«Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Ադրբեջանի «երկվության» պատճառները - Mediamax.am

Դեկտեմբեր 22, 2025
82 դիտում

«Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Ադրբեջանի «երկվության» պատճառները


Լուսանկարը` Daniel Brennwald

Լուսանկարը` Daniel Brennwald

Լուսանկարը` Bruno Vanbesien

Լուսանկարը` Vladimir Motuzenko

Լուսանկարը` Daniel Brennwald


Ներկայացնում ենք Carnegie Politika կայքում հրապարակված Эпоха мира, но с врагом. Почему Азербайджан не хочет ни мира, ни войны с Арменией հոդվածի հայերեն թարգմանությունը:

Բաշիր Կիտաչաեւ

Ադրբեջանի համար ամենահարմարն է մնալ ներկայիս երկվության ռեժիմում. խաղաղասիրության ժեստերն ու պատերազմի բացակայությունը միջազգային մակարդակում համատեղել քսենոֆոբիայի եւ ատելության խոսքի հետ երկրի ներսում։ Եվ, ըստ երեւույթին, այս երկվությունը իշխանությունների միտումնավոր ռազմավարությունն է:

Վերջին ամիսներին տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանը, չնայած Հայաստանի նկատմամբ իր ակնհայտ ռազմական առավելությանը, տասնամյակներ տեւած թշնամանքից հետո պատրաստ է լրջորեն զբաղվել հաշտեցման գործընթացով։ Երկու կողմերը նախաստորագրել են խաղաղության պայմանագիրը, սահմանազատում են սկսել, պաշտոնական պատվիրակությունների փոխադարձ այցելություններ են ունեցել, Բաքուն նույնիսկ Երեւան է ուղարկել նավթամթերքի առաջին խմբաքանակը։

Այնուամենայնիվ, երկրի ներսում Ադրբեջանի իշխանությունները չեն շտապում փոխել իրենց հռետորաբանությունը՝ շարունակելով հիմնական քարոզչական պատումները կառուցել հայատյացության հին դրույթների վրա։ Պարադոքսալ կերպով ստացվում է, որ Ադրբեջանը միջազգային հարթակներում ցուցադրում է խաղաղության պատրաստակամություն, սակայն երկրի ներսում թշնամանք գրգռելու ենթակառուցվածքը շարունակում է գործել նախկինի պես։ Այս ամենը հարցեր է առաջացնում, թե այս մոտեցումներից որն է ճշմարիտը։

Հռետորաբանության երկվությունը

Մի քանի տասնամյակ շարունակ Ադրբեջանում կառուցվել է հայերի անմարդկայնացման համակարգ՝ դպրոցական կրթության, պետական լրատվամիջոցների եւ բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային ելույթների միջոցով: Ցայսօր պատմության դասագրքերը հայերին հաճախ ներկայացնում են որպես օտար եւ թշնամական տարր, իսկ ժամանակակից Հայաստանի տարածքը անվանվում է «Ադրբեջանի պատմական հողեր»: 

Պետական լրատվամիջոցները պարբերաբար կրկնում են այն թեզը, որ հայերը 19-րդ դարում Ռուսական կայսրության կողմից «տեղափոխվել» են Ղարաբաղ եւ իբր «գենետիկորեն հակված են դավաճանության»:

Այս պատումները դարձել են Ադրբեջանի պետական գաղափարախոսության հիմքը, որի սրտում Առաջին Ղարաբաղյան պատերազմում պարտության տրավման է: Վրդովմունքն ու վրեժխնդրության ծարավը տարիներ շարունակ օգտագործվել են որպես գործիք՝ հասարակությունը մոբիլիզացնելու եւ Ալիեւների ռեժիմին հավատարմություն պահպանելու համար: Այս տրամաբանությունը չի անհետացել նույնիսկ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմում հաղթանակից եւ Ղարաբաղը Բաքվի վերահսկողությանը վերադարձնելուց հետո: Ընդհակառակը, «պատմական հողեր» հասկացությունը սկսել է կիրառվել հենց Հայաստանի նկատմամբ՝ ակնարկելով հնարավոր ռազմական ներխուժումը: 

Լուսանկարը` Daniel Brennwald


ԱՄՆ միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների կողմից ստորագրված Վաշինգտոնյան համաձայնագիրը պետք է շրջադարձային կետ լիներ: Չնայած իր ճնշող ռազմական առավելությանը՝ Բաքուն համաձայնեց, որ հակամարտությունն անցյալում է, եւ այժմ ժամանակն է օրինականորեն ձեւակերպել խաղաղությունը։ 

Սոցցանցերում եւ ԶԼՄ-ներում իսկապես սկսել են քննարկել Հարավային Կովկասում «նոր դարաշրջանի» գաղափարը։ Հայ եւ ադրբեջանցի փորձագետների խմբերը փոխադարձ այցելություններ են կատարել Բաքու եւ Երեւան, որտեղ բարեկամական մթնոլորտում քննարկել են խաղաղ կարգավորման հեռանկարները։ Բաքվում նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը նույնիսկ խնդրել է հյուրերին փոխանցել հայ հասարակությանը, որ Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտվել է, եւ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չկան։

Խորհրդանշական ժեստերից բացի Բաքուն նաեւ գործնական քայլեր է ձեռնարկել։ Դեկտեմբերին հացահատիկի բեռնափոխադրումները Ղազախստանից առաջին անգամ սկսեցին Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով տեղափոխվել Հայաստան։ Իսկ դեկտեմբերի 18-ին Բաքուն Հայաստան ուղարկեց նավթամթերք տեղափոխող առաջին գնացքները։

Այս ամենը տպավորություն է ստեղծում, որ երկարատեւ հակամարտությունն իրոք մոտենում է իր ավարտին։ Սակայն Ադրբեջանի իշխանությունների հռետորաբանությունը կասկած չի թողնում, որ ներքին լսարանի համար Հայաստանի հետ առճակատումը չի վերացել։

Նախագահ Իլհամ Ալիեւը շարունակում է ասել, որ Ադրբեջանը «պետք է միշտ պատրաստ լինի պատերազմի» եւ իրավունք չունի «հիշողությունից ջնջել իր արյունոտ պատմությունը»։ Նա նաեւ կրկնում է «պատմական հողերի» եւ «Ղարաբաղում վերաբնակեցված հայերի» մասին հին թեզերը։ 

Այլ ադրբեջանցի պաշտոնյաներ ձայնակցում են նախագահին. օրինակ՝ պատգամավոր Հիքմեթ Բաբաօղլուն վերջերս իր լսարանին զգուշացրեց հայերի մասին. «Մենք կարող ենք խաղաղ ապրել հայերի հետ, բայց չենք կարող նրանց բարեկամը լինել կամ վստահել նրանց։ Ի վերջո, անցյալում նրանք միշտ դավաճանել են մեզ»։ 

Լուսանկարը` Daniel Brennwald


Պետական ԶԼՄ-ների բովանդակությունը նույնպես շատ չի փոխվել։ Դրանք շարունակում են հեռարձակել պատմություններ Հայաստանում «Ադրբեջանի պատմական հողերի» մասին։ Պետական ողջ քարոզչությունն ուղղված է նրան, որ ադրբեջանական հասարակությունը չմոռանա, որ, ի տարբերություն դիվանագիտական ժեստերի, հակամարտությունը մնում է բաց եւ կարող է վերսկսվել ցանկացած պահի։

Պատրաստվե՞լ  պատերազմի

Եթե շարունակվող հակահայկական հռետորաբանությանը գումարեք այն փաստը, որ Ադրբեջանի ռազմական ծախսերը 2025 թվականին գերազանցել են 5 միլիարդ դոլարը եւ կշարունակեն աճել հաջորդ տարի, կարող է թվալ, որ Բաքուն ոչ միայն իրական խաղաղ կարգավորում չի ծրագրում, այլեւ պատրաստվում է նոր պատերազմի։ Սակայն նման սցենարը քիչ հավանական է։

Ադրբեջանն իրոք հետաքրքրված է, որ պատերազմ չլինի։ Նոր սրացումը կսպառնա միջազգային կապերին, ներդրումներին եւ Ալիեւի հեղինակությանը, որը նա զգուշորեն կառուցում էր վերջին տարիներին։

Լուսանկարը` Bruno Vanbesien


Ադրբեջանն այժմ դարձել է էներգիայի կարեւոր աղբյուր եւ Եվրամիության լոգիստիկ օղակ։ Ալիեւին հանդիպելիս եվրոպացի պաշտոնյաները միաձայն գովաբանում են Բաքուն բանակցային գործընթացում առաջընթացի համար՝ վախենալով, որ Հարավային Կովկասում նոր սրացումը կարող է զրկել Եվրոպային գազի այլընտրանքային աղբյուրից եւ Ռուսաստանը շրջանցող մատակարարման ուղուց։ Նման իրավիճակում պատժամիջոցների եւ Արեւմուտքում կապերի կորստի ռիսկը չափազանց բարձր է Ալիեւի համար։ 

Ադրբեջանական հասարակությունը նույնպես նոր պատերազմի ախորժակ չունի։ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից անմիջապես հետո Ադրբեջանում շատերը սպասում էին, որ հաղթանակը կբերի բարգավաճում, փոփոխություններ եւ նույնիսկ ավտորիտար ռեժիմի թուլացում։ Բայց հույսերը չարդարացան։ Ռազմական հաջողությունները բարձրացրին վարչակարգի հեղինակությունը, մինչդեռ հասարակությունը ստացավ գնաճ, նոր հարկեր եւ վետերաններին համակարգային աջակցության բացակայություն։

Չի շտապում խաղաղ կարգավորման հարցում

Ադրբեջանը չի շտապում հակամարտության վերջնական կարգավորման հասնելու հարցում: Չնայած խաղաղության պայմանագրի նախաստորագրված տեքստում հաշվի են առնվել Ադրբեջանի պահանջները, Բաքուն հետաձգում է դրա ստորագրումը: Փաստաթղթում հստակ նշվում է, որ ներքին օրենսդրությունը չի կարող ծառայել որպես տարածքային պահանջների հիմք՝ փաստորեն փակելով Հայաստանի Անկախության հռչակագրի հարցը, որտեղ հիշատակվում է Ղարաբաղը: Այնուամենայնիվ, Բաքուն պնդում է Հայաստանի սահմանադրությունը փոփոխելու հանրաքվեի վրա, քանի որ այն հղում է կատարում այս հռչակագրին:

Ըստ երեւույթին, խնդիրը ոչ թե ձեւակերպման կամ Հայաստանի սահմանադրության, այլ հենց գործընթացի մեջ է: Սահմանադրական բարեփոխումը լրացուցիչ ներքին խնդիրներ է ստեղծում Երեւանի համար եւ թույլ է տալիս Ադրբեջանին հետաձգել պայմանագրի ստորագրումը: Բաքուն շտապելու կարիք չունի. լիակատար խաղաղության ստորագրումից հետո ճնշման տարածքը կփոքրանա, եւ ավելի դժվար կլինի վերադառնալ սրացման լեզվին: 

Լուսանկարը` Daniel Brennwald


Ադրբեջանի համար ամենահարմարն է մնալ ներկայիս երկվության ռեժիմում. խաղաղասեր ժեստերն ու պատերազմի բացակայությունը միջազգային մակարդակում համատեղել քսենոֆոբիայի եւ ատելության խոսքի հետ երկրի ներսում։ Եվ, ըստ երեւույթին, այս երկվությունը իշխանությունների միտումնավոր ռազմավարությունն է:

Մի կողմից, նախաձեռնությունն ու ռազմական առավելությունը մնում են Ադրբեջանի ձեռքում, ինչը Բաքվին մանեւրելու լայն հնարավորություն է տալիս: Եթե Հայաստանը նույնքան հարմարվողական չլինի, որքան հիմա է, կարելի է հեշտությամբ վերադառնալ ուժային ճնշման: Մյուս կողմից, «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» իրավիճակը թույլ է տալիս Ալիեւին շարունակել օգտագործել վրդովմունքը որպես ադրբեջանական հասարակությունը մոբիլիզացնելու գործիք:

Ադրբեջանական վարչակարգի համար չափազանց դժվար կլինի հրաժարվել հայատյաց քարոզչությունից երկրի ներսում: Երեսուն տարվա ընթացքում Ղարաբաղի շուրջ ձեւավորվել է լիարժեք պետական գաղափարախոսություն, որի կարեւոր տարրը հայատյացությունն է: Այս կառուցվածքի ապամոնտաժումը լի է անկանխատեսելի ռիսկերով եւ անխուսափելիորեն կստեղծի գաղափարախոսական վակուում, որը իշխանությունները չեն կարողանա լրացնել: 

Հայատյաց վրդովմունքից հրաժարվելով՝ ռեժիմը կարող է կորցնել իր լեգիտիմացման հիմնական գործիքներից մեկը, եւ դա տեղի կունենա կենսամակարդակի լճացման, տնտեսական խնդիրների, փակ սահմանների, կոռուպցիայի եւ աճող բռնաճնշումների համատեքստում:

Լուսանկարը` Vladimir Motuzenko


Ուստի Բաքուն պետք է համատեղի երկու զուգահեռ իրականություններ. խաղաղ ուղերձներ արտաքին աշխարհին եւ վրդովմունք երկրի ներսում: Կփոխվի այս մոտեցումը ապագայում, թե ոչ՝ պարզ կդառնա կոնկրետ քայլերից. կփոխվի՞ արդյոք պետական լրատվամիջոցների եւ դասագրքերի լեզուն, կձեւավորվե՞ն հայկական կողմի հետ իրական քաղաքացիական շփումներ, այլ ոչ թե կառավարության հետ կապ ունեցող փորձագետների վերահսկվող հանդիպումներ: Հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների կողմից ԶԼՄ-ների եւ հասարակական գործունեության խիստ վերահսկողությունը, նման փոփոխություն կատարելու որոշումը կարող է կայացվել միայն ամենաբարձր մակարդակով: 

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին