի կարիերան մութ կողմեր էլ է ունեցել: Ռոնալդ Ռեյգանի օրոք ներքին գործերի փոխնախարարի տեղակալ լինելով՝ նա հետագայում հետաքննության ենթարկվեց եւ քաղաքական խնդիրներ ունեցավ: Քննադատները պնդում են, որ նրա մեթոդները երբեմն դուրս են գալիս բարոյական սահմաններից: Սակայն խնդրահարույց տարածաշրջաններում ազդեցությունը հազվադեպ է ձեռք բերվում անբասիր մեթոդներով։ Բարդությունը ծնում է երկիմաստություն: Բարաքի շուրջ ծագած հակասություններն իսկ արտացոլում են այն ոլորտների մասշտաբները, որտեղ նա գործում է։
Դասական դիվանագիտությունից անդին
Ավանդական դիվանագիտությունը սահմանափակվում է արարողակարգով, ընթացակարգով եւ ինստիտուցիոնալ զգուշավորությամբ։ Արագ զարգացող ճգնաժամերի դեպքում այս սահմանափակումները կարող են թերություններ դառնալ։ Որոշում ընդունելու շղթաները երկար են, մանդատները՝ նեղ, իսկ ռիսկի նկատմամբ քաղաքական հակակրանքը՝ բարձր։
Բարաքի նման գործիչներն այլ կերպ են գործում։ Նրանք շրջանցում են կոշտ ուղիները, հենվում են անձնական հեղինակության վրա եւ գործում են կիսախավար գոտիներում, որտեղ ավարտվում է պաշտոնական իշխանությունը, բայց սկսվում է ռազմավարական անհրաժեշտությունը։ Նրանք համատեղում են պատմական հիշողությունը, տեղական գիտելիքները եւ հոգեբանական ներհայացքը իշխանությանը անմիջական հասանելիության հետ։
Ճարտարապե՞տ, թե՞ փոթորկի ազդանշան
Տարածաշրջանային լարվածությունն աճում է՝ Հորմուզից մինչեւ Սիրիա, հրթիռների էսկալացիայից մինչեւ էներգետիկ ենթակառուցվածքների խոցելիություն, ուստի ռիսկն այլեւս տեսական չէ։ Այն համակարգային է։
Նման պահերին գեներալները բավարար չեն։ Անփոխարինելի են դառնում լուռ միջնորդները։ Եթե տարածաշրջանային նոր հավասարակշռություն հաստատվի, Բարաքը կհիշվի որպես դրա անտեսանելի ճարտարապետներից մեկը։ Եթե պատերազմ բռնկվի, պատմությունը նրան կհիշի որպես առաջիններից մեկը, ով զգացել էր մոտեցող փոթորիկը։
Թոմ ԲարաքըԼուսանկարը` Bebeto Matthews/AP
Թուրքիայի նման երկրների համար դասը պարզ է։ Պաշտոնական ինստիտուտներից բացի՝ պետություններին անհրաժեշտ են վստահելի, գլոբալ կապեր ունեցող, ռազմավարական առումով ինտուիտիվ դեսպաններ, որոնք կարող են գործել արարողակարգից դուրս՝ անվտանգության, էներգետիկայի, ֆինանսների եւ դիվանագիտության խաչմերուկում։
Թոմ Բարաքը այս արքետիպն է՝ հետնաբեմի մարդ, որի լռությունը հաճախ ավելի բարձր է հնչում, քան պաշտոնական հաղորդագրությունները։
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:











Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: