Թամարա Ստեփանյանի պատմությունը սկսվում է ուժեղ կոնտրաստով՝ Բեյրութի արեւի տակ մեծացած աղջկա եւ երեւանյան հին կինոյի նոստալգիկ զգայունության միջեւ։ Երբ 18-ամյա Թամարան ծնողներին ասաց, որ ռեժիսոր է ուզում դառնալ, առաջին արձագանքը խիստ էր եւ բացասական։
Հայրը՝ դերասան Վիգեն Ստեփանյանը, հարցրեց՝ «Հայ կին ռեժիսոր գիտե՞ս, որ քեզ համար օրինակ լինի»: Պատասխան չկար։ Նորանկախ Հայաստանի կինոն դեռեւս կին ռեժիսորներ չուներ։ Թամարայի պատասխանը համարձակ էր, նույնիսկ՝ մի փոքր գոռոզ։
«Ես կլինեմ առաջիններից մեկը»
2005-ին ավարտեց Բեյրութի կինոդպրոցը, իսկ 2009-ին ընդունվեց Դանիայի դոկումենտալ կինոյի դպրոց։ Դանիայի կրթական սկիզբը՝ սառն էր։ Դոկումենտալ ժանրը նրան թվում էր հեռուստատեսային, լրագրողական՝ առանց ստեղծագործական տարածության։ Բայց այնտեղ նրան սովորեցրին, թե ինչ է իրականում վավերագրական կինոն։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Դու պիտի նայես դեպի քեզ, որ հասկանաս՝ ինչ ես ուզում փոխանցել։ Ոչ թե գնաս ու նկարահանես, այլ հասկանաս՝ դու ինչ կապ ունես ընտրածդ թեմայի հետ»։
Արդյունքում ծնվեց իր առաջին վավերագրական ֆիլմը՝ Embers-ը՝ երկխոսություն մահացած տատիկի հետ։ Տասներեք տարի անց, նոր ֆիլմում Թամարան նորից երկխոսության մեջ է, այս անգամ հոր հետ։
«Ուրվականների» հետ զրույցը
Հոր մահից հետո Թամարան սկսեց դիտել հին կադրեր, նայել լուսանկարներ ու տեսագրություններ՝ փորձելով շարունակել իրենց ընդհատված խոսակցությունը։
Այդպես ծնվեց «Իմ հայկական ուրվականներ» վավերագրական ֆիլմը:
Այնտեղ հոր ուրվականը նրան տանում է դեպի իր ընկերները՝ Խորեն Աբրահամյան, Սոս Սարգսյան, Ֆրունզիկ Մկրտչյան։ Ֆիլմը փորձ է անձնական ընդհատված զրույցը շարունակելու եւ կամուրջ նոր զրույցի՝ Հայ կինոյի հետ։
Ոչ թե պատմել, այլ ապրել պատմությունը
«Իմ պապան՝ Վիգեն Ստեփանյանը, միշտ խոսում էր Հայաստանից։ Նա երբեք չընդունեց տեղի ունեցածը՝ պատերազմը, պարտությունը, լռությունը։ Նրա չդիմանալը, նույնիսկ մահը, ինձ համար սիմվոլ էր։ Ու ֆիլմով ես սգացի հորս մահը», - ասում է Թամարան:

Լուսանկարը` Մեդիամաքս
Նոր ֆիլմը՝ «Արտոյի երկիրը»՝ որ կբացի Լոկարնոյի միջազգային կինոփառատոնը, սկիզբ է առնում հենց այդ ցավից։ Դեռ 10 տարի առաջ էր Թամարան գրել սցենարի նախնական տարբերակը՝ պատկերացնելով մի ֆրանսուհու, որն ավտովթարի արդյունքում կորցնում է ամուսնուն եւ Հայաստան է գալիս, առանց իմանալու, որ այդ ճանապարհին նոր բացահայտումներ է անելու։ Այն ժամանակ 44-օրյա պատերազմը դեռ չէր եղել։
Տասը տարի առաջ բազմաթիվ մերժումներ ստացավ ֆիլմը։ Թամարան վերադարձավ վավերագրական ժանրին՝ ստեղծելով «Ձյուն կար»-ը, «Կանանց գյուղ»-ը ֆիլմերը, մայր դարձավ եւ պայքարեց քաղցկեղի դեմ։

Լուսանկարը` Մեդիամաքս
Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, եւ Թամարան անցնում էր քիմիոթերապիայի փուլով, սցենարը վերաշարադրվեց։ «Պատերազմը ու քաղցկեղը գրեթե միաժամանակ սկսվեցին։ Ու հասկացա՝ իմ հերոսը չի մահանում ավտովթարից։ Նա ինքնասպան է լինում, քանի որ չի կարողանում համակերպվել իրականության հետ», - պատմում է Թամարան։
Սա ֆիլմի առանցքային շրջադարձն է։ Այլեւս խոսքը միայն սգի մասին չէր, այլ պարտության, խզված հիշողության, եւ այն բանի, թե ինչպես է պատերազմը կոտրում մարդուն։ «Արտոյի երկիրը»՝ ոչ անձնական պատմություն, բայց շատ անձնական ցավ։

Լուսանկարը` Մեդիամաքս
Ֆիլմի հերոսը՝ Արտոն, պատերազմից վերադարձել է ֆիզիկապես, բայց հոգեպես՝ ոչ։ Նա չի կարողացել խոսել կնոջ հետ, նոր կյանք ապրել, որովհետեւ անցյալն անդադար հետապնդել է։ Իսկ կինը, գալով Հայաստան, պարզում է, որ իրականում ամուսնուն երբեք չի ճանաչել։
Արմատներ, որոնք կինոյում են
Թամարա Ստեփանյանի ֆիլմերն, առաջին հայացքից տարբեր, իրականում փոխկապակցված են մեկ ընդհանուր հարցով՝ ինչպե՞ս ապրել՝ եթե վերադարձն այլեւս հնարավոր չէ։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Impossibility of return»՝ վերադառնալու անհնարինություն. այս արտահայտությունը, ըստ ռեժիսորի, կրում է իր բոլոր պատմությունների ներքին պոետիկան։ Այդ վերադարձի ցանկությունն ու անհնարինությունն են նաեւ ձեւավորում նոստալգիան, թախիծը, որը ծնունդ է տալիս ֆիլմերին։
Նա չի վերադառնում Հայաստան՝ ֆիզիկապես ապրելու, բայց իր ֆիլմերում անընդհատ վերադառնում է. անցյալ, արմատներ, հայ կինո, անհատական եւ հավաքական հիշողություն։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Ես արմատախիլ եմ եղել, ու հիմա անընդհատ փնտրում եմ, թե ուր դնեմ իմ արմատները։ Ու հասկացա՝ իմ տունը ոչ Հայաստանն է, ոչ Լիբանանը, ոչ էլ Ֆրանսիան։ Իմ տունը կինոն է», - անկեղծանում է Թամարան։
Նրա ֆիլմերը պարզապես պատմություններ չեն։ Դրանք հետազոտություններ են՝ ինքնության, պատկանելիության, հիշողության։ Դրանք նաեւ դանդաղ բացահայտումներ են՝ ներսից դուրս եկող գաղտնիքների մասին։
Նրանց ռիթմը հոսում է երկխոսության պես՝ թե՛ հայրը, թե՛ Արտոն, թե՛ հայրենիքի ուրվականը՝ բոլորը հերոսներ են, որոնց հետ ինքը խոսում է։ Կինոն նրա եղանակն է՝ արմատներ գցելու մի հողում, որն իր հետ է ամբողջ աշխարհում։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Երիտասարդ Թամարան չէր կողմնորոշվում՝ թատրոնի՞ ռեժիսոր է ուզում լինել, թե՞ կինոյի։ Վստահաբար, կինոն հաղթեց, քանի որ թույլ է տալիս պատմությունը պատմել եւ պահել։ Հավերժացնում ես պատմությունը»։
Թամարա Ստեփանյանի «Իմ հայկական ուրվականներ»-ը ֆիլմի հայկական պրեմիերան տեղի է ունենալու հուլիսի 14-ին ժամը 19:30-ին Կինոյի տանը:
Շնորհակալություն Կինոմոսկվային՝ հարցազրույցի եւ նկարահանումն իրենց կինոսրահում հնարավոր դարձնելու համար:
Աստղիկ Հովհաննեսով
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: