Ադրբեջանի կաշառած կոնգրեսականի ներումը վատ ազդանշան է հայերին - Mediamax.am

Հունվար 29, 2026
88 դիտում

Ադրբեջանի կաշառած կոնգրեսականի ներումը վատ ազդանշան է հայերին


Հենրի Քելարը
Հենրի Քելարը

Լուսանկարը` Sky News

Հենրի Քելարը
Հենրի Քելարը

Լուսանկարը` REUTERS

Հենրի Քելարը
Հենրի Քելարը

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք  GV Wire պարբերականում հրապարակված փաստաբան եւ ֆինանսական խորհրդատու Մարշալ Մուշիգյանի Trump's Corrupt Pardon of Henry Cuellar Was Done to Further Armenian Genocide հոդվածի հայերեն թարգմանությունը:

Մարշալ Մուշիգյան 

Տեխասցի դեմոկրատ կոնգրեսական Հենրի Քելարը եւ նրա կինը 2024 թվականին Արդարադատության նախարարության կողմից մեղադրվել էին 2014 թվականից մինչեւ առնվազն 2021 թվականը Ադրբեջանից եւ նրա բռնապետ Իլհամ Ալիեւից հարյուր հազարավոր դոլարներ ստանալու մեջ։ Նրանք նաեւ մեղադրվել էին դավադրության, կաշառակերության, էլեկտրոնային խարդախության, փողերի լվացման եւ օտարերկրյա գործակալի դերում հանդես գալու մեջ։ 

Դատապարտվելու դեպքում նրանք կմահանային դաշնային բանտում։

Ադրբեջանը մոլորակի ամենաբռնակալ երկրներից մեկն է։ Այն հարուստ է նավթով ու նավթային փողերով, որոնցով մաքրագործում է իր պիղծ հեղինակությունը։ Ադրբեջանը, ըստ էության, Հյուսիսային Կորեա է՝ նավթով։ Հյուսիսային Կորեան եւ Ադրբեջանը ունեն մամուլի ազատության ամենացածր վարկանիշը։ Երկուսն էլ քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների առումով ցուցակի վերջին տեղերում են։ Ադրբեջանն ազատ եւ արդար ընտրությունների առումով Հյուսիսային Կորեայից ցածր է դասվում։ 

Արդարադատության նախարարության կողմից նշված 600,000 դոլարը բավարար է ցանկացած քննչական մարմնի ուշադրությունը գրավելու համար: Այս կաշառքի գումարը մանրուք է նավթային եկամուտներով հարուստ բռնապետության համար, բայց որքան էլ չնչին գումար լինի դա Ադրբեջանի հզոր առաջնորդ Ալիեւի համար, այն կփոխի կոնգրեսականի կյանքը, որի տարեկան աշխատավարձը մոտ 200,000 դոլար է:

Քելարի զոհերը՝ հայերն ու ԱՄՆ հարկատուները

Յուրաքանչյուր կոռուպցիայի դեպք ունի զոհ, երբեմն՝ երկու զոհ։ Քելարի դեպքում առաջին զոհը Ամերիկայի քաղաքացին է, որի սպասելիքներն ու վստահությունը հավատարիմ ներկայացուցչի նկատմամբ այժմ խաթարված են։ Երբ քաղաքացին քվեարկում է ներկայացուցչի օգտին՝ սկսած ամենացածր տեղականից մինչեւ ամենաբարձր դաշնայինը, այդ քաղաքացին պահանջում է, որ ներկայացուցիչը աշխատի իր համար, ոչ թե մեկ ուրիշի։ 

Քելարը խախտեց այդ պայմանագիրը իր ընտրողների եւ, հետեւաբար, բոլոր քաղաքացիների հետ՝ միաժամանակ աշխատելով Ալիեւի եւ նրա դաժան վարչակարգի համար։

Հենրի Քելարը Հենրի Քելարը

Լուսանկարը` REUTERS


Քելարի մյուս զոհը Հայաստանն է։ Դրամի դիմաց Քելարն օգտագործեց իր ընտրովի պաշտոնը՝ Կոնգրեսում ադրբեջանամետ օրենսդրություն առաջ մղելու եւ Ադրբեջանը բարենպաստ լույսի ներքո ներկայացնելու համար, որի արդյունքում Հայաստանը՝ ցեղասպանություն վերապրած պետությունը, որը երկու կողմից շրջապատված է չզղջացող ցեղասպաններով, հայտնվել է ավելի ու ավելի խոցելի դիրքում։ Ամեն անգամ, երբ Քելարն օգնել է Ադրբեջանին, նա Հայաստանի գոյությունն ավելի մեծ վտանգի է ենթարկել։

Պատռել Թրամփի մտադրությունների քողը 

Նախագահ Թրամփը, ձգտելով աշխարհի ամենաբարդ խնդիրները լուծելու համար Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալ, 2025թ. օգոստոսին Ալիեւին եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրեց Սպիտակ տուն՝ խմբային գրկախառնության համար։ Հաշված ժամերի ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ թշնամանքը լուծվեց՝ առնվազն թղթի վրա։ 

Ադրբեջանը, սակայն, շարունակում է գրաված պահել Հայաստանի տարածքները (արցախահայությանը գրեթե մեկ տարի շրջափակելուց, այնուհետեւ իսրայելական զենքի օգնությամբ իրենց հայրենիքից վտարելուց հետո, որտեղ նրանք բնակվել էին ավելի քան 2000 տարի) եւ ամրացնում է իր սահմանը՝ լրացուցիչ զորք եւ հրետանի տեղակայելով։ Ալիեւը խորամանկորեն եւ չարագուշակ կերպով Հայաստանը անվանում է «Արեւմտյան Ադրբեջան» (նա այս թեմայով կոնֆերանսներ է անցկացնում եւ հրավիրում արեւմտյան առաջնորդներին) եւ պնդում է, որ Խորհրդային Միության փլուզման ժամանակ Հայաստանից հեռացած ադրբեջանցիներին պետք է թույլ տրվի վերադառնալ։ 

Ոչ ոք չի հիշատակում Ադրբեջանից զենքի սպառնալիքով հեռացած հայերի վերադարձի մասին։ Պատճառն այն է, որ Ալիեւը չի ուզում քրիստոնյա հայերի ներկայությունը ոչ միայն Ադրբեջանում, այլեւ չի ուզում հայերի ներկայությունը Հայաստանում. եթե վերջինս տեղի ունենա, կիրականանա 1915 թվականին Թուրքիայի կողմից սկսված եւ խորհրդային տարիներին դադարեցված Հայոց ցեղասպանությունը։ Այդպիսով մոլորակի ամենահին ազգերից մեկը եւ քրիստոնեությունն ընդունած առաջին ազգը պատմության գրքերում կմնա որպես ծանոթագրություն։ Կոռուպցիան իր գինն ունի։ 

Թրամփն Ադրբեջանի կամակատարն է

Պաշտոնական վարկածն այն է, որ Քելարի դուստրերը զգացմունքային նամակ են գրել նախագահ Թրամփին՝ խնդրելով ներում շնորհել իրենց խեղճ հայրիկին։ Սակայն Ադրբեջանը միշտ կամակատարի կարիք ունի՝ իր խաթարված իմիջը փայլեցնելու համար, ուստի կասկած չկա, որ ոչ պաշտոնական ադրբեջանական ալիքներով Սպիտակ տանը տեղեկացրին, որ եթե իրենց մտերիմ Քելարը չազատվի Արդարադատության նախարարության հետաքննությունից, նրանք կհրաժարվեն «խաղաղության համաձայնագրից»։ Չլինի խաղաղության համաձայնագիր՝ չի լինի Խաղաղության մրցանակ։ 2025թ. դեկտեմբերի սկզբին նախագահ Թրամփը ներում շնորհեց Քելարներին։

Քելարի դեմ մեղադրանքները, որոնք հեշտությամբ կարող էին ապացուցվել դատարանում, այժմ հանվել են։ Թրամփը ոչ միայն չի կարողացել չորացնել ճահիճը, այլեւ թույլ է տվել, որ տականքը մնա։ Տականքը սովորություն ունի տարածվելու։ Ներումից մեկ շաբաթ անց Ֆլորիդայից Կոնգրեսի անդամ Աննա Փաուլինա Լունան օրենսդրություն ներկայացրեց՝ Ադրբեջանին օգնություն տրամադրելու համար։
Հենրի Քելարը Հենրի Քելարը

Լուսանկարը` REUTERS


Կոռուպցիան Կոնգրեսում սովորաբար վատ է ավարտվում մասնակիցների համար. Աբսքեմ, Ջիմ Թրեֆիկանթ, «Դյուք» Քանինգեմ եւ այլք։ Սակայն կոռուպցիոն սկանդալները երբեք վատ չեն ավարտվում, երբ դրանցում ներգրավված են Թուրքիան կամ Ադրբեջանը: Գրեթե մեկ դար Թուրքիայի մատը խառն է ԱՄՆ քաղաքականության մեջ՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին: Թուրքիան անգամ վճարել է նախկին խոսնակ Հասթերթին, ինչը մամուլի ուշադրությանը չարժանացավ։

Իսկ հիմա ներգրավված է Ադրբեջանը՝ Թուրքիայի ստորաքարշ արբանյակ պետությունը, իր խավիարային դիվանագիտությամբ (այն է՝ կոռուպցիայով): Կոնգրեսի կոռուպցիան, որը ներառում է Թուրքիան եւ Ադրբեջանը, երբեք վատ չի ավարտվում, քանի որ այն երբեք չի ավարտվում: Իրականում, ինչպես կվկայեն Քելարն ու Լունան, այն պարգեւատրվում եւ խրախուսվում է։

Հայ ազգը այնքան էլ աննշան չէ, որ նրա ապագան հնարավոր լինի գնել վեցանիշ գումարով: Այդ ազգին չի կարելի գին դնել: Բայց եթե այն անհետանա, դա կլինի անվերադարձ: Խարբերդի, Բիթլիսի, Ջուլֆայի եւ այժմ Ստեփանակերտի ուրվականները վկայում են ատելության, ագահության եւ ապականված սրտեր ու մակերեսային խիղճ ունեցողների երկերեսանիության մասին, որոնք հանգեցրին Հայոց ցեղասպանությանը եւ շարունակում են առաջ մղել Հենրի Քելարի նման չարագործներին: 

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին