Հին ու նոր կյանքը Լոնդոնի հայկական կինոփառատոնում - Mediamax.am

Դեկտեմբեր 13, 2025
161 դիտում

Հին ու նոր կյանքը Լոնդոնի հայկական կինոփառատոնում


Լուսանկարը` Armenian Film Society

Լուսանկարը` Armenian Film Society

Կիրա Ադիբեկովը եւ Տաթեւիկ Այվազյանը
Կիրա Ադիբեկովը եւ Տաթեւիկ Այվազյանը

Լուսանկարը` Garo Berberian


Ներկայացնում ենք The Guardian թերթում հրապարակված ‘Can we have more comedies?’: Armenian cinema processes trauma as country wrangles EU membership – and Trump հոդվածի հայերեն թարգմանությունը:

Լոնդոնի հայկական կինոփառատոնի երկրորդ տարին արտացոլում է փոփոխություններ ապրող երկիրը, մինչ Ադրբեջանի հետ վերջին հակամարտության պատմությունը մթագնում է Արեւմուտքի հետ կապերը ամրապնդելու ջանքերը։ 

Թամարա Ստեփանյանի «Իմ հայ ուրվականները» վավերագրական ֆիլմում կա մի պահ, երբ տեսնում ենք 1980 թվականի խորհրդային «Կտոր մը երկինք» ֆիլմի վերջին տեսարանը, որտեղ որբացած գլխավոր հերոսը ձիակառքով ուրախ անցնում է քաղաքով, որի հասարակությունը մերժել էր իրեն ու նախկին մարմնավաճառ կնոջը։ Այնուհետեւ թռչունների երամը սահում է անաղարտ կապույտ երկնքով։ Այս դրվագը պատկերում է սահմանափակող ու զսպող ուժերը հաղթահարելու ցանկություն, ինչն ընկած է ռեժիսոր Հենրիկ Մալյանի «Նոր ալիք» ոճի հիմքում։ Կամ, ինչպես Մալյանն է ասում Ստեփանյանի արխիվային ուսումնասիրության մաս կազմող հարցազրույցում՝ «Ֆիլմը սիրո կեղծ եւ իրական հասկացության մասին է… եւ առանց պաթոսի՝ մեր ֆիլմը ազատության մասին է»։

Լուսանկարը` Armenian Film Society


Ազատությունը եւ այն, թե ինչ է դա ենթադրում է ծովին ելք չունեցող Հայաստանի Հանրապետության եւ նրա մեծ սփյուռքի համար, ուշադրության կենտրոնում է հայտնվել այս տասնամյակի պատերազմի, տեղահանության, ինքնիշխանության ու ինքնության շուրջ կոնֆլիկտի ֆոնին։

Ըստ հաշվարկների՝ երկրից դուրս ապրում է մոտ երեք անգամ ավելի շատ էթնիկ հայ, քան երկրի ներսում. գործոն, որը հանգեցրել է «պետություն չունեցող իշխանության» մի տարածաշրջանում, որը դառնում է ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Իրանի միջեւ աշխարհաքաղաքական լարվածության կենտրոնը։

Սթըրլինգի համալսարանի քաղաքագիտության ավագ դասախոս Սոսի Գասպարյանի խոսքերով՝ «Սփյուռքը կարող է լրացնել ազգային պետությունը եւ հանդես գալ որպես (վեր)ազգային ինքնության եւ մշակույթի դինամիկ կենտրոն»։

«Հայ լինել հանրապետությունում եւ հայ լինել արեւմտյան սփյուռքում ցեղասպանությունից հետո՝ երկու տարբեր պատմական փորձառություններ են, եւ մշակույթն արտացոլելու է դա»։


Այդպիսի մտորումներից մեկը «Իմ հայ ուրվականները» ֆիլմն է. ձայնատեսային ճանապարհորդություն երկրի կինեմատոգրաֆիայի մոռացված ռահվիրաների աշխատանքներով, որն իրականացվել է ռեժիսորի հոր՝ դերասան Վիգեն Ստեփանյանի մահից հետո 2021 թվականին: Անձնական արխիվների եւ խորհրդային դարաշրջանի ֆիլմերի կարոտաբաղձ կոլաժի օգնությամբ Թամարան մտորում է ազգային կինոյի վիճակի մասին, որը «օրգանապես կապված է անհետացած քաղաքական, սոցիալական եւ մշակութային տիեզերքի հետ»:

Վավերագրական ֆիլմը, որը Հայաստանի հայտն է 2026թ. կայանալիք «Օսկար» մրցանակաբաշխության լավագույն միջազգային լիամետրաժ ֆիլմ անվանակարգում, անցյալ շաբաթ իր պրեմիերան ունեցավ Լոնդոնում կայացած հայկական կինոփառատոնի ժամանակ:

Լուսանկարը` Armenian Film Society


Երկրորդ տարի անընդմեջ կազմակերպվող փառատոնը, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 4-ից 7-ը Ժամանակակից արվեստի ինստիտուտում, բացվեց «Մըսյե Ազնավուր» կենսագրական ֆիլմով: Ֆրանսահայ երգիչ-երգահան Շառլ Ազնավուրի գլխավոր դերում հանդես եկավ Թահար Ռահիմը։

Կայացավ նաեւ Էրիկ Նազարյանի «Տղամարդու պես մեռիր» ֆիլմի պրեմիերան, որի գործողությունները տեղի են ունենում Լոս Անջելեսի աշխատավոր թաղամասում եւ որը նկարահանվել է երկու շաբաթվա ընթացքում՝ հիմնականում ոչ պրոֆեսիոնալ դերասանների մասնակցությամբ, որոնցից շատերը բանտային համակարգից տուժած Լոս Անջելեսի բնակիչներ էին։ Ֆիլմը մարմնավորում է այն, ինչը Գասպարյանը նկարագրում է որպես «հայ համայնքներ, որոնք իրենց հասարակությունների հյուսվածքի մասն են կազմում եւ [կիսում են] նրանց բոլոր խնդիրները»։

Այս տարի չորսօրյա միջոցառումն առաջին անգամ ստացավ Բրիտանական կինոյի ինստիտուտի ֆինանսավորումը եւ արագորեն հեղինակություն ձեռք բերեց Մեծ Բրիտանիայի հայ համայնքի շրջանում։ Լոնդոնում եւ Մանչեստրում կենտրոնացած համայնքը մասն է համաշխարհային սփյուռքի, որը կիսում է բռնաճնշումների, տեղահանության եւ ցեղասպանության ցավագին հուշերը։

Տաթեւիկ Այվազյանը՝ փառատոնի կազմակերպիչներից մեկը եւ Հայկական կինոընկերության անդամը, ասում է, որ «ոգեւորող ու գոհացուցիչ էր տեսնել, թե որքան մեծ արձագանք է գտել փառատոնը փոքր, մասնատված համայնքում եւ որքան լավ ենք հանդես եկել առաջին տարում»։ 

Բրիտանիայում սփյուռքը ձեւավորած գաղթի պատմության վերաբերյալ Այվազյանն ասաց. «Մեծ Բրիտանիայի հայ համայնքը եկավ ալիքներով։ Մանչեստրի առաջին, ամենակարեւոր ալիքը ժամանեց համիդյան կոտորածներից հետո, որոնք նախորդեցին Հայոց ցեղասպանությանը։

«Նրանք եկան Կիպրոսից, Իրանի հեղափոխությունից հետո, Իրաքի պատերազմից հետո, Խորհրդային Միության փլուզումից հետո։ Ահռելի ծանր բեռ է սա՝ ցեղասպանություն, տեղահանություն։

«Մոտենում էին ինձ եւ հարցնում՝ «Կարո՞ղ ենք ավելի շատ կատակերգություններ նկարահանել»»։

«Մըսյե Ազնավուր»-ի բացման տեսարանում երիտասարդ Շառլը դիտում է, ծափահարում եւ մասնակցում համայնքային հավաքույթին։ Երաժշտություն ու պար է, բայց ուրախության տեսարանների հետ մեկտեղ կան կադրեր, որոնք հիշեցնում են, թե ինչն է հանգեցրել այս մարդկանց գաղթին միջպատերազմյան Ֆրանսիա. սով ու տեղահանություններ, որոնք տեղի են ունեցել 1915-1922 թվականներին, երբ ցեղասպանությունը խլեց մեկ միլիոնից ավելի մարդկանց կյանքը։

Այվազյանը հավելում է. «Մենք ուզում ենք ունենալ ինտելեկտուալ, իրազեկվածությունը բարձրացնող արվեստ մեր ողբերգությունների մասին… [բայց] կարեւոր է խոսել եւ շփվել այլ մշակույթների հետ, քանի որ տեղահանության, պատերազմի եւ ինքնության պատմությունները միայն մերը չեն։ Աշխարհում տեղի ունեցող յուրաքանչյուր պատերազմ եւ ցեղասպանություն արձագանք է գտնում մեր սրտում»։

Վերջերս Հայաստանը անորոշության վիճակում է գտնվում։ 2018 թվականի ժողովրդական ապստամբությունից երկու տարի անց, որը հեռացրեց հայ քաղաքականության հին գվարդիան, երկիրը պատերազմի մեջ հայտնվեց հարեւան Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի համար։

Տարածաշրջանը, որը ստեղծվել էր հետխորհրդային սահմանների եւ տարածքների չլուծված հակամարտությունից եւ մեծ մասամբ բնակեցված էր հայերով, որոշակի ինքնավարություն ուներ Ադրբեջանի կազմում՝ որպես Արցախի Հանրապետություն, մինչեւ Բաքուն չփորձեց ռազմական ճանապարհով վերջ դնել դրա փաստացի անկախությանը՝ Թուրքիայի աջակցությամբ։ 2023 թվականին լայնամասշտաբ հարձակումը եւ հետագա էթնիկ զտումը հազարավոր հայերի ստիպեցին փախչել տարածաշրջանից դեպի Հայաստան. ողբերգության եւ ուղղության կորուստի եւս մեկ շրջապտույտում: Տարածաշրջանային խոշոր տերություններով շրջափակված երկիրն այժմ, կարծես, հակվում է դեպի Արեւմուտք՝ փորձելով դուրս գալ իր կաշկանդված դիրքից։
Կիրա Ադիբեկովը եւ Տաթեւիկ Այվազյանը Կիրա Ադիբեկովը եւ Տաթեւիկ Այվազյանը

Լուսանկարը` Garo Berberian


Կիրա Ադիբեկովը, որն Այվազյանի հետ կազմակերպել է կինոփառատոնը եւ ներգրավված է դեռահասներին անվճար ստեղծագործական կրթություն տրամադրող «Թումո» նախագծի մեջ, ասում է. «Ակնհայտ է, որ Ռուսաստանը փոխանակեց Արցախի Հանրապետությունը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ գործարքի շրջանակում»։

Այս տարվա սկզբին Հայաստանի խորհրդարանն ընդունեց ԵՄ-ին միանալու գործընթացը սկսելու օրինագիծ, իսկ օգոստոսին Դոնալդ Թրամփը ուշադրությունը սեւեռեց տարածաշրջանին՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ Երեւանի եւ Բաքվի կողմից ստորագրված խաղաղության պայմանագիր ստորագրելով, որը ներառում էր դրույթներ «Թրամփի միջազգային խաղաղության եւ բարգավաճման ուղու» (TRIPP) մասին։

Չնայած այն համարվում է «անորոշ առաջարկ», Ադիբեկովն ասում է, որ TRIPP-ի հեռանկարը «որոշակի հանգստություն է բերել» տարածաշրջանին եւ հույս տվել տարածաշրջանային հաղորդակցությանը, որից կարող են օգտվել «Թումո» նախագծի նման նախաձեռնությունները։

Մտորելով ժամանակակից Հայաստանի մասին, որը հաջորդ տարի նշելու է նախկին ԽՍՀՄ-ից անկախանալու 35-ամյակը, Այվազյանն ասում է. «ԵՄ-ի հետ հարաբերությունների փայլուն ճակատի հետեւում երկիրը դեռ պետք է վերականգնվի պատերազմից եւ սովորի գործել՝ խորհրդային եւ օլիգարխիկ կառավարման երկար տարիներից հետո»։ 

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին