Երեւան: Մեդիամաքս: Նոյեմբերի 30-ին, ժամը 23:59-ին ավարտվել է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի եւ դրան կից կառույցների լուծարման գործընթացը։
Լուծարման գործընթացը սկսվել էր ԵԱՀԿ նախարարների խորհրդի կողմից 2025 թվականի սեպտեմբերի 1-ին ընդունված որոշման հիման վրա՝ Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից Ֆինլանդիայի նախագահությանը ուղղված համատեղ դիմումից հետո։
«Բոլոր անհրաժեշտ վարչական ընթացակարգերի ավարտը նշանավորում է լուծարման գործընթացի ավարտը: Այս գործընթացը կյանքի է կոչել ԵԱՀԿ բոլոր 57 մասնակից պետությունների սեպտեմբերի 1-ի կոնսենսուսային որոշումը, որին նախորդել էր 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ստորագրված պատմական համատեղ հռչակագիրը», - ասվում է ԵԱՀԿ-ի հաղորդագրության մեջ։
Մեդիամաքսը նշում է, որ 1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիում կայացած Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության խորհրդի (ԵԱՀԽ) նիստում ԵԱՀԽ արտաքին գործերի նախարարները որոշել էին Լեռնային Ղարաբաղի հարցով խաղաղության համաժողով հրավիրել, որը Բելառուսի ներկայացուցիչն առաջարկել էր անցկացնել Մինսկում։
Հանդիպումը հետագայում չեղարկվել էր ռազմական գործողությունների սրման պատճառով։ Մինսկի համաժողովը վերածվել էր Մինսկի խմբի, որի առաջին նախագահը Իտալիայի նախկին փոխարտգործնախարար Մարիո Ռաֆաելին էր։ Խմբի առաջին հանդիպումը տեղի էր ունեցել ոչ թե Մինսկում, այլ Հռոմում՝ 1992 թվականի հունիսի 1-ից 5-ը։
Մինսկի խմբի անդամներն էին Հայաստանը, Ադրբեջանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը, Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Թուրքիան, Շվեդիան եւ Չեխոսլովակիան (հետագայում՝ Ֆինլանդիան)։
1994 թվականին ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովում հաստատվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը։
Եռակողմ համանախագահությունը ի դեմս ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի, մեկնարկել էր 1997 թվականի փետրվարի 14-ին։















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: