Սվարանց՝ նոր տուն եւ «վերածննդի կետ» - Mediamax.am

Նոյեմբեր 25, 2025
129 դիտում

Սվարանց՝ նոր տուն եւ «վերածննդի կետ»


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Անդրանիկ Գասպարյանը (աջից)
Անդրանիկ Գասպարյանը (աջից)

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ներկայացնում ենք The Christian Post պարբերականում հրապարակված Christian ethnic cleansing survivor s given new homes, aim to spark ‘revival’ of Armenian village հոդվածի հայերեն թարգմանությունը:

Ավելի քան երկու տարի առաջ իրենց հինավուրց քրիստոնեական հայրենիքից էթնիկ զտումների հետեւանքով տեղահանված մի քանի ընտանիքներ նոր տներ եւ հողամասեր են ստացել բարեգործական նախաձեռնության միջոցով, որը նպատակն է վերականգնել լեռնային հայկական գյուղը։

Թուֆենկյան հիմնադրամը եւ նրա գործընկեր կազմակերպությունները փախստականների համար փորձնական ավան են բացել Սվարանցում։ Ավարտվել է 20 նոր տներից առաջին 10-ի շինարարությունը լեռնային Տաթեւ համայնքի վերին հատվածներում, որը գտնվում է Իրանին եւ Ադրբեջանին սահմանակից հարավային Սյունիք մարզում։

Նոր տները, որոնք հարակից հողամասեր եւ գոմեր ունեն, կառուցվել են օգնելու ընտանիքներին վերադառնալ գյուղատնտեսական եւ անասնապահական աշխատանքներին, որոնցով նրանք զբաղվում էին մինչեւ 2023 թվականը, երբ Ադրբեջանը ներխուժեց Լեռնային Ղարաբաղ։ 

Ամիսներ տեւած ռազմական շրջափակումից հետո 2023-ի սեպտեմբերին ավելի քան 120,000 արցախահայեր հարկադրված լքեցին իրենց տները: Չնայած Հայաստանի կառավարությունն իրենց բնակարանային օգնության ծրագրեր է առաջարկում, Արցախի վտարանդի կառավարության ղեկավարները պնդում են, որ դրանք առաջնահերթություն չեն տալիս արցախյան համայնքների, նրանց ընդհանուր ժառանգությունը պահպանմանը։

Սակայն Թուֆենկյան հիմնադրամի «Ե՛կ Սվարանց» նախաձեռնությունը, համագործակցելով տարբեր ՀԿ-ների, կառավարության եւ միջազգային զարգացման գործակալությունների հետ, նպատակ ունի հենց դա անել: 10 տներ տեղափոխվող բոլոր ընտանիքները Արցախի Մարտակերտի շրջանից են։

Անդրանիկ Գասպարյանը (աջից) Անդրանիկ Գասպարյանը (աջից)

Լուսանկարը` Մեդիամաքս


«Այս թաղամասը «Սյունիքի գյուղերի վերակենդանացման» մեր ծրագրի հիմնական բաղադրիչն է եւ այն սակավաթիվ համախմբված վերաբնակեցման նախաձեռնություններից, որոնք ուղղված են Արցախից տեղահանված ընտանիքներին, - ասաց Թուֆենկյան հիմնադրամի հոգաբարձու եւ զարգացման տնօրեն Անդրանիկ Գասպարյանը: - Մեր աշխատանքը տներ կառուցելով չի սահմանափակվում. մենք ներդրումներ ենք կատարում երկարաժամկետ սոցիալ-տնտեսական եւ ենթակառուցվածքային զարգացման համար, ինչից կօգտվի ամբողջ գյուղը»։

«Վերածննդի կետ»

Մոտ 250 բնակիչ ունեցող գյուղի ղեկավարները հույս ունեն, որ նոր նախագիծը, որը կներառի նաեւ ենթակառուցվածքների բարելավում բոլոր բնակիչների համար, կապահովի բնակավայրի «վերածնունդը»։

Սվարանցում, ինչպես Սյունիքի մյուս համայնքներում, բնակչությունը նվազում է, քանի որ մարդիկ աշխատանք են փնտրում եւ տեղափոխվում են մայրաքաղաք Երեւան, որտեղ ապրում է Հայաստանի 3 միլիոն բնակչության մոտ մեկ երրորդը։

«Թուֆենկյան հիմնադրամը ահռելի աշխատանք է կատարել այստեղ։ Մենք հսկայական ծրագրեր ունենք նաեւ ապագայի համար», - ասել էր Սվարանցի գյուղապետ Սամվել Լալայանը սեպտեմբերին համայնքի անդամների եւ ԱՄՆ-ում գործող «Փրկեք Հայաստանը» ոչ առեւտրային կազմակերպության Հայաստան այցելած միջազգային պատվիրակների հետ հանդիպման ժամանակ։  

«Սրանով սկսվելու է գյուղի վերածնունդը։ Թուֆենկյան հիմնադրամը մտադիր է նաեւ մանկապարտեզ եւ խաղահրապարակ կառուցել։ Համոզված եմ, որ եթե օգնենք միմյանց, կկարողանանք բարգավաճել այս գյուղում», - նշում է Լալայանը:

Թուֆենկյան հիմնադրամում, որը հիմնադրվել է 1999 թվականին ձեռնարկատեր Ջեյմս Թուֆենկյանի կողմից Հայաստանի առջեւ ծառացած սոցիալական, տնտեսական, մշակութային եւ բնապահպանական մարտահրավերները լուծելու համար, կարծում են, որ Սյունիքը արցախահայերին առաջարկում է «ծանոթ միջավայր» եւ «ընդհանուր մշակութային ժառանգություն»։

Լուսանկարը` Մեդիամաքս


Նոր նախաձեռնությունը հնարավորություն կտա տեղահանված անձանց զբաղվել նույն անասնապահական եւ գյուղատնտեսական աշխատանքներով, որոնք նրանք անում էին Մարտակերտում՝ նախքան իրենց տներից փախչելը։ 

Նոր թաղամասում կլինեն մոտ 70 քառակուսի մետր մակերեսով տներ՝ չորս-հինգ անդամներից բաղկացած ընտանիքի համար բավարար տարածքով։ Տներին կից կլինեն մոտ 900 քառակուսի մետր ցանկապատված հողամասեր։ Յուրաքանչյուր տուն կունենա նաեւ անասնագոմ։  

Ընտանիքները նաեւ գյուղատնտեսական աջակցություն կստանան՝ հարմարեցված իրենց փորձին եւ նախասիրություններին։ Նպատակն է օգնել նրանց կարճ ժամանակահատվածում ինքնաբավ դառնալ։

Նախագծի աշխատանքները սկսվել էին հուլիսին։ Տների շինարարությունը սկսվեց օգոստոսի 8-ին՝ այն նույն օրը, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները Սպիտակ տանը նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիրն ու փոխըմբռնման հուշագիրը: 

Սվարանցի բնակչության մեծ մասը զբաղվում է անասնապահությամբ, ուստի համայնքն ունի հարյուրավոր հեկտար արոտավայրեր հազարավոր ոչխարների համար: Մնացած հողը կարող է օգտագործվել անասնախոտ կամ մշակաբույսեր աճեցնելու համար:

Գյուղատնտեսությանը եւ սննդի արտադրությանը աջակցելու համար որպես օգնություն կտրամադրվեն սելեկցիոն անասուններ եւ բարձրորակ սերմեր ու տնկիներ: Հիմնադրամը կօգնի տնային կահավորանքի հարցում եւ կառաջարկի փոքր դրամաշնորհներ՝ բիզնես նախաձեռնությունների զարգացմանը աջակցելու համար:

Թուֆենկյան հիմնադրամը նախկինում տրակտոր էր տրամադրել՝ օգնելու գյուղացիներին խոտ հավաքելու հարցում: Հիմնադրամն այն ձեռք էր բերել 25,000 դոլարով եւ նվիրաբերել գյուղին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Աշխատանքներ են տարվում համայնքի համար նոր խմելու ջրի խողովակաշար կառուցելու ուղղությամբ: Ներկա խողովակաշարը հնացած է եւ պետք է ապամոնտաժվի: 

Գյուղը ջեռուցման համար գազ չունի, սակայն ջանքեր են գործադրվում ՄԱԿ-ի գործակալության աջակցությամբ արեւային վահանակների միջոցով ջեռուցումն ապահովելու համար: Այս նախաձեռնությունից կօգտվի ամբողջ գյուղը, ոչ միայն նոր տները:

Սվարանցիների համար մեկ այլ մտահոգություն է հանրային դպրոցի հնարավոր տեղափոխումը Տաթեւին ավելի մոտ գտնվող գյուղ, ասում է Սամվել Լալայանը:

Զբաղվածության խնդիրները

Սեպտեմբերին «Փրկե՛ք Հայաստանը» կազմակերպության պատվիրակների հետ հանդիպման ժամանակ նոր տներ տեղափոխվող արցախահայերը զգուշավորությամբ էին խոսում իրենց ապագայի հեռանկարներից։

Ոմանք մտահոգություն հայտնեցին տարածքում գյուղատնտեսությունից եւ անասնապահությունից բացի սահմանափակ զբաղվածության վերաբերյալ, հատկապես նրանց համար, ովքեր ֆիզիկապես անկարող են աշխատել։ 

Ոմանք մտահոգված էին նաեւ անծանոթ միջավայրում անասնապահական բիզնես հիմնելու համար անհրաժեշտ ռեսուրսների սակավությունից։ Մյուսներին անհանգստացնում էր գյուղի ծերացող բնակչությունը եւ աշխատուժի վրա դրա ազդեցությունը։ 

«Զբաղվածությունը խնդիր է, որը պետք է լուծվի», - հանդիպման ժամանակ ասաց մի տղամարդ ։

Լուսանկարը` Մեդիամաքս


Հինգ երեխաների հայրը, որը հանդիպումից հետո զրուցեց The Christian Post-ի հետ, ասաց, որ իրենց «շատ ջերմ են ընդունել»։

«Հինգ երեխայի տեր եմ՝ բոլորն անչափահաս, - ավելացրեց նա։ - Միակ բանը, որ մեզ մտահոգում է, դա զբաղվածությունն է, աշխատանք չկա։ Մարդիկ աշխատասեր են. իրականում կարեւոր չէ, թե ինչ տեսակի աշխատանք կլինի»։

Գյուղապետ Լալայանը հույս է հայտնում, որ Սվարանցի վերածնունդը կարող է գյուղին մրցակցային առավելություն տալ շրջակա բնակավայրերի նկատմամբ եւ գրավել ավելի շատ մարդկանց, ինչպես նաեւ աշխատանքային հնարավորություններ ստեղծել։

«Ես համոզված եմ, որ նախորդ սերունդը, որն ապրել է այստեղ եւ տեղափոխվել է այլ վայրեր, մի օր կվերադառնա, - ասում է նա։ - Համոզված եմ, որ տեղացիներն ու տեղահանվածները շատ լավ ընկերներ կդառնան։ Դա կերաշխավորի այս գյուղի վերածնունդը»։

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյան

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին