Ներկայացնում ենք Իտալիայի միջազգային քաղաքական հետազոտությունների ինստիտուտի (ISPI) Ռուսաստանի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի կենտրոնի նախկին գիտաշխատող Մատիա Մասոլետիի Selective justice? Comparing peace efforts in Armenia and Ukraine հոդվածի հայերեն թարգմանությունը:
Ներկայում նա ներգրավված է հայաստանյան «Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի հետազոտական աշխատանքում:
Մատիա Մասոլետի
Հաշվետվողականությունը վաղուց համարվում է հակամարտությունների կարգավորման անկյունաքար եւ կայուն խաղաղության նախապայման։ Վերջին տարիներին այս գաղափարը կտրուկ վերահաստատել է Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա։ Վերջին չորս տարիներին ուկրաինացի եւ արեւմտյան պաշտոնյաները ցանկացած իմաստալից խաղաղության ջանք կառուցել են «արդար խաղաղության» հայեցակարգի շուրջ՝ պնդելով, որ Ռուսաստանի պատասխանատվությունը պատերազմական հանցագործությունների եւ միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների համար պետք է կայուն կարգավորման նախապայմաններից մեկը լինի։ Սակայն այլ հակամարտություններում պատասխանատվությունը ներկայացվել է որպես խաղաղության խոչընդոտ։
Սա ակնհայտ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող խաղաղության բանակցություններում, որտեղ Բաքվի մաքսիմալիստական դիրքորոշումը եւ պատասխանատվության մերժումը ոչ միայն նրա ռազմական հաղթանակի, այլեւ միջազգային հանրության, մասնավորապես, Եվրամիության անգործության հետեւանք են։ Համեմատելով արդարության ձգտումը Ուկրաինա-Ռուսաստան եւ Հայաստան-Ադրբեջան համատեքստերում՝ այս հոդվածը ընդգծում է հաշվետվողականության նկատմամբ ԵՄ-ի եւ արեւմտյան հաստատությունների երկու տարբեր մոտեցումները՝ «Առանց արդարադատության խաղաղություն չկա» եւ « Առանց խաղաղության չկա արդարադատություն»։
«Առանց արդարադատության խաղաղություն չկա». պատասխանատվություն Ուկրաինայի պատերազմում
Ինչպես եւ սպասվում էր, Ուկրաինայի «Առանց արդարադատության խաղաղություն չկա» մոտեցումը լայն արձագանք գտավ արեւմտյան պետությունների եւ միջազգային հաստատությունների շրջանում: Մոսկվայի դեմ աննախադեպ տնտեսական պատժամիջոցների եւ Կիեւին ցուցաբերվող ռազմական եւ ֆինանսական աջակցության հետ մեկտեղ՝ ԵՄ-ն եւ նրա դաշնակիցները մեծ ներդրումներ են կատարել Ռուսաստանի ռազմական հանցագործությունների հետաքննության եւ դատական հետապնդման գործում:
Վլադիմիր Զելենսկին, Նիկոլ Փաշինյանը եւ Ուրսուլա ֆոն դեռ ԼայենըԱյս հանձնառությունն ակնհայտ էր հակամարտության հենց սկզբից. 2022 թվականի մարտի 2-ին Միացյալ Թագավորությունը Ռուսաստանի դեմ գործ հարուցեց Միջազգային քրեական դատարանում (ՄՔԴ), որը դառնալու էր դատարանի պատմության մեջ ամենամեծ հետաքննությունը: Նմանապես, երբ Ուկրաինան 2022-ի փետրվարի 26-ին Ռուսաստանի դեմ հայց ներկայացրեց Արդարադատության միջազգային դատարան (ԱՄԴ)՝ պնդելով, որ Մոսկվան սխալ է կիրառել Ցեղասպանության կոնվենցիան՝ իր ռազմական ագրեսիան արդարացնելու համար, 33 պետություն անմիջապես միջամտության հայտարարություններ ներկայացրին ի պաշտպանություն: 2023-ի մարտին Նիդեռլանդները ստեղծեցին նաեւ Ուկրաինայի հարցով պատասխանատվության երկխոսության խումբը՝ բազմակողմ նախաձեռնություն, որը միավորում է պետությունները, միջազգային կազմակերպությունները ու քաղհասարակության գործիչներին՝ Ռուսաստանի ռազմական հանցագործությունների հետ կապված պատասխանատվությունը համակարգելու համար:
Ավելին, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) մասնակից պետությունները բազմիցս դիմել են այսպես կոչված «Մոսկվայի մեխանիզմին»՝ Ռուսաստանի կողմից միջազգային մարդասիրական եւ մարդու իրավունքների խախտումները, այդ թվում՝ ուկրաինացի ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքը քննելու համար: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Ուկրաինային եւ Ռուսաստանին վերաբերող դատավարությունները նույնպես քննվել են համեմատաբար արագ՝ արժանանալով արագացված դատական ուշադրության, ինչը չի նկատվել այլ համատեքստերում:
Լուսանկարը` REUTERS
ՄԻԵԴ-ի 2023-ի մարտի որոշումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու մասին թեեւ հիմնականում խորհրդանշական է, սակայն վերահաստատում է միջազգային հանրության հանձնառությունը պատասխանատվության հարցում: Վերջապես, 2025 թվականի հունիսին Ուկրաինան եւ Եվրոպայի խորհուրդը ստորագրեցին համաձայնագիր՝ Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար հատուկ դատարան ստեղծելու մասին: Ժամանակավոր մարմնի նպատակն է հետապնդել զինված ներխուժման պատասխանատուներին՝ ԵՄ երկրների լայն մասնակցությամբ: Դեկտեմբերին դրան հաջորդեց պատերազմական վնասի փոխհատուցման պահանջների միջազգային հանձնաժողովի ստեղծումը, որը վերահաստատեց ԵՄ աջակցությունը Ուկրաինային: Արեւմտյան բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եւ ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հայտարարությունները մշտապես ընդգծել են, որ Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելը պարտադիր է երկարատեւ եւ կայուն խաղաղության հասնելու համար: Այս զարգացումները միասին ենթադրում են, որ «Առանց արդարադատության խաղաղություն չկա» սկզբունքը ոչ միայն ուկրաինական պահանջ է, այլեւ սկզբունք, որը լայնորեն ընդունվում է արեւմտյան հաստատությունների եւ գործիչների կողմից:
Հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունները. «Առանց խաղաղության չկա արդարադատություն»
Պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվությունը ներկայացվում է որպես Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ ապագա խաղաղության հիմնարար սկզբունք, սակայն նույն տրամաբանությունը չի գործում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների դեպքում: Առնվազն 2016 թվականից ի վեր ադրբեջանական ուժերը փաստագրված պատերազմական հանցագործություններ են կատարել Հայաստանի հետ բախումների ժամանակ, այդ թվում՝ զինվորական եւ քաղաքացիական անձանց գլխատում: Նույնիսկ այսօր՝ Ադրբեջանի 2023-ի սեպտեմբերի ռազմական հաղթանակից ավելի քան երկու տարի անց, առնվազն 23 հայ ռազմագերի մնում են անօրինական կալանքի ներքո: Վերջին ամիսներին այս անձինք ենթարկվել են «կեղծ դատավարությունների», ինչպես դրանք նկարագրում են մարդու իրավունքների կազմակերպությունները եւ իրավական փորձագետները. դատավարություններ, որոնք անցկացվում են առանց պատշաճ ընթացակարգի, անկախ իրավաբանական խորհրդատվության կամ հանրային վերահսկողության, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ խախտում է:
Ռուբեն Վարդանյանը Բաքվում ընթացող «դատավարության» ժամանակԹեեւ Ադրբեջանը չի կատարում միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները, այն նախաձեռնող դիրքորոշումը, որը բնորոշ է Արեւմուտքի արձագանքին Ուկրաինայի դեպքում, մեծ մասամբ բացակայում է։ Միջազգային հանրությունը հիմնականում սահմանափակվել է երկխոսության եւ լարվածության թուլացման կոչերով՝ առանց կոնկրետ իրավական հետեւանքի: Չնայած ԵԱՀԿ-ի «Մոսկվայի մեխանիզմը» չորս անգամ կիրառվել է Ռուսաստանի ենթադրյալ խախտումները քննելու համար, այն չի կիրառվել Ադրբեջանի նկատմամբ: Նմանապես, ի տարբերություն Ուկրաինայի, ՄՔԴ-ի անդամ ոչ մի այլ պետություն դիմում չի ներկայացրել Ադրբեջանի հանցագործությունների վերաբերյալ, եւ ոչ էլ ստեղծվել է հատուկ դատարան կամ միջազգային համատեղ նախաձեռնություն:
Միջազգային անգործության այս միտումը կարող է է՛լ ավելի ամրապնդել Բաքվի բանակցային դիրքը։ Խաղաղության բանակցությունների շրջանակներում Ադրբեջանը ներկայացրել է պատասխանատվությունը որպես խոչընդոտ՝ պահանջելով միջազգային դատարաններից բոլոր միջպետական գործերի փոխադարձ հետկանչը՝ որպես խաղաղության նախապայման: Հայաստանի կառավարությունը ազդարարեց այս պահանջը բավարարելու պատրաստակամությունը, բայց վերջնական որոշում դեռեւս չի կայացվել: Եթե Երեւանն ի վերջո ընդունի «Առանց խաղաղության չկա արդարադատություն» բանաձեւը, Ադրբեջանը գործնականում կազատվի 2020-2023 թվականներին կատարված հանցագործությունների համար պատասխանատվությունից: Ուկրաինայի հետ անհամապատասխանությունն ընդգծում է այն, որ Ադրբեջանի պատասխանատվությունը բացառող խաղաղության համաձայնագրի հեռանկարը, կարծես, չի մտահոգում ԵՄ-ին: Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի վերաբերյալ իրենց համատեղ հայտարարության մեջ ԵՄ Խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան եւ Հանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենը ողջունեցին համաձայնագիրը՝ համարելով, որ այն «երկարատեւ, կայուն խաղաղության» ճանապարհ է հարթում։ Այնուամենայնիվ, չնայած Ադրբեջանի կողմից կատարված շարունակական եւ փաստագրված խախտումներին, հայտարարության մեջ հղում չի արվում պատասխանատվությանը, ինչպես նաեւ չի ընդունվում, որ համաձայնագրում չկան հայ գերիների վերադարձի մասին դրույթներ։
«Առանց խաղաղության չկա արդարադատություն» եւ ընտրողական արդարադատություն. ի՞նչ ռիսկեր կան
«Առանց խաղաղության չկա արդարադատություն» սցենարի հետ կապված մի քանի ռիսկեր կան։ Բանակցային մակարդակում, զգալի ռազմական եւ քաղաքական անհաջողություններից հետո, իրավական ոլորտը մնում է Հայաստանի վերջին ազդեցիկ լծակը Ադրբեջանի նկատմամբ։ Նույնիսկ եթե պաշտոնական խաղաղության համաձայնագիր ստորագրվի, Հայաստանը երաշխիք չի ունենա, որ հաշվետվողականությունը կիրականանա հետագայում, քանի որ այն ամբողջությամբ կախված կլինի Ադրբեջանի բարի կամքից. անհավանական հեռանկար, հատկապես, եթե Բաքվի բոլոր պահանջները նախապես բավարարվեն։ Հետեւաբար, արդարադատության հետաձգումը կարող է խորացնել դժգոհությունները՝ խաթարելով խաղաղ բանակցությունների եւ պատերազմից հետո վերջնական հաշտեցման փխրուն հիմքերը։ Լայն առումով՝ արեւմտյան պետությունների կողմից ընտրողական հաշվետվողականությունը կարող է ամրապնդել «կրկնակի ստանդարտների» ընկալումը։ Երբ որոշ հակամարտություններում արդարադատությունը ակտիվորեն պաշտպանվում է, իսկ մյուսներում՝ մղվում երկրորդ պլան, պետություններն ու միջազգային կազմակերպությունները վտանգում են իրենց լեգիտիմությունը եւ նորմատիվ հեղինակությունը։ Այս անհամապատասխանությունը ոչ միայն թերահավատության աղբյուր է, այլեւ ամրապնդում է թշնամական գործիչների՝ մասնավորապես, Ռուսաստանի պատումները, որոնք Արեւմուտքի կողմից միջազգային իրավունքի պահպանումը ներկայացնում են որպես քաղաքականություն, այլ ոչ թե սկզբունք։
Լուսանկարը` REUTERS
Ակնհայտ է, որ Արեւմուտքի արձագանքը Ուկրաինայում եւ Կովկասում ձեւավորում են տարբեր աշխարհաքաղաքական հաշվարկներ։ Այնուամենայնիվ, ԵՄ-ն եւ նրա անդամ պետությունները պետք է վճռականորեն համերաշխություն արտահայտեն Հայաստանի հետ եւ կոչ անեն հետաքննել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների փաստագրված խախտումները: Եթե Երեւանը որոշի շարունակել իր միջազգային դատական հայցերը, Բաքուն, հավանաբար, կներկայացնի դա որպես խաղաղության գործընթացը խաթարելու փորձ։ Սակայն եթե այս որոշումը կայացվի երրորդ պետության կամ պետությունների խմբի աջակցությամբ, այն ոչ միայն կպաշտպանի արդարադատության սկզբունքը եւ կազդարարի անպատժելիության դեմ միջազգային ուժեղ հակազդեցությունը, այլեւ ավելի ամուր եւ կայուն խաղաղության կնպաստի:
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:











Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: