Ներկայացնում ենք Foreign Policy պարբերականի կայքում հրապարակված Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախկին նախագահ Հենրի Թերիոյի եւ Վաշինգտոնում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի քաղաքականության գծով տնօրեն Ալեքս Գալիցկիի A Perpetrator’s Peace հոդվածի հայերեն թարգմանությունը:
Հենրի Թերիո եւ Ալեքս Գալիցկի
Գազայից մինչեւ Լեռնային Ղարաբաղ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ մի քանի ամսվա ընթացքում լուծել է աշխարհի ամենածանր հակամարտություններից մի քանիսն իր խաղաղության ծրագրերով, որոնք նախատեսված են հիմնականում հեռուստատեսության համար։ Բազում փորձառու դիտորդներ զգուշացրել են, որ այս համաձայնագրերը այն չեն, ինչ թվում են։ Դրանք թերի են, խորապես ասիմետրիկ եւ դրանց իրականացումը մեծապես կախված է հաղթողների մեծահոգությունից։
Սակայն սա միակ վտանգը չէ։ Փորձելով չարաբաստիկ Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալ՝ Թրամփն ավելի կարեւոր է համարում ներկայացումը, քան էությունը, եւ նրա խաղաղարարությունը ծառայում է ցեղասպանության արդյունքների ամրապնդմանը՝ զոհերին զրկելով իրավազորությունից։ Այդպիսով նա վերականգնում է հակամարտության կարգավորման «հաղթողի խաղաղության» մոդելը, որը խաթարում է խաղաղության հաստատումը աշխարհում։
Սա առավել ակներեւ է դառնում վերջին հաղորդագրություններից, որ Ադրբեջանը կարող է ղեկավարել Գազայում միջազգային կայունացման ուժերի բազմակողմանի մարմինը (ISF), որը Թրամփի խաղաղության ծրագրի շրջանակներում մշտադիտարկելու է անվտանգությունն ու հրադադարը։ Այս դերի համար դժվար է ավելի վատ երկիր պատկերացնել։ Ընդամենը երկու տարի առաջ Ադրբեջանը շրջափակման, սովի եւ ռազմական ուժի միջոցով բռնի տեղահանեց Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ողջ հայ բնակչությանը, ինչը Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը որակել է որպես ցեղասպանություն։
Լուսանկարը` REUTERS
Անկախ նրանից՝ արդյոք Ադրբեջանը դեր կխաղա ISF-ում, թե ոչ, Թրամփի մոտեցումն արդեն թողել է Գազայի պաղեստինցիներին եւ Ղարաբաղի հայերին այն ուժերի ողորմածությանը, որոնք ձգտում են ոչնչացնել նրանց։
2020 թվականին հայկական ուժերի դեմ ռազմական հաղթանակից հետո, 2022-ի դեկտեմբերին Ադրբեջանը շրջափակման ենթարկեց Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը։ Հաջորդ 10 ամիսների ընթացքում Ադրբեջանը զրկեց տարածաշրջանի 150 000 հայերին սննդից, վառելիքից, դեղորայքից եւ այլ անհրաժեշտ մարդասիրական ապրանքներից, հետո սկսեց ռազմական հարձակումը, որը հանգեցրեց ողջ հայ բնակչության էթնիկ զտմանը։
Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է անօրինական կերպով կալանքի տակ պահել եւ բռնության ենթարկել տասնյակ հայ ռազմագերիներին եւ նախկին քաղաքական առաջնորդներին՝ միաժամանակ համակարգված ձեւով ոչնչացնելով հայկական մշակութային ժառանգությունն ու քաղաքացիական սեփականությունը։ Այս ամենի նպատակն է զրկել հայերին իրենց տները վերադառնալու իրավունքից եւ հնարավորությունից։
Ցեղասպանին մեկ այլ ցեղասպանությունից հետո խաղաղապահության պատասխանատու դարձնելը նողկալի գաղափար է։ Սակայն իրավիճակն ավելի են վատթարացնում Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ խոր ռազմա-տնտեսական կապերը։ Ադրբեջանի պատերազմը Լեռնային Ղարաբաղում փորձարկումն էր այն զենքերի, մարտավարության եւ մեթոդների, որոնք Իսրայելը հետագայում կիրառեց Գազայի պաղեստինցիների դեմ։ 2016-2020 թվականներին Իսրայելը մատակարարել է Ադրբեջանի զենքի գրեթե 70 տոկոսը։ Այն վճռորոշ գործոն դարձավ Ադրբեջանի 2020-ի ռազմական արշավում, որը հիմք հանդիսացավ 2023-ի էթնիկ զտումների համար։ Իր հերթին Ադրբեջանը մատակարարում է Իսրայելի նավթի 40 տոկոսը՝ անփոխարինելի էներգետիկ գործընկեր հանդիսանալով։
Այն, որ Ադրբեջանը, չնայած այս ամենին, կարող է դիտարկվել որպես դերակատար Գազայում, բացահայտում է Թրամփի մոտեցման աղավաղված տրամաբանությունը հակամարտությունների կարգավորման հարցում։
Արդարադատությունն ու հաշվետվողականությունը հանվել են խաղաղության հայեցակարգից, որը դարձել է պարզապես աշխարհաքաղաքական եւ նույնիսկ ֆինանսական նպատակներին հասնելու միջոց։
Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության գործընթացը լայն քննադատության է արժանացել, քանի որ Բաքուն ոչ մի արդարադատություն չի ապահովել ագրեսիայի զոհերի համար։ Խաղաղության մասին խոսելով՝ Ադրբեջանը շարունակում է գրաված պահել սահմանի երկայնքով ինքնիշխան հայկական տարածքներ եւ փորձում է օգտագործել իր ռազմական առավելությունը՝ մաքսիմալիստական պահանջներ պարտադրելու համար։
Արդյունքում Ադրբեջանը կարողացել է կտրուկ փոխել բանակցությունների նպատակները։ Տասնամյակներ շարունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերահսկողության ներքո ընթացող խաղաղության բանակցությունները փորձում էին առաջնահերթություն տալ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքին։ Սակայն Ադրբեջանն այժմ թալանում եւ քանդում է ժամանակին հայերով բնակեցված քաղաքները եւ արտասահմանյան ներդրումներ է ներգրավում տարածաշրջանի վերակառուցման եւ վերաբնակեցման համար։ Պարզ է, որ Բաքուն ոչ մի շահագրգռվածություն չունի թույլ տալու հայերին վերադառնալ իրենց տներ, առավել եւս՝ ամենափոքր ինքնավարություն տրամադրել։
Իրականում Ադրբեջանը խորհրդանշական վերջնական հարված հասցրեց ինքնորոշման սկզբունքին՝ որպես խաղաղության նախապայման պահանջելով Մինսկի խմբի լուծարումը, որը հաստատվեց օգոստոսին Սպիտակ տանը Թրամփի հետ եռակողմ հանդիպման ժամանակ։
Բացի ուժի սպառնալիքով եւ կիրառմամբ իր պայմանները պարտադրելուց, Ադրբեջանը նաեւ հաջողությամբ զրկել է Լեռնային Ղարաբաղի հայերին բանակցային սեղանի շուրջ նստելու հնարավորությունից՝ ձերբակալելով տարածաշրջանի նախկին ղեկավարներին եւ նախկին զրուցակիցներին: Այդ պաշտոնյաներն այժմ մասնակցում են քաղաքականացված մեղադրանքներով ցուցադրական դատավարություններին: Նրանք արժանանում են բռնության եւ դաժան վերաբերմունքի, զրկվել են իրենց օրինական իրավունքներից եւ Միջազգային Կարմիր Խաչի հետ կապ հաստատելու հնարավորությունից։
Խաղաղության գործընթացի ծաղր է նաեւ այն, որ Ադրբեջանը հրաժարվել է երաշխավորել այս պաշտոնյաների (կամ իր կալանքի տակ գտնվող մոտ մեկ տասնյակ այլ հայ ռազմագերիների եւ գերիների) ազատ արձակումը՝ որպես վերջնական համաձայնագրի մաս: Պատասխանատվությունից խուսափելու համար Ադրբեջանը նաեւ պնդել է, որ Հայաստանը հետ վերցնի Ադրբեջանի դեմ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ միջազգային հայցերը: Այս գործերից շատերով արդեն կայացվել էին նախնական որոշումներ Հայաստանի օգտին, օրինակ՝ Միջազգային դատարանի կողմից Ադրբեջանին պարտադրվել էր պահպանել մարդասիրական իրավունքը կալանավորների նկատմամբ եւ ապահովել տեղահանված հայերի արագ, անվտանգ եւ կամավոր վերադարձը Լեռնային Ղարաբաղ:
Թերեւս ամենաաղաղակող երեւույթը «Թրամփի միջազգային խաղաղության եւ բարգավաճման ուղին» (TRIPP) է, որը Միացյալ Նահանգներին զարգացման եւ շահագործման բացառիկ իրավունքներ կտա Հայաստանի հարավային Սյունիք նահանգում տրանսպորտային եւ հաղորդակցության ցանցերի նկատմամբ՝ ապահովելով Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ անխափան առեւտրային տարանցումը: Ադրբեջանն ու Թուրքիան վաղուց ի վեր ձգտում են մուտք գործել այս տարածք, որն անվանում են «Զանգեզուրի միջանցք», որպեսզի մենաշնորհեն էներգիայի եւ ռեսուրսների հոսքը Կենտրոնական Ասիան Եվրոպային կապող միջանցքով:
Այն, ինչին Ադրբեջանը ժամանակին ցանկանում էր հասնել ուժի միջոցով, այժմ շնորհվել է Թրամփի միջամտությամբ՝ ապահովելով ԱՄՆ-ի հենակետը տարածաշրջանում եւ կանխելով Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի գերիշխանությունը այս համաշխարհային խաչմերուկում: Այս գործընթացում Հայաստանին վերաբերվել են որպես «կողմնակի վնասի»՝ անհրաժեշտ զոհաբերության տարածաշրջանային էներգետիկ քաղաքականության զոհասեղանին:
Լուսանկարը` REUTERS
Պատկերը ոչ պակաս մռայլ է պաղեստինյան ժողովրդի համար, որին եւս զրկել են իրենց ապագան որոշող խաղաղության գործընթացում որեւէ իրական դերակատարությունից: Այս երկու այսպես կոչված խաղաղության գործընթացներն հստակ նմանություններ ունեն. երկու համաձայնագրերն էլ առաջնահերթություն են տալիս թղթի վրա խորհրդանշական ստորագրություններին՝ վիճելի եւ հիմնարար հարցերի լուծման համապարփակ մոտեցման փոխարեն:
Հայաստանի համար սա հայ կալանավորների չլուծված կարգավիճակն է, Լեռնային Ղարաբաղի հայկական ժառանգության ճակատագիրը, հարավային Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաեւ բռնի տեղահանված բնակչության անվտանգ վերադարձի հեռանկարները: Պաղեստինցիների համար դա Պաղեստինի ինքնիշխանության ապագան է, տեղահանված բնակչության վերադարձի հնարավորությունը, Երուսաղեմի կարգավիճակը եւ Արեւմտյան ափում շարունակվող օկուպացիան ու ցեղային խտրականությունը:
Շատ առումներով «խաղաղությունը» այս համատեքստում պարզապես սառեցնում է հայերի եւ պաղեստինցիների բռնաճնշման հիմքում ընկած անտանելի պայմանները, իսկ Թրամփի ծրագրերը չեն մոտեցնում դրանց լուծումը:
Միջազգային անվտանգության ամուր երաշխիքներ ապահովելու փոխարեն համաձայնագրերը մեծ մասամբ հենվում են այն սխալ համոզմունքի վրա, որ տարածաշրջանային ներդրումները, զարգացման նախագծերը եւ առեւտուրը կնպաստեն խաղաղությանը եւ կկանխեն նոր լարվածությունը: Սակայն սա մաքուր ֆանտազիա է. եւ՛ Ադրբեջանը, եւ՛ Իսրայելը արդեն տարածաշրջանային առեւտրի եւ ներդրումների կենտրոններ են, ինչն ամենեւին չկանխեց նրանց արկածախնդրությունը:
Փոխարենը, խորացող խճճված տնտեսական կապերը եւ փոխադարձ կախվածությունները միայն ավելի դժվար ու թանկ են դարձնում այս երկրներին պատասխանատվության ենթարկելը՝ միաժամանակ խրախուսելով եւ նորմալացնելով ռազմական ագրեսիան: Իրական պատասխանատվության, վերահսկողության կամ անվտանգության երաշխիքների բացակայության արդյունքում պաղեստինցի եւ հայ ժողովուրդների ճակատագրերը թողնվել են իրենց ճնշողների հայեցողությանը։
Այս համաձայնագրերը նշանակում են նաեւ լիակատար հրաժարում անցումային արդարադատությունից: Եթե նախկինում ճշմարտության եւ հաշտեցման հանձնաժողովները եւ միջազգային ռազմական հանցագործությունների դատարանները հակամարտությունների կարգավորման անկյունաքարեր էին համարվում, հատկապես՝ ցեղասպանությունից հետո, այս դեպքում դրանք ոչ միայն անտեսվել են, այլեւ բացահայտորեն կորցրել լեգիտիմությունը: Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ջանքերը՝ վարկաբեկելու միջազգային դատարանները, եւ Ադրբեջանի հաջող փորձը՝ ստիպելու Հայաստանին հետ վերցնել մարդու իրավունքների գծով հայցերը, անդառնալիորեն խաթարել են միջազգային մարդասիրական օրենքի կարգավիճակը:
Անգամ եթե համեմատենք այն համեստ հաջողությունների հետ, որոնք ունեցել են նախկին Հարավսլավիայի եւ Ռուանդայի միջազգային քրեական դատարանները, Հարավային Աֆրիկայի, Սիեռա Լեոնեի, Գվատեմալայի, Արգենտինայի, Կանադայի եւ այլ երկրների ճշմարտության հանձնաժողովները, այս խաղաղության գործընթացները չափազանց թերի են: Թե՛ Գազայի, թե՛ Լեռնային Ղարաբաղի համար արդարադատությունն ու հաշվետվողականությունը դիտարկվել են որպես խոչընդոտներ խաղաղության ենթադրյալ տնտեսական դիվիդենտները քաղելու համար։
Սա հանգեցրել է «խաղաղության լվացմանը», երբ ցուցադրական խաղաղարարությունը թաքցնում է խաղաղության հետ անհամատեղելի վարքագիծը։ Ադրբեջանը չափազանց հմտորեն օգտագործում է հանրային միջոցառումներն ու արարողությունները՝ իր հանրային կերպարը վերականգնելու համար. այն «սպորտային լվացում» է կատարել մարդու իրավունքների աղաղակող խախտումները կոծկելու համար՝ պարբերաբար միջազգային միջոցառումներ անցկացնելով, օրինակ՝ Formula 1 մրցարշավը եւ UFC խաղերը, իսկ անցյալ տարի «կանաչացրեց» վառելիքի հետ կապված ոճրագործությունները՝ հյուրընկալելով COP29 կլիմայական գագաթնաժողովը։։ Ադրբեջանի մասնակցությունը ISF-ին մաքուր «խաղաղության լվացում» է. ներկայանալ որպես Գազայում խաղաղության բարի կամքի գործընկեր, միաժամանակ ամրապնդել Լեռնային Ղարաբաղի ռազմական ենթակայությունը։
Լուսանկարը` REUTERS
Սակայն «խաղաղության լվացումը» չի սահմանափակվում միայն հանցագործներով. միջազգային երաշխավորները նույնպես օգտագործում են խաղաղությունը՝ շահավետ հետկոնֆլիկտային վերականգնման եւ զարգացման գործարքների ակնկալիքով։ Վերածելով խաղաղությունը ռազմական հանցագործների եւ նրանց աջակիցների հեղինակության վերականգնման մարքեթինգային հնարքի՝ այս համաձայնագրերը վտանգավոր նախադեպ են ստեղծում, որը ստվեր կնետի այլ համաշխարհային հակամարտությունների միջնորդության վրա։
Նոր բռնության համար ավելի լավ բաղադրատոմս չկա, քան անարդար խաղաղությունը։ Երբ պետությունները պարգեւատրվում են միջազգային իրավունքի խախտումների համար, դա օրինականացնում է բռնի ռազմական ուժի կիրառումը՝ որպես բանակցությունների այլընտրանք։ Իսկ երբ զոհերը արդարադատություն կամ փոխհատուցում իրենց դեմ կատարած հանցագործությունների համար չեն ստանում, դա միայն ամրապնդում է ճնշման անտանելի պայմանները, որոնք ի սկզբանե հանգեցրել էին բռնությանը։
Լուսանկարը` REUTERS
Ներկայացումը էությունից վեր դասելով՝ Թրամփի խաղաղության համաձայնագրերը դատապարտված են ձախողման։ Երբ տասնամյակների հակամարտությունները, որոնց հիմքում հպատակեցումն ու ցեղասպանությունն է, վերածվում են պարզապես տարածքային վեճերի, թերեւս հասկանալի է դառնում, թե ինչու են առաջարկվող լուծումները նման հողերի յուրացման համաձայնագրերի։ Սակայն ո՛չ առաջարկվող «Թրամփի միջանցքը», ո՛չ էլ «Գազայի Ռիվիերան» մխիթարություն չեն տալիս համայնքներին, որոնց կյանքը անդառնալիորեն խաթարվել է բռնությունից եւ որոնց կրկին տեղ չեն տվել սեղանի շուրջ, որտեղ որոշվելու է իրենց ապագան։
Արդարադատությունից եւ հաշվետվողականությունից խուսափելով եւ հակամարտությունների արմատական պատճառները անտեսելով՝ այս «խաղաղության ծրագրերը» կարող են վերադարձնել հակամարտությունների կարգավորման այնպիսի մոդելը, որտեղ ով ուժեղ է, նա էլ հաղթում է, իսկ ավարը ստանում է ցեղասպանը։
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:












Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: